Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ
_________________ Վ. Գաբրիելյան
14 հունիսի 2011 թ. |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
1 հունիսի 2011 թ. |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Բ» ԵՆԹԱԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի համաձայն`
«Անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 միլիոն դրամը, տվյալ օրացուցային տարում ԱԱՀ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 միլիոն դրամը գերազանցելու պահից` 58,35 միլիոն դրամը (ԱԱՀ-ի շեմը) գերազանցող մասի համար»:
Նույն հոդվածի երրորդ մասի «բ» կետի համաձայն` օրենքի 3-րդ հոդվածի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում «լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձի նկատմամբ, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է 100 հազար դրամ կամ ավելի»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Եթե լիցենզավորման ենթակա այն գործունեությունը, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված է եղել 100 հազար դրամ կամ ավելի, օրացուցային տարվա ընթացքում օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում դադարում է համարվել լիցենզավորման ենթակա, ապա այդ գործունեությունն իրականացնող կամ լիցենզիա ստացած անձինք շարունակում են համարվել ԱԱՀ վճարող` մինչև օրացուցային տարվա ավարտը:
2. Լիցենզավորման ենթակա գործունեության համար պետական տուրքի տարեկան գումարի չափը օրացուցային տարվա ընթացքում օրենքի փոփոխությամբ 100 հազար դրամից պակաս սահմանվելու դեպքում այդ գործունեությունն իրականացնող կամ լիցենզիա ունեցող անձինք ԱԱՀ վճարող են համարվում մինչև ընթացիկ տարվա ավարտը:
3. Իրականացվող գործունեությունը օրացուցային տարվա ընթացքում օրենքում կատարված փոփոխությամբ լիցենզավորման ենթակա համարվելու և տվյալ գործունեության համար պետական տուրքի տարեկան գումարի չափը 100 հազար դրամ կամ ավելի սահմանվելու դեպքում անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը, եթե անձը բավարարում է շեմի կիրառման համար օրենքով սահմանված մյուս պահանջներին:
4. Եթե լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակները, որոնց համար տարեկան պետական տուրքի դրույքաչափը սահմանված է մինչև 100 հազար դրամ, օրենքով համախմբվում են լիցենզավորման ենթակա գործունեության մեկ տեսակում, որի համար տարեկան պետական տուրքի դրույքաչափն օրենքով սահմանվում է 100 հազար դրամ կամ ավելի, ապա մինչև օրենքում փոփոխությունների կատարումը գործունեության այդ տեսակների մասով լիցենզիա (լիցենզիաներ) ստացած անձի նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը, եթե անձը բավարարում է շեմի կիրառման համար օրենքով սահմանված մյուս պահանջներին:
5. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում, որի համար պետական տուրքի տարեկան գումարը սահմանված էր մինչև 100 հազար դրամ, և ընթացիկ տարում օրենքի փոփոխությամբ այդ գործունեության համար պետական տուրքի տարեկան գումարի չափը սահմանվում է 100 հազար դրամ կամ ավելի, անձանց նկատմամբ ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մինչև ընթացիկ տարվա ավարտը, եթե անձինք բավարարում են շեմի կիրառման համար Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|