040.0674.25.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2001 թվականի N 674
քաղ. Երևան
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից օգտվելու կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 315 որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանը (այսուհետև` պետական միասնական գրանցամատյան), որը ձևավորվում է պետական գրանցամատյաններից, պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և ֆոնդային բորսաների), անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին:
2. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
3. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
4. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ կարող է պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններն ստանալ անմիջականորեն կամ փոստով` վճարելով պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
5. Պետական միասնական գրանցամատյանի և պետական գրանցամատյանների տեղեկություններն ստանալու համար անհրաժեշտ է պետական ռեգիստրի կենտրոնական մարմին կամ համապատասխան տարածքային ստորաբաժանում ներկայացնել գրավոր դիմում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը տեղեկություններ է տրամադրում միայն տվյալ տարածքային բաժնում գրանցված սուբյեկտների մասին:
6. Պետական ռեգիստրը պարտավոր է 5-օրյա ժամկետում գրավոր պատասխանել դիմողին: Պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ տրամադրելիս պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը պարտավոր է նշել պետական միասնական գրանցամատյանից տրամադրվող տեղեկությունների արդիականացման վերջին ամսաթիվը:
7. Պետական ռեգիստրի տեղեկությունները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցում է պատվիրատուն: