Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
___________________ Վ. Գաբրիելյան |
___________________ Գ. Խաչատրյան |
1 դեկտեմբերի 2011 թ. |
N 43 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ԱՆԴԱՄԱՎՃԱՐՆԵՐԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ և 27-րդ հոդվածների համաձայն համախառն եկամուտը նվազեցվում է ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող հաշվարկի հիման վրա: Անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես եկամտի ստացման հետ կապված ծախսերը: Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն հարկվող եկամուտը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Օրենքով նախատեսված կազմակերպություններին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և/կամ դրամական միջոցներ), նրանց մատուցած ծառայությունների արժեքի չափով, բայց Օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող եկամտի 5%-ից ոչ ավելի:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն փաստաբանական գործունեություն իրականացնելու համար փաստաբանը պետք է լինի ՀՀ փաստաբանների պալատի անդամ, իսկ նույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պարտավոր է մուծել անդամավճարներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն փաստաբանական գործունեությամբ զբաղվող փաստաբանի կողմից վճարված անդամավճարները «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն համարվում են ծախս և ամբողջությամբ նվազեցվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամտից: