ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 89 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 64-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԵՑ.
1. Իրավանորմով կանոնակարգով հարաբերությունը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում։…»։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում։»։
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունները) և եզրահանգումը
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Երևանի ավագանու ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցում են Երևանի բնակչության ռեգիստրում ընդգրկված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք»։
Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունենալու դեպքում»։
Նշված իրավանորմերի պահանջներից բխում է, որ Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեն ինչպես քվեարկության անցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և Երևան քաղաքում մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող անձինք։
Նշվածից ակնհայտ է, որ համապատասխան հաշվառման պարագայում Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք։
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի իրավանորմերի պահանջների համաձայն քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը պետք է ներկայացնի իր անձը հաստատող փաստաթուղթը։ Ընտրական օրենսգիրքը այդպիսի փաստաթուղթ է համարում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը (առանց կենսաչափական տվյալների), անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից։
Օտարերկրյա քաղաքացիները բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ժամանակավոր կացության քարտով, մշտական կացության քարտով և Հայաստանի հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագրով։
Ի դեպ, 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված «Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացու Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքի հիմք է համարվում անձնագրում կատարված հաշվառման վերաբերյալ նշումը։ Այսինքն, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են բնակվել առանց կացության կարգավիճակի` հաշվառվելով բնակչության պետական ռեգիստրում։ Հաշվառման վերաբերյալ նշումը կատարվում է կամ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրում կամ այն անձնագրում, որը իրավունք է տալիս հատելու պետական սահմանը։ Եթե քաղաքացու պահանջով անձնագրում հաշվառման վերաբերյալ նշում չի կատարվում, ապա բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստը հավաստվում է թիվ 3 ձևի տեղեկանքով։ Նշված տեղեկանքի ձևը սահմանված է ՀՀ ոստիկանության պետի 2005 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 8-Ն հրամանով։
Ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը հաստատված են ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ։
Փախստականի կարգավիճակ ունեցող անձինք բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով, որի նկարագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ։
Քաղաքացիություն չունեցող անձինք բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են կացության վկայականով։ Կացության վկայականի նկարագիրը հաստատված է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 318-Ն որոշմամբ։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում»։
Նույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն. «Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով»։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
«Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները։
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»։
Վերոգրյալի հաշվառմամբ և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
1. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում՝
- Օտարերկրյա քաղաքացիների համար՝ ՀՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի թիվ 134-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր կացության քարտ կամ մշտական կացության քարտ կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացու հատուկ անձնագիրը:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու ներքին անձնագրով կամ այն անձնագրով, որը իրավունք է տալիս հատելու պետական սահմանը, եթե այդ անձնագրում առկա է Երևան քաղաքում հաշվառման վերաբերյալ նշում: Եթե քաղաքացու անձնագրում բացակայում է հաշվառման վերաբերյալ նշում, ապա անձնագրի հետ ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու փաստը հավաստող թիվ 3 ձևի տեղեկանքը:
- Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1417-Ն որոշմամբ հաստատված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
- Քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 318-Ն որոշմամբ հաստատված կացության վկայականը։
2. Օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի կողմից Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելիս դրոշմակնքումը կատարվում է սույն պարզաբանման 1-ին կետում նշված անձը հաստատող փաստաթղթի վերջին էջին կամ կազմէջի ներքին դարձերեսին, իսկ ժամանակավոր կացության քարտի կամ մշտական կացության քարտի դեպքում՝ փաստաթղթի ետևի երեսի ներքևի հատվածում։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |