Գլխավոր տեղեկություն
Համար
N 295
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.1995-10.04.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
30.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 1995 թվականի N 295

 

քաղ. Երևան

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ (ԿՈՆԴՈՄԻՆԻՈՒՄԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել համատիրության (կոնդոմինիումի) կանոնադրությունը (կցվում է):

2. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) իրականացնել համապատասխան կազմակերպչական միջոցառումներ մինչև 1995 թվականի վերջը հիմնականում ավարտելու համատիրությունների (կոնդոմինիումների) կազմավորումը բազմաբնակարանանոց այն շենքերում, որոնցում սեփականաշնորհված է բնակարանների առնվազն 50 տոկոսը.

բ) համատիրությունների (կոնդոմինիումների) հիմնադրման գործընթացի մասին եռամսյակը մեկ անգամ զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ
կառավարության 1995 թ.
մայիսի 30-ի N 295 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ (ԿՈՆԴՈՄԻՆԻՈՒՄԻ) ՄԱՍԻՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությունը սահմանում է բազմաբնակարանանոց բնակելի շենքերում սեփականատերերի միավորումների` համատիրությունների (կոնդոմինիումների) կազմավորման կարգը, իրավասությունների և կոչված է կարգավորելու բազմաբնակարանանոց բնակելի շենքերում ընդհանուր բաժնային սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման ժամանակ առաջացող իրավահարաբերությունները:

2. Համատիրական (կոնդոմինիումային) սեփականությունը բազմաբնակարանանոց բնակելի շենքերում այնպիսի սեփականություն է, որի մի մասը շինության տեսքով պատկանում է որոշակի սեփականատիրոջ, իսկ մնացածը սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունն է:

Հմտությունն իր գործունեությունն իրականացնում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն:

3. Սույն կանոնադրությունում օգտագործվող հասկացությունները`

ա) համատիրությունը բազմաբնակարանանոց բնակելի շենքերում շինության միասնական համալիրի սեփականատերերի միավորում է, որտեղ նրանցից յուրաքանչյուրին տվյալ շենքում սեփականության իրավունքով պատկանում է բնակելի (բնակարան, սենյակ) կամ ոչ բնակելի տարածք, ինչպես նաև բնակելի շենքի հետ անմիջապես կապված սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը հանդիսացող այլ գույք և համամասնորեն ունի դրանց հետ կապված իրավունքներ ու պարտականություններ: Համատերերի անդամները շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում.

բ) բազմաբնակարանանոց բնակելի շենքը մեկից ավելի, առանձին բնակարաններով բնակելի շենք է.

գ) շինությունը բազմաբնակարանանոց բնակելի շենքի մասն է, որը կարող է լինել բնակարան կամ ոչ բնակելի տարածք: Յուրաքանչյուր շինության սահման են հանդիսանում դրա միջհարկային ծածկերի` առաստաղների, հատակների և պատերի մակերեսները` հարդարման նյութերի հաստատության նկատմամբ.

դ) բնակարանը բնակության համար նախատեսված շինությունն է.

ե) ոչ բնակելի տարածքը բնակության համար չնախատեսված շինություն է.

զ) բազմաբնակարանանոց բնակելի շենքերում սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն են հանդիսանում միջհարկային աստիճանավանդակները, վերելակները, վերելակային և այլ հորեր, միջանցքները, տանիքը, տեխնիկական հարկերը, շենքի հիմքերը, շենքը պահող պատերը, սահմանված կարգով չհատկացված նկուղները, կիսանկուղները, ձեղնահարկը, ներշենքային ինժեներական հաղորդակցուղիներն ու կառույցները, բակի բարեկարգության տարրերը, մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական ու այլ սարքավորումներ, որոնք գտնվում են բնակարանների սահմաններից դուրս կամ բնակարանում և ծառայում են մեկից ավելի սեփականատերերի, ինչպես նաև բազմաբնակարանանոց բնակելի շենքերին անմիջականորեն առնչվող և միասնական համալիր կազմող այն առանձին օբյեկտները, որոնք բնակարանային համակարգում ունեն նպատակային օգտագործում.

է) համատիրության սեփականատերը մեկ կամ մի քանի քաղաքացի է, իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որը բազմաբնակարանանոց բնակելի շենքում շինության նկատմամբ ունի սեփականության իրավունք.

ը) հողամասը շենքի տակ գտնվող ու դրա սպասարկման համար անհրաժեշտ որոշակի սահմաններ ունեցող տարածքն է.

թ) ընդհանուր ծախսերը համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված համատիրության անդամների ծախսերն են` դրանից բխող ֆինանսական պարտավորություններով, որոնք անհրաժեշտ են շենքի շահագործման, պահպանման համար, ինչպես նաև համատիրության ընդհանուր ժողովի կողմից նախատեսված այլ ծախսեր.

ժ) հիմնադիրը բազմաբնակարանանոց բնակելի շենքի շինության սեփականատերն է (սեփականատերերը) կամ նրա (նրանց) կողմից լիազորված մարմինը, որի (որոնց) անունից կամ հանձնարարությամբ գրանցվում է հիմնադիր փաստաթուղթը:

 

Ընդհանուր սեփականության մեջ բաժնեմասը

 

4. Ընդհանուր սեփականության մեջ բաժնեմասը որոշվում է շինության ընդհանուր մակերեսը հարաբերակցելով բոլոր շինությունների ընդհանուր մակերեսին:

5. Այն դեպքում, երբ համատիրության սեփականությանը կից կառուցվում կամ ավելացվում է շինություն, ընդհանուր սեփականության մեջ բաժնեմասը վերահաշվարկվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

6. Մի քանի սեփականատիրոջ պատկանող շինության համար վերջիններս ընդհանուր բաժնային սեփականության մեջ ունեն մեկ բաժնեմաս` ընդհանուր պարտավորությունների համար համապարտ պատասխանատվությամբ:

7. Ընդհանուր բաժնային սեփականության մեջ սեփականատիրոջ բաժնեմասը համատիրության յուրաքանչյուր անդամի բաժինն է ընդհանուր սեփականության մեջ, որն անբաժան է ընդհանուրից, չի անջատվում շինության նկատմամբ առանձին քաղաքացիների սեփականության իրավունքից և քվեարկության իրավունք է տալիս համատիրությունում: Սեփականատիրոջ բաժնեմասն ընդհանուր սեփականության մեջ համամասնական է դրա շինության մակերեսի հարաբերությանը բոլոր շինությունների մակերեսների գումարին և որոշվում է տոկոսով կամ ամբողջ մասով: Համատիրության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված ողջ գույքը համատիրության սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունն է:

 

Հողամասերի հատկացումը և օգտագործումը

 

8. Բազմաբնակարանանոց շենքերի և շինությունների տակ գտնվող ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (բակեր, մայթեր, մոտեցումներ, ճանապարհներ, հանգստի և կանաչ տարածքներ, տնտեսական ու մարզական հրապարակներ և այլն) պատգամավորների համապատասխան տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սահմանված կարգով հատկացվում է համատիրություններին` մշտական օգտագործման համար:

9. Մի քանի համատիրության կողմից համատեղ օգտագործման համար հատկացված սպասարկման տարածքների չափերը որոշում են այդ համատիրությունները: Վիճելի հարցերի դեպքում որոշումն ընդունվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից:

 

2. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

 

Համատիրություն հիմնադրելու պայմանները

 

10. Համատիրություններ կարող են հիմնադրվել բազմաբնակարանանոց այնպիսի բնակելի շենքերում, որտեղ առկա է առնվազն երկու սեփականատեր:

11. Համատիրությունը կարող է ունենալ մեկ և ավելի հիմնադիր:

12. Պարտադիր համատիրություններ են կազմավորվում`

ա) բազմաբնակարանանոց այնպիսի պետական և հանրային ֆոնդի շենքերում, որտեղ սեփականաշնորհված է բնակարանների առնվազն 50 տոկոսը.

բ) «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնակարանների սեփականաշնորհման ժամկետի ավարտից հետո բազմաբնակարանանոց այնպիսի շենքերում, որտեղ սեփականաշնորհված է առնվազն մեկ բնակարան: Նման շենքերում համատիրության հիմնադիր կարող է հանդիսանալ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն կամ նրա կողմից լիազորված մարմինը, որի հաշվեկշռում կամ տարածքում գտնվում են բնակելի շենքերը, իսկ հանրային բնակարանային ֆոնդի շենքերում հիմնադիր կարող են լինել հասարակական կազմակերպությունները:

13. Պարտադիր համատիրություններ կազմավորվում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների որոշմամբ:

14. Բազմաբնակարանանոց բնակելի շենքում համատիրության կազմավորվելուց հետո այդ շենքի բոլոր շինությունների սեփականատերերը համարվում են համատիրության անդամներ:

 

Համատիրության գրանցումը

 

15. համատիրությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում գրանցման պահից: Պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը` «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցման համար ներկայացվում է կանոնադրություն, դիմում և բազմաբնակարանանոց բնակելի շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը համատիրություն ստեղծելու մասին:

 

Համատիրության կանոնադրությունը

 

16. Համատիրության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) բազմաբնակարանանոց բնակելի շենքի նկարագրությունը, հասցեն, որտեղ կազմավորվում է համատիրությունը.

բ) համատիրության լրիվ անվանումը.

գ) համատիրության կառուցվածքը. խնդիրներն ու գործառույթները.

դ) յուրաքանչյուր շինության նկարագրությունը, ներառյալ դրա համարը, չափերը, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ յուրաքանչյուր շինության սեփականատիրոջ բաժնեմասի նշումը` տոկոսներով կամ մասով.

ե) շինությունների սեփականատերերի ցանկը.

զ) շինությունների սեփականատերերի իրավունքներն ու պարտականությունները.

է) համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի ձևավորման և դրանով նախատեսված համատիրության անդամների ամսական վճարումների կարգը.

ը) համատիրության կառավարման մարմինները և նրանց իրավասությունները.

թ) համատիրության կառավարման մարմինների նկատմամբ հսկողության իրականացման կարգը.

ժ) համատիրության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը.

ի) համատիրության կառավարման մարմինների կողմից որոշումներ ընդունելու կարգը.

լ) համատիրության գործունեության դադարեցման կարգը.

խ) ցանկացած այլ հարց, որն ընդհանուր ժողովը հարմար կգտնի ընդգրկել դրա մեջ:

 

3. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Համատիրության ընդհանուր ժողովը

 

17. Համատիրության կառավարման բարձրագույն մարմինը սեփականատերերի կամ վերջիններիս կողմից լիազորված ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է:

18. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) կանոնադրության ընդունումը, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը, ինչպես նաև համատիրության ներքին կանոնակարգ ընդունելը.

բ) համատիրության վարչության, նախագահի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունը:

Եթե համատիրության ընդհանուր ժողովի կողմից չի ընտրվում վարչություն, ապա 15-օրյա ժամկետում հրավիրվում է արտահերթ ժողով: Արտահերթ ժողովում վարչություն չընտրելու դեպքում համատիրության վարչության լիազորություններն անցնում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին` մինչև վարչության կազմի ընտրվելը.

գ) համատիրության վարչության և վերստուգիչ հանձնաժողովի տարեկան հաշվետվության հաստատումը.

դ) եկամուտների ու ծախսերի նախահաշիվը, այդ թվում համատիրության անդամների ամսական վճարումների չափը հաստատելը.

ե) վարկ ստանալու հարցում համաձայնություն տալը.

զ) ընդհանուր բաժնային սեփականության շինությունը օտարելը կամ գրավ դնելը.

է) համատիրության վարչության անդամների, նախագահի աշխատանքի վարձատրության հարցերը.

ը) համատիրության գործունեության և կառավարման վերաբերյալ այլ հարցեր:

19. Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկա գտնվող համատիրության անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ կամ համատիրության կանոնադրությամբ այլ կարգ չի նախատեսվում:

20. Յուրաքանչյուր շինության սեփականատեր ունի ընդհանուր սեփականության մեջ իր բաժնեմասին հավասար ձայնի իրավունք:

21. 18-րդ կետի «ա», «դ», «ե» և «զ» ենթակետերի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար պահանջվում է համատիրության անդամների ձայների առնվազն 75 տոկոսը:

 

Համատիրության ընդհանուր ժողովի անցկացման կարգը

 

22. Ընդհանուր ժողովն անցկացվում է տարեկան առնվազն մեկ անգամ` բայց ոչ ուշ քան մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը:

23. Եթե սահմանված ժամկետում ընդհանուր ժողով չի հրավիրվում կամ հրավիրված ժողովում քվորում չի ապահովվում, ապա կարող է հրավիրվել նոր ժողով` նախորդի հրավիրման պահից 15-օրյա ժամկետում: Նոր ժողովի չկայացման դեպքում համատիրության ընդհանուր ժողովի լիազորություններն անցնում են պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին, մինչև ժողովի գումարումը:

24. Արտահերթ ժողովները հրավիրվում են վարչության որոշմամբ, վերահսկիչ հանձնաժողովի կամ համատիրության անդամների առնվազն 25 տոկոսի, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի պահանջով:

25. Առաջիկա ընդհանուր ժողովի հրավիրման մասին համատիրության անդամները պետք է ծանուցվեն ոչ ուշ քան 10 օր առաջ: Ընդհանուր ժողովն իրավազոր է համատիրության անդամների (լիազոր ներկայացուցիչների) ոչ պակաս 75 տոկոսի ներկայության դեպքում: Ժողովում համատիրության անդամ յուրաքանչյուր մասնակցի պահանջի դեպքում որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

 

Համատիրության վարչությունը

 

26. Համատիրության վարչությունն իրավասու է լուծելու բոլոր այն հարցերը, որոնք հանձնարարված են սեփականատերերի կողմից և նշված են համատիրության կանոնադրությունում, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի: Վարչության կազմն ու անդամների թիվը և լիազորությունների ժամկետը սահմանվում են համատիրության կանոնադրությամբ:

27. Համատիրության վարչությունն իրականացնում է`

ա) ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակամիջոցում համատիրության կառավարումը.

բ) համատիրության անդամների պարտադիր վճարների գանձումը.

գ) հաշվապահական և այլ հաշվետվությունների կազմումը.

դ) համատիրության անդամների դիմումների քննարկումը, և լսում է նրանց գանգատները.

ե) բոլոր լիազորությունները, բացառությամբ համատիրության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունների մեջ մտած հարցերի, և հաշվետու է ընդհանուր ժողովին:

28. Համատիրության վարչության նիստերը հրավիրվում են ոչ պակաս քան 3 ամիսը մեկ անգամ` նախագահի կողմից, արտահերթ նիստերը գումարվում են համատիրության նախագահի կողմից, նրա նախաձեռնությամբ կամ անդամների, վերահսկիչ հանձնաժողովի կամ պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի առաջարկությամբ: Եթե առաջարկությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում չի հրավիրվում արտահերթ ժողով, ապա նախաձեռնողներն իրավունք ունեն իրենք այն հրավիրել:

29. Եթե ընդհանուր ժողովը չի հաստատում տարեկան նախահաշիվը, ապա նախահաշվի հաստատման լիազորությունը համատիրության ընդհանուր ժողովից անցնում է վարչությանը, պայմանով, որ տարեկան ծախսերը ըստ այդ նախահաշվի, չեն գերազանցում նախորդ տարվա նախահաշվային ծախսերը` համադրելի գներով: Համատիրության ընդհանուր ժողովում առաջին նախահաշվի չհաստատման դեպքում վարչությունն ինքն է կազմում և հաստատում այն:

 

Համատիրության նախագահը

 

30. Վարչության անդամների ընտրության ժամանակ առավել թվով ձայներ ստացած անձը համարվում է համատիրության նախագահ: Համատիրության նախագահը միաժամանակ վարչության նախագահն է, ինչպես նաև նախագահում է ընդհանուր ժողովի նիստերը:

31. Համատիրության նախագահը`

ա) հրավիրում է վարչության նիստեր.

բ) ղեկավարում է վարչության աշխատանքները.

գ) ներկայացնում է համատիրության շահերը պետական իշխանության և կառավարման մարմիններում, դատարանում և արբիտրաժում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

դ) կնքում է պայմանագիր, կատարում ֆինանսական գործարքներ.

ե) ընդունում և ազատում է համատիրության հաստիքային աշխատողներին.

զ) իրականացնում է համատիրության ընդհանուր ժողովի և վարչության կողմից տրված այլ լիազորություններ:

 

Վերահսկիչ հանձնաժողովը

 

32. Վերահսկիչ հանձնաժողովը համատիրության այն մարմինն է, որը հետևում է համատիրության սեփականատերերի և վարչության որոշումների կատարմանը, գույքի պահպանմանը, համատիրության կանոնադրությամբ նախատեսված այլ գործունեության իրականացմանը, ինչպես նաև ստուգում է համատիրության փաստաթղթերը: Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը, լիազորությունների ժամկետը սահմանվում է համատիրության կանոնադրությամբ: Վերահսկիչ հանձնաժողովն իրավասու է անցկացնել համատիրության գործունեության ցանկացած մասի ֆինանսական ստուգում:

33. Վերահսկիչ հանձնաժողովը եզրակացություն է տալիս վարչության տարեկան հաշվետվության և վարչության ներկայացրած եկամուտների ու ծախսերի նախահաշվի վերաբերյալ:

34. Վարչության անդամները չեն կարող միաժամանակ հանդիսանալ վերահսկիչ հանձնաժողովի անդամներ:

 

4. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Համատիրության անդամությունը

 

35. Համատիրության անդամ հանդիսանում են միայն տվյալ բազմաբնակարանանոց բնակելի շենքերի շինության սեփականատերերը:

36. Շինության նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համատիրության անդամ է համարվում շինության սեփականատերերի կողմից ընտրված անձը:

37. Շինության նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն ունեցող յուրաքանչյուր սեփականատեր համարվում է համատիրության անդամ:

38. Շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը բերում է համատիրությունում անդամության դադարեցմանը:

 

Համատիրության անդամի իրավունքների ու պարտականությունները

 

39. Համատիրության անդամն իրավունք ունի`

ա) իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել և տնօրինել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունը` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան.

բ) ընտրել և ընտրվել համատիրության կառավարման մարմիններում.

գ) ծանոթանալ համատիրության գործունեության ցանկացած հարցին.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել ընդհանուր բաժնային սեփականությունից (սահմանափակումներ կարող են նախատեսվել միայն համատիրության կանոնադրությամբ կամ շինությունների սեփականատերերի որոշմամբ` ձայների 75 տոկոսի մեծամասնությամբ).

ե) միաժամանակ լինել մի քանի համատիրության անդամ.

զ) դատական կարգով գանգատարկել ընդհանուր ժողովի և վարչության ընդունած որոշումները:

40. Համատիրության անդամը պարտավոր է`

ա) ժամանակին և ճշտորեն կատարել համատիրության կառավարման մարմինների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումների պահանջները, այդ թվում համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված վճարումները.

բ) բարեխղճորեն վերաբերվել ընդհանուր սեփականությանը` չվնասել, չփչացնել այն.

գ) մասնակցել համատիրության կառավարման մարմինների կազմակերպած միջոցառումներին:

41. Սեփականատիրոջը պատկանող բնակելի և ոչ բնակելի տարածքները չօգտագործելը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող օբյեկտների օգտագործումից հրաժարվելը հիմք չի հանդիսանում ամբողջովին կամ մասնակիորեն սեփականատիրոջը հրաժարվելու բնակարանային համակարգի պահպանման, վերանորոգման, վերակառուցման և շահագործման նպատակով կատարվելիք ծախսերի մասնակցությունից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համատիրության կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված:

42. Շինության սեփականատիրոջ այլ վայրում բնակվելը, ինչպես նաև շինության օգտագործման իրավունքն այլ անձի փոխանցելը սեփականատիրոջը չի ազատում համատիրության և սույն կանոնադրությամբ նախատեսված իր պարտականություններից: Շինության նոր սեփականատերը համարվում է համատիրության անդամ: Համատիրության անդամը կարող է ունենալ համատիրության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Իշխանության տեղական մարմնի, որպես շինության սեփականատիրոջ իրավունքներն ու պարտականությունները

