040.0301.24.07.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 301
քաղ. Երևան
«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2, 4, 7, 12 և 14 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) երկամսյա ժամկետում հաստատել ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման հանրապետական կենտրոնի կանոնադրությունը.
բ) Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ մինչև 1998 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ-ով) վարակված անձանց և ՁԻԱՀ-ով հիվանդների որակյալ մասնագիտացված բժշկական օգնության ու սպասարկման, ինչպես նաև այդ ուղղությամբ կատարվող գիտական և գործնական հետազոտությունների պետական նպատակային ծրագրերը.
գ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ իրականացնել երեխաների ու երիտասարդների բարոյական և սեռական դաստիարակությանն ուղղված համապատասխան միջոցառումներ, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.
դ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այն աշխատանքների ցանկը, որոնց կատարումը չի թույլատրվում ՄԻԱՎ-ով վարակված անձանց.
ե) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածով սահմանված արտոնությունները տալու պայմանների և կարգի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 459 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երրորդ պարբերությամբ:
«Երեք ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են ՄԻԱՎ-ի հետազոտման հավաստագիր (սերտիֆիկատ)»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |