Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարար
_________________ Վ. Գաբրիելյան |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ _________________ Գ. Խաչատրյան
17 մայիսի 2011 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ԲԱՆԿԵՐՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 08.02.2011թ. «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը հաստատելու մասին» N 25-Ն որոշմամբ հաստատված «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման» կարգը սահմանում է բանկերի կողմից առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման սահմանափակումները` առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը, առարկայազուրկ մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնությունները, սահմանափակումները, տեղեկությունների հրապարակումը, ինչպես նաև կարգավորում է առարկայազուրկ մետաղական հաշիվների վարման կապակցությամբ բանկի և հաճախորդի հարաբերությունները: Կարգի պահանջները չեն տարածվում բանկերի կողմից թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի և այլ արժեքների ի պահ ընդունման գործառնությունների վրա:
Կարգի իմաստով առարկայազուրկ մետաղական հաշիվը ցպահանջ կամ ժամկետային հաշիվ է, որը նախատեսված է անկանխիկ ոսկու հաշվառման համար, որի համար նշվում է միայն ոսկու հարգը և կշիռը և չեն նշվում այլ անհատական տվյալներ: Մետաղական հաշիվները կարող են բացվել միայն 999.5 կամ 999.9 հարգով: Կարգում օգտագործվող «բանկային ոսկի» և «ոսկու ստանդարտացված ձուլակտոր» հասկացությունները կիրառվում են համապատասխանաբար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքներով սահմանված նշանակությամբ: Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ոսկու համար հայտարարած հաշվարկային գնով և կշռային արտահայտությամբ` արտահայտված գրամներով (0.01 գրամ ճշտությամբ) կամ տրոյական ունցիաներով (0.001 տրոյական ունցիա ճշտությամբ): Կարգի իմաստով մեկ տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի:
Մետաղական հաշիվ բացելիս բանկի և հաճախորդի միջև կնքվում է գրավոր պայմանագիր, որը պարունակում է պայմանագրի բոլոր էական պայմանները և ստորագրվում կողմերի կողմից: Այն դեպքում, երբ մետաղական հաշվի պայմանագրով նախատեսվում է հաշվում անկանխիկ ոսկու նվազագույն քանակի առկայություն, ապա մետաղական հաշիվը բացված է համարվում մետաղական հաշիվը համապատասխան չափի անկանխիկ ոսկով համալրելու պահից: Մետաղական հաշվի պայմանագրում առնվազն նշվում են մետաղական հաշիվների գծով թույլատրվող գործառնությունները, մետաղական հաշիվների մուտքագրման և ելքագրման կարգը, սակագների, իսկ տոկոսների վճարում նախատեսելու դեպքում` նաև դրանց հաշվարկման և վճարման (գանձման) կարգը և պայմանները, ինչպես նաև հետևյալ տեղեկատվությունը:
Բանկերը մետաղական հաշիվներով իրականացնում են հետևյալ գործառնությունները (1) մետաղական հաշվի համալրում` բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով (2) մետաղական հաշվի համալրում հաճախորդի կամ այլ անձի նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով (3) մետաղական հաշվի ելքագրում` մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկին վաճառելու միջոցով (4) մետաղական հաշվի ելքագրում` հաճախորդի կամ այլ անձի նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով: Բանկերի կողմից մետաղական հաշիվներով չեն կարող իրականացվել նշված գործառնություններից բացի այլ գործառնություններ (այդ թվում` մետաղական հաշվի վարկավորում, ինչպես նաև մետաղական հաշիվների համալրում կամ ելքագրում ոչ դրամական միջոցներով (բացառությամբ` միջբանկային փոխանցումների, որոնց դեպքում անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվների համալրումը կամ ելքագրումը կարող է իրականացվել համապատասխան հարգի բանկային ոսկու կամ ոսկու ստանդարտացված ձուլակտորների միջոցով)): Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
Մետաղական հաշիվներով գործառնությունները բանկն իրականացնում է հաճախորդի կարգադրության հիման վրա: Առանց հաճախորդի կարգադրության` այդ գործառնությունները կարող են իրականացվել դատարանի վճռի հիման վրա, ինչպես նաև օրենքով կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:
Մետաղական հաշիվներով տոկոսների վճարում նախատեսվելու դեպքում հաշվարկված տոկոսների վճարումն իրականացվում է ՀՀ դրամով` վճարման օրվա դրությամբ անկանխիկ ոսկու համար տվյալ բանկի կողմից սահմանված գնանշմանը համապատասխան կամ հաճախորդի ցանկությամբ` տվյալ բանկի կողմից այդ օրվա գնանշման համաձայն ավելացվում է հաճախորդի մետաղական հաշվին (միաժամանակ` իրականացնելով անկանխիկ ոսկու առք և վաճառք): Բանկերն ամեն օր վերագնահատում են մետաղական հաշիվներում (այդ թվում` տվյալ բանկի կողմից այլ բանկում բացված մետաղական հաշիվներում) առկա մնացորդային ոսկին` տվյալ օրվա համար ոսկու համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից հայտարարած հաշվարկային գնով:
Բանկերն առնվազն իրենց ինտերնետային կայքում և բանկի գլխամասում և տարածքային ստորաբաժանումներում (որտեղ մատուցվում են մետաղական հաշիվների բացման կամ սպասարկման ծառայությունները)` հաճախորդների համար տեսանելի վայրում տեղադրում են բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնանշումները, ինչպես նաև հրապարակում են մետաղական հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը: Մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Բանկերը մետաղական հաշիվների գծով կատարված անկանխիկ ոսկու առուվաճառքից ստացված եկամուտների և (կամ) ծախսերի` հարկային նպատակով ճանաչումն իրականացնում են համապատասխան պետական մարմնի կողմից սահմանված կարգով:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածին համապատասխան, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին եկամուտներ վճարելիս շահութահարկը պահում (գանձում) է հարկային գործակալը` նույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետին, 21-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին և 22-րդ հոդվածին համապատասխան, անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկելիս) եկամտահարկը պահում (գանձում) է հարկային գործակալը` նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով, իսկ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում` նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով (օրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից:
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետին, 7-րդ հոդվածի 8-րդ հոդվածին և 11-րդ հոդվածի «դ» ենթակետին համապատասխան հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով (բացառությամբ` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների), իսկ արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների վերագնահատման արդյունքները օրենքի իմաստով եկամուտ կամ ծախս չեն համարվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ֆիզիկական անձանց արտարժույթով ստացված գումարները վերահաշվարկվում են ՀՀ դրամով` ելնելով դրանց ստացման օրը ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակները և արժութային գործարքների բնորոշումը սահմանված է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Բանկերում բացված մետաղական հաշիվներից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտները տարբերակվում (առանձնացվում) են ըստ տոկոսների և մետաղական հաշիվներում առկա մնացորդային ոսկու վերագնահատման արդյունքների:
2. Բանկերում բացված մետաղական հաշիվներից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին տոկոսների ձևով վճարված եկամուտներից բանկերի կողմից շահութահարկը պահվում (գանձվում) է` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված 10% դրույքաչափով` անկախ այդ ոչ ռեզիդենտին մետաղական հաշիվներում առկա մնացորդային ոսկու վերագնահատման արդյունքների:
3. Բանկերում բացված մետաղական հաշիվներից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին տոկոսների ձևով վճարված եկամուտներից բանկերի կողմից եկամտահարկը պահվում (գանձվում) է` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետով (եթե եկամուտ ստացող ֆիզիկական անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի) կամ 22-րդ հոդվածի 1-ին կետով (եթե եկամուտ ստացող ֆիզիկական անձը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ) սահմանված 10% դրույքաչափով` առանց հաշվի առնելու օրենքով սահմանված նվազեցումները և անկախ այդ ֆիզիկական անձի մետաղական հաշիվներում առկա մնացորդային ոսկու վերագնահատման արդյունքների:
4. Բանկում բացված մետաղական հաշիվներում առկա մնացորդային ոսկու վերագնահատման տարբերությունները հարկման նպատակով չեն ներառվում տվյալ բանկի և այդ հաշիվները տնօրինող կազմակերպությունների (ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ) և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) եկամուտների և (կամ) ծախսերի մեջ: