ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 1994 թվականի N 370
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» N 183 որոշման 2-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է օգոստոսի 15-ի N 370 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսը որոշվում են`
ա) գույքի համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և դրա ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ.
բ) անավարտ շինարարության օբյեկտների համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և յուրաքանչյուր եռամսյակ կատարված աշխատանքների ու ծախսերի եռամսյակի առաջին օրվա դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման ամիս է հանդիսանում 1995 թվականի հունվարը (1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքը եղել է 405,51 դրամ):
(խմբ 23.05.95 թիվ 224 որոշում)
3. Սույն կարգով հաշվարկելիս արժեքների փոփոխման ինդեքսը 1 (մեկ) գործակցից փոքր լինելու դեպքում պետք է ընդունել 1 (մեկ) գործակից:
(լրաց. 23.05.95 թիվ 224 որոշում)
4. Տարաժամկետ վճարման դեպքում վճարման ենթակա գումարը հաշվարկվում է վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և գնահատման պահին սահմանված հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:
(փոփ. 23.05.95 թիվ 224 որոշում)