«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
30 մայիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 1997 թ. N 156
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 367 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորությունների ստանձնման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարկեր, ֆինանսական երաշխիքներ, օգնություն ստանալու ու տրամադրելու և պետական պարտքի սպասարկման հարցերը կարգավորելու մասին» N 367 որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով`
«5. Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ֆինանսական պարտավորություններ պարունակող պայմանագրերը ստորագրում, երաշխավորագրերը տրամադրում և արժեթղթերը թողարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ստանձնելու, ինչպես նաև նրանցից կապիտալ ներդրումներ ներգրավելու վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված ձևով 30-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մայիսի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |