ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
19 հուլիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին` Երևանում, նպատակ ունենալով Հայաստանում Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակ հիմնելով` անմիջական պայմաններ ստեղծել, ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված իրավական փաստաթղթերին համապատասխան, հօգուտ փախստականների և այլ անձանց միջազգային պաշտպանության և մարդասիրական գործառույթներ իրականացնելու համար: Այդ գրասենյակը գործելու է տարածաշրջանային (տեղական) գրասենյակի կարգավիճակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի (այսուհետ` ՄԱՓԳՀ) միջև համագործակցությունը պետք է իրականացվի ՄԱՓԳՀ-ի կանոնադրության և ՄԱՓԳՀ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված այլ որոշումների ու բանաձևերի հիման վրա:
3. Իր գործառույթներն իրականացնելիս ՄԱՓԳՀ-ն համագործակցելու է ինչպես կառավարական, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
4. ՀՀ կառավարությունը ՄԱՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնելու է երկկողմ այլ համաձայնագրերի հիման վրա:
5. Իր գործառույթներն իրականացնելու նպատակով ՄԱՓԳՀ-ն իրավասու է ձևավորել անձնակազմ` իր հայեցողությամբ գրասենյակում նշանակելով պաշտոնյաներ, այլ աշխատակիցներ, որոնք կգործեն իրենց կարգավիճակը հաստատող և ՀՀ կառավարության կողմից տրամադրված հատուկ փաստաթղթերի հիման վրա:
ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաները կարող են այցելել Հայաստանի Հանրապետություն` կապված.
- միջազգային պաշտպանության և մարդասիրական օգնության ծրագրերի վերանայման, պատրաստման, վերահսկման և գնահատման հետ,
- ՄԱՓԳՀ-ի կողմից տրամադրված ապրանքների, սարքավորումների առաքման, ստացման, բաշխման կամ օգտագործման հետ,
- փախստականների հիմնախնդրի լուծման համար մշտական լուծումներ որոնելու հետ,
- որևէ այլ հարցի հետ, որն առնչվում է համաձայնագրի կիրառմանը:
6. ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաները և այլ անձինք, իրենց գործառույթների շրջանակներում, օգտվելու են համաձայնագրով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ` կապված ՀՀ-ում ՄԱՓԳՀ-ի անհրաժեշտ և արդյունավետ գործունեության ապահովման հետ, մասնավորապես.
- ՄԱՓԳՀ-ի անձնակազմին հնարավորություն ընձեռել ցանկացած ժամանակ առանց խոչընդոտի այցելել փախստականներին և ՄԱՓԳՀ-ին առնչվող այլ անձանց, ՄԱՓԳՀ-ի ծրագրերի իրականացման վայրեր,
- ձեռնարկել ցանկացած միջոց համաձայնագրի շրջանակներում ՄԱՓԳՀ-ի անունից ծառայություններ մատուցող անձանց գործառույթների և ծրագրերի արդյունավետ ու անխոչընդոտ իրականացման համար,
- օժանդակել ՄԱՓԳՀ-ի պաշտոնյաներին գրասենյակային անվճար կամ ընդունելի այլ պայմաններով համապատասխան շինություններ գտնելու գործում,
- ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները ՄԱՓԳՀ-ի անձնակազմի, գրասենյակի, շինությունների և սարքավորումների անվտանգությունն ապահովելու նպատակով,
- ՄԱՓԳՀ-ի սեփականության, դրամական միջոցների, գույքի պաշտոնյաների և գործուղված այլ անձանց նկատմամբ կիրառել Միավորված ազգերի արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին 1946 թ. փետրվարի 13-ի կոնվենցիայի, ինչպես նաև համաձայնագրի 8, 9, 10, 11 և 12 հոդվածների համապատասխան դրույթները: Ընդ որում, տեղում հավաքագրված և ՄԱՓԳՀ-ի համար ծառայություններ մատուցող անձանց տրամադրվող արտոնությունները կապված են նրանց գործառույթների շրջանակներում արտահայտած կարծիքի կամ գրավոր խոսքի և կատարած գործողության հետ, իսկ ՄԱՓԳՀ-ի անունից տեղում չհավաքագրված անձանց արտոնությունները և անձեռնմխելիությունը նախատեսված են համաձայնագրի 12 հոդվածում:
8. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 4 հոդվածի դրույթներին, քանի որ կոչված են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան ապահովելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի նոյեմբերի 22-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
|