ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 1995 թվականի N 322
քաղ. Երևան
ԱՌԵՎՏՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1994 թվականի հունիսի 14-ի «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածին, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածին համապատասխան ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար 1995 թվականի հուլիսի 1-ից սահմանել շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումներ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման կարգը (կցվում է):
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկշաբաթյա ժամկետում ապահովել հաստատագրված վճարումների կտրոնների անհրաժեշտ քանակի հայտերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հրատարակչական գործի վարչության հետ համատեղ որոշել սույն որոշմամբ հաստատված կարգին կից կտրոնների, որպես խիստ հաշվառման փաստաթղթերի, տպագրման աշխատանքներն իրականացնող մասնագիտացված ձեռնարկությունն ու մեկամսյա ժամկետում ապահովել դրանց տպագրման և ստացված հայտերի համաձայն բաշխման աշխատանքների կատարումը: Նշված աշխատանքներն իրականացնել համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` սույն որոշման կիրառմանը կրկին անդրադառնալ 1995 թվականի դեկտեմբերին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 23 հոդվածին համապատասխան, սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար շահութահարկին (եկամտահարկին) և ավելացված արժեքի հարկին համարժեք հաստատագրված վճարումների հաշվարկման ու վճարման կարգը:
2. Շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումները կապված չեն հաստատագրված վճարումներ կատարողների տնտեսական գործունեության արդյունքների հետ և որոշվում են սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով ու չափերով:
II. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ
3. Հաստատագրված վճարումներ են կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) այն դեպքում, երբ նրանք առևտրի ոչ հիմնական կետերում (վաճառասեղաններ, վաճառաարկղեր, ավտոկրպակներ, ավտոկցորդներ, սալյակներ, վրաններ, առևտրի ավտոմատներ և շարժական այլ կետեր) իրականացնում են մանրածախ առևտրական գործունեություն:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում նավթամթերքի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի, բացառությամբ ծաղիկների, վաճառքի վրա:
III. ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի միասնական հաստատագրված վճարումների ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոսի չափով:
6. Հաստատագրված վճարումներ կատարողների համար գործունեության այդ մասով կասեցվում են շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
7. Հաստատագրված վճարումներ կատարողների այդ վճարումները կատարում են առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով` մանրածախ առևտրական գործունեության իրականացման համար միասնական ձևի կտրոնների ձեռքբերմանը (ձևը կցվում է):
8. Կտրոնի մեկ օրվա արժեքը` հաստատագրված վճարումների օրական գումարը, սահմանվում է հետևյալ չափերով`
ա) տոնավաճառներում, շուկաներում և կազմակերպված վաճառքի անցկացման մասսայական այլ վայրերում (Ա.1)`
ալկոհոլային խմիչքների (այդ թվում գարեջրի), ծխախոտի արտադրանքի և ծաղիկների վաճառքի համար (Բ.1)` հանրապետությունում սահմանված աշխատավարձի կրկնապատիկի չափով,
այլ ապրանքատեսակների վաճառքի համար (Բ.2)` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով,
բ) վաճառքի իրականացման մյուս վայրերում (Ա.2)`
ալկոհոլային խմիչքների (այդ թվում գարեջրի), ծխախոտի արտադրանքի և ծաղիկների վաճառքի համար (Բ.1)` հանրապետությունում սահմանված աշխատավարձի եռապատիկի չափով,
այլ ապրանքատեսակների վաճառքի համար (Բ.2)` հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 1.5-ի չափով,
Միևնույն վայրում (Ա.1 կամ Ա.2) տարբեր ապրանքատեսակների (Բ.1 և Բ.2) միաժամանակյա վաճառքի դեպքում կիրառվում է հաստատագրված վճարման առավելագույն չափը:
9. Երևան, Գյումրի, Էջմիածին, Աշտարակ, Արմավիր, Վանաձոր, Արտաշատ, Աբովյան քաղաքներում և Մասիս ավանում առևտրի ոչ հիմնական կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության համար սույն կարգի 8-րդ կետով սահմանված հաստատագրված վճարումների չափերն ավելացվում են 20 տոկոսով:
10. Սույն կարգին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարումները լրիվ չափով մուտքագրվում են մանրածախ առևտրի իրականացման վայրի տեղական բյուջեներ, անկախ վճարողների պետական գրանցման վայրից` դրանք հաշվառելով բյուջեի եկամուտների դասակարգման առանձին բացվող հաշվի վրա:
11. Սույն կարգի 3-րդ կետում նշված տնտեսավարող սուբյեկտները սահմանված կարգին համապատասխան վարում են ոչ հիմնական առևտրի կետերի միջոցով իրականացվող մանրածախ առևտրական գործունեության առանձնացված հաշվապահական հաշվառում: Գործունեության այլ տեսակների համար հաշվարկվում և վճարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերն ու այլ պարտադիր վճարներ:
Նշված տնտեսավարող սուբյեկտների կողմից առանձնացված հաշվառում վարելու դեպքում հաշվետու ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված շահույթի (եկամտի) ընդհանուր գումարը հարկման նպատակով նվազեցվում է նույն ժամանակաշրջանում հաստատագրված վճարումներով հարկվող գործունեության իրականացումից ստացված շահույթի (եկամտի) գումարի չափով:
IV. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Սույն կարգով նախատեսված հաստատագրված վճարումների խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող կտրոնները սահմանված կարգով հաշվառում և իրացվում են իշխանության տեղական մարմինների կողմից:
Հաստատագրված վճարումների կտրոնների իրացումը կատարվում է հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, մանրածախ առևտրի իրականացման վայրերում:
Կտրոնների իրացումից առաջացող կանխիկ գումարները յուրաքանչյուր օր (հանգստյան և տոն օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը) բանկային հիմնարկների միջոցով ենթակա են մուտքագրման համապատասխան տեղական բյուջե:
13. Սույն կարգով սահմանված հաստատագրված վճարումները, վճարողի ցանկությամբ կարող են կատարվել հաշվարկների ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևերով:
14. Հաստատագրված վճարումների կտրոններն իրացնող անձը`
ա) լրացնում է` պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի պաշտոնատար անձի (նախագահի, նախագահի տեղակալի, պատասխանատու քարտուղարի) ստորագրությամբ վավերացված և այդ մարմնի կնիքով հաստատված կտրոնի համապատասխան տողերը` տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման համապատասխան փաստաթղթի հիման վրա. վաճառքի վայրի, վաճառվող ապրանքատեսակի և առևտրի օրերի մասին տողերը` վճարողի հայտարարության հիման վրա.
բ) հաշվարկվում է հաստատագրված վճարի չափը, որպես կտրոնի մեկ օրվա արժեքի (հաստատագրված վճարի օրական գումարի) և առևտրի օրերի թվի արտադրյալ.
գ) վճարողին է հանձնում պատշաճ ձևով լրացված հաստատագրված վճարման կտրոնը` հաշվարկված գումարը ստանալուց հետո:
V. ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
15. Հաստատագրված վճարումների կտրոնների առկայությունը վճարողներին չի ազատում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում, գործունեության առանձին տեսակներով զբաղվելու լիցենզիա ունենալու, սահմանված տեղերում առևտուր իրականացնելու, առևտրի կանոնները պահպանելու պարտականություններից:
16. Հաստատագրված վճարումների կատարման հսկողությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից:
17. Սույն կարգի պահանջները խախտողները, ինչպես նաև առանց պետական գրանցման ոչ հիմնական կետերի միջոցով մանրածախ առևտրական գործունեություն իրականացնողները ենթարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Սահմանված կարգով ներգործության միջոցների կիրառումը գործունեության շարունակման դեպքում տնտեսավարող սուբյեկտին չի ազատում հաստատագրված վճարումների կտրոն ձեռք բերելու պարտականությունից:
Ձև