ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
25 դեկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 2 |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 61-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14.05.1997 թ. ՀՕ-118) 61-րդ հոդվածի համաձայն` նույն հոդվածում նշված ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է՝
ա) մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից,
բ) երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի։
Միաժամանակ նույն հոդվածով սահմանված է, որ.
- եթե մինչև հոդվածով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.
- եթե մինչև հոդվածով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում։
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները կիրառելի են նույն հոդվածի 1-ին մասում նշված երկու ժամկետների (այսուհետ՝ ժամկետ) նկատմամբ։
2. Որպես օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ «օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումար» (գումարների հանրագումար) ընդունվում է ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա գումարների (ԱԱՀ-ի հաշվարկի 19Ա տողում նշված գումարների) այն մասը, որը օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փաստացի վճարվել է պետական բյուջե։ Եթե կազմակերպությունը օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակահատվածում իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա, նույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով, պետական բյուջե փաստացի վճարված ԱԱՀ-ի գումարին ավելացվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ 20 տոկոսով որոշվող հաշվարկային մեծությունը (գումարը)։
3. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարների և ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների միջև առաջացած բացասական տարբերության գումարը ենթակա է պետական բյուջե վճարման՝ մինչև օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ)։ Նշված ժամկետը լրանալուց հետո պետական բյուջե չվճարված գումարը համարվում է ժամկետանց։
4. Պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարների և ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների միջև առաջացած բացասական տարբերության գումարը ենթակա է վճարման պետական բյուջե՝ որպես հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկի գումար (վճարումը կատարվում է ՀՀ տարածքում իրականացված գործարքների մասով պետական բյուջե վճարվող՝ ԱԱՀ-ի համապատասխան գանձապետական հաշվին)։
5. Ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի այն գումարները, որոնց վճարման ժամկետը օրենքի 61-րդ հոդվածի համաձայն հետաձգվել է, հարկ վճարողների կողմից չեն ներառվում ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում։ Ապրանքների ներմուծման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկի 16Ա տողում նշվող գումարում ներառվում է միայն օրենքի 61-րդ հոդվածում նշված ծածկագրերին դասվող ապրանքների մաքսային արժեքը։
6. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված դեպքում, նույն մասին համապատասխան, պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը արտացոլվում է ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում՝ որպես ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն։ Նշված գումարը, անկախ վճարումից, արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում, որում որ ծագել է գումարի վճարման պարտավորությունը (լրացել է 61-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը)։
7. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը ենթակա է հաշվանցման՝ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։ Հաշվանցման նպատակով ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում նշված գումարը միաժամանակ արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկի «ԱԱՀ-ի դեբետ» մասում՝ «16.2 Ա» վանդակում՝ որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացում։ Որպես ԱԱՀ-ի դեբետի ավելացման հիմք ԱԱՀ-ի հաշվարկի «16.2» տողում նշվում է օրենքի 61-րդ հոդվածը։ Ավելացված արժեքի հարկի հաշվարկի 13-րդ տողում նշված գումարը արտացոլվում է հաշվարկի «16.2 Ա» վանդակում նաև այն դեպքերում, երբ այդ գումարը (կամ դրա մասը) օրենքի 26-րդ կամ 27-րդ հոդվածների, ինչպես նաև իրավական այլ ակտերի համաձայն ենթակա է նվազեցման հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից (երբ այդ գումարը (կամ դրա մի մասը) ենթակա չէ հաշվանցման)։
8. Օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ապրանքի ձեռքբերման արժեքին, կամ արտադրության և շրջանառության ծախսերին են միացվում նաև օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը)։ Առանձնացված հաշվառման անհնարինության դեպքում նշված գումարը հաշվի է առնվում նաև օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված դեպքերում նույն հոդվածով սահմանված տեսակարար կշիռը կիրառելիս։ Ապրանքի ձեռքբերման արժեքին միացվում է օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը) նաև այն դեպքերում, երբ հաշվանցումն արգելված է իրավական այլ ակտերով։
9. Օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն պետական բյուջե վճարվելիք գումարը (կամ դրա մասը) միացվում է ապրանքի ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին՝ օրենքով (կամ իրավական այլ ակտերով) նախատեսված հաշվետու ժամանակաշրջանում։ Ապրանքի ձեռքբերման արժեքին կամ արտադրության և շրջանառության ծախսերին միացումը արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկի «16.2 Բ» վանդակում՝ որպես ԱԱՀ-ի դեբետի պակասեցում։
10. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը կիրառելի է միայն կազմակերպությունների՝ իրավաբանական անձանց նկատմամբ (անհատ ձեռնարկատերերի նկատմամբ դրույթը կիրառելի չէ)։
