«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 1998 թվականի N 610
քաղ. Երևան
«ԵՐԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 358 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 11-ի «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքի միջազգային մրցույթով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 358 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. «Երևան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել միջազգային մրցույթով` այն վերակազմավորելով «Երևան» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Երևան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 420 հազ. դրամ, այդ թվում`
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 269,8 հազ. դրամ.
հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 0,2 հազ. դրամ.
հաշվարկներ ստացված կանխավճարների գծով` 149,6 հազ. դրամ:
1.3. Նշված որոշմամբ ստեղծված «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի պետական գույքի մասնավորեցման մրցութային հանձնաժողովին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
բ) մրցութային առաջարկների հստակեցման նպատակով մրցույթի տեղեկագրի հրապարակումից հետո ուղղակի բանակցություններ վարել մրցույթի հավանական մասնակիցների հետ.
գ) երկամսյա ժամկետում` սահմանված կարգով կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.4. Մրցույթի հաղթողին որոշելու համար սահմանել հետևյալ պայմանները`
ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
բ) ներդրումների չափը մասնավորեցումից հետո առաջին երեք տարվա համար.
գ) սոցիալական երաշխիքները, այդ թվում` աշխատատեղերի թիվը, նվազագույն աշխատավարձը:
1.5. Մրցույթի մասնակիցը պետք է կատարի առաջարկում նշված պարտավորությունները` համաձայն իր ներկայացրած գործարար ծրագրի և սեփականաշնորհման պայմանագրի նախագծի: Մասնակցի կողմից ներկայացվող գործարար ծրագիրը և սեփականաշնորհման պայմանագրի նախագիծը, որոնք ենթակա են քննարկման մրցութային հանձնաժողովի և գնորդի կողմից, պետք է կցված լինեն առաջարկին, որտեղ դրա մասին պետք է լինի հստակ նշում:
1.6. Մրցույթի հաղթողն ընկերության բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից մրցույթի արձանագրության պատճենն իրեն ուղարկվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
1.7. Գնորդը պարտավոր է վճարել ընկերության պարտավորությունները` մասնավորեցումից հետո առաջին ամսվա ընթացքում:
1.8. Մրցույթի հաղթողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ կնքել պարտավորագիր-պայմանագիր` հուշարձան հանդիսացող «Երևան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքի պահպանման և շահագործման վերաբերյալ:
1.9. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել պայմանագիր «Երևան» հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերության զբաղեցրած հողատարածքը 49 տարի ժամկետով վարձակալության հանձնելու վերաբերյալ:
1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 11-ի «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի, «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ՊՁ-ի, «Արմինտուր» ՊՁ-ի «Ծիծեռնակ» ԴՁ-ի, Երևանի «Հայգորգ» ՓԲԸ-ի և Վայոց ձորի մարզպետարանի առողջարանի (անավարտ շինարարության օբյեկտ) պետական գույքի միջազգային մրցույթով մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին» N 358 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ ստեղծված «Երևան» հյուրանոց» ՓԲԸ-ի պետական գույքի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի կազմում «Ա. Ասլիկյան-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Է. Մուրադյան-ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերով, իսկ «Պ. Ղալթախչյան-ՀՀ սեփականաշնորհման նախարար (հանձնաժողովի նախագահ)» տողից հետո կազմը լրացնել «Գ. Նանագուլյան-ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար» տողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |