ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 3673/11)
Հոդված 2 (դատավարական) • Իշխանությունների կողմից զինվորական ծառայության ընթացքում տղամարդու մահվան առնչությամբ անհապաղ և արդյունավետ քննություն չիրականացնելը • Դատարանի իրավազորություն. «Իրական կապ» 2-րդ հոդվածի հիման վրա դատավարական պարտավորություն առաջացնող իրավիճակի և Կոնվենցիան ուժի մեջ մտնելու միջև • Քննությունները չեն ավարտվել ավելի քան տասնութ տարի անց (չկարողանալով պարզել մահվան ճշգրիտ հանգամանքները) • Սխալների պատճառով գործը կրկնակի դատական այլ ատյաններ փոխանցելը • Առաջին իսկ օրվանից հետևել են պատահական կրակոցի վարկածին • Այլ վարկածի հետևելու և վկայի նկարագրած՝ իրադարձությունների բոլորովին այլ վարկած քննելու համար ոչ մի էական քայլ չի ձեռնարկվել |
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
7 մայիսի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković]` Նախագահ,
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova],
Պաուլին Կոսկելո [Pauliine Koskelo],
Յովան Իլևսկի [Jovan Ilievski],
Ռաֆաելե Սաբատո [Raffaele Sabato` դատավորներ,
և Աբել Կամպոս [Abel Campos]` Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Անահիտ Մկրտչյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2011 թվականի հունվարի 10-ին Դատարան ներկայացված գանգատը,
դիմումատուի որդու մահվան առնչությամբ արդյունավետ քննություն ենթադրաբար չիրականացնելու վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2020 թվականի մարտի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ներածություն
Իր գանգատով դիմումատուն բողոքել է, որ ազգային իշխանությունները չեն իրականացրել իր որդու մահվան հանգամանքների անհապաղ և արդյունավետ քննություն: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների վրա:
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն ծնվել է 1952 թվականին և ապրում է Բաղրամյան գյուղում: Նրան ներկայացրել են Երևանում գտնվող՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպության իրավաբաններ տկն Ա. Մելքոնյանը և տկն Հ. Հարությունյանը, Երևանում գործող իրավաբան պրն Գ. Մարգարյանը և ԻՊԱՍ-ում իրավական հարցերով փորձագետ տկն Հ. Հարությունյանը:
2. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
3. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, ամփոփ շարադրվում են ստորև:
4. 2000 թվականի հունիսին դիմումատուի որդին՝ Արայիկ Ավետիսյանը, զորակոչվել է հայկական բանակ: Նրա զինվորական ծառայության վայր է նշանակվել թիվ 70179 զորամասը (զորամաս), որը գտնվում է Հայաստանի Վայք քաղաքում:
5. 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 20:30-ին, 22-ամյա Արայիկ Ավետիսյանը զորամասի երրորդ գումարտակի շտաբի հրամանատարի աշխատասենյակում հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արայիկ Ավետիսյանի մահվան պահին սենյակում նրա հետ եղել են զինծառայողներ Կ.Ս.-ն, Ա.Կ.-ն, Կ.Գ.-ն և Ս.Մ.-ն:
6. Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, և կազմվել է արձանագրություն, ըստ որի` Արայիկ Ավետիսյանի դին հայտնաբերվել է հատակին՝ մուտքի դռան դիմաց: Արձանագրության մեջ, inter alia (ի թիվս այլնի), նշվել է, որ մահացածի մարմնի վերին հատվածի մակերևույթի վրա առկա է եղել հրազենի պատռված վերք, իսկ գլխի ու ոտքերի շրջակայքում եղել են արյան բծեր: Դեպքի վայրի զննության ընթացքում զորամասի բժիշկը նշել է, որ սկզբում մահացածը եղել է նստած վիճակում՝ աջ ծունկը դեպի հատակը թեքված, իսկ գլուխը՝ համակարգչի տակ գտնվող ստվարաթղթե տուփի վրա: Բժիշկը նշել է, որ մահացածին պառկեցրել է հատակին՝ օգնություն ցույց տալու համար:
7. Նույն օրը կազմվել է մեկ այլ արձանագրություն, որի համաձայն՝ ավագ լեյտենանտ, 3-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ և սպառազինության համար պատասխանատու զորամասի հրամանատար Ս.Հ.-ն տվել է «Մակարով» LR 2009 ատրճանակ և 7 փամփուշտ ունեցող քարթրիջի գոտի, որը նա պահել է իր աշխատասենյակում: Ս.Հ.-ն նաև նշել է, որ մոտավորապես ժամը 20:30-ին կողքի սենյակից լսել է կրակոց, ինչից հետո ինքն անմիջապես մտել է հրամանատարի աշխատասենյակ և բավականին բուռն իրավիճակում սեղանից վերցրել է «Մակարով» տեսակի ատրճանակը և այն տարել է իր աշխատասենյակ, որտեղ ինքը դատարկել է այն և դրել մետաղական պահարանի վրա:
8. Այնուհետև հաստատվել է, որ Ս.Հ.-ն այդ օրն ավելի վաղ ստացել էր «Մակարով» մակնիշի տվյալ ատրճանակը՝ այն գումարտակի հրամանատար
Մ.-ին տալու համար, որին հաջորդ օրը հերթապահություն էր նշանակված:
9. 2001 թվականի հոկտեմբերի 31-ին Արայիկ Ավետիսյանի մահվան հանգամանքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել: Քրեական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվել է, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 21:00-ին, շարքային Կ.Ս.-ն վերցրել է գումարտակի հրամանատարի «Մակարով LR 2009» ատրճանակը գումարտակի շտաբի հրամանատարի աշխատասենյակից և տեղյակ չլինելով, որ այն իրականում լիցքավորված է, և խախտելով հրազենի հետ անվտանգ վարվելու կանոնները՝ կրակել է այն, ինչի հետևանքով փամփուշտը դիպչել է Արայիկ Ավետիսյանին՝ դառնալով նրա մահվան պատճառը:
10. Նույն օրը նշանակվել է Արայիկ Ավետիսյանի մարմնի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետին խնդրել են պարզել, inter alia, մահվան պատճառը. արդյոք մարմնի վրա առկա է որևէ վնասվածք, և եթե այո, ապա դրա պատճառման ժամանակը և եղանակը, ինչպես նաև դրա կապը մահվան հետ:
11. Նույն օրը Կ.Գ.-ն հարցաքննվել է որպես վկա և նշել է մասնավորապես հետևյալը.
«...2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 20:30-ին, համակարգչից օգտվելու համար ես գնացել եմ զորամասի երրորդ գումարտակի շտաբի հրամանատարի աշխատասենյակ...: [Ս.Մ.-ն] այդ նույն սենյակում էր...: Ես չեմ հիշում, թե արդյոք [Ա.Կ.-ն] նույնպես այնտեղ է եղել, թե՝ ոչ: Մոտավորապես քսան րոպե հետո [Կ.Ս.-ն] մտել է սենյակ...: Դրանից հետո ... Արայիկ Ավետիսյանն է մտել սենյակ: Ես հստակ չեմ հիշում, թե արդյոք առաջինը [Արայիկ Ավետիսյանն] է եկել, թե [Կ.Ս-ն.]: Ես շատ էի վախեցել կատարվածից և որոշ բաներ չեմ հիշում... [Արայիկ Ավետիսյանը] եկել էր սենյակ՝ փաստաթղթեր վերցնելու համար: Որքանով որ ես եմ հիշում, սենյակում եղել ենք չորսով՝ ես, [Կ.Ս.-ն], [Արայիկ Ավետիսյանը] և [Ս.Մ.-ն]: Մի փոքր ավելի ուշ ... [Ս.Հ.-ն] Ս.Մ.-ին է տվել «Մակարով» ատրճանակ ... որը պետք է տրվեր... [Մ.-ին]: Ես հասկացա, որ դա [Մ.-ի] համար նշանակված ատրճանակն էր: ... [Ս.Մ.-ն] ատրճանակը դրեց մուտքի աջ կողմում՝ պահարանի դիմաց գտնվող սեղանի վրա: Ես հստակ չեմ հիշում, թե արդյոք [Ս.Հ.-ն], թե [Ս.Մ.-ն] էր ատրճանակը դրել սեղանին, բայց նրանցից մեկն էր: Մոտենալով սեղանին՝ [Արայիկ Ավետիսյանը] վերցրեց ատրճանակը և ասաց. «Սա իմ ատրճանակն է: Ինչու՞ է այն այստեղ»: Նա դա կատակով ասաց: Այդ պահին [Կ.Ս.-ն], որը [Արայիկ Ավետիսյանի կողքին էր], նրանից վերցրեց ատրճանակը և ասաց. «Ոչ, սա իմ ատրճանակն է»: Նրանք կատակում էին: Այդ պահին նրանք երկուսն էլ սեղանի մոտ էին, որից հետո [Արայիկ Ավետիսյանը] հետ գնաց: Ես կանգնած էի պատուհանի մոտ՝ մետաղյա պահարանի կողքին: Վերցնելով ատրճանակը՝ [Կ.Ս.-ն] լիցքավորեց այն և ատրճանակի փողը պահեց վերև՝ [Արայիկ Ավետիսյանի] ուղղությամբ, ինչից հետո ատրճանակից կրակ արձակվեց: Այդ պահին [Արայիկ Ավետիսյանը] կանգնած էր համակարգչի սեղանի մոտ՝ մեջքով դեպի մետաղյա պահարանը, կիսով չափ դեմքով դեպի [Կ.Ս.-ն]: ... Կրակոցի հետևանքով [Արայիկ Ավետիսյանը] ընկավ հատակին՝ մետաղյա պահարանի և համակարգչի սեղանի միջև ... Ես հասկացա, որ փամփուշտը կպել էր [Արայիկ Ավետիսյանին]: ... Ես տեսա, որ... փամփուշտը կպել էր նրա ճակատին և արյուն էր հոսում: Ես թեքվեցի նրան բարձրացնելու համար, բայց հասկացա, որ նա մահացել է: Որևէ ելք չկար, և ես դուրս եկա սենյակից, քանի որ շատ վախեցած էի: Ես երբևէ չեմ վերադարձել այդ սենյակ: Ես լսել եմ, որ բժիշկը ... օգնություն ցուցաբերելու համար տեղաշարժել էր մարմինը»:
12. Նույն օրն անցկացված հարցաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվող Ս.Մ.-ն նշել է, inter alia, որ ինքը սենյակում եղել է Ա.Կ.-ի, Արայիկ Ավետիսյանի, Կ.Ս.-ի և Կ.Գ.-ի հետ այն ժամանակ, երբ Ս.Հ.-ն իրեն խնդրել է վերցնել գումարտակի հրամանատարի ատրճանակը` այն վերջինիս անձնակազմի հրամանատարին տալու համար: Ինքն ատրճանակը ստացել էր Ս.Հ.-ի աշխատասենյակում, որը մինչև ատրճանակն իրեն փոխանցելը լիցքավորել էր փամփշտատուփը և այն հետ էր դրել ատրճանակի մեջ: Դրանից հետո նա վերադարձել է երրորդ գումարտակի շտաբի հրամանատարի աշխատասենյակ և ատրճանակը դրել սեղանին: Այնուհետև ինքը դուրս է եկել սենյակից՝ հանդիպելու այն սպային, որին ենթադրաբար պետք է փոխանցեր փաթեթ: Սակայն այդ սպան արդեն գնացել էր, և երբ ինքը հետ էր վերադառնում աշխատասենյակ, լսել է կրակոցը: [Կ.Ս.-ն] դուրս էր վազել: Այդ պահին Ս.Հ.-ն մտել է սենյակ՝ պարզելու, թե ինչ է կատարվել, և մոտեցել է Արայիկ Ավետիսյանին: Այնուհետև Ս.Հ.-ն Արայիկ Ավետիսյանի գլուխը դրել է համակարգչի տակ գտնվող տուփի վրա և հրամայել է բժիշկ կանչել: Բժիշկն առաջին օգնություն ցուցաբերելու համար Արայիկ Ավետիսյանին պառկեցրել է հատակին, սակայն ասել է, որ արդեն չափազանց ուշ է: Այնուհետև Ս.Մ.-ն նշել է, որ ինքը չի տեսել, թե ով է վերցրել ատրճանակը, քանի որ ինքը սենյակից դուրս էր եկել:
13. Նույնը օրը որպես վկա հարցաքննվելիս Կ.Ս.-ն ներկայացրել է իրադարձությունները նմանատիպ ձևով և նշել է, որ ինքն ատրճանակից կրակել է՝ առանց իմանալու, որ այն լիցքավորված է:
14. 2001 թվականի նոյեմբերի 6-ին Ա.Կ.-ն հարցաքննվել է որպես վկա և նշել է, inter alia, որ [Կ.Ս.-ն] կրակել է Արայիկ Ավետիսյանի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս կրակոցից անմիջապես առաջ նրան խնդրել է ատրճանակը չպահել իր վրա: Ա.Կ.-ն նշել է նաև, որ Արայիկ Ավետիսյանը որևէ խնդիր չի ունեցել զինծառայակիցների հետ՝ բացառությամբ գումարտակի հրամանատար Մ.-ի, որը, ընդհանուր առմամբ, լավ չէր վերաբերվում սպաներին: Ըստ Ա.Կ.-ի՝ միջադեպի ժամանակ Մ.-ն ներկա չի եղել: Նա նաև թվարկել է Մ.-ի կողմից Արայիկ Ավետիսյանի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մի քանի դրվագներ: Նախևառաջ, չնայած նա անձամբ ականատես չի եղել, սակայն սպաներն իրեն պատել են, որ Մ.-ն ծեծել է Արայիկ Ավետիսյանին: Երկրորդ, 2001 թվականի ամառվա վերջին կամ աշնան սկզբին նա Արայիկ Ավետիսյանին տեսել է սևացած աչքով: Ավելի ուշ՝ այդ օրը, Արայիկ Ավետիսյանը սպաներին պատմել է, որ Մ.-ն խփել է իր աչքին: Բացի այդ, հավանաբար 2001 թվականի օգոստոսին Մ.-ն ծեծել էր Արայիկ Ավետիսյանին և մի քանի այլ սպաների: Ա.Կ.-ն նկարագրել է Մ.-ի կողմից սպաներին հասցված խոսքային և ֆիզիկական ոտնձգությունների այլ դրվագներ:
15. Նույն օրը նշանակվել է ձգաբանական, դատաբժշկական և քրեագիտական համակցված փորձաքննություն՝ որոշելու, ի թիվս այլ հարցերի, թե արդյոք մատնահետքեր կան «Մակարով» ատրճանակի վրա, և եթե այո, ապա արդյոք դրանք պատկանում են Կ.Ս.-ին, Ս.Հ.-ին, Ս.Մ.-ին, Կ.Գ.-ին, Ա.Կ.-ին կամ Արայիկ Ավետիսյանին, և արդյոք ատրճանակը մաքրվել էր նախքան վերջին անգամ դրանով կրակելը:
16. 2001 թվականի նոյեմբերի 7-ին Կ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար: Կ.Ս.-ին մեղադրանք առաջադրելու մասին որոշման մեջ նշվել է, մասնավորապես, որ նա վերցրել է ատրճանակը, լիցքավորել է այն, պահել է Արայիկ Ավետիսյանի վրա և կրակել է՝ դրանով դիտավորյալ սպանելով վերջինիս՝ քննության ընթացքում չպարզված պատճառներով:
17. 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ս.Մ.-ն կրկին հարցաքննվել է և նշել, inter alia, որ ինքն ատրճանակը սեղանին դնելուց հետո տեսել է, թե ինչպես է Կ.Ս.-ն դա վերցնում այնտեղից: Երբ նա դուրս էր գալիս սենյակից, ատրճանակը Կ.Ս.-ի մոտ էր: Ի հակադրություն իր նախորդ հայտարարության՝ Ս.Մ.-ն նշել է, որ կրակոցն արձակելու ժամանակ նա եղել է սենյակում: Նա այնուհետև նշել է, որ երբ Կ.Ս.-ն ատրճանակն ուղղել է Արայիկ Ավետիսյանի վրա, ինքը Կ.Ս.-ին ասել է, որ ատրճանակը լիցքավորված է, բայց հենց այդ պահին վերջինս կրակել է:
18. 2001 թվականի նոյեմբերի 30-ին ներկայացվել է դիահերձման եզրակացությունը: Եզրակացության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«... [Արայիկ Ավետիսյանի] մահվան պատճառը եղել է գանգուղեղի հրազենային վնասվածքի հետևանքով առաջացած՝ գլխուղեղի ֆունկցիոնալ անբավարարությունը: ... Մարմնի զննության ընթացքում հայտնաբերվել են հետևյալ վնասվածքները. ճակատի աջ մասի վերք ([փամփուշտի] մուտք). ճակատային-ոսկրային կոտրվածք՝ վերքի հետագծով .... ծոծրակոսկրի ձախ կողմում կոտրվածք. վերք ծոծրակոսկրի ձախ կողմում ([փամփուշտի] ելք). հեմատոմա ճակատի աջ կողմում. փակ վերք ձախ պարիետալ ոսկորի հետևի հատվածում: Հեմատոման և փակ վերքը պատճառվել են փոքր մակերես ունեցող բութ առարկայի կամ գործիքի միջոցով այն ժամանակ, երբ [տուժողը] դեռ ողջ է եղել... Վնասվածքների հաջորդականությունը որոշելու համար բժշկական մեթոդներ չկան: Մահը վրա է հասել վնասվածքները պատճառվելուց անմիջապես հետո: Այն ժամանակ, երբ Արայիկ Ավետիսյանը ստացել է վնասվածքները, նա կանգնած է եղել հրազենի փողի ուղղությամբ: ... Հրազենային վերքի հետագիծն ուղղված է առջևից հետև, աջից ձախ, վերևից ներքև …»:
19. Նույն օրը Կ.Գ.-ն կրկին հարցաքննվել է և նշել, inter alia, որ ինքը տեղյակ է եղել, որ Մ.-ն մի քանի անգամ հարվածել է [Արայիկ Ավետիսյանին]:
20. 2001 թվականի դեկտեմբերի 12-ին ստացվել են ձգաբանական, դատաբժշկական և քրեագիտական համակցված փորձաքննության արդյունքները: Համաձայն փորձագետների կողմից ներկայացված եզրակացության՝ փորձաքննության համար ներկայացված ատրճանակի վրա որևէ մատնահետք չի հայտնաբերվել:
21. 2001 թվականի դեկտեմբերի 28-ին դիմումատուն հարցաքննվել է և մասնավորապես նշել է, որ զորամասում ծառայության առաջին իսկ օրվանից որդին ենթարկվել է ֆիզիկական ոտնձգության, վախի և նվաստացման: Նրա վերադասները նաև գումար են շորթել նրանից: Մորաքրոջ այցի ընթացքում նա պատմել է հրամանատար Մ.-ի պատճառով իր՝ գումարտակը փոխելու մտադրության մասին: Որոշ ժամանակ անց նրան հաջողվել է փոխել գումարտակը: Այնուամենայնիվ, երկու-երեք օր անց Մ.-ն նրան ծեծի է ենթարկել, հայհոյել է նրան և հետ տարել երրորդ գումարտակ, որից հետո նրա կյանքը դարձել է անտանելի, քանի որ նրան ամեն օր ֆիզիկական ոտնձգության են ենթարկել: 2001 թվականի հոկտեմբերի 20-ին Մ.-ն Արայիկ Ավետիսյանին ուղարկել է այցելելու նրա ընտանիքին՝ պայմանով, որ նա բերի 2 լիտր տնական օղի և 100 ԱՄՆ դոլար: Սակայն պահանջվող գումարը դիմումատուի համար եղել է անհնար խնդիր՝ կապված իր ընտանիքի ֆինանսական ծանր դրության հետ: Երբ 2001 թվականի հոկտեմբերի 28-ին նրա որդին պետք է վերադառնար զորամաս, նա նրան խոստացել է, որ կգտնի անհրաժեշտ գումարը և կուղարկի նրան: 2001 թվականի հոկտեմբերի 31-ին իմանալով իրենց որդու սպանության մասին՝ ինքը և նրա հայրն անմիջապես կասկածել են Մ.-ին:
22. 2001 թվականի դեկտեմբերի 21-ին հանձնարարվել է իրականացնել ձգաբանական, միկրոմասնիկների, քրեագիտական և դատաբժշկական համակցված փորձաքննություն՝ որոշելու, inter alia, թե արդյոք Արայիկ Ավետիսյանի գլխի վրա հայտնաբերված ոչ հրազենային վնասվածքները կարող էին առաջանալ ատրճանակի կրակոցից ստացված վնասվածքից հետո ընկնելու հետևանքով:
23. 2002 թվականի փետրվարի 25-ին ներկայացվել է վերոնշյալ փորձաքննության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը: Դրանում մասնավորապես նշվել է, որ չի կարելի բացառել, որ Արայիկ Ավետիսյանի գլխի ձախ կողմում հայտնաբերված ծոծրակոսկրի վնասվածքն առաջացել է կրակոցից հետո վերջինիս ընկնելու հետևանքով, բայց ճակատի աջ կողմի հեմատոման ուղղակիորեն պատճառվել է փոքր մակերես ունեցող բութ առարկայի կամ գործիքի միջոցով:
24. 2002 թվականի հունիսի 18-ին անցկացված լրացուցիչ հարցաքննության ժամանակ Կ.Գ.-ն, inter alia, նշել է, որ ատրճանակը լիցքավորելուց հետո Կ.Ս.-ն հանկարծակի բարձրացրել է այն, արագորեն այն ուղղել է դեպի Արայիկ Ավետիսյանի գլուխը և քաշել է ձգանը:
25. 2002 թվականի հունիսի 29-ին Ա.Կ.-ն կրկին հարցաքննվել է: Նա մասնավորապես նշել է հետևյալը.
«...Իմ նախորդ հայտարարությունները ճիշտ չէին. ես դրանք արել եմ, քանի որ վախեցած էի: Հիմա խիղճս տանջում է, և ես որոշել եմ պատմել ճշմարտությունը: 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ մոտավորապես ժամը 20:30-ին, ես գնացի բազայի հրամանատարի աշխատասենյակ ... [Ս.Մ.-ն] և [Կ.Գ.-ն] այնտեղ էին ... Մոտավորապես հինգ րոպե հետո Արայիկ Ավետիսյանը և [Կ.Ս.-ն] մտան սենյակ ... Հենց այդ պահին ներս մտավ գումարտակի հրամանատար [Մ.-ն] ... [Նա] [Արայիկ Ավետիսյանին] հարցրեց. «Դու գնացել էիր տուն. ինչու՞ ես բերել գումարի միայն կեսը», ինչին [Արայիկ Ավետիսյանը] պատասխանեց. «[Պարոն], իմ ընտանիքը չուներ բավարար գումարը. Բերել եմ այն, ինչ կար»: Առանց որևէ բան ասելու [Մ.-ն] բռնեց [Արայիկ Ավետիսյանին] նրա օձիքի հետևից, ծնկի բերեց [Արայիկ Ավետիսյանին] դեպի իր կողմը, իսկ մյուս կողմից հանեց ատրճանակը ..., երկու անգամ ատրճանակով ծանր հարված հասցրեց [Արայիկ Ավետիսյանի] գլխի հետևի մասին … Հրամանատարը ձեռքով բռնեց [Արայիկ Ավետիսյանի] կրծքավանդակից և նրան քաշեց վերև ... [Արայիկ Ավետիսյանը] շունչ քաշեց և ուզում էր ինչ-որ բան ասել: Հենց այդ պահին կրակոց եղավ: ... Ես անմիջապես տեսա, որ նրա ճակատին հրազենային վերք կա... Ես հասկացա, որ նա մահացած է... Մի քանի վայրկյան հետո [Ս.Հ.-ն] և լեյտենանտ [Ն.-ն] վազելով ներս մտան սենյակ: [Ս.Հ.-ն] գոռալով հարցրեց, թե ով է արձակել կրակոցը. ոչ ոք չպատասխանեց: Այդ պահին ես նայեցի [Մ.-ին]: Նա, ոչինչ չանելով և չասելով, կանգնած էր դռան մոտ՝ ատրճանակը ձեռքին... այնուհետև [Ս.Հ.-ն] [Ս.Մ.-ին] ասաց, որ մաքրի ատրճանակը ... Որոշ ժամանակ անց ես փորձեցի հետ գնալ սենյակ՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, սակայն ռազմական ոստիկանության ծառայողները, որոնք հետո ժամանեցին, ինձ ներս չէին թողնի... որևէ մեկը պատահարի մասին ինձ հարցեր չտվեց: Հաջորդ առավոտյան ռազմական ոստիկանության ծառայողները ... ինձ տարան Երևանում գտնվող [իրենց շտաբ]: Ինձ այնտեղ պահում էին [Կ.Գ.-ի] և [Ս.Մ.-ի] հետ նույն խցում: [Կ.Ս.-ն] մեզ հետ նույն խցում մնաց երկու օր: Այնտեղ նա մեզ ասաց, որ սպանության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել ... [Մենք] բոլորս միասին համաձայնեցինք այդպիսի ցուցմունք տալ: ... Ես ստիպված էի ցուցմունք տալ նրանց ասած ձևով, քանի որ վախենում էի, որ իմ հայտարարությունը չէր դիմակայի նրանց հայտարարություններին և ես կհայտնվեի վատ դրության մեջ... Ես կրկնում եմ, որ տվյալ օրը գումարտակի հրամանատար [Մ.-ն] սկզբում ատրճանակով հարվածել է [Արայիկ Ավետիսյանի] գլխին, իսկ այնուհետև սպանել նրան»:
26. 2002 թվականի օգոստոսի 15-ին Կ.Ս.-ն նորից հարցաքննվել է և կրկին նշել է, որ ինքն է պատահաբար կրակել Արայիկ Ավետիսյանին: Հարցին ի պատասխան, թե արդյոք նա փորձում է քողարկել ուրիշի մեղքն Արայիկ Ավետիսյանի սպանության կապակցությամբ, Կ.Ս.-ն հերքել է այն, որ ենթարկվել է որևէ տեսակի վատ վերաբերմունքի և հայտարարել է, որ ինքն իր հայտարարություններն արել է առանց որևէ ճնշման:
27. 2002 թվականի օգոստոսի 19-ին քննիչը ևս մեկ անգամ հարցաքննել է Ա.Կ.-ին: Իր հարցաքննության ժամանակ Ա.Կ.-ն ամբողջությամբ հրաժարվել է 2002 թվականի հունիսի 29-ի իր հայտարարությունից և պնդել է իր նախնական հայտարարությունը, համաձայն որի՝ Կ.Ս.-ն է կրակել Արայիկ Ավետիսյանին: Նա պնդել է, որ նախկինում իր կողմից նշված ցանկացած այլ հանգամանք իր երևակայության արդյունքն է: Միևնույն ժամանակ նա նշել է, որ 2002 թվականի հունիսի 29-ի հարցաքննության ընթացքում ինքը չի ենթարկվել որևէ տեսակի վատ վերաբերմունքի:
28. 2002 թվականի սեպտեմբերի 13-ին նշանակվել է ձգաբանակ փորձաքննություն՝ որոշելու, թե արդյոք Մ.-ի ռազմական հագուստի վրա հրազենային մնացորդ առկա է, և եթե այո, ապա արդյոք դա առաջացել է «Մակարով» ատրճանակից արձակված կրակոցից:
29. 2002 թվականի նոյեմբերի 2-ին Գլխավոր դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, որով Կ.Ս.-ին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են, և նրան մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 2591հոդվածի «գ» կետով (հին ՔՕ)՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է մարդու մահ: Ս.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ծառայողական զենքն այլ անձի հանձնելու համար, որի գործողություններն առաջացրել են մարդու մահ: Ս.Մ-ին մեղադրանք է առաջադրվել հրազենի անզգույշ պահեստավորման համար, ինչի հետևանքով այն օգտագործվել է այլ անձի կողմից՝ դառնալով մահվան պատճառ: Մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Արայիկ Ավետիսյանը մահացել է Կ.Ս.-ի կողմից արձակված պատահական կրակոցի հետևանքով: Բացի այդ, Արայիկ Ավետիսյանի մահվան հետ առնչություն չունեցող մեղադրանքներ են առաջադրվել Մ.-ին՝ ծառայողական անձնակազմի նկատմամբ վատ վերաբերմունքի մի քանի դրվագների համար: Նույն օրը գործը փոխանցվել է Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Մարզային դատարան)՝ գործն ըստ էության քննելու համար:
30. 2002 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Մարզային դատարանը գործը վերադարձրել է մեղադրանքի կողմին՝ լրացուցիչ քննության համար՝ գտնելով, մասնավորապես, որ մեղադրանքի կողմը չի անդրադարձել մեղադրյալի և վկաների, մասնավորապես՝ Կ.Ս.-ի և Ա.Կ.-ի հայտարարությունների և առկա դատաբժշկական տվյալների միջև մի շարք հակասություններին: Բացի այդ,
ի հակադրություն մեղադրանքի կողմի եզրակացության՝ առկա էին վկայի բավարար ապացույցներ, որոնք ցույց էին տալիս, որ Կ.Ս.-ն դիտավորությամբ է կրակել Արայիկ Ավետիսյանին:
31. Մեղադրյալը բողոքարկել է: 2003 թվականի փետրվարի 7-ին Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Մարզային դատարանի որոշումը՝ Կ.Ս.-ին առնչվող մասով՝ գտնելով, մասնավորապես, որ քննչական մարմինը պատշաճորեն չի գնահատել ապացույցները: Սա հանգեցրել է Կ.Ս.-ի դեմ մեղադրանք առաջադրելու անհրաժեշտության՝ մեկ այլ ավելի լուրջ հանցանքի համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարզային դատարանի որոշումը՝ մյուս մեղադրյալներին առնչվող մասով: Այսպիսով, գործը վերադարձվել է Մարզային դատարան՝ այն Ս.Հ.-ի, Ս.Մ.-ի և Մ.-ի մասով քննելու համար:
32. 2003 թվականի փետրվարի 17-ին մեղադրանքի կողմը խստացրել է գործով Ս.Հ.-ին, Ս.Մ.-ին և Մ.-ին վերաբերող մեղադրանքները և այն ուղարկել Է Մարզային դատարան՝ ըստ էության քննելու համար:
33. 2003 թվականի հունիսի 30-ին Գլխավոր դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ Կ.Ս.-ի մասով: Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հին ՔՕ-ի 2591 հոդվածի «գ» կետի հիման վրա: Մեղադրանքի կողմը հաստատված է համարել, որ Կ.Ս.-ն զենքը վերցրել է Արայիկ Ավետիսյանից և խախտելով զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները՝ լիցքավորել է այն, այնուհետև խաղացել է զենքի հետ՝ այն շրջելով աջ ու ձախ, որի ժամանակ ատրճանակից կրակ է արձակվել՝ փողը դեպի Արայիկ Ավետիսյանն ուղղված: Նույն օրը գործը քննության համար փոխանցվել է Մարզային դատարանին:
34. 2003 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Մարզային դատարանը գործը լրացուցիչ քննության համար վերադարձրել է մեղադրանքի կողմին: Այդպիսով այն նշել է, որ մեղադրանքի կողմն անտեսել է Վճռաբեկ դատարանի 2003 թվականի փետրվարի 7-ի որոշման պահանջները:
35. Մեղադրանքի կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը 2003 թվականի օգոստոսի 27-ին մերժվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից (Վերաքննիչ դատարան): Վերաքննիչ դատարանը մասնավորապես գտել է, որ լրացուցիչ քննության ընթացքում նոր ապացույցներ չեն հավաքվել, սակայն մեղադրանքի կողմը նույն մեղադրանքն է ներկայացրել Կ.Ս.-ի դեմ: Հետևաբար քննության թերությունները չեն վերացվել:
36. 2003 թվականի հոկտեմբերի 22-ին մեղադրանքի կողմը ներկայացրել է նոր մեղադրական եզրակացություն, որով Կ.Ս.-ի դեմ կրկին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար՝ անզգուշությամբ առաջացնելով մարդու մահ՝ համաձայն նոր Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի, որը մինչ այդ ուժի մեջ էր մտել: Գործը քննության համար փոխանցվել է Մարզային դատարան:
37. Դատաքննության ընթացքում Կ.Ս.-ն լիովին ընդունել է իր մեղքը և ցուցմունք է տվել այն մասին, որ անզգուշորեն լիցքավորել է ատրճանակը և անզգուշությամբ կրակել է Արայիկ Ավետիսյանին:
38. 2003 թվականի դեկտեմբերի 23-ի դատավճռով Մարզային դատարանը մեղավոր է ճանաչել Կ.Ս.-ին և դատապարտել վեց տարի ժամկետով ազատազրկման:
39. Դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել:
40. Վերաքննիչ դատարանում վարույթի ընթացքում Կ.Ս.-ն հրաժարվել է ցուցմունք տալուց կամ իրեն տրված հարցերի մեծ մասին պատասխանելուց:
41. 2004 թվականի հուլիսի 19-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է Մարզային դատարանի դատավճիռը և լրացուցիչ քննության համար գործը վերադարձրել է մեղադրանքի կողմին: Այդպիսով Վերաքննիչ դատարանը, inter alia, նշել է հետևյալը.
«Քննության ընթացքում [2002 թվականի հունիսի 29-ին] [Ա.Կ.-ն] արել է լրացուցիչ հայտարարություն այն մասին, որ ... [տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը]
Ա.Կ.-ն հետագայում հրաժարվել է այս հայտարարությունից, մինչդեռ նա [2002 թվականի հունիսի 29-ին] Վերաքննիչ դատարանում հայտարարել էր, որ այդ հայտարարությունը գրվել է քննիչի կողմից, և ինքը պարզապես ստորագրել է այն՝ առանց կարդալու, և երբ դատաքննության ընթացքում պարզվել է, որ հայտարարությունը գրել է Ա.Կ.-ն, վերջինս բացատրել է, որ քննիչը իրեն թելադրել է տեքստը ... երբ նրան հարցրել են, թե ինչպես է նա կարողացել իր հայտարարության մեջ նշել ճշգրիտ հանգամանքները, նա մեկ անգամ դա հիմնավորել է՝ ասելով, որ ինքը արել է այդ հայտարարությունները, և դրանք պատահականորեն համընկել են ճշմարտության հետ, մինչդեռ մեկ այլ անգամ նա նշել է, որ գուշակել է իրեն տրված հարցերից:
... [Ք]ննչական մարմինը չի պարզել տուժողի ոչ հրազենային վնասվածքների պատճառը ...»:
42. 2004 թվականի սեպտեմբերի 17-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել 2004 թվականի հուլիսի 19-ի որոշումը:
43. Չպարզված օրը քննությունը վերսկսվել է, և նշանակվել են մի քանի դատաբժշկական փորձաքննություններ, այդ թվում՝ լրացուցիչ ձգաբանական, քիմիական և դատաբժշկական համակցված փորձաքննություն՝ պարզելու, inter alia, թե արդյոք Արայիկ Ավետիսյանի հրազենային վնասվածքը կարող էր առաջանալ Կ.Ս.-ի, Ս.Մ.-ի և Կ.Գ.-ի կողմից իրենց համապատասխան հայտարարություններում նկարագրված հանգամանքներում, և արդյոք Արայիկ Ավետիսյանը կարող էր իր ոչ հրազենային վնասվածքները ստանալ կրակոցից հետո ընկնելու հետևանքով: Փորձագետներին նաև խնդրել են պարզել Արայիկ Ավետիսյանի մարմնի վրա փամփուշտի մուտքի անցքի տրամագիծը:
44. 2005 թվականի մայիսի 31-ին փորձագետների հանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը, որում մասնավորապես նշվել է, որ հաշվի առնելով հրազենային վնասվածքի գտնվելու վայրը և փամփուշտի անցքից հեռավորությունն այն սենյակի պատից, որտեղ տեղի է ունեցել դեպքը, Արայիկ Ավետիսյանը իր հրազենային վնասվածքը չէր կարող ստանալ Կ.Ս.-ի և վկաներ Ս.Մ.-ի ու Կ.Գ.-ի կողմից նկարագրված հանգամանքներում: Արայիկ Ավետիսյանի գլխին հայտնաբերված ոչ հրազենային վնասվածքները, մասնավորապես՝ ճակատի աջ մասում գտնվող հեմատոման, չէին կարող պատճառվել նրա ընկնելու հետևանքով, սակայն դրանք հասցվել են փոքր մակերես ունեցող բութ, պինդ առարկաների կամ գործիքների միջոցով: Ինչ վերաբերում է փամփուշտի մուտքի անցքի տրամագծին, ապա փորձագետները նշել են, որ այն կարող է որոշվել միայն տուժողի մարմինը արտաշիրիմելուց հետո՝ հաշվի առնելով, որ գործի նյութերում առկա են եղել հակասական տվյալներ՝ կապված տուժողի գլխին հրազենային վնասվածքի տրամագծի հետ և փորձաքննության համար ներկայացված փամփուշտի տրամագծի հետ:
45. Դիմումատուն հրաժարվել է արտաշիրիմել Արայիկ Ավետիսյանի մարմինը:
46. Կատարվել են մի շարք հարցաքննություններ, որոնց ընթացքում չի պարզվել որևէ էական նոր տեղեկություն, իսկ Ա.Կ.-ին գտնելու փորձերն անհաջող են եղել:
47. 2008 թվականի նոյեմբերին գործի քննության իրականացումը ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական վարչությունը:
48. 2009 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ ավագ քննիչ Պ.-ն որոշում է կայացրել դադարեցնել Կ.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը` ապացույցների բացակայության և նոր ապացույցներ հավաքելու հետագա հնարավորությունների բացակայության պատճառով:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Պ.-ն վարույթը կասեցրել է այն հիմքով, որ քննությամբ չի հայտնաբերվել Արայիկ Ավետիսյանին սպանած անձը՝ չնայած ձեռնարկվել են քննչական բոլոր հնարավոր քայլերը: Ուստի քննիչը որոշել է գործը կասեցնել այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել այն անձը, ում դեմ պետք է առաջադրվի մեղադրանք, ինչպես նաև ռազմական ոստիկանությանը կարգադրել է շարունակել օպերատիվ և որոնողական աշխատանքները՝ հանցանքը կատարած անձին գտնելու համար: Դիմումատուն վիճարկել է այս որոշումը հսկողություն իրականացնող դատախազի մոտ, իսկ այնուհետև՝ զինվորական դատախազությունում, սակայն հաջողության չի հասել:
49. 2010 թվականի փետրվարի 15-ին դիմումատուն պահանջել է վերսկսել վարույթը և հարցաքննել զորամասի որոշ այլ զինծառայողների:
50. 2010 թվականի փետրվարի 18-ին քննիչը մասնակիորեն բավարարել է դիմումատուի պահանջը և կարգադրել է իրականացնել որոշ զինծառայողների հարցաքննությունն ու այլ քննչական միջոցառումներ՝ առանց վարույթը վերսկսելու:
51. 2010 թվականի հունիսի 15-ին դիմումատուն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում (Վարչական շրջանի դատարան) վիճարկել է Պ.-ի՝ կասեցնելու մասին որոշումը: Նա պնդել է, inter alia, որ գործով առկա ապացույցներով հաստատվել է, որ Մ.-ն է կատարել սպանությունը:
52. 2010 թվականի հուլիսի 9-ին Վարչական շրջանի դատարանը հրաժարվել է քննել դիմումատուի բողոքը 2009 թվականի փետրվարի 10-ի այն որոշումը վիճարկելու ժամկետները բաց թողնելու համար, որով կասեցվել է վարույթը:
53. 2010 թվականի հուլիսի 29-ին դիմումատուն քննիչին խնդրել է վերսկսել քննությունը և իրականացնել լրացուցիչ քննչական միջոցառումներ, այդ թվում՝ արտաշիրիմում՝ կրակոցն արձակած անձին հայտնաբերելու նպատակով:
54. 2010 թվականի օգոստոսի 7-ին քննիչը որոշել է մասնակիորեն բավարարել դիմումատուի պահանջը, այսինքն՝ Արայիկ Ավետիսյանի մարմնի արտաշիրիմումը հանձնարարվել է նրա համաձայնությամբ, և նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական և ձգաբանական համակցված փորձաքննություն: Քննիչը համաձայնել է լրացուցիչ քննչական միջոցառումներ իրականացնել՝ առանց քննությունը վերսկսելու:
55. Դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը զինվորական դատախազին՝ խնդրելով վերսկսել վարույթը և հաշվի առնել այլ վարկածներ, ներառյալ՝ Մ.-ի անձնական կամ ուղղակի ներգրավվածությունը հանցագործության մեջ, սենյակում ներկա գտնվողներից մեկի անձնական կամ ուղղակի ներգրավվածությունը և այլն: Նա պնդել է անհրաժեշտ քննչական միջոցառումները շարունակելու պահանջը, այդ թվում՝ արտաշիրիմումը:
56. Զինվորական դատախազությունից ստացված՝ 2010 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ դիմումատուն տեղեկացվել է, որ նրա պահանջներին նախկինում անդրադարձ է կատարվել մի շարք այլ որոշումներում:
57. Դիմումատուն այնուհետև Վարչական շրջանի դատարանում վիճարկել է դատախազության՝ 2010 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ մերժումը՝ խնդրելով վերսկսել վարույթը: Նա պնդել է, որ Արայիկ Ավետիսյանի մահվան դեպքի քննությունն արդյունավետ չի եղել, և այս պայմաններում վարույթը պետք է վերսկսվի, որպեսզի հայտնաբերվի նրա մահվան համար պատասխանատու անձը:
58. 2011 թվականի հունվարի 10-ին դիմումատուն իր գանգատը ներկայացրել է Դատարան:
59. 2011 թվականի հունվարի 12-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի բողոքն այն հիմքով, որ քննչական միջոցառումները կարող են իրականացվել կասեցված վարույթի առնչությամբ: Այդպիսով, այն հիմնվել է Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 258-րդ հոդվածի վրա:
60. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 2011 թվականի մարտի 15-ին Վերաքննիչ դատարանի կողմից բավարարվել է: Գործը հետ է ուղարկվել Վարչական շրջանի դատարան:
61. Այդ ընթացքում ոստիկաններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել Ա.Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում ոստիկանությունը քննիչին հաղորդել է, որ Ա.Կ.-ն ապրում է Ռուսաստանում, բայց հնարավոր չի եղել որոշել նրա հասցեն:
62. 2011 թվականի մարտի 16-ին Կ.Գ.-ն ևս մեկ անգամ հարցաքննվել է և նշել է, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես է Կ.Ս.-ն պատահաբար կրակել Արայիկ Ավետիսյանին:
63. 2011 թվականի մարտի 17-ին Կ.Ս.-ն նորից հարցաքննվել է: Նա հերքել է, որ դիտավորյալ կամ պատահաբար կրակել է Արայիկ Ավետիսյանին: Ի պատասխան այն մասին իր նախորդ հայտարարություններին վերաբերող հարցին, որ ինքն է կրակել Արայիկ Ավետիսյանին, Կ.Ս.-ն պատասխանել է, որ ինքը պատճառներ է ունեցել նման ցուցմունքներ տալու, բայց չէր կարող ասել այդ պատճառները: Քննիչի կողմից տրված հաջորդ հարցերին ի պատասխան Կ.Ս.-ն նշել է, որ Արայիկ Ավետիսյանին կրակելու պահին ինքը ներկա չի եղել. նա ստիպված է եղել անել այդպիսի մեղադրական հայտարարություններ՝ իր և իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:
64. 2011 թվականի հունիսի 17-ին Վարչական շրջանի դատարանը ևս մեկ անգամ մերժել է դիմումատուի պահանջը:
65. Դիմումատուի կողմից այս որոշման դեմ ներկայացված հետագա բողոքները 2011 թվականի հոկտեմբերի 12-ին վերջնական ատյանում մերժվել են Վճռաբեկ դատարանի կողմից:
66. Դրանից հետո քննության իրականացումը ստանձնել է Պաշտպանության նախարարության քննչական վարչության առնվազն երկու այլ քննիչ: Կառավարության կողմից տրամադրված նյութերի համաձայն՝ ձեռնարկվել են որոշ միջոցառումներ, ինչպես օրինակ՝ լրացուցիչ հարցաքննություններ և Ա.Կ.-ին հայտնաբերելու հետագա փորձեր:
67. 2016 թվականի մայիսին քննության իրականացումը ստանձնել է Քննչական կոմիտեն:
68. 2016 թվականի հուլիսի 18-ին դիմումատուն խնդրել է, որ իրեն տեղեկացնեն համապատասխան փաստաթղթերով և արձանագրություններով հիմնավորված այն բոլոր քննչական միջոցառումների մասին, որոնք իրականացվել են 2009 թվականին վարույթը կասեցնելուց ի վեր:
69. Դիմումատուն դիմել է Վարչական շրջանի դատարան՝ բողոքելով, որ քննչական մարմինը նրան չի տրամադրել վարույթը կասեցնելու մասին որոշումը կայացվելուց հետո ձեռնարկված քննչական գործողություններին վերաբերող նյութերը:
70. Վարչական շրջանի դատարանն իր՝ 2017 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ մերժել է դիմումատուի պահանջը: Դիմումատուն բողոքարկել է:
71. 2017 թվականի մարտի 28-ին Դատարանը գանգատի մասին ծանուցել է պատասխանող Կառավարությանը:
72. 2017 թվականի ապրիլի 7-ին Վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանի դատարանի 2017 թվականի փետրվարի 21-ի որոշումը և բավարարել է դիմումատուի բողոքը:
73. 2017 թվականի հունիսի 7-ին դիմումատուն պահանջել է, որ իրեն տրամադրեն գործի նյութերից համապատասխան նյութեր՝ 2017 թվականի ապրիլի 7-ի որոշմանը համաձայն:
74. 2017 թվականի հունիսի 26-ին դիմումատուն ստացել է պահանջվող նյութերը:
75. 2018 թվականի օգոստոսի 3-ին հսկողություն իրականացնող դատախազի ցուցումից հետո վարույթը վերսկսվել է:
76. Վերսկսված վարույթի շրջանակներում փորձեր են արվել հայտնաբերելու Ա.Կ.-ին, սակայն անօգուտ է եղել: Մի շարք վկաներ, այդ թվում՝ գումարտակի նախկին հրամանատար Մ.-ն, նախկին զինծառայողներ Կ.Գ.-ն և Կ.Ս.-ն, ինչպես նաև այլ վկաներ հարցաքննվել են՝ առանց օգտակար նոր տեղեկություններ ձեռք բերելու: Հնարավոր չի եղել ապահովել մի շարք այլ կանչված վկաների, այդ թվում՝ նախկին զինծառայող Ս.Մ.-ի ներկայությունը:
77. 2019 թվականի մարտի 13-ին քննիչը որոշում է կայացրել վարույթը կասեցնել այն հիմքով, որ, չնայած այն հանգամանքին, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները, անհնար է եղել պարզել այն անձին, ում պետք է առաջադրվեր մեղադրանք:
Համապատասխան իրավական շրջանակը
78. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն ուժի մեջ եղած Քրեական օրենսգրքի 2591 հոդվածի «գ» կետի համաձայն՝ զենքի հետ, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտումը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից մինչև տասը տարի ժամկետով:
79. Տվյալ ժամանակահատվածում գործող՝ 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
80. Քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննիչն ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով միջոցներ է ձեռնարկում հայտնաբերելու որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին: Անհրաժեշտության դեպքում քննիչն այդ դեպքում կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ (258-րդ հոդվածի 3-րդ մաս):
Իրավունքը
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
81. Դիմումատուն բողոքել է, որ իր որդու՝ Արայիկ Ավետիսյանի մահվան հետ կապված հանգամանքները պարզելու համար քննությամբ չեն բավարարվել Կոնվենցիայի 2-րդ և 13-րդ հոդվածների պահանջները: Դատարանը նպատակահարմար է գտնում քննել դիմումատուի բողոքները միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում, որի համապատասխան մասն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
82. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցներն այն առումով, որ նա ժամանակին բողոք չի ներկայացրել 2009 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ, որով վարույթը կասեցվել էր, և դադարեցվել էր Կ.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը: Նույնիսկ եթե դիմումատուն իրավական պաշտպանության այդ միջոցը համարել է ոչ արդյունավետ, նա վեցամսյա ժամկետում իր բողոքները չի ներկայացրել Դատարան:
83. Դիմումատուն պնդել է իր բողոքները: Նա նշել է, որ իր բողոքը վերաբերում է ազգային մարմինների կողմից իր որդու մահվան հետ կապված հանգամանքների արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտավորությունը շարունակաբար խախտելուն: Ներպետական իրավունքի համաձայն՝ վարույթը կասեցնելու մասին որոշումը չի ենթադրում քննության դադարեցում: Իսկապես, քննչական միջոցառումները շարունակվել են իրականացվել վարույթը կասեցնելուց հետո: Հետևաբար նրա համար անհիմն չի եղել վարույթի արդյունքին սպասելը՝ նախքան իր գանգատը Դատարան ներկայացնելը: Այնուամենայնիվ, նա չի կարողացել անվերջ սպասել և տեսնելով, որ վարույթը վերսկսելու փորձերն անարդյունավետ էին և դժգոհ լինելով ձեռնարկվող միջոցառումների տեմպից՝ նա, ի վերջո, իր բողոքները ներկայացրել է Դատարան: Չնայած այն հանգամանքին, որ որոշ քննչական միջոցառումներ շարունակվել են իրականացվել նրա գանգատը Դատարան ներկայացնելուց հետո, դրանք նույնպես ոչ մի շոշափելի արդյունք չեն ունեցել: Վարույթը 2018 թվականի օգոստոսի 3-ին վերսկսելուց հետո ոչ մի քննություն չի հանգեցրել իրադարձությունների իրական վարկածի պարզաբանման:
2. Դատարանի գնահատականը
ա) Դատարանի իրավազորությունը
84. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ դիմումատուի որդին մահացել է 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, այսինքն՝ 2002 թվականի ապրիլի 26-ից՝ Հայաստանի մասով Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամիս շուտ (որոշիչ ամսաթիվ): Այնուհետև Դատարանը նկատում է, որ քննության առաջին ամիսներին իրականացվել են մի շարք քննչական միջոցառումներ նախքան որոշիչ ամսաթիվը, մինչդեռ այդ օրվանից հետո իրականացվել են դատավարական քայլերի ճնշող մեծամասնությունը՝ ուղղված այն հանգամանքները պարզելուն, որոնցում մահացել է դիմումատուի որդին:
85. Հաշվի առնելով ի հայտ եկած իրադարձության և որոշիչ ամսաթվի, ինչպես նաև այն փաստի միջև կապը, որ քննության մեծ մասը կատարվել է պատասխանող պետության կողմից Կոնվենցիան վավերացնելուց հետո, Դատարանը գտնում է, որ եղել է «իրական կապ» 2-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորությունն առաջացնող իրադարձության և Կոնվենցիան ուժի մեջ մտնելու միջև (տե՛ս Յանովիեցը և այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Janowiec and Others v. Russia [GC]], թիվ 55508/07 և 29520/09, §§ 146 և 147, ՄԻԵԴ 2013, Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]], թիվ 10865/09 և ևս 2-ը, §§ 205-211, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ), և Ռանդելովիչը և այլք ընդդեմ Մոնտենեգրոյի [Ranđelović and Others v. Montenegro], թիվ 66641/10, § 91, 2017 թվականի սեպտեմբերի 19): Հետևաբար, իր հաստատված գործելակերպի համաձայն՝ Դատարանը կսահմանափակվի այն դատավարական գործողությունները և բացթողումները քննելով, որոնք տեղի են ունեցել կամ պետք է տեղի ունենան պատասխանող պետության մասով Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո (տե՛ս վերևում հիշատակված՝ Յանովիեցը և այլք գործը, § 142 ):
բ) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և վեցամսյա կանոնի պահպանումը
86. Դատարանը կրկին նշում է, որ դիմումատուները պարտավոր են սպառել իրավական պաշտպանության այն ներպետական միջոցները, որոնք հասանելի են, ընդունակ են իրենց բողոքների մասով հատուցում տրամադրելու և առաջարկում են հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy [GC]], թիվ 56581/00, § 46, ՄԻԵԴ 2006-II):
87. Դատարանը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Արայիկ Ավետիսյանի մահվան հանգամանքներով հարուցված քրեական գործի վարույթը 2009 թվականի փետրվարի 10-ին կասեցվել է, նրա մահվան հետ կապված հանգամանքները պարզելուն ուղղված քննչական միջոցառումները հետագայում շարունակվել են (տե՛ս վերևում՝ 50-րդ, 54-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ պարբերությունները): Այս համատեքստում հարկ է նշել, որ դատարանները մերժել են դիմումատուի` վարույթը վերսկսելու վերաբերյալ դիմումը՝
ՔԴՕ-ի 258-րդ հոդվածի հիման վրա և այն հիմքով, որ կարող են շարունակվել իրականացվել քննչական միջոցառումներ՝ չնայած այն հանգամանքին, որ քննությունը կասեցվել է (տե՛ս վերևում՝ 59-րդ և 80-րդ պարբերությունները): Մասնավորապես Մարզային դատարանն անդրադարձել է այդ խնդրին՝ չնայած 2009 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ դիմումատուի նախկին բողոքը համարվել է անթույլատրելի՝ ժամկետից ուշ ներկայացնելու համար
(տե՛ս վերևում՝ 52-րդ պարբերությունը): Այն իրավիճակում, երբ դիմումատուի որդու մահվան հետ կապված քննչական միջոցառումները շարունակվում են մինչ օրս՝ չնայած վարույթը կասեցնելու պաշտոնական որոշումներին (տե՛ս վերևում՝ 48-րդ և 77-րդ պարբերությունները) և ամենակարևորը, այն դեպքում, երբ պարզ չէ, թե ինչ փոխհատուցում տրամադրել, եթե այդպիսին կա, դիմումատուն կարող էր հասնել իր բողոքի բավարարմանը և վարույթը վերսկսելուն, Դատարանը չի համարում, որ 2009 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ ժամանակին բողոք ներկայացնելը իր որդու մահվան քննության ոչ բավարար լինելու վերաբերյալ իր բողոքների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց էր: Հետևաբար Դատարանը մերժում է դիմումատուի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը:
88. Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ առարկությանը, ապա Դատարանը կրկին նշում է, որ վեցամսյա ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման գործընթացում վերջնական որոշման ամսաթվից: Այն դեպքում, երբ ի սկզբանե պարզ է, որ դիմումատուի համար իրավական պաշտպանության ոչ մի արդյունավետ միջոց հասանելի չէ, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է բողոքարկված միջոցառումների մասով ակտերի ամսաթվից կամ այդ ակտի մասին կամ դիմումատուի վրա դրա ազդեցության կամ նրա նկատմամբ խախտումների մասին իմանալու օրվանից (տե՛ս Վարնավան և այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey [GC]], թիվ 16064/90 և ևս 8-ը, § 157, ՄԻԵԴ 2009): Եթե մահվան դեպք է տեղի ունեցել, ապա ակնկալվում է, որ դիմումատու հարազատները պետք է ձեռնարկեն քայլեր՝ քննության ընթացքին կամ դրա բացակայությանը հետևելու համար, և իրենց դիմումները պատշաճ արագությամբ ներկայացնեն այն դեպքում, երբ նրանք տեղյակ են կամ պետք է տեղեկացվեն ցանկացած արդյունավետ քննության բացակայության մասին (նույն տեղում, § 157):
89. Հաշվի առնելով վերոնշյալ եզրակացությունն այն մասին, որ դիմումատուի որդու մահվան կապակցությամբ հարուցված քրեական վարույթը կասեցնելու որոշման դեմ ժամանակին բողոք ներկայացնելը դիմումատուի բողոքների համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չէր, Դատարանը գտնում է, որ 2009 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ դիմումատուի ներկայացրած բողոքը ներպետական դատարանների կողմից քննելը մերժելը չի կարող համարվել «վերջնական որոշում» Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Հետևաբար չի կարելի ասել, որ դիմումատուն չի պահպանել վեցամսյա ժամկետի կանոնը՝ իր բողոքները այդ որոշման կայացման օրվանից վեց ամսվա ընթացքում Դատարան չներկայացնելով: Միևնույն ժամանակ Դատարանը համարում է, որ սույն գործի հանգամանքներում դիմումատուն ցուցաբերել է անհրաժեշտ ջանասիրություն` իր գանգատը պատշաճ արագությամբ ներկայացնելու հարցում: Հետևաբար Կառավարության այն առարկությունը, որը վերաբերում է վեցամսյա կանոնը չպահպանելուն, պետք է նույնպես մերժվի:
90. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածում թվարկված որևէ հիմքով ակնհայտ անհիմն կամ անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
91. Դիմումատուն նշել է, որ իր որդու մահվան գործով քննությունն անտեղի ձգձգվել և անարդյունավետ է եղել: Մասնավորապես հայոց բանակ զորակոչված զինծառայող և հետևաբար իշխանությունների բացառիկ վերահսկողության ներքո գտնվող նրա որդու վրա 2001 թվականի հոկտեմբերի 30-ին իր իսկ զորամասում կրակել են գումարտակի հրամանատար Մ.-ին պատկանող զենքից: Իշխանությունները չեն պարզել նրա մահվան հանգամանքները: Ավելի քան տասնվեց տարի տևած քննությամբ չի հաջողվել պարզել որդու մահվան ճշգրիտ հանգամանքները: Այդ չկատարման փաստն ակնհայտորեն ընդունվել է իշխանությունների կողմից, որոնք երկու անգամ կասեցրել են վարույթն այն հիմքով, որ նրանք չեն կարողացել հայտնաբերել նրա որդուն սպանած անձին, մինչդեռ ռազմական ոստիկանությանը հանձնարարված էր շարունակել օպերատիվ միջոցառումները՝ հանցանքը կատարած անձին գտնելու համար:
92. Կառավարությունը նշել է, որ իշխանությունների կողմից իրականացվող քննությունը համապատասխանել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում իրենց պարտավորությանը: Բոլոր հնարավոր վարկածները ստուգվել են քննչական մարմինների կողմից և իրականացվել են հսկայական քանակությամբ քննչական միջոցառումներ, այդ թվում՝ բազմաթիվ դատաբժշկական փորձաքննություններ: Ավելի քան հարյուր վկա հարցաքննվել է, իսկ նրանցից ոմանք հարցաքննվել են ավելի քան երկու անգամ: 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի շրջանակներում պարտավորությունը եղել է ոչ թե արդյունքի, այլ միջոցների մասով պարտավորություն, մինչդեռ իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ և հնարավոր միջոցներ՝ համապատասխան փաստերը պարզելու և դիմումատուի որդու մահվան համար պատասխանատու անձանց հայտնաբերելու ու նրանց պատժելու համար:
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
93. Կիրառելի ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մուստաֆա Թունչը և Ֆեչիր Թունչը գործով Մեծ պալատի վճռում (տե՛ս Մուստաֆա Թունչը և Ֆեչիր Թունչն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, §§ 169‑182, 2015 թվականի ապրիլի 14) և Մուրադյանի գործով Դատարանի վճռում (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Muradyan v. Armenia], թիվ 11275/07, §§ 132-136, 2016 թվականի նոյեմբերի 24):
բ) Կիրառումը սույն գործի նկատմամբ
94. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ Արայիկ Ավետիսյանի մահվանից հետո մի քանի ժամվա ընթացքում ձեռնարկվել են քայլեր ապացույցների ապահովման ուղղությամբ: Մասնավորապես քննիչը տեղում իրականացրել է զննություն և առգրավել է ատրճանակը (տե՛ս վերևում՝ 6-րդ և 7-րդ պարբերությունները): Ավելին, հաջորդ օրը քրեական գործ է հարուցվել, հանձնարարվել է դիահերձում, և հարցաքննվել են մի քանի հիմնական վկաներ (տե՛ս վերևում՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ պարբերությունները): Այդ հանգամանքներում Դատարանը համարում է, որ քննության ոչ արդարացված ձգձգում տեղի չի ունեցել:
95. Այսինքն՝ Դատարանը նկատում է, որ քննությունը, որը, ինչպես նշվեց վերևում, սկսվել է 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, դեռևս չի ավարտվել, քրեական վարույթը երկրորդ անգամ է կասեցվել՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները շարունակում են օպերատիվ և որոնողական գործողությունները՝ փորձելով գտնել պատասխանատու անձին (տե՛ս վերևում՝ 77-րդ պարբերությունը): Քննությամբ, որը տևել է ավելի քան տասնութ տարի, մինչ այժմ չի հաջողվել պարզել Արայիկ Ավետիսյանի մահվան ճշգրիտ հանգամանքները, որոնք, ըստ պաշտոնական վարկածի, տեղի են ունեցել առնվազն երեք ականատեսի ներկայությամբ (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը):
96. Այդ առնչությամբ Դատարանը կրկին նշում է, որ 2-րդ հոդվածով այն գործերը, որոնք հարուցվել են անհատի մահվան հանգամանքները պարզելու համար, երկարատև վարույթներ են, որոնք վկայում են այն մասին, որ վարույթը թերի է եղել պատասխանող պետության՝ Կոնվենցիայով սահմանված դրական պարտավորությունների խախտման առումով, եթե պետությունը չի բերել խիստ համոզիչ և հիմնավոր պատճառներ վարույթի նման ընթացքն արդարացնելու համար (տե՛ս Լոպես դե Սուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]], թիվ 56080/13, § 219, 2017 թվականի դեկտեմբերի 19. Կուդրան ընդդեմ Խորվաթիայի [Kudra v. Croatia], թիվ 13904/07, § 113, 2012 թվականի դեկտեմբերի 18. Բիլբիյան և Բլազեվիչն ընդդեմ Խորվաթիայի [Bilbija and Blažević v. Croatia], թիվ 62870/13, § 107, 2016 թվականի հունվարի 12): Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարության կողմից նման պատճառներ չեն ներկայացվել, որը պարզապես մանրամասն ներկայացրել է կատարված քննչական միջոցառումների և վկաների հարցաքննությունների հսկայական քանակը, որոնք իրականացվել են, սակայն որոնցով որևէ բացատրություն չի տրվել ձգձգման համար:
97. Դատարանն ընդունում է սույն գործով քննչական աշխատանքների գործնական դժվարությունները, ինչպիսիք են վկայի ցուցմունքների և փորձագիտական ապացույցների միջև հակասությունները: Կառավարությունը, այնուամենայնիվ, հիմնավոր բացատրություն չի տվել քննությամբ նույնիսկ այնպիսի էական խնդիրներ չպարզելու վերաբերյալ, ինչպիսիք են հանգուցյալի մարմնի վրա ոչ հրազենային վնասվածքների ծագումը, որոնք, ինչպես պարզել են փորձագետները, չեն առաջացել կրակելուց հետո նրա ընկնելու հետևանքով (տ՛ես վերևում՝ 23-րդ և 44-րդ պարբերությունները), կամ այն զենքի վերաբերյալ, որով արձակվել է կրակոցը:
98. Ավելին, Դատարանը նշում է, որ քննության առաջին իսկ օրվանից՝ նույնիսկ նախքան դիահերձման մասին եզրակացությունը ստանալը և առանցքային վկաներին հարցաքննելը, իշխանությունները հետևել են այն վարկածին, որ Կ.Ս.-ն պատահաբար կրակել է Արայիկ Ավետիսյանին, ինչպես նշված է քրեական վարույթ հարուցելու մասին որոշման մեջ (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը): Մեկ շաբաթ անց Կ.Ս.-ն մեղադրվել է սպանության մեջ: Նրա նկատմամբ, ի վերջո, մեղադրական եզրակացություն է կազմվել անփութորեն սպանություն կատարելու համար՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով (տե՛ս վերևում՝ 16-րդ և 33-րդ պարբերությունները): Դատարանը նաև նշում է, որ ներպետական դատարանները գործը երեք անգամ վերադարձրել են մեղադրանքի կողմին այն մասով, որով դրանք վերաբերել են Կ.Ս.-ին առաջադրված մեղադրանքներին՝ մատնանշելով քննության անհամապատասխանությունները և թերությունները, որոնք դատարանների կարծիքով պետք է լուծվեին (տե՛ս վերևում՝ 30-րդ, 34-րդ և 41-րդ պարբերությունները): Դատարանը գտնում է, որ կրկնվող դատական որոշումներով, որոնցով քննչական մարմինների կողմից կատարված սխալների հետևանքով գործը հետ է ուղարկվել մեղադրանքի կողմին վարույթի մեկ շարքի շրջանակներում, դիմումատուի գործով բացահայտվել է դատական համակարգի գործունեության լուրջ թերություն (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Վիերչիսևսկան ընդդեմ Լեհաստանի [Wierciszewska v. Poland], թիվ 41431/98, § 46, 2003 թվականի նոյեմբերի 25):
99. Ի վերջո, Դատարանը չի կարող չնկատել, որ գործն ուսումնասիրելու հարցում իշխանությունները չեն ցուցաբերել պահանջվող մանրակրկիտ վերաբերմունքը: Մասնավորապես Ա.Կ.-ի այն հայտարարությունից հետո, որով նա մեղադրում էր Մ.-ին Արայիկ Ավետիսյանին սպանելու մեջ և դրանով իսկ առաջարկում իրադարձությունների բոլորովին այլ տարբերակ, քան նախկինում նկարագրվել էր նրա և մյուս վկաների կողմից (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), իշխանությունները չեն ձեռնարկել որևէ նշանակալի քայլ՝ այլ վարկածի հետևելու և վկայի կողմից նկարագրված հանգամանքները քննելու համար: Ավելին, իշխանությունները հապճեպ ընդունել են Ա.Կ-ի՝ այդ հայտարարությունից հետագայում հրաժարվելը՝ առանց ուսումնասիրելու վկայի վրա որևէ հոգեբանական կամ այլ տեսակի ճնշման հնարավորությունը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Սա է՛լ ավելի ակնհայտ է դառնում Կ.Ս.-ի կողմից 2011 թվականի մարտի 17-ին արված հայտարարության լույսի ներքո, երբ նա հերքել է իրադարձությունների այն վարկածը, որը նկարագրել էր իր նախորդ բոլոր հայտարարություններում և ըստ էության ենթադրում էր, որ դրանք իր կողմից ներկայացվել են իր և իր ընտանիքի անվտանգության համար վախի զգացում ունենալու պատճառով (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը):
100. Բացի այդ, Դատարանը չի կարող անտեսել այն մակերեսային մոտեցումը, որով իշխանությունները փորձել են գտնել Ա.Կ.-ին, որը նրանց կարծիքով բնակվում էր Ռուսաստանում: Մասնավորապես, ներպետական իշխանությունները Ա.Կ.-ի հասցեն պարզելու համար որևէ պահանջ չեն ներկայացրել Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրան կանչեն լրացուցիչ հարցաքննության (տե՛ս վերևում՝ 61-րդ պարբերությունը):
101. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել Արայիկ Ավետիսյանի մահվան առնչությամբ: Հաշվի առնելով այս եզրակացությունը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք քննության մյուս ասպեկտները համապատասխանում են Կոնվենցիայի պահանջներին, թե՝ ոչ (տե՛ս Մագնիցկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia], թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27):
102. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դատավարական հայեցակետի մասով:
II. կոնվենցիայի 13-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը
103. Դիմումատուն բողոքել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առնչությամբ չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
104. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը։
105. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վերաբերյալ դրա դատավարական հայեցակետի մասով եզրակացությունները (տե՛ս վերևում՝
101-102-րդ պարբերությունները)՝ Դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ ուսումնասիրել՝ արդյոք այս դեպքում տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում՝ դիտարկելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հետ համակցությամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուրադյանի գործը, § 161):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
106. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
107. Դիմումատուն պահանջել է 35 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
108. Կառավարությունն այս առնչությամբ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել:
109. Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա և հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները, դիմումատուին շնորհում է 24 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ. Ծախսերը և ծախքերը
110. Դիմումատուն պահանջել է 11 960 եվրո՝ որպես հատուցում ծախսերի և ծախքերի համար: Որպես իր պահանջների հիմնավորում՝ նա ներկայացրել է Դատարանում իրեն ներկայացնելու համար ԻՊԱՍ-ի հետ կնքված համաձայնագիրը և ժամանակացույցներ, որոնցում ներկայացված են համապատասխան իրավաբանների և իրավական հարցերով փորձագետների աշխատած ժամերի քանակը: Այդ համաձայնագրի համաձայն՝ դիմումատուն պարտավորվում էր ԻՊԱՍ-ին վճարել դատական պաշտպանության հետ կապված վճարները Դատարանի կողմից նրա օգտին վճիռ կայացվելու դեպքում:
111. Կառավարությունը որևէ մեկնաբանություն չի կատարել դիմումատուի՝ այս մասով ներկայացված պահանջների վերաբերյալ:
112. Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վճարման մասին համաձայնագրերի վավերականությունը՝ դատական ծախսերի համար շնորհումներ կատարելու համար (տե՛ս, օրինակ, Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v. Armenia], թիվ 3571/09, §§ 78-79, 2017 թվականի ապրիլի 27, և Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia], թիվ 576/06, §§ 62-63, 2016 թվականի հունվարի 21): Դատարանը որևէ պատճառ չի տեսնում սույն գործով այդ մոտեցումից շեղվելու համար: Մյուս կողմից, Դատարանը գտնում է, որ պահանջվող ոչ բոլոր դատական ծախսերն են անհրաժեշտաբար և ողջամտորեն կատարվել, ներառյալ՝ դիմումատուի մի քանի ներկայացուցիչների կողմից իրականացված աշխատանքներում կատարված որոշակի կրկնօրինակումները, ինչպես նշված է համապատասխան ժամանակացույցներում: Հետևաբար պահանջը չի կարող ամբողջությամբ բավարարվել և պետք է կատարվի էական կրճատում: Դատարանը, կատարելով իր գնահատումն արդարության սկզբունքի հիման վրա, դիմումատուին շնորհում է ընդհանուր 2 000 եվրո՝ որպես ծախսերի և ծախքերի հատուցում, որը պետք է վճարվի ԻՊԱՍ-ի հաշվեհամարին:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
113. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Հայտարարում է գանգատն ընդունելի՝ մեծամասնության ձայներով.
2. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
(i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 24 000 եվրո (քսանչորս հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
(ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի ԻՊԱՍ-ի հաշվեհամարին.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի մայիսի 7-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Աբել Կամպոս |
Քսենյա Տուրկովիչ |
Քարտուղար |
Նախագահ |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում է դատավոր Վոյտիչեկի առանձին կարծիքը։
Ք.Տ. Ա.Կ. |
ԴԱՏԱՎՈՐ ՎՈՅՏԻՉԵԿԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Ես մանրամասն ներկայացրել եմ իմ տեսակետները Կոնվենցիայի կիրառման ժամանակային շրջանակի վերաբերյալ իմ առանձին կարծիքներում, որոնք կից ներկայացված են Յանովիեցը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Janowiec and Others v. Russia], գանգատներ թիվ 55508/07 և 29520/09, 2013 թվականի հոկտեմբերի 21, ինչպես նաև Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [Mocanu and Others v. Romania], գանգատներ թիվ 10865/09, 45886/07 և 32431/08, 2014 թվականի սեպտեմբերի 17, գործերով վճիռներին: Անհրաժեշտություն չկա դրանք կրկին ներկայացնելու սույն կարծիքում:
Սույն գործում դիմումատուի որդու մահը վրա է հասել 2001 թվականի հոկտեմբերի 30-ին, այսինքն՝ մինչև Հայաստանի մասով Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթիվը (2002 թվականի ապրիլի 26): Այդ պատճառով գանգատը պետք է մերժվեր որպես անընդունելի: Նույն պատճառով պատասխանող պետությունը չի կարող պատասխանատվություն կրել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման համար: Մեծամասնության կողմից ընդունված մոտեցումը, որը հետևում է Դատարանի՝ վերջին տարիներին հաստատված նախադեպային իրավունքին, նշանակում է Կոնվենցիայի հետադարձ ուժի կիրառում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|