ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐԿ» 3999 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
6 դեկտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Խաչատրյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսավորելու Հայաստանի Հանրապետության տարածքում աղքատության վերացմանն ուղղված` կառավարության պլանավորված գործողությունների ծրագիրը:
2. Համաձայնագրի կնքմանը նախորդել է Միջազգային զարգացման ընկերակցության հավանությանն արժանացած` Հայաստանի Հանրապետության կողմից մակրոտնտեսական քաղաքականության, ինչպես նաև համաձայնագրի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ ժամանակացույցում նկարագրված միջոցառումների իրականացումը:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է կազմում նաև 1-ին ժամանակացույցը, որում սահմանված են վարկային միջոցների ծախսը բացառող պայմանները:
3. Համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն` Միջազգային զարգացման ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում վարկ` տասներեք միլիոն յոթ հարյուր հազար (13.700.000) փոխառության հատուկ իրավունքներին համարժեք գումարով` սկսած 2015 թվականից մինչև 2044 թվականը մարման ժամկետով, պարտավորության վճարի և ծառայությունների վարձի վճարման պայմաններով, որոնք մանրամասնված են համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.04, 2.05 և 2.06 բաժիններում:
Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված են վարկի մարման այլ մանրամասներ:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
- պատշաճ ջանասիրությամբ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը վերացնելու համար պլանավորված գործողությունների ծրագիրը,
- պարբերաբար կարծիքներ փոխանակել Միջազգային զարգացման ընկերակցության հետ` աղքատության վերացման ծրագրի կատարման վերաբերյալ և ներկայացնել հաշվետվություններ,
- Միջազգային զարգացման ընկերակցության խնդրանքով, միասնականորեն կիրառվող սկզբունքներին համապատասխան, վարկի դեպոզիտային հաշիվը ենթարկել աուդիտի` ներկայացնելով աուդիտորների հաշվետվության վավերացված պատճենը,
- Միջազգային զարգացման ընկերակցությանը տրամադրել ավանդային հաշվի և դրա աուդիտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 31 հոդվածի դրույթներին, քանի որ լրացուցիչ միջոցներ են ապահովում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսապայմանների բարելավման ուղղությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Աղքատության կրճատման աջակցության վարկ» 3999 AM զարգացման վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող | Գ. Հարությունյան |
|
