040.0017.14.01.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 1999 թվականի N 23
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ա» կետի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1999 թվականի հունվարի 15-ի N 23 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ձեռնարկությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ) կողմից պետական վիճակագրական դիտարկումների շրջանակներում վիճակագրական տեղեկություններ (հաշվետվություններ, հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներկայացնելու կարգը: Օրենքով նախատեսված դեպքում վիճակագրական տեղեկությունները ներկայացնում են նաև քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետությունում մարդահամարի անցկացմանը վերաբերող տեղեկությունների ներկայացման կարգը սահմանվում է առանձին:
II. Պետական վիճակագրական տեղեկություններ ներկայացնելը
2. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վիճակագրական աշխատանքների ծրագրով սահմանված ցուցանիշների ցանկով և պարբերականությամբ վիճակագրական տեղեկություններ են ներկայացնում պետական վիճակագրություն իրականացնող պետական լիազորված մարմին և դրա տարածքային ստորաբաժանումներ (այսուհետև` պետական վիճակագրություն իրականացնող մարմիններ):
3. Պետական վիճակագրություն իրականացնող մարմինները վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին անվճար ապահովում են վիճակագրական հաշվետվությունների ձևերով և հրահանգներով ոչ ուշ, քան հաշվետվության ձևում սահմանված վիճակագրական մարմիններ ներկայացնելու ժամկետից 10 օր առաջ: Վիճակագրական տեղեկություններ տրամադրողները վիճակագրական հաշվետվության ձևերն ստանում են վիճակագրական մարմիններից:
4. Պետական վիճակագրական դիտարկումները վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից սկզբնական հաշվառման փաստաթղթի կամ անմիջական դիտարկումների հիման վրա վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի և այլն) միջոցով վիճակագրական տեղեկությունների հավաքումն է: Վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի և այլն) ձևերը, ինչպես նաև դրանց լրացման հրահանգները հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված վիճակագրական աշխատանքների ծրագիրը:
Պետական վիճակագրություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող պետական վիճակագրական դիտարկումները նպատակ ունեն հավաքագրելու, մշակելու, վերլուծելու տեղեկությունները և դրանց արդյունքում օբյեկտիվ ու արժանահավատ, արդիական և ամբողջական վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության ու նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ: Վիճակագրական դիտարկումները լինում են ճյուղային և տարածքային, ինչպես նաև համատարած, ընտրանքային կամ մենագրական (մոնոգրաֆիական):
Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում (հավաքագրվում) են`
ա) վիճակագրական հաշվետվությունների տեսքով.
բ) հետազոտությունների հարցաթերթիկների տեսքով.
գ) պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող օրենքով սահմանված այլ փաստաթղթերի, տեղեկանքների տեսքով:
5. Նոր ստեղծված վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար առաջին հաշվետու ժամանակաշրջանը համարվում է նրանց պետական գրանցման օրվանից մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) վերջն ընկած ժամանակահատվածը:
Վիճակագրական հաշվետվությունները (հարցաթերթերը և այլն) լրացնում և ներկայացնում են վիճակագրական տեղեկություններ տրամադրողներն ինքնուրույնաբար, եթե հաշվետվության լրացման հրահանգում նախատեսված չէ վիճակագրական մարմնի աշխատողի կողմից դրանց լրացման կարգ:
Վիճակագրական հաշվետվությունները (հարցաթերթերը և այլն) պետք է ստորագրի դրանք տրամադրող օբյեկտի ղեկավարը կամ դրա համար լիազորված անձը:
6. Եթե վիճակագրական տեղեկություններ տրամադրողները տարբեր պատճառներով հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն չեն իրականացնում, ապա ներկայացնում են հաշվետվություններ (հարցաթերթեր և այլն) դրանցում աճողական կարգով արտացոլելով տարվա նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշները, իսկ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համապատասխան ցուցանիշների վանդակներում դրվում են գծիկներ: Միաժամանակ, հաջորդ ժամանակաշրջաններում գործունեության իրականացում չծրագրելու (չնախատեսելու) դեպքում վիճակագրական տեղեկություններ տրամադրողները կարող են ներկայացնել հայտարարություն գործունեություն չիրականացնելու մասին, որն այդ ժամանակաշրջաններում հաշվետվություն չներկայացնելու հիմք է հանդիսանում:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպվելիս (բացի վերակազմավորման դեպքից) վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են մինչև նոր իրավաբանական անձի պետական գրանցման պահը վիճակագրական մարմիններ ներկայացնել վերակազմակերպման մասին որոշման ընդունման ժամանակաշրջանի (ըստ հաշվետվության ներկայացման ժամկետների` համապատասխանաբար ամսվա, եռամսյակի, կիսամյակի կամ տարվա) առաջին օրվա դրությամբ կազմված սահմանված հաշվետվության ձևերով վիճակագրական տեղեկությունների իրենց գործունեության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելիս վիճակագրական տեղեկություններ տրամադրողները պարտավոր են մինչև լուծարման պետական գրանցման պահը վիճակագրական մարմիններ ներկայացնել լուծարքային հաշվեկշռի հաստատման օրվա դրությամբ կազմված սահմանված հաշվետվության ձևերով վիճակագրական տեղեկություններ իրենց գործունեության վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական վիճակագրություն իրականացնող մարմինները կարող են ամփոփ տեսքով վիճակագրական տեղեկություններ ստանալ նախարարություններից, գերատեսչություններից և այլ պետական մարմիններից:
III. Վիճակագրական մարմիններ տեղեկությունների ներկայացման ձԵՎերը
9. Վիճակագրական տեղեկությունները պետական վիճակագրություն իրականացնող մարմիններ ներկայացվում են առձեռն, փոստով (հեռահաղորդակցության այլ միջոցներով) համաձայն հաստատված ձևերում նշված ժամկետների:
Վիճակագրական մարմինները հատուկ գրանցամատյաններում իրականացնում են մուտքագրված հաշվետվությունների ձևերի հաշվառում` ըստ ներկայացման օրերի և հերթական համարների: Մուտքագրումն ամրագրվում է դրոշմակնիքով:
Փոստով առաքման դեպքում վիճակագրական տեղեկությունների ներկայացման օր է համարվում առաքումն իրականացրած փոստային բաժանմունքի դրոշմակնիքի օրը: Սահմանված դեպքերում տեղեկությունները հեռախոսով (ֆաքսիմիլային կապով) նախապես հաղորդելու դեպքում ներկայացման օր է համարվում հաղորդման օրը:
IV. Վիճակագրական հաշվետվությունների ընդգրկման աստիճանը
10. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի և այլն) մեջ ներառվում են նաև դրանց առանձնացված ստորաբաժանումների (անկախ առանձնացված հաշվեկշիռ վարելու կամ չվարելու հանգամանքից) գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները:
11. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր և այլն) ներկայացնելիս իրենց հաշվետվություններում ներառում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացրած գործունեությանը վերաբերող ողջ տեղեկությունները:
V. Վիճակագրական տեղեկություններում աղավաղումներ հայտնաբերելու դեպքում ուղղումներ կատարելը
12. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից ներկայացված վիճակագրական տեղեկություններում առկա սխալները, աղավաղումները պարտադիր պետք է ուղղվեն, անկախ այն հանգամանքից, թե ով է հայտնաբերել դրանք` վիճակագրական տեղեկություններ տրամադրողները, վիճակագրական մարմինը, թե այլ մարմիններ, որոնք իրենց իրավասության սահմաններում իրավունք ունեն ստուգելու ներկայացված տեղեկությունների արժանահավատությունը:
13. Վիճակագրական տեղեկություններում ուղղում կատարելու համար հիմք են հանդիսանում ստուգման ակտերը կամ համապատասխան այլ փաստաթղթեր: Ստուգման ակտերը պետք է սահմանված կարգով ստորագրված լինեն ստուգումն անցկացրած մարմնի ներկայացուցչի և վիճակագրական տեղեկություններ տրամադրող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից, որտեղ անցկացվել է ստուգումը:
14. Վիճակագրական տեղեկությունների ուղղումը կատարվում է հետևյալ կարգով`
ա) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջանների (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) հաշվետվություններում (հարցաթերթերում և այլն), այդ թվում` նաև նախորդ տարիների, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ, որոնց վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողները հաշվետվություններին կից ներկայացնում են բացատրություն.
բ) եթե վիճակագրական տեղեկությունների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն, ապա ուղղումները կատարվում են սխալը կամ աղավաղումը հայտնաբերելու պահին` հաջորդ առաջիկայում ներկայացվող հաշվետվության տվյալներում.
գ) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա հաշվետվության տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո առաջին իսկ հաշվետվության տվյալներում:
VI. Պատասխանատվությունը վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը խախտելու համար
15. Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների կողմից վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական վիճակագրություն իրականացնող մարմինները սահմանված ժամկետում չեն ապահովել վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին համապատասխան վիճակագրական հաշվետվությունների ձևերով: