ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԲԱԶՄԻՑՍ ՓՈՓՈԽՎԱԾ ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓՎԱԾ` 1960 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի` ՕԴԱՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
17 մայիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2002 թվականի հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված` Բազմիցս փոփոխված և 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված` 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2002 թ. հոկտեմբերի 8-ին` Բրյուսելում:
Արձանագրության նպատակը Բազմիցս փոփոխված և 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված`1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային (այսուհետ` Կոնվենցիա) Եվրոպական համայնքի միանալն է:
Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությունն ստորագրել է 2004 թ. դեկտեմբերի 10-ին:
2. Արձանագրությամբ Եվրոպական համայնքն իր իրավասությունների շրջանակներում, Կոնվենցիայի 40 հոդվածին համապատասխան, միանում է Կոնվենցիային: Արձանագրությանը Եվրոպական համայնքի միանալու նպատակը Օդանավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությանը («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») օժանդակություն ցույց տալն է, նրա` Կոնվենցիայում նշված նպատակների իրականացման, հատկապես Եվրոպայում օդային փոխադրումների ռազմավարությունը սահմանող միասնական և գործուն մարմին դառնալու հարցում:
3. Արձանագրությամբ Եվրոպական համայնքին տրվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ում իր ներկայացուցիչներն ունենալու և «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի բոլոր այն մարմինների աշխատանքին մասնակցելու իրավասություն, որոնցում, որպես Պայմանավորվող կողմ, իրավունք ունի իր ներկայացուցիչներն ունենալու Եվրոպական համայնքի որևէ անդամ պետություն:
Եվրոպական համայնքը, ի տարբերություն Կոնվենցիայի մյուս Պայմանավորվող կողմերի, չի կարող թեկնածուներ ներկայացնել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի ընտրովի մարմիններում անդամակցության, ինչպես նաև այն մարմիններում պաշտոնների համար, որոնց մասնակցելու իրավունք ունի:
Եվրոպական համայնքը «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի բյուջե մուծումներ չի կատարելու:
4. Արձանագրությամբ Պայմանավորվող կողմերը պարտավորվում են Կոնվենցիայի դրույթներն այնպես մեկնաբանել, որ Եվրոպական համայնքը նույնպես, իր իրավասությունների շրջանակներում, հանդես գա որպես Կոնվենցիայի Պայմանավորվող կողմ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2002 թ. հոկտեմբերի 8-ին Բրյուսելում ստորագրված` Բազմիցս փոփոխված և 1997 թվականի հունիսի 27-ի արձանագրությամբ ամփոփված` 1960 թվականի դեկտեմբերի 13-ի` Օդանավագնացության անվտանգության համար համագործակցության վերաբերյալ «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կոնվենցիային Եվրոպական համայնքի միանալու մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
17 մայիսի 2005 թվականի |
