«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի N 59
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) 7-րդ և 8-րդ կետերում «50 մլն դրամ» բառերը փոխարինել «20 մլն դրամ» բառերով.
բ) 12-րդ կետում «իսկ անավարտ շինարարության դեպքում` նաև օբյեկտի փաստացի վիճակը բնութագրող նյութեր» բառերից հետո նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«այդ թվում` նախկին պատվիրատուի հաշվեկշռում արտացոլված և անավարտ շինարարության փաստացի գույքագրման արդյունքները».
գ) 20-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Կնքված ծրարներն ընդունվում են երկուական օրինակից, որոնցից մեկական օրինակ պահվում է պատվիրատուի մոտ շինարարության ավարտից հետո մեկ տարի ժամկետով».
դ) 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե մրցույթի մասնակիցների առաջարկած արժեքներից նվազագույնը գերազանցում է հաստատված նախահաշվային արժեքը, ապա`
ա) 5 և ավելի տոկոսով գերազանցելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած.
բ) մինչև 5 տոկոս գերազանցելու դեպքում միջգերատեսչական մրցութային հանձնաժողովն իրավասու է ընդունելու համապատասխան որոշում».
ե) 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«5 տոկոսից ավելիի (20 տոկոսը չգերազանցող) դեպքում պայմանագիրը կնքելուց հետո կամ շինարարության ընթացքում ի հայտ եկած բոլոր լրացուցիչ աշխատանքներն իրականացվում են միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա».
զ) 36-րդ կետը սկզբում լրացնել «Տեխնիկական վերահսկման» բառերով.
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը երկամսյա ժամկետում ապահովել գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման նոր կարգի մշակումը և հաստատումը:
3. Հաստատել պետական պատվերով կառուցվող օբյեկտներում տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման ստուգման և վերահսկման ենթակա հարցերի ցանկը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԻ
Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի օգոստոսի 1-ի N 7-359 հրամանագրի համաձայն, կրկնական ստուգումներ չանցկացնելու նպատակով, համալիր ստուգումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ, նախապես տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի վերահսկողական ծառայություններին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատին:
Պատվիրատու և կապալառու կազմակերպություններում ստուգման և վերահսկման են ենթակա հետևյալ հարցերը`
ա) շահագործման հանձնված շենքերի, շինությունների ինչպես նաև կատարված աշխատանքների ծավալների համապատասխանությունը հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին.
բ) պատվիրատուին հատկացված ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնությունը և ճշտությունը.
գ) կապալառու կազմակերպությանը վճարումների ժամկետների պահպանումը` ելնելով փաստացի կատարված աշխատանքների ծավալներից և պայմանագրային գներից.
դ) փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալները և օբյեկտի պայմանագրային գների պահպանումը.
ե) կապալի պայմանագրով նախատեսված փոխադարձ ֆինանսական պարտավորությունների կատարումը: