ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2 նոյեմբերի 2011 թ. |
թիվ 832-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն փոփոխվել են լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին՝ աշխատող աուդիտորների մասով ներկայացվող պահանջները («Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ): Ներկայումս աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 աշխատող աուդիտոր, որոնցից 3-ը այլ գործատուի մոտ չպետք է աշխատեն՝ բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական բնույթի աշխատանքների:
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի անցումային դրույթների (22-րդ հոդվածի 3-րդ մաս) համաձայն՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին՝ թվով առնվազն 3 աշխատող աուդիտորների մասով, իսկ 2013 թվականի հունվարի 1-ից՝ նաև 5 աշխատող աուդիտորների մասով:
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի «ա» կետը, 86-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի մասին» N 318-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-207-Ն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
1. գործող աուդիտորական կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված պահանջներին՝ թվով առնվազն 3 հիմնական աշխատող (այլ գործատուի մոտ չաշխատող) աուդիտորներ ունենալու մասով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, այսինքն մինչև 2012 թվականի հունվարի 4-ը, քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 4-ից,
2. գործող աուդիտորական կազմակերպությունների համար թվով առնվազն 5 աշխատող աուդիտորներ (որից 3-ը հիմնական, 2-ը՝ համատեղությամբ) ունենալու պահանջը կգործի 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ ֆինանսների նախարար |
Վ. Գաբրիելյան |