«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2000 թվականի N 723
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՈՒԴԻՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերում ներառված սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ նախատեսված աշխատանքները կազմակերպելու և հատկացված միջոցների բաշխումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով նախատեսված ծրագրերի ֆինանսական և տեխնիկական աուդիտ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Մրցութային հանձնաժողովին`
ա) համապատասխան կազմակերպության ընտրության նպատակով 10-օրյա ժամկետում հայտարարել մրցույթ` ֆինանսավորումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 5 հավելվածով հաստատված «Սեփականաշնորհման միջոցների արդյունավետ օգտագործման ուղղությամբ միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին տրամադրելու նպատակով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ աուդիտորական կազմակերպության կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Սահմանել, որ մրցույթում հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության կողմից ուսումնասիրման և գնահատման ենթակա հարցերը պետք է ներառեն առնվազն հետևյալ սկզբունքային դրույթները`
ա) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին կատարված ծախսերի նախահաշիվների կազմման և իրականացված աշխատանքների, մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների տեխնիկական բնութագրերի սահմանման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
բ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին ձեռք բերված ապրանքների և ծառայությունների պետական պատվերի բաշխման (գնումների) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
գ) ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համապատասխանությունը պայմանագրերով նախատեսված պայմաններին, այդ թվում` նաև տեխնիկական բնութագրերին ու ապրանքների ձեռքբերման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակացույցին.
դ) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հատուկ հաշվից վճարումների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.
ե) սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին նախանշված նպատակների իրականացման համար կատարված ծախսերի արդյունավետությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
մրցութային հանձնաժողովի
Ա. Ասլիկյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Մարկոսյան | - | ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Անդրեասյան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ |
Ս. Ղոնախչյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ |
Ս. Ադամյան | - | ՀՀ պետական եկամուտների նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ |
Ա. Նորեկյան | - | ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ռ. Աբգարյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի ծախսերի վերահսկողության վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար) |