040.0499.08.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 1999 թվականի N 499
քաղ. Երևան
ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍԻՑ ՊԱԿԱՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ« ենթակետի և 15 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը` հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով մասնագիտացված կազմակերպության (կամ) փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության կարգը:
3. Փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելիս դրանք ուղղակի վաճառքի ձևով առաջարկվում են ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև ընկերությանը: Ոչ պետական բաժնետոմսերի սեփականատերերին կամ ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով բաժնետոմսերի վաճառքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշմամբ:
Ոչ պետական բաժնետոմսերի սեփականատերերին կամ ընկերությանն առաջարկված բաժնետոմսերից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում ընկերության բաժնետոմսերն աճուրդով մասնավորեցնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազդագրի օրինակելի ձևը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության հետ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների (այսուհետև` ընկերություն) բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) մասնավորեցման կարգը:
2. Բաժնետոմսերն աճուրդով մասնավորեցնելու դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում: Բաժնետոմսերի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել ընկերության զուտ ակտիվների և թողարկած բաժնետոմսերի թվի հարաբերության 10 տոկոսից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:
3. Բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցվում են աճուրդով (այսուհետև` աճուրդ):
4. Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշում մասնավորեցման մասին:
Որոշման մեջ նշվում են`
ա) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, զուտ ակտիվների արժեքը, պետությանը պատկանող բաժնետոմսերի թիվն ու անվանական արժեքը.
բ) մասնավորեցման ձևը.
գ) բաժնետոմսերի վաճառքի ժամկետները և պայմանները.
դ) մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը.
ե) ընկերության պարտականությունները` որոշումն ընդունելու պահին, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները.
զ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի ազդագիրը հաստատելու, այն գրանցման ներկայացնելու և հրապարակելու ժամկետների մասին.
է) դրույթներ մասնագիտացված կազմակերպության կամ փորձագետների (արժեթղթերի շուկայում բրոքերային, դիլերային և (կամ) խորհրդատվական գործունեություն իրականացնող անձի (անձանց) մրցույթով ընտրության մասին, եթե նախատեսվում է մասնագիտացված կազմակերպության կամ փորձագետների ընտրություն.
ը) այլ տեղեկություններ:
5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում իրականացնում է բաժնետոմսերի մասնավորեցումն աճուրդով:
6. Աճուրդի նախավճարը հաշվարկվում է հայտում նշված բաժնետոմսերի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:
7. Աճուրդի մասնակիցները հայտերը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում են կնքված` փակ ծրարներով:
8. Եթե աճուրդի մասնակիցը տվյալ աճուրդի ժամանակ բաժնետոմս չի գնել, ապա նրա կողմից մուծված նախավճարը վերադարձվում է նախարարություն դիմելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Բաժնետոմսերի աճուրդով վաճառքին մասնակցելու իրավունք ունեն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մասնավորեցման սուբյեկտ ճանաչված անձինք:
II. Աճուրդով մասնավորեցման վերաբերյալ տեղեկատվությունը ԵՎ դրա հրապարակումը
10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բաժնետոմսերի աճուրդով մասնավորեցման մասին որոշման ընդունումից և ազդագրի հրապարակումից հետո նախարարությունը (մրցույթով ընտրված անձը) կազմում է տեղեկատվություն, որը պետք է ներառի`
ա) մասնավորեցվող բաժնետիրական ընկերության անվանումը, գտնվելու վայրը.
բ) աճուրդի ձևը.
գ) աճուրդի անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
դ) աճուրդի մասնակցին ներկայացվող պահանջները.
ե) բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը.
զ) մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.
է) վաճառվող բաժնետոմսերի ընդհանուր թիվը.
ը) մեկ բաժնետոմսի մեկնարկային գինը.
թ) վճարումների ձևը և կարգը.
ժ) աճուրդի նախավճարի հաշվարկման կարգը.
ժա) աճուրդին մասնակցելու հայտերի և փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգը և ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.
ժբ) բաժնետոմսերի դիմաց վճարներն ընդունող բանկի հաշվարկային հաշվի համարը:
11. Մրցույթով ընտրված անձը կազմակերպում է մասնավորեցման մասին տեղեկատվության հրապարակումը մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` նախարարության հետ ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան:
III. Աճուրդին մասնակցելու պայմանները
12. Աճուրդին մասնակցելու իրավունք են ձեռք բերում մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք սահմանված ժամկետում նախարարություն են ներկայացրել հայտերը և պահանջվող փաստաթղթերը:
13. Աճուրդին մասնակցելու համար հայտատուն նախարարություն է ներկայացնում աճուրդին մասնակցելու հայտը, որին կցվում են`
ա) աճուրդի նախավճարի անդորրագիրը.
բ) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը, եթե հայտ ներկայացնողն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր:
14. Նախարարությունը վաճառում է դիտորդի տոմսեր աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար: Դիտորդի տոմսերի վաճառքից գոյացած եկամուտները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
15. Աճուրդին մասնակցելու հայտերը կից պահանջվող փաստաթղթերով ընդունվում են մինչև աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը:
16. Աճուրդին մասնակցելու հայտեր ներկայացրած մասնավորեցման սուբյեկտների մասին տեղեկությունները մինչև աճուրդի օրը ենթակա չեն հրապարակման:
17. Աճուրդին մասնակցելու հայտը չի քննարկվում, եթե հայտ ներկայացնողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման սուբյեկտ չի հանդիսանում կամ բացակայում են սույն կարգի 15-րդ կետում նշված փաստաթղթերը:
18. Աճուրդին կարող են մասնակցել մասնակցության իրավունք ձեռք բերած մասնավորեցման սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք:
19. Փակ ծրարն ընդունելուց հետո այն գրանցում են աճուրդների գրանցամատյանում, նշում են գրանցման համարը, ժամը և կնքում կնիքով: Բոլոր ծրարները պահվում են կնքված արկղում:
IV. Աճուրդի անցկացումը
20. Աճուրդն անցկացնում է հանձնաժողովը, որն ազդագրում նշված աճուրդի անցկացման օրը բացում է ծրարները և բոլոր հայտերի մասին տեղեկությունները դասակարգում ըստ ընկերությունների, բաժնետոմսերի թվի և առաջարկված գնի:
Աճուրդի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը:
21. Հայտերը բավարարվում են (հաղթողը որոշվում է) առաջարկված գների նվազման հաջորդականությանը համապատասխան, մինչև վաճառվող բաժնետոմսերի թվի սպառումը, պահպանելով բաժնետոմսերի նվազագույն գինը:
22. Հավասար գների դեպքում հայտերը բավարարվում են հայտերում նշված բաժնետոմսերի թվին համամասնորեն` պահպանելով բաժնետոմսի ամբողջականությունը հօգուտ թվով ավելի շատ բաժնետոմսերի գնման առաջարկ ներկայացրած անձանց: Իսկ հայտում նշված բաժնետոմսերի թվի հավասարության դեպքում աճուրդի հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
23. Աճուրդի հաղթողին սույն կարգի 34-րդ կետով սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մասնակցության նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Գնորդը վճարումները կարող է կատարել նաև լիազորված անձի միջոցով:
24. Վճարման դեպքում նախավճարը հաշվարկվում է աճուրդի հաղթողի (գնորդի) կողմից վճարման ենթակա գումարի մեջ և աճուրդի կազմակերպչի կողմից փոխանցվում է համապատասխան հաշվին:
V. Աճուրդը չկայացած համարելը
25. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացվել ոչ մի հայտ.
բ) աճուրդին ներկայացված հայտերը չեն բավարարում սույն կարգի 2-րդ կետի պահանջները:
26. Եթե գնորդը (գնորդները) սահմանված ժամկետում չի կատարել (չեն կատարել) վճարումները և հրաժարվել է (հրաժարվել են) բաժնետոմսերը ձեռք բերելուց, ապա աճուրդի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը (մասնակիցները), որի (որոնց) առաջարկած գինը (գները) վճարելուց հրաժարված մասնակցի (մասնակիցների) կողմից առաջարկված գնից (գներից) հետո ամենաբարձրն է:
Տվյալ դեպքում նախարարությունը 3-օրյա ժամկետում տեղեկացնում է նոր գնորդին (գնորդներին)` սույն կարգի համաձայն վճարումները կատարելու համար: Սահմանված ժամկետում վճարումները չկատարվելու դեպքում նախարարությունը հաղթողի իրավունքը փոխանցում է հաջորդ մասնակիցներին, որոնք տեղեկացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է կատարեն համապատասխան վճարումները:
27. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է արձանագրություն:
28. Եթե նախավճարն աճուրդի կայացման օրվանից երկու ամսվա ընթացքում հետ չի պահանջվում, ապա այդ գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացված դեպոզիտ հաշվին:
VI. Աճուրդի գործարքների ձԵՎակերպումը
29. Նախարարությունը կազմում է աճուրդային վաճառքի ձևով բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների մասին ամփոփ արձանագրություն, որն աճուրդի կայացումից հետո ստորագրվում է գնորդի և վաճառողի կողմից:
30. Նախարարությունը հաստատում է աճուրդի մասնակցության հայտի, աճուրդը չկայանալու մասին արձանագրության և բաժնետոմսերի մասնավորեցման արդյունքների մասին ամփոփ արձանագրության ձևերը:
31. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցին տրվում է վճարման հանձնարարագիր` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է նախարարությունում:
Վճարման հանձնարարագրում նշվում է գնորդի կողմից մուծվող գումարը, մուծման վերջին ժամկետը:
32. Վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացվելուց հետո վճարումը համարվում է կատարված:
33. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն իրավաբանական ուժ է ստանում հանձնաժողովի նախագահի ու գնորդի կողմից ստորագրվելուց հետո և հիմք է հանդիսանում բաժնետոմսերի նոր սեփականատիրոջ հետ առք ու վաճառքի պայմանագիր կնքելու համար, որից հետո գնորդին են փոխանցվում բաժնետոմսերը կամ բաժնետոմսերի հավաստագիրը:
34. Աճուրդում հաղթողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում մուծել բաժնետոմսերի համար իր առաջարկած արժեքն ամբողջությամբ:
35. Բաժնետոմսերի սեփականության իրավունքը համարվում է փոխանցված` բաժնետոմսերը կամ դրանց հավաստագրերի սեփականատիրոջ մասին տվյալները սահմանված կարգով գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվելու պահից:
36. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը մնում է անփոփոխ, անկախ աճուրդի արդյունքներից:
Ընկերության կանոնադրական կապիտալում պահպանվում է աճուրդով վաճառված բաժնետոմսերի հարաբերակցությունն ընկերության կանոնադրական կապիտալին համապատասխանող բաժնետոմսերի ընդհանուր թվին` մինչև դրանց վաճառքը եղած հարաբերակցությանը համապատասխան:
37. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 60 օրվա ընթացքում ընդունում է նոր որոշում չվաճառված բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.02.2017, N 101-Ն | 25.02.2017, N 499 | |
06.05.2010, N 504-Ն | 20.05.2010, N 499 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|