«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 1999 թվականի N 344
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարին`
ա) ընդունել «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վարձակալության պայմանագրով հարկային պարտավորությունների ոչ իրական բացահայտման հետ կապված 1999 թվականի մայիսի 24-ի դրությամբ լրացուցիչ 242403,7 հազ. դրամ և պայմանագրով երաշխավորվածից ավելի վճարված 116746,8 հազ. դրամ հարկային պարտավորությունների գծով Պեռնո Ռիկար ընկերության ներկայացրած պահանջը` հիմնավորված «Ամիո էքսկօ-Հայաստան» աուդիտորական ընկերության եզրակացությամբ, և համաձայնել ընկերության մասնավորեցման գնից այդ գումարների նվազեցմանը միայն այն պայմանով, որ Պեռնո Ռիկար ընկերությունն ստանձնի լրացուցիչ պարտավորություն` գործարար ծրագրով նախատեսված 10000 տոննա խաղողի մթերման փոխարեն 1999 թվականին մթերելու առնվազն 18000 տոննա ընդհանուր քանակով «Ռկացելի», «Մսխալի», «Ոսկեհատ», «Գառան դմակ» տեսակների խաղող` շուկայական գներով.
բ) ընդունել մինչև «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վարձակալության պայմանագրի կնքումը «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» բաց բաժնետիրական ընկերության և «Երևանի կոնյակի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված և վարձակալին չբացահայտված շշալցման ծառայությունների մատուցման պայմանագրի հետ կապված վնասների հատուցման 1998 թվականի հոկտեմբերի 3-ին ներկայացված 857609172 դրամ գումարի պահանջը` ընդամենը 100123200 դրամ գումարով, և համաձայնել այդ գումարի ու վարձակալության պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասանելիք 100123200 դրամ գումարի հաշվանցին:
2. Նշված պայմանը Պեռնո Ռիկար ընկերության կողմից չընդունելու դեպքում բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանագիրն ստորագրել առանց հաշվի առնելու վարձակալի կողմից ներկայացված դրամական պահանջները հետագայում անդրադառնալով դրանց քննարկմանն ու լուծմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 25-ից:
|
Ա. Դարբինյան |