ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 1995 թվականի N 382
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ նախատեսված ոչ հարկային եկամուտների լրիվ և ժամանակին գանձման ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական միջոցների մասնակցությամբ գործող արտաբյուջետային ֆոնդերի մասին» որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել համապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից կատարվող մասհանումների հաշվարկման ու վճարման կարգը և այն կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգ` ըստ դրանց առանձին տեսակների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտները ժամանակին բյուջե չվճարելու դեպքում վճարողներից գանձվում է ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ` չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով:
4. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների հաշվարկման և վճարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |