Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-602
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1975 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԳԼԽԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

23 սեպտեմբերի 2005 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1975 թվականի նոյեմբերի 15-ին Ժնևում ստորագրված` Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 1975 թ. նոյեմբերի 15-ին` Ժնևում:

Համաձայնագիրը բացվել է ստորագրման մինչև 1976 թ. դեկտեմբերի 31-ը` Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրների և հանձնաժողովի մանդատի 8-րդ կետի համաձայն` հանձնաժողովում խորհրդատվական դեր ունեցող երկրների համար:

Համաձայնագրի նպատակը միջազգային նշանակություն ունեցող ճանապարհների շինարարության և վերանորոգման համաձայնեցված ծրագրի ընդունումն է:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1983 թ. մարտի 15-ին:

Հայաստանի Հանրապետությունը համաձայնագիրը չի ստորագրել:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են հանդիսանում երեք հավելվածները: Առաջին հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը, որը բաղկացած է հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք ուղղվածություն ունեցող A կարգի հիմնական ճանապարհների ցանցային համակարգից, ներառյալ` A կարգի միջանկյալ և B կարգի ճյուղավոր, շղթայական և կապող ճանապարհները, սահմանվում են նշված ճանապարհների համարները և թվերի նշանակությունը: Երկրորդ հավելվածով սահմանվում են միջազգային նշանակություն ունեցող առկա ճանապարհների վերանորոգման և նոր ճանապարհների կառուցման տեխնիկական պայմանները, ճանապարհային նշանների օգտագործման և ճանապարհների գծանշման կարգերը: Երրորդ հավելվածում նկարագրվում է E կատեգորիայի միջազգային ճանապարհների նույնացման և նշման համար օգտագործվող նշանների ձևը:

3. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ազգային ծրագրերի շրջանակներում ընդունել համաձայնագրի առաջին հավելվածում նկարագրված` E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցը` որպես միջազգային նշանակություն ունեցող ճանապարհների շինարարության և վերանորոգման համաձայնեցված ծրագիր,

- E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցի ճանապարհները համապատասխանեցնել համաձայնագրի երկրորդ հավելվածի դրույթների պահանջներին,

- E կատեգորիայի միջազգային ճանապարհային ցանցի ճանապարհները գծանշել համաձայնագրի երրորդ հավելվածում նկարագրված նշանով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված` 1975 թ. նոյեմբերի 15-ին Ժնևում ստորագրված` Գլխավոր միջազգային ավտոմայրուղիների մասին եվրոպական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


23 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ-602

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան