«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 փետրվարի 2001 թվականի N 132
քաղ. Երևան
Հայաստանի ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի նկարագրությունը և նմուշը (կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատելու մասին» N 521 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հաստատված է |
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանը (այսուհետև` շքանշան) բաղկացած է երեք տարրից` ժապավենից, շքանշանից և կրծքին ամրացվող շքանշանի շերտաձողիկից:
1. Ժապավենը հատուկ մետաքսյա խիտ գործվածքից է, լայնությունը` 40-45 մմ, գույնը` ծիրանագույն:
2. Շքանշանը շրջանաձև է, տրամագիծը` 70 մմ: Այն պատրաստված է ոսկեզօծված արծաթից` երիզված ճառագայթանման ու վարսանդաձև, ինչպես նաև փայլատ արծաթից պարուրաձև զարդաքանդակներով: Շքանշանի միջնամասում տեղադրված է խորհրդանշական պատկեր` ոսկեզօծ արծիվը` հայ ժողովրդի, փայլատ արծաթից Արարատ լեռը` Հայաստան երկրի, իսկ ստորին մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը: Միջնամասը պատված է երկնագույն էմալով, իսկ շրջագծով տեղադրված է 2 մմ տրամագիծ ունեցող ցիրկոնիում քարի 16 հատիկ:
3. Շքանշանի շերտաձողիկը` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով, պատրաստված է արծաթից և ունի 14 մմ երկարություն ու 7 մմ լայնություն: Այն պատված է եռագույն էմալով, և վրան ամրացված է արծաթյա վարդյակ: