ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
26 օգոստոսի 2011 թ. |
N 67 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների տարաբնույթ ընկալումը բացառելու նպատակով և հիմք ընդունելով այն, որ.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները,
ընտրական օրենսդրությունը կարգավորում է բացառապես ընտրական հարաբերություններ և չի տարածվում այլ բնույթի հարաբերությունների վրա,
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կուսակցություններն ազատ են իրենց նպատակները, գործունեության եղանակները, մեթոդներն ու ձևերը որոշելիս`
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի համաձայն
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի դրույթների միջև հակասություն առկա չէ: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը, 18-րդ հոդվածի 7-րդ մասը պետք է ընկալել դրանցում պարունակվող բառերի տառացի նշանակությամբ` չփոխելով դրանց իմաստը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Ազարյան |