 

43. Մինչև բոլոր շինությունների սեփականաշնորհումը, իշխանության տեղական մարմինը մնում է չսեփականաշնորհված շինությունների և ընդհանուր սեփականության մեջ համապատասխան բաժնեմասերի սեփականատերը և ունի դրա հետ կապված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:

 

Շինությունների վարձակալների և այլ օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

 

44. Շինությունների վարձակալները, ինչպես նաև այլ օգտագործողներ պարտավոր են պահպանել համատիրության բոլոր անդամների համար սահմանված` բնակֆոնդի շահագործման, նորոգման, սպասարկման միասնական կանոնները և նորմերը:

 

Համատիրության անդամների օրինական շահերի պաշտպանության երաշխիքը

 

45. Համատիրության և նրա անդամների գույքի, իրավունքների ու շահերի պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

5. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆԱՆՈՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ

 

Բնակելի ֆոնդի շահագործման, նորոգման և սպասարկման միասնական կանոններ

 

46. Բնակելի ֆոնդի շահագործման, նորոգման և սպասարկման ուղղությամբ անհրաժեշտ փաստաթղթերը (կանոնները, հրահանգները) մշակվում և ընդունվում են պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից:

 

Առանձին շինությունների պահպանումը

 

47. Շինության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է այն պահպանել և վերանորոգել սեփական միջոցների հաշվին:

 

Ընդհանուր սեփականության նորացումը և բարելավումը

 

48. Ընդհանուր բաժնային սեփականության ընթացիկ բարելավումները կարող են կատարվել համատիրության ընդհանուր ժողովի կողմից համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի հաստատումից հետո:

49. Ընդհանուր սեփականության նշանակալի բարելավումները կամ նորացումը (սարքավորումների ավելացումը, ինժեներական հաղորդակցությունների համակարգի վեականգնումը, մեծ ծավալի շինարարական աշխատանքները և այլն) կարող են կատարվել համատիրության ընդհանուր ժողովի կողմից համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի հաստատումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Կից շինությունների, ինչպես նաև շինության և ընդհանուր սեփականության միջև սահմանների փոփոխումը

 

50. Կից շինությունների միջև սահմանների փոփոխությունը կարող է կատարվել այդ շինությունների սեփականատերերի համաձայնությամբ: Այս դեպքում կատարվում է շինությունների բաժնեմասերի վերահաշվարկում` կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով, առանց ընդհանուր ժողովի համաձայնության:

51. Շինության և ընդհանուր սեփականության միջև սահմանների փոփոխությունը կարող է կատարվել միայն համատիրության ընդհանուր ժողովում ձայների ոչ պակաս քան 75 տոկոսն ունեցող համատիրության անդամների համաձայնությամբ` կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելով:

 

Ընդհանուր սեփականությանը կամ ուրիշի շինությանը վնաս պատճառելու հետևանքները

 

52. Եթե շինության սեփականատերը կամ շինություն օգտագործող այլ անձ վնաս է պատճառում ընդհանուր սեփականության ցանկացած մասին կամ ցանկացած այլ շինության, նա պարտավոր է օրենքով սահմանված կարգով հատուցել պատճառված վնասը:

 

Բազմաբնակարանանոց բնակելի տան անձնագրավորումը և տեխնիկական վիճակի հսկողությունը

 

53. Բազմաբնակարանանոց բնակելի շենքի անձնագրավորումը և տեխնիկական վիճակի պարբերաբար հետազոտումները կատարվում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից, սահմանված կարգով, առնվազն 5 տարին մեկ անգամ, համատիրության միջոցների հաշվին, պայմանագրային հիմունքներով: Հետազոտությունների արդյունքներն ամփոփվում են համապատասխան մասնագիտական եզրակացություններով, ակտերով, որոնցից մեկ օրինակ ներկայացվում է պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի տեխնիկական վիճակի հսկողությունն իրականացնող ծառայությանը: Սահմանված ժամկետում բնակելի տան անձնագրավորում չկատարելու դեպքում անձնագրավորման աշխատանքների պատվիրատու է հանդես գալիս պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեն` համատիրությունից դատական կարգով բռնագանձելով անձնագրավորման համար անհրաժեշտ ծախսերը և տույժ` բռնագանձված գումարի 20 տոկոսի չափով:

54. Համատիրության ձևավորման պահին անձնագրավորման չենթարկված բազմաբնակարանանոց բնակելի շենքերի անձնագրավորումը կատարվում է պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջոցների հաշվին:

 

Ապահովագրում

 

55. Շինության ապահովագրումը կատարվում է շինության սեփականատիրոջ, իսկ ընդհանուր սեփականության ապահովագրումը` համատիրության կողմից:

 

6. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐԸ

 

Համատիրության եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշիվը

 

56. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար համատիրության վարչությունն ընդհանուր ժողովին է ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ, ներառյալ եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշիվը, որը բավարար է ծածկելու ընդհանուր սեփականության պահպանման և շահագործման համար սպասվելիք ծախսերը:

57. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել բնակֆոնդի պահպանման և շահագործման պարտադիր միջոցառումներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ ծախսումները և դրանց համապատասխան սեփականատերերի պարտադիր վճարումներն անհրաժեշտորեն պետք է նախատեսվեն համատիրության` եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվում: Նախահաշիվը պետք է նախատեսի նաև պահուստային ֆոնդ:

 

Համատիրության անդամների մասնակցությունը եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված ծախսերին (ընդհանուր ծախսերին)

 

58. Համատիրությունը տնօրինում է բնակարանային համակարգի անշարժ գույքի պահպանման, վերանորոգման, շինարարության, վերականգնման, վերցրած վարկերի մարման, համատիրության վարձու աշխատողների վճարման նպատակով համատիրության անդամների կողմից մուծված անդամավճարները:

59. Համատիրության անդամները պարտավոր են մասնակցել տարեկան ընդհանուր ծախսերին` ընդհանուր սեփականության մեջ նրանց ունեցած բաժնեմասերին համամասնական չափով: Եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված համատիրության անդամների վճարումներն իրականացվում են ամեն ամիս ոչ ուշ քան նախորդ ամսվան հաջորդող ամսի 10-ը:

60. Համատիրության անդամների ծախսերը, կապված նրանց անհատական օգտագործմանը հանձնված ընդհանուր սեփականության կամ հողամասի առանձին մասերի օգտագործման հետ, կատարվում են վերջիններիս կողմից` եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվից դուրս:

 

Ընդհանուր ծախսերին մասնակցության հետ կապված պարտավորությունների խախտման հետևանքները

 

61. Համատիրության անդամները պատասխանատվություն են կրում համատիրության պարտավորությունների համար` եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված իրենց փայավճարների սահմաններում:

62. Եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվով նախատեսված վճարումներն ուշացնելու դեպքում, յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար գանձվում է տույժ, ըստ պարտքի գումարի` համատիրության կանոնադրությամբ նախատեսված չափով, բայց ոչ ավելի քան պարտքի գումարի կրկնապատիկը:

63. Պարտքը 3 ամսվա ընթացքում, հաշված վճարման համար սահմանված օրից, համատիրության անդամի կողմից չվճարվելու դեպքում համատիրության պարտքի բռնագանձումը կատարվում է դատական կարգով:

 

7. ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

64. Համատիրության գործունեությունը դադարեցվում է դատական կարգով:

65. Համատիրության գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

66. Համատիրության գործունեությունը կարող է դադարեցվել նաև հետևյալ դեպքերում`

ա) եթե հողամասը հետ է վերցվում պետական կամ հանրային կարիքների համար.

բ) եթե բազմաբնակարանանոց բնակելի շենքում մնում է մեկ սեփականատեր.

գ) եթե բազմաբնակարանանոց բնակելի շենքը ֆիզիկապես դադարում է գոյություն ունենալուց: