040.0014.16.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1998 թվականի N 14
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնները (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և ջերմային էներգիայից օգտվելու կանոնների հաստատման մասին» N 461 որոշման «ա» ենթակետը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 160 որոշման 1-ին կետի «գ» ենթակետը` էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների մասով.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 6-ի «Բնակելի շենքերի ընդհանուր շահագործման սարքավորումների ծախսած էլեկտրաէներգիայի վարձի գանձման կարգի մասին» N 429 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններում օգտագործված հիմնական հասկացությունները`
Էլեկտրամատակարարող ձեռնարկություն` էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
սպառող (բաժանորդ)` էլեկտրական ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրական միացում ունեցող և էլեկտրամատակարարող ձեռնարկության հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
ենթասպառող (ենթաբաժանորդ)` սպառողի էլեկտրական ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրական միացում ունեցող ու էլեկտրամատակարարող ձեռնարկության և սպառողի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման եռակողմ պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
էլեկտրական էներգիայի սահմանաքանակ` էլեկտրաէներգիայի քանակ, որը փոխհամաձայնեցվում է էլեկտրամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև ու ամրագրվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով.
էլեկտրական հզորության սահմանաքանակ` էլեկտրական հզորության կեսժամյա միջին արժեքի առավելագույն մեծությունն օրվա որոշակի ժամերին, որը փոխհամաձայնեցվում է էլեկտրամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև ու ամրագրվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով.
բեռնվածքի օրական գրաֆիկ` էլեկտրական հզորության սպառման փոփոխության կարգը ըստ օրվա ժամերի.
ամրագրված տեխնոլոգիական հզորություն` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում նշված այն հզորությունը, որը բավարար է արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ հումքն արտադրությունից առանց փչացման հանելու համար.
ամրագրված վթարային հզորություն` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում նշված այն հզորությունը, որը բավարար է սպառողի անձնակազմի և էլեկտրասնուցման ընդհատում չհանդուրժող սարքավորումների անվտանգությունն ապահովելու համար:
2. Էլեկտրական էներգիայից (այսուհետև` էլեկտրաէներգիա) օգտվելու կանոնները (այսուհետև` ԷՕԿ) սահմանում են էլեկտրամատակարարող ձեռնարկությունների, սպառողների (բաժանորդների) ու ենթասպառողների (ենթաբաժանորդների) փոխհարաբերությունները և պարտադիր են նրանց համար` անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից, կազմակերպական-իրավական տեսակից ու սեփականության ձևից:
3. Թույլատրվում է էլեկտրաէներգիայից օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հետևյալ հիմնական պայմանների բավարարման դեպքում`
էլեկտրական ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրական միացում.
էլեկտրամատակարարող ձեռնարկության հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) կնքում.
էլեկտրական ցանցին միանալու էներգապետհսկողության գրավոր թույլտվություն:
Պայմանագրին կցվում է էլեկտրական ցանցերի հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:
Բաժանորդի և էլեկտրամատակարարող ձեռնարկության միջև կնքված պայմանագրում նշվում են բաժանորդի էլեկտրական ցանցին միացված ենթաբաժանորդների տվյալները (անվանումը, հասցեն, դրվածքային հզորությունը, էլեկտրասպառման ռեժիմը, բանկային տվյալները և այլն):
4. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունն էլեկտրաէներգիայի ծախսերը և վճարումները հաշվառելու համար նոր սպառողի հետ պայմանագիր կնքելու օրվանից բացում է բաժանորդի հաշվառման քարտ:
Բաժանորդի հաշվառման քարտի վերաձևակերպումն այլ բաժանորդի անունով և առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կամ տեղափոխումը կատարում է էլեկտրամատակարարող ձեռնարկությունը, իսկ վերջինիս հետ կապված ծախսերը հատուցում է նախաձեռնող կողմը:
Գ Լ ՈՒ Խ II
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Նոր սպառողների էլեկտրակայանքները էլեկտրամատակարարող ձեռնարկության էլեկտրական ցանցին միացնելու կամ վերջինիս ցանցից սնվող բաժանորդների էլեկտրակայանքներում նոր կամ օգտագործվող հզորությունների ավելացման, հուսալիության դասի փոփոխության կամ էլեկտրակայանքների վերակառուցման տեխնիկական պայմանները պատրաստվում, առաջարկվում և փոխհամաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության սահմանած և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի հետ համաձայնեցված կարգով:
6. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունն իր բաժանորդի էլեկտրական ցանցից սնվելու համար նոր սպառողին կարող է տեխնիկական պայմաններ տալ վերջինիս կողմից` բաժանորդի առաջադրած տեխնիկատնտեսական բավարարման և նրա գրավոր համաձայնության դեպքում:
7. Էլեկտրամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանի կատարումը պարտադիր է կողմերի համար:
Նոր սպառողներին էլեկտրական ցանցին միացնելու տեխնիկական պայմանների գործողության ժամկետը սահմանվում է մինչև 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված:
8. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պատվիրատու ձեռնարկությունից (սպառողից) կամ նրա հանձնարարությամբ նախագծային կազմակերպությունից նոր հզորությունների միացման մասին հայտն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում տալիս է էլեկտրամատակարարման նախնական տեխնիկական պայմաններ:
Էլեկտրամատակարարող ձեռնարկության ցանցերին էլեկտրակայանքների միացման նախնական տեխնիկական պայմաններում նշվում են`
ա) միացման կետերը (ենթակայան, էլեկտրակայան կամ էլեկտրահաղորդման գիծ), անվանական (նոմինալ) լարումը, սնող օդային կամ մալուխային գծերը և սպառողների մոտ սպասվող լարման մակարդակը.
բ) նոր սպառողի հետ կապված գործող էլեկտրական ցանցի ուժեղացման նպատակով հիմնավորված պահանջները (լարերի հատույթի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, պահեստային բջիջների կառուցում և այլն):
9. Նախքան շինարարական աշխատանքներն սկսելը պատվիրատուն (սպառողը) նախագծային կազմակերպության մասնակցությամբ էլեկտրամատակարարող ձեռնարկություն է ներկայացնում իր ձեռնարկության, շենքի, շինության, դրա առանձին հերթի կամ արտադրության արտաքին էլեկտրասնուցման նախագծի (աշխատանքային նախագծի) բաժինները և աշխատանքային գծագրերը: Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը մեկամսյա ժամկետում ստուգում է ընդունված նախագծային լուծումների համապատասխանությունը տեխնիկական պայմաններին, էլեկտրակայանքների կառուցվածքների կանոններին ու մյուս անհրաժեշտ նորմատիվ ակտերին և համաձայնություն է տալիս շինարարությունը էլեկտրակայանքների սնման մասով սկսելու համար:
Քննարկվող նախագծային փաստաթղթերում տեխնիկական պայմաններից կամ նորմատիվային պահանջներից շեղումներ հայտնաբերելու դեպքում պատվիրատուին (սպառողին) ուղարկվում է մերժման վերաբերյալ հիմնավորված գրություն:
Գ Լ ՈՒ Խ III
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
10. Նոր միացվող և վերակառուցվող բոլոր էլեկտրակայանքները (անկախ սեփականության ձևից) պետք է համապատասխանեն էլեկտրակայանքների կառուցվածքների կանոններին, շինարարական նորմերին և այլ նորմատիվ ակտերին, ապահովված լինեն սահմանված կարգով համաձայնեցված նախագծային և հանձնման-ընդունման տեխնիկական փաստաթղթերով:
11. Նոր տեղակայված կամ վերակառուցված էլեկտրակայանքը նախքան շահագործումը ենթարկվում է հանձնման-ընդունման փորձարկումների:
Սպառողն էլեկտրակայանքը նախագծային և հանձնման-ընդունման տեխնիկական փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է էներգապետհսկողության տեսուչին` շահագործման թույլտվություն ստանալու նպատակով զննման:
12. Էլեկտրակայանքների շահագործման թույլտվությունը տրվում է միայն սպառողի էներգատնտեսության պատասխանատու անձի առկայության դեպքում:
13. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը նոր բաժանորդի էլեկտրակայանքներին լարում է տալիս էներգապետհսկողության գրավոր թույլտվության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության սահմանած կարգով կապարակնքված էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի առկայության դեպքերում` պայմանագիր կնքելուց և բաժանորդի էլեկտրաէներգիայի առուվաճառքի պատասխանատու անձի նշանակումից հետո:
14. Բաժանորդի էլեկտրակայանքներում տեղակայման թերությունների, միացման տեխնիկական պայմաններից, էլեկտրակայանքների կառուցվածքների կանոններից և այլ նորմերից շեղումների հայտնաբերման և (կամ) էներգատնտեսության պատասխանատու անձի բացակայության դեպքերում մինչև հայտնաբերված խախտումների վերացումը արգելվում է էլեկտրակայանքներին լարում տալը:
15. Շահագործման թույլտվություն ստանալու համար աշխատանքի սեզոնային բնույթ ունեցող օբյեկտների (հանգստյան տներ, հանգստյան գոտիներ և այլն) և մեկ ամսից ավելի տևողությամբ չշահագործված, ինչպես նաև նոր բաժանորդի անունով վերաձևակերպված էլեկտրակայանքները նախքան միացումը պետք է ներկայացվեն էներգապետհսկողության տեսուչին` զննման:
Տեսուչին պետք է ներկայացվեն էլեկտրակայանքների նախորդ զննման և փորձարկումների արձանագրությունները:
Նշված էլեկտրակայանքներին լարում տրվում է տեխնիկական զննումից և շահագործման միացման թույլտվություն ստանալուց հետո:
Գ Լ ՈՒ Խ IV
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Էլեկտրաէներգիայի մատակարարումը բարձր լարման (1000 վոլտից բարձր) բաժանորդին իրականացվում է պայմանագրում նշված էլեկտրաէներգիայի և հզորության սահմանաքանակների համաձայն: Ցածր լարման (մինչև 1000 վոլտ) բաժանորդների (բացառությամբ բնակչության) հետ կնքվող պայմանագրերում նշվում են միայն էլեկտրասարքավորումների հայտավորված հզորությունները:
17. Բարձր լարման բաժանորդը պարտավոր է պահպանել էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային սահմանաքանակները: Թույլատրվում է էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային սահմանաքանակների փոփոխություն կատարել բաժանորդի և էլեկտրամատակարարող ձեռնարկության փոխհամաձայնությամբ` մինչև հաշվարկային ամսվան նախորդող ամսվա 20-ը:
18. Էներգահամակարգի վթարային բեռնաթափման և (կամ) էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակման ժամանակ բաժանորդը (բացառությամբ բնակչության) պարտավոր է կատարել բեռնվածքի իջեցման (անջատման) մասին էլեկտրամատակարարող ձեռնարկության պահանջն ըստ ԷՕԿ-ի և կնքված պայմանագրի:
Հակառակ դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում կատարելու համապատասխան անջատումներ:
19. Էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի պայմանագրային հարաբերություններից ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ V
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
20. Էլեկտրակայանքների տեխնիկական վերահսկողությունը, անկախ դրանց սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից և գերատեսչական ենթակայությունից, իրականացնում է էներգապետհսկողությունը:
Էներգապետհսկողությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ:
21. Էներգապետհսկողության կողմից էլեկտրակայանքների տեխնիկական վերահսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների էլեկտրամատակարարման համակարգերի տեխնիկական վիճակի ստուգման և շահագործման հսկողության պարտականություններից, իսկ իրավաբանական և ֆիզիկական անձանց չի ազատում էլեկտրակայանքների կառուցվածքների կանոնների, սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոնների, սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնների, էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների և այլ նորմատիվ տեխնիկական ակտերի պահանջների կատարման պատասխանատվությունից:
22. Էներգապետհսկողության մարմինների հետ համաձայնեցված հատուկ կանոններով շահագործվող էլեկտրակայանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում են դրանք շահագործողները:
23. Էներգապետհսկողության պաշտոնատար անձանց մուտքն սպառողի էլեկտրակայանքների կամ էլեկտրաէներգիայի ընդունիչների տարածք, ինչպես նաև այդ անձանց կողմից էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտվելու դեպքում սպառողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Էներգապետհսկողության պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը.
բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի համար պետական կամ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները.
գ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքը.
դ) ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին ու պարտականություններին.
ե) պահպանել ստուգվող օբյեկտի օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը:
Էներգապետհսկողության պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ VI
ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ, ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԲԱՑԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ)
24. Սպառված էլեկտրաէներգիայի քանակը և դրա արժեքը որոշվում են համաձայն էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև կնքված պայմանագրի և գործող սակագների:
25. Բաժանորդի և էլեկտրամատակարարող ձեռնարկության էլեկտրաէներգիայի առուվաճառքի պատասխանատու անձինք սպառված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կազմում են երկկողմանի ակտ: Բաժանորդի պատասխանատու անձի չներկայանալու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը կազմում է միակողմանի ակտ:
Էլեկտրամատակարարող ձեռնարկությունն էլեկտրաէներգիայի վճարման փաստաթուղթը կազմում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին ակտի հիման վրա:
26. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը հատուցում է բաժանորդին նրան ենթաբաժանորդների էլեկտրակայանքների սպասարկման համար կատարված ծախսերը` պայմանագրում նախատեսված չափով:
27. Բաժանորդը և ենթաբաժանորդը սպառված էլեկտրաէներգիայի համար վճարը կատարում են էլեկտրամատակարարող ձեռնարկությանը` վերջինիս ներկայացրած վճարման փաստաթղթի հիման վրա:
28. Վճարումները կատարվում են վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:
29. Բաժանորդին վճարման փաստաթղթի ներկայացման պահից մինչև 7-րդ օրը չվճարելու դեպքում բաժանորդից գանձվում է տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավելի, քան օրական 0,1 տոկոսը, իսկ էլեկտրամատակարարող ձեռնարկությանն իրավունք է վերապահվում հոսանքազրկելու բաժանորդին` պայմանագրում նշված ժամկետում պաշտոնապես զգուշացնելուց հետո:
Բաժանորդի հոսանքազրկումը կարող է չիրականացվել նրա կողմից էլեկտրամատակարարող ձեռնարկության համար ընդունելի վճարման երաշխիքների ներկայացման դեպքում, բայց վճարման փաստաթղթի ներկայացման պահից 30-օրյա ժամկետից ոչ ավելի: Նշված ժամկետում պարտքի և հաշվարկված տույժի չվճարման դեպքում բաժանորդը ենթակա է պարտադիր հոսանքազրկման:
30. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պահպանում է վճարում չկատարելու պատճառով բաժանորդին էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման իրավունքը մինչև նրա կողմից պարտքի և հաշվարկված տույժի լրիվ մարումը:
Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է պարտքի և հաշվարկված տույժի վճարումը հաստատող փաստաթուղթը բաժանորդի կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնելու դեպքում պարտավոր է բաժանորդին փոխհատուցել այդ ժամկետը գերազանցած ժամանակահատվածում թերմատակարարված էլեկտրաէներգիայի համար` ԷՕԿ-ի 40-րդ կետով սահմանված կարգով:
31. Պայմանագրով սահմանված էլեկտրական հզորության սահմանաքանակը բաժանորդի կողմից 10 տոկոսից գերազանցվելու դեպքում բաժանորդից գանձվում է տուգանք` սահմանաքանակը գերազանցած յուրաքանչյուր մեկ կիլովատի դիմաց խախտումն արձանագրելու պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկ գումարի չափով, որի մեծությունը սահմանվում է պայմանագրով:
32. Վճարման փաստաթղթերում կամ հաշվառքի սարքերի ցուցմունքների գրառման սխալի հայտնաբերման դեպքում բաժանորդը հայտնաբերման պահին նախորդող 6 ամսից ոչ ավելի ժամանակահատվածի համար պարտավոր է դիմել էլեկտրամատակարարող ձեռնարկությանը:
Բաժանորդի դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ստուգել իր գրառումները, անհրաժեշտության դեպքում նաև հաշվառքի սարքերը և ստուգման արդյունքների մասին հայտնել բաժանորդին:
Վճարման փաստաթղթերում կամ հաշվառքի սարքերի ցուցմունքների գրառման սխալը հաստատվելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է երկօրյա ժամկետում ուղղել սխալը և բաժանորդի համաձայնությամբ` ավելի գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ հակառակ դեպքում` բաժանորդին ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ: Ավելի գանձված գումարը բաժանորդին է վերադարձվում սխալի հաստատման պահից 7 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավելի, քան օրական 0,1 տոկոսը: Նոր վճարման փաստաթղթով վճարումը կատարվում է ԷՕԿ-ի 29-րդ կետով սահմանված կարգով:
Ոչ բաժանորդի մեղքով հաշվառքի սարքերի սխալ աշխատանքի հայտնաբերման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է վերահաշվարկ կատարել հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի վերջին ստուգման օրվանից հետո ընկած ժամանակահատվածի համար, սակայն 6-ամսյա ժամկետից ոչ ավելի, և ավելի գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար, իսկ հակառակ դեպքում` բաժանորդին ներկայացնել նոր վճարման փաստաթուղթ: Ծախսված էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է հաշվառքը վերականգնելուց հետո ընկած հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով:
Հաշվառման սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված էլեկտրաէներգիայի ու դրա արժեքի վերահաշվարկ, եթե շեղումները գտնվում են հաշվառման սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:
33. Պայմանագրով բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքի, հետևաբար և սպառված էլեկտրաէներգիայի քանակի նվազեցման նպատակով հաշվիչի միացման սխեմայի փոփոխման, հաշվիչի կողանցումով էլեկտրական ընդունիչների միացման, հաշվառքի սարքերի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման), հաշվիչի սկավառակի արհեստական արգելակման և (կամ) այլ միտումնավոր խախտումների դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդի հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ:
Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում բաժանորդի ծախսած էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկի համար: Ակտին բաժանորդի չհամաձայնվելու դեպքում հարցը կարգավորվում է ԷՕԿ-ի 19-րդ կետով սահմանված կարգով:
Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը հաշվառքի խախտման ակտը կազմելու պահից մինչև հաշվառքի վերականգնումը առևտրային հաշվառքի սարքերը վերջին անգամ փոխելու կամ դրանց միացման սխեմայի ստուգման օրվանից սկսած ամբողջ ժամանակահատվածի համար (բայց 6-ամսյա ժամկետից ոչ ավելի), բաժանորդի փաստացի առավելագույն բեռնվածքով և աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով էլեկտրաէներգիայի մատակարարման փաստացի ժամանակահատվածը) կատարում է էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ:
Հաշվառքը վերականգնում է էլեկտրամատակարարող ձեռնարկությունը` հաշվառքի խախտման ակտի հիման վրա, ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հաշվառքի վերականգնման և (կամ) հաշվիչի վերանորոգման հետ կապված ծախսերը փոխհատուցում է բաժանորդը:
Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, հակառակ դեպքում դադարեցվում է բաժանորդի էլեկտրամատակարարումը, և էլեկտրամատակարարող ձեռնարկությունը հաշվարկված գումարը գանձում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվում է ԷՕԿ-ի 30-րդ կետով սահմանված կարգով:
34. Նվազագույն բեռնվածքի ռեժիմներում, երբ տեխնիկապես անհնարին է հաշվառքի սարքերի աշխատանքը, բաժանորդի կողմից այդ ռեժիմներում օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվառքը կատարվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածում փաստացի միացված էլեկտրական սպառիչների հզորությամբ:
Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածների տևողությունը և այդ ժամանակահատվածներում միացված գումարային բեռի մեծությունները դրանց հաշվարկի կարգի հետ միասին հավելվում են պայմանագրին:
35. Բաժանորդի նվազագույն բեռնվածքի ռեժիմում պայմանագրում նշված հզորության գերազանցում հայտնաբերելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի կողմից վերջին անգամ հաշվիչի ցուցմունքը գրանցվելու օրվանից մինչև խախտման պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար (բայց 3 ամսից ոչ ավելի) բաժանորդի այդ ռեժիմում սպառած էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է ԷՕԿ-ի 34-րդ կետի համաձայն:
36. Բաժանորդի նվազագույն բեռնվածքի ռեժիմների տևողության և բեռնվածքի մեծության փոփոխման կապակցությամբ պայմանագրում փոփոխություն կատարվում է բաժանորդի գրավոր պահանջով և էլեկտրամատակարարող ձեռնարկության համաձայնությամբ, սկսած գրավոր պահանջի ներկայացման օրվանից: Փոփոխությունը կատարվում է առանց նախորդ ժամանակահատվածներում սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկի:
Գ Լ ՈՒ Խ VII
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
37. Էլեկտրաէներգիան մատակարարվում է անընդհատ, եթե պայմանագրով դրա մատակարարման ընդհատում չի նախատեսված:
38. Էլեկտրաէներգիայի (հզորության) մատակարարման սահմանափակումները և (կամ) դադարեցումը` կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի համակարգում վթարների կանխման կամ դրանց վերացման անհետաձգելի տեխնիկական միջոցառումների իրականացման հետ, էլեկտրամատակարարող ձեռնարկության կարգավարական ծառայությունն իրականացնում է ազգային էլեկտրական ցանցի կենտրոնական կարգավարական ծառայության (ԱԷՑԿԿԾ) հրահանգով` բաժանորդի էլեկտրամատակարարումը սահմանափակելով մինչև ամրագրված վթարային և տեխնոլոգիական բեռնվածքը: Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը վթարային իրավիճակի վերացումից անմիջապես հետո բաժանորդին պարտադիր տեղեկացնում է էլեկտրամատակարարման սահմանափակման պատճառների մասին:
39. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդին պայմանագրով սահմանված ժամկետում նախօրոք գրավոր նախազգուշացնելուց հետո իրավունք ունի մասնակի կամ լրիվ դադարեցնելու նրա էլեկտրաէներգիայի մատակարարումը (պահպանելով վթարային և տեխնոլոգիական ամրագրված հզորությունը) ստորև նշված խախտումներն անհապաղ չվերացնելու դեպքում`
ա) արձանագրվել են ԷՕԿ-ի 18, 29, 33, 50, 67 և 69-րդ կետերի պահանջների խախտումներ.
բ) բաժանորդի մեղքով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշներն իջել են այն աստիճան, որ խախտվել է էլեկտրամատակարարող ձեռնարկության և մյուս բաժանորդների էլեկտրակայանքների բնականոն գործունեությունը.
գ) էլեկտրամատակարարող ձեռնարկության անձնակազմին թույլ չի տրվել մոտենալ էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերին.
դ) էլեկտրամատակարարող ձեռնարկությունն ստացել է բաժանորդի հոսանքազրկման մասին էներգապետհսկողության կարգադրագիրը (անջատման հրահանգ):
Բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվում է նշված խախտումների վերացումից, իսկ վերջին դեպքում` էներգապետհսկողության համապատասխան կարգադրագիրը (հեռախոսագիրը) ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում` ԷՕԿ-ի 30-րդ կետով սահմանված կարգով:
Էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցիչը հոսանքազրկում և էլեկտրամատակարարումը վերականգնում է բաժանորդի (բաժանորդների լիազորած անձի) ներկայությամբ կամ բաժանորդին անջատման մասին սահմանված կարգով տեղյակ պահելով, իսկ միացման վերաբերյալ համաձայնությունն ստանալով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
40. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է ապահովել բաժանորդների անխափան, որակով և հուսալի էլեկտրամատակարարումը` համաձայն պայմանագրով ամրագրված սնման սխեմայի:
Էլեկտրաէներգիայի թերմատակարարման դեպքում, բացառությամբ ԷՕԿ-ի 41-րդ կետում նշված դեպքերի, էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդին վճարում է տուգանք` թերմատակարարված էլեկտրաէներգիայի մինչև կրկնակի արժեքի չափով, որի մեծությունը սահմանվում է պայմանագրով:
Բնակչությանը և բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքներին էլեկտրաէներգիայի թերմատակարարման փոխհատուցման կարգը սահմանված է ԷՕԿ-ի 71-րդ կետով:
41. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում բաժանորդներին էլեկտրաէներգիայի թերմատակարարման համար, եթե այն հետևանք է`
ա) տարերային աղետների, որոնց պարամետրերը գերազանցում են նախագծայինը, ինչպես նաև պայմանագրում նշված ֆորս-մաժորային այլ պայմանների.
բ) բաժանորդի սխալ օպերատիվ գործողությունների (սխալ փոխանջատումներ կամ այլ գործողություններ, որոնց պատճառով անջատվում է էլեկտրասնուցումը) և նրա շահագործման ոլորտում գտնվող էլեկտրակայանքների վթարների.
գ) բաժանորդին էլեկտրաէներգիայի մատակարարման` ԷՕԿ-ով թույլատրվող սահմանափակման կամ պայմանագրում նշված ընդհատման պայմանների.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը նշված վթարային իրավիճակի վերացումից անմիջապես հետո բաժանորդին պարտադիր տեղեկացնում է էլեկտրամատակարարման սահմանափակման պատճառների մասին:
42. Էլեկտրամատակարարող ձեռնարկության մեղքով բաժանորդների էլեկտրաէներգիայի թերմատակարարումը որոշվում է թերմատակարարման փաստացի ժամանակով և նախորդ ամսվա միջին հզորությամբ:
Միջին հզորությունը որոշվում է հաշվարկային ամսում ծախսված էլեկտրաէներգիայի և աշխատանքային ժամերի ընդհանուր թվի քանորդով` աշխատանքային ժամաքանակն ընդունելով միահերթ աշխատանքի դեպքում օրական 8 ժամ, երկհերթ աշխատանքի դեպքում` օրական 16 ժամ և եռահերթ աշխատանքի դեպքում` օրական 24 ժամ, եթե պայմանագրով այլ աշխատաժամանակ չի սահմանված:
43. Բաժանորդը էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել էլեկտրամատակարարող ձեռնարկությանը:
Էլեկտրաէներգիայի թերմատակարարման ժամանակը և պատճառները որոշվում են էլեկտրամատակարարող ձեռնարկության ու բաժանորդի օպերատիվ փաստաթղթերով և արձանագրվում երկկողմանի կազմված ակտով:
44. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը 7-օրյա ժամկետում քննարկում է էլեկտրաէներգիայի թերմատակարարման մասին բաժանորդի դիմումը և դրա բավարարման դեպքում ԷՕԿ-ի 40-րդ կետի ու կնքված պայմանագրի համաձայն վճարում է տուգանք ոչ ուշ, քան սպառողի դիմումն ստանալուց 15 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ուշացված օրվա համար տուգանքի գումարը հավելվում է պայմանագրում նշված տույժի տոկոսադրույքի չափով, բայց օրական 0,1 տոկոսից ոչ ավելի:
45. Եթե որևէ բաժանորդի մեղքով ԷՕԿ-ի 41-րդ կետի «բ» ենթակետում նշված պատճառով տեղի է ունեցել էլեկտրամատակարարող ձեռնարկության այլ բաժանորդների էլեկտրաէներգիայի թերմատակարարում, ապա տվյալ բաժանորդը պարտավոր է էլեկտրամատակարարող ձեռնարկությանը հատուցել էլեկտրաէներգիայի թերմատակարարման համար վերջինիս կողմից այլ բաժանորդներին վճարվելիք տուգանքի գումարները:
46. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է էլեկտրական ցանցի հաշվեկշռային պատկանելության սահմանում պահպանել պայմանագրում նշված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ստանդարտներով սահմանված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները:
47. Բաժանորդը որակի ցուցանիշներին չհամապատասխանող ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է հաճախության և լարման իջեցման (բարձրացման) դեպքում պայմանագրով սահմանված չափով, բայց գործող սակագնի 80 տոկոսից ոչ պակաս, եթե այդպիսի որակի էլեկտրաէներգիան բավարարում է բաժանորդին:
Հակառակ դեպքում բաժանորդին իրավունք է վերապահվում էլեկտրամատակարարող ձեռնարկությանը պաշտոնապես տեղեկացնելուց հետո մինչև էլեկտրաէներգիայի որակի վերականգնումը դադարեցնելու կամ սահմանափակելու (մինչև ամրագրված տեխնոլոգիական կամ վթարային չափը) էլեկտրասպառումը:
Այդ ժամանակահատվածում չօգտագործված էլեկտրաէներգիան համարվում է թերմատակարարված, և գանձվում է տուգանք` պայմանագրով սահմանված չափով, բայց թերմատակարարված էլեկտրաէներգիայի արժեքի 50 տոկոսից ոչ ավելի:
Չօգտագործված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է ԷՕԿ-ի 42-րդ կետով սահմանված թերմատակարարված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման կարգով:
48. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդին ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման համար նյութական պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում բաժանորդը չի պահպանել էլեկտրասպառման պայմանագրային ռեժիմը:
49. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշների իջեցման համար մեղավոր կողմը և ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են մատակարարի և բաժանորդի գրանցող սարքերի չափումների կամ վիճակագրական հաշվարկների արդյունքներով, իսկ գրանցող սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով` էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Դրա մասին ակտ է կազմվում էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև:
Ցածրորակ էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է ակտում նշված ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակով և այդ ընթացքում մատակարարված էլեկտրաէներգիայի միջին հզորությամբ:
50. Էլեկտրաէներգիայի ապօրինի սպառում է համարվում`
ա) սպառումն առանց պայմանագրի.
բ) սպառումը հաշվառման սարքի կողանցումով.
գ) սպառումն առանց հաշվառման սարքի կամ վերջինիս սարքավորման հետ կապված տեխնիկական պայմանների խախտումներով:
Էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման հայտնաբերման դեպքում սպառողի (բաժանորդի) ապօրինի էլեկտրասնուցվող էլեկտրակայանքները ենթակա են անհապաղ անջատման, իսկ սպառողը (բաժանորդը) պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
51. Էլեկտրամատակարարող ձեռնարկության հաշվեկշռում և (կամ) սպասարկման ոլորտում գտնվող էլեկտրակայանքների, բաշխիչ սարքերի, սնող մալուխների, հաղորդալարերի և հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պատասխանատվություն է կրում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը:
52. Բաժանորդի սեփականություն հանդիսացող տարածքներում, նրա տնօրինության տակ և (կամ) սպասարկման ոլորտում գտնվող էլեկտրակայանքների, բաշխիչ սարքերի և էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, պահպանման, դրանց շահագործման ու էլեկտրական էներգիայից օգտվելու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատվություն է կրում բաժանորդը: Բաժանորդի էլեկտրատնտեսության սպասարկումը պայմանագրային հիմունքներով կարող են իրականացնել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
53. Բաժանորդը պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ձեռնարկությունը, իսկ պլանով չնախատեսված դեպքերում (հաշվառքի սարքերի վնասվածք, խափանում և այլն) համապատասխան ծախսերը կատարում է բաժանորդը: Բաժանորդի սեփականությունը հանդիսացող, բայց իր սեփական կամ իր կողմից տնօրինվող տարածքներից դուրս տեղադրված հաշվառքի բարքերի ամբողջականության և պահպանման պատասխանատվությունը կրում, ինչպես նաև պլանային և ոչ պլանային սպասարկման ու շահագործման ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ձեռնարկությունը:
Գ Լ ՈՒ Խ IX
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Ա. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
54. Բնակչությանը էլեկտրական էներգիայից օգտվել թույլատրվում է էլեկտրամատակարարման մասին դիմումի հիման վրա և ԷՕԿ-ի 3-րդ կետով սահմանված կարգի համաձայն: Բնակիչների համաձայնությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կարող է համարվել նրանց կողմից ստորագրված բաժանորդի անձնական հաշվառման քարտը:
55. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բացում է բաժանորդի անձնական հաշվառման քարտ` էլեկտրաէներգիայի ծախսերը և վճարումները հաշվառելու համար:
56. Նոր բաժանորդի դիմումի համաձայն նրա անձնական հաշվառման քարտի բացումը կամ նախկին բաժանորդի անձնական հաշվառման քարտի վերաձևակերպումը դիմողի անունով և առևտրային հաշվառքի սարքերի տեղափոխումը կատարում է էելկտրամատակարարող ձեռնարկությունը, իսկ դրանց հետ կապված ծախսերը հատուցում է նախաձեռնող կողմը:
Նոր բաժանորդը էլեկտրամատակարարող ձեռնարկության առջև պատասխանատվություն է կրում նախկին բաժանորդի օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերի և առկա հաշվառման սարքերի համար` ԷՕԿ-ով սահմանված կարգով:
Բ. ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
57. Բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների (սանդղահարթակների, բակերի, նկուղների, ձեղնահարկերի լուսավորման, վերելակների, պոմպերի և այլնի) տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի և շահագործման համար պատասխանատվություն է կրում սեփականատերը կամ այն ձեռնարկությունը, որի սպասարկման ոլորտում են գտնվում տվյալ էլեկտրակայանքները (համատիրություն, մասնագիտացված ձեռնարկություն և այլն):
58. Բնակելի շենքի և առանձնատան (ամառանոցի) մուտքային բաշխիչ սարքերի, հաշվառքի սարքերի պահարանների, դրանք սնող մալուխների և հաղորդալարերի, ինչպես նաև բաժանորդների էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերից մինչև բնակարանները, իսկ առանձնատան (ամառանոցի) դեպքում` մինչև վերջինիս կանգնակը էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի և շահագործման համար պատասխանատվություն է կրում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը:
59. Բաժանորդի բնակելի տարածքում կամ նրա սեփականությունը հանդիսացող այդ տարածքից դուրս տեղակայված էլեկտրակայանքների և էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, պահպանման, շահագործման ու էլեկտրական էներգիայից օգտվելու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատվություն է կրում բաժանորդը: Այդ էլեկտրակայանքների և էլեկտրահաղորդագծերի սպասարկումը կարող են պայմանագրային հիմունքներով իրականացնել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
60. Բաժանորդի էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի շահագործումն իրականացվում է ԷՕԿ-ի 53-րդ կետով սահմանված կարգով:
Բաժանորդների հաշվառքի սարքերի տեղակայումը պետք է բավարարի սպասարկման հետևյալ պայմանները`
ա) բաժանորդի և էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիության ապահովում.
բ) էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի կողմից առանց բաժանորդի կամ բաժանորդների լիազորած անձի ներկայության հաշվառքի սարքերի սպասարկման հնարավորության բացառում:
61. Առանձին շահագրգիռ անձինք մեկից ավելի ընտանիքների զբաղեցրած բնակարանում, հյուրանոցային տիպի բնակելի շենքերում, ինչպես նաև ընդհանուր էլեկտրահաշվիչ ունեցող բնակելի շենքերում կարող են իրենց հաշվին տեղադրել առևտրային հաշվառքի սարքեր` սահմանված կարգով ստանալով բաժանորդի կամ ենթաբաժանորդի կարգավիճակ:
62. Բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների ծախսած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի միջոցով, որոնց տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված մարմինը:
Դ. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔԻՆԵՐԻ ՍՊԱՌԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ, ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
63. Բաժանորդների էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքները յուրաքանչյուր հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ` գրառում և վճարման փաստաթղթերը ձևակերպում է էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցիչը` բաժանորդների կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ: Վերջիններիս չներկայանալու դեպքում էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքները գրառվում են էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի կողմից` միակողմանի:
Վճարման փաստաթղթի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը:
64. Բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը վճարում են նշված գույքի, սարքավորումների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված մարմինները` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի սահմանած սակագնով:
65. Բաժանորդները բնակարաններում, ամառանոցներում, օժանդակ կառույցներում, ավտոտնակներում և այլ կենցաղային կարիքների համար նախատեսված շինություններում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են բնակչության կենցաղային կարիքների համար մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագներով:
Կենցաղային շինությունների և էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի թվից անկախ, սեփականատերն իր սեփականությունը հանդիսացող յուրաքանչյուր բնակարանի (առանձնատան), ամառանոցի գրանցման հասցեով, իսկ վարձակալն իր գրանցման վայրի հասցեով էլեկտրամատակարարող ձեռնարկության հետ կնքում է մեկ պայմանագիր` հանդես գալով որպես մեկ բաժանորդ:
Յուրաքանչյուր բաժանորդ բնակչության կենցաղային կարիքների համար սահմանված սակագնային սանդղակից հաշվարկային ամսում օգտվում է մեկ անգամ` անկախ վճարման ժամկետից:
Նշված տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս` բնակիչը դասվում է այլ սպառողների շարքը, և ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի սահմանած սակագնով:
66. Բաժանորդը վճարման փաստաթղթերով էլեկտրաէներգիայի արժեքի վճարումը կատարում է էլեկտրամատակարարող ձեռնարկությանը` վերջինիս ներկայացրած վճարման փաստաթղթի հիման վրա:
67. Էլեկտրաէներգիայի արժեքի վճարումը վճարման փաստաթուղթն ստանալու օրվանից 10 օրվանից ավելի ուշացնելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը դադարեցնում է բաժանորդի էլեկտրամատակարարումը` նախապես 2 օր առաջ, նրան զգուշացնելուց հետո: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը բաժանորդի կողմից ներկայացվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: Նշված Ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարումը չվերականգնելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է այդ ժամկետը գերազանցած ժամանակահատվածում չմատակարարված էլեկտրաէներգիայի համար փոխհատուցել բաժանորդին` ԷՕԿ-ի 71-րդ կետով սահմանված կարգով:
68. Էլեկտրահաշվիչի ցուցմունքի կամ վճարման համար ներկայացվող գումարի ճշտության հարցում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը կարող է դիմել էլեկտրամատակարարող ձեռնարկությանը` ԷՕԿ-ի 32-րդ կետով սահմանված կարգով:
69. ԷՕԿ-ի 33-րդ և 50-րդ կետերում նշված խախտումների հայտնաբերման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդի հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ, որը հիմք է հանդիսանում բաժանորդի ծախսած էլեկտրաէներգիայի քանակը վերահաշվարկելու համար, իսկ բաժանորդը ենթարկվում է պատասխանատվության` համաձայն ԷՕԿ-ի 50-րդ կետի:
Հաշվառքի խախտման ակտին բաժանորդի չհամաձայնվելու դեպքում վեճը լուծվում է ԷՕԿ-ի 19-րդ կետով սահմանված կարգով:
Հաշվառքի խախտման ակտը կազմվելու պահից մինչև հաշվառքի վերականգնումը վերահաշվարկը կատարվում է էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի նախորդ այցելության օրվանից հաշված ժամանակահատվածի համար, սակայն 6 ամսից ոչ ավելի, հետևյալ կարգով`
ա) էլեկտրավարդակների բացակայության դեպքում` լուսավորության սարքերի հզորությամբ և հաշվարկային ժամանակահատվածում դրանց միացման հավանական ժամերի քանակով.
բ) էլեկտրավարդակների առկայության դեպքում (անկախ էլեկտրավարդակների կամ դրանց փոխարինող հարմարանքների և էլեկտրաընդունիչների թվից) 600 Վտ հզորության օրական 24 ժամ օգտագործման հաշվով, իսկ 1000 Վտ-ից առավել մեծ հզորության էլեկտրաընդունիչների առկայության դեպքում` փաստացի գումարային հզորության օրական 24 ժամ օգտագործման հաշվով:
Հաշվառքի վերականգնումը, դրա հետ կապված ծախսերի փոխհատուցումը, ակտի հիման վրա հաշվարկված գումարների վճարումը և բաժանորդի էլեկտրամատակարարման դադարեցումը իրականացվում են ԷՕԿ-ի 33-րդ կետով սահմանված կարգով, իսկ էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է ԷՕԿ-ի 67-րդ կետով սահմանված կարգով:
70. Էլեկտրաէներգիայի արժեքի (տուգանքների) վճարումների կապակցությամբ էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
71. Էլեկտրամատակարարող ձեռնարկության ցանցերում առաջացած վթարների հետևանքով բաժանորդին 24 ժամից ավելի էլեկտրաէներգիա չմատակարարելու յուրաքանչյուր դեպքում, եթե այն պայմանավորված չէ ԷՕԿ-ի 41-րդ կետում նշված պատճառներով, էլեկտրամատակարարող ձեռնարկությունը փոխհատուցում է բաժանորդին: Այդ դեպքում չմատակարարված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է բաժանորդի նախորդ ամսվա օգտագործած էլեկտրաէներգիայի միջին հզորությամբ և անջատման փաստացի ժամանակով:
Փոխհատուցումը կատարվում է հաշվարկային ամսվա վճարը սահմանելիս:
____________
Ծանոթագրություն. Այսուհետև` բաժանորդին վերաբերող ԷՕԿ-ի բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթաբաժանորդի վրա, եթե վերջինիս վերաբերյալ առանձին նշում չի կատարվում: