ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոսի 2010 թ. |
թիվ 1 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի կիրառման նպատակով և հիմք ընդունելով այն, որ.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն՝ խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը։ Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները իրականացնում է խնամակալության կամ հոգաբարձության մարմինը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն «անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա» և «խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել»։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին՝ դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 37-րդ, 45-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը կայացնում է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռ, իսկ գույքի նկատմամբ խնամակալությունը նշանակվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա։
Գ. Դանիելյան |