«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
8 օգոստոսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 1996 թվականի N 245
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման հետ կապված հարցերը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված կանոնադրության 65-րդ կետի գործողությունը և հաշվապահական հաշվառման մեջ արտարժույթով կատարվող գործառնությունների արտացոլումը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ
Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների վերագնահատման կարգը:
1. Վերագնահատման ենթակա են Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հետևյալ հաշիվների մնացորդները`
ա) օտարերկրյա դրամանիշերը` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների ձևով, որոնք շրջանառության մեջ են գտնվում օտարերկրյա մեկ կամ մի քանի պետությունների տարածքում և հանդիսանում են օրինական վճարման միջոց, ինչպես նաև հանված են կամ հանվում են շրջանառությունից, բայց ենթակա են փոխանակման շրջանառության մեջ գտնվող դրամանիշերով.
բ) բանկային հաշիվներում և ավանդներում գտնվող օտարերկրյա պետությունների դրամական միավորներով արտահայտված միջոցները և վճարման փաստաթղթերը.
գ) արտարժույթով արտահայտված դրամական փաստաթղթերը.
դ) արտարժույթով արտահայտված կարճաժամկետ արժեթղթերը.
ե) արտարժույթով արտահայտված դեբիտորական պարտքերը.
զ) արտարժույթով արտահայտված կրեդիտորական պարտքերը.
է) արտարժույթով ստացված վարկի և փոխառությունների գծով պարտքերը.
ը) պետական միջոցների հաշվին արտարժույթով տրամադրված նպատակային ֆինանսավորումը` նրա չօգտագործված միջոցների մասով:
2. Վերագնահատման ենթակա չեն Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների արտարժույթով արտահայտված սեփական կապիտալը` կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալը, լրացուցիչ ու պահուստային կապիտալը, չբաշխված շահույթը և այլ պահուստներ, նպատակային ֆինանսավորումը, մուտքերը և այլն, բացի սույն կարգի 1-ին կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքերից:
3. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատումը կատարվում է այդ հաշիվների արտարժութային մնացորդները բազմապատկելով վերագնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արտարժույթի համար սահմանված հաշվարկային փոխարժեքով:
4. Վերագնահատումը կատարվում է արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների փոփոխման, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
5. Հաշվապահական հաշվեկշռի արտարժութային և արտարժույթով արտահայտված հաշիվների մնացորդների վերագնահատման արդյունքները (վերագնահատումից հետո և մինչև վերագնահատումը վերագնահատվող հաշիվների Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված գումարային տարբերությունները) ձեռնարկությունները և կազմակերպությունները ձևակերպում են ֆինանսական արդյունքներով, իսկ բյուջետային հիմնարկները` ֆոնդերի ավելացմամբ (նվազեցմամբ):