Գլխավոր տեղեկություն
Համար
N 495
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.1994-27.05.1996)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.1994
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
19.10.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 1994 թվականի N 495

քաղ. Երևան

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Օգտագործված բնական գազի համար ժամանակին վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ`

ա) միջպետական փոխկապակցված առաքումներով հանրապետություն ներմուծվող բնական գազի գինը հաստատում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, նյութական ռեսուրսների նախարարությունը, էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համատեղ.

բ) սպառողներին տրվող բնական գազի տարեկան միջին գինը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ քան եռամսյակը մեկ անգամ).

գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է նախորդ ամսվա 25-ին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` նշված օրվա դրությամբ ԱՄՆ-ի դոլարի ու դրամի հաշվարկային կուրսը.

դ) բնական գազի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով.

ե) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված բնական գազի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված բնական գազի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագնով.

զ) բնակչությանն իրացվող բնական գազի սակագները 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

2. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշումը` բնական գազին վերաբերող մասով:

3. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման հավելվածը` բնական գազին վերաբերող մասով:

 

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ

Վ. ՉԻՏԵՉՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