ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1994 թվականի N 80
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի (Հայխնայբանկի) կանոնադրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի հիմնադրի լիազորությունները դրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:
3. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի կանոնադրական կապիտալի ձևավորման համար հատկացնել նրան 4000 հազ. դրամ` 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿԻ)
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկը (այսուհետև` Հայխնայբանկ) վերակազմավորված է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի մասին» որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 5-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկը Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկի վերակազմավորելու մասին» N 345 որոշմամբ:
2. Հայխնայբանկը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկի իրավահաջորդը և մտնում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի մեջ:
3. Հայխնայբանկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է:
4. Հայխնայբանկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործող օրենսդրությամբ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է Հայխնայբանկում քաղաքացիների ավանդների և այլ արժեքների պահպանումը և վերադարձելիությունը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատվություն չի կրում Հայխնայբանկի պարտավորությունների համար, իսկ Հայխնայբանկը` Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայխնայբանկը ստանձնել են այդպիսիք:
7. Հայխնայբանկն իր ծախսերն ապահովում է սեփական եկամուտների հաշվին:
8. Հայխնայբանկը հիմնադրի համաձայնությամբ կարող է մտնել այլ պետությունների բանկերի հետ միությունների մեջ:
9. Հայխնայբանկն իրավաբանական անձ է:
Հայխնայբանկը, նրա բաժանմունքները, մասնաճյուղերն ու ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իրենց անվամբ կնիք:
10. Հայխնայբանկը հիմնադրի համաձայնությամբ, իր սեփական միջոցների հաշվին կարող է լինել բաժնետիրական կամ համատեղ հիմունքներով ստեղծվող ինվեստիցիոն, հիպոտեկային և այլ բանկերի հիմնադիր կամ բաժնետեր ( մասնակից):
11. Հայխնայբանկն իր իրավասությունների շրջանակներում ընդունում է հրահանգներ և տալիս մեթոդական ցուցումներ:
12. Հայխնայբանկի լրիվ և կրճատ անվանումներն են`
հայերեն` Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված խնայողական բանկ, «Հայխնայբանկ».
ռուսերեն` Государственный специализированный сберегательный банк Республики Армения , "Армсбербанк"
անգլերեն` The State Specialized Savings Bank of the Republic of Aarmenia, "Aarmsavingsbank":
13. Հայխնայբանկի գլխավոր գրասենյակի կենավայրը Երևան քաղաքն է:
II. Հայխնայբանկի հիմնական խնդիրները
14. Հայխնայբանկի հիմնական խնդիրներն են`
ա) բնակչության դրամական միջոցների և այլ արժեքների ներգրավումը և դրանց տեղաբաշխումը.
բ) իրավաբանական ու ֆիզիկական անձանց դրամավարկային և հաշվարկային սպասարկումը.
գ) Հայաստանի Հանրապետությունում միասնական դրամավարկային քաղաքականության իրականացման գործում մասնակցությունը.
դ) իրավաբանական անձանց դրամական միջոցների և այլ արժեքների ներգրավումն ու դրանց տեղաբաշխումը` հիմնադրի կողմից սահմանված կարգով:
III. Հայխնայբանկի գործառնությունները
15. Հայխնայբանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`
ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.
կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող) հանձնարարությամբ.
բացել և վարել հաճախորդների` բանկերի (թղթակցող) հաշիվներ.
ներգրավել վարկային ռեսուրսներ և տրամադրել վարկեր.
թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր ու արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն).
երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև այլ պարտավորություններ.
ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկն ու կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).
օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի համաձայնությամբ կազմակերպել և անցկացնել դրամաիրային վիճակախաղեր.
գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել տարադրամ.
հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).
մատուցել խորհրդատվական ծառայություններ.
գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել, ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ.
սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).
փաստաթղթերի և արժեքների պահպանման նպատակով ժամանակավոր օգտագործման համար տրամադրել անհատական չհրկիզվող պահարաններ.
կատարել կոմունալ, կենցաղային և այլ ծառայությունների դրամարկղային սպասարկում:
Սույն կետով նախատեսված գործառնությունները Հայխնայբանկը կարող է կատարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտոնագրի առկայության դեպքում` տարադրամով:
16. Հայխնայբանկը և նրա հիմնարկներն իրավունք ունեն այլ բանկերում և հաշվարկային կենտրոններում բացել թղթակցային հաշիվներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Հայխնայբանկն արժեթղթերով միջնորդական գործառնություններ կատարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալուց հետո:
IV. Հայխնայբանկի գույքը
18. Հայխնայբանկի գույքը նրան է պատկանում լրիվ տնտեսավարման իրավունքով:
Հայխնայբանկի գույքը ձևավորվում է նրա հիմնադիր դրամական ու նյութական ներդրումներից և սույն կանոնադրությամբ սահմանված գործունեությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
V. Հայխնայբանկի կանոնադրական կապիտալը և ֆոնդերը
19. Հայխնայբանկի կանոնադրական կապիտալը պատկանում է պետությանը և ծառայում է Հայխնայբանկի պարտավորությունների ապահովմանը:
20. Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի չափը 4000 հազ. դրամ է, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներդրումներից.
Հայխնայբանկի ապահովագրական ֆոնդը ստեղծվում է Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի 100 տոկոսի չափով:
Հայխնայբանկի պահուստային ֆոնդը ստեղծվում է Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի 100 տոկոսի չափով:
21. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահույթից հարկերի և բյուջե այլ պարտադիր վճարումների կատարումից, ապահովագրական ու պահուստային ֆոնդերի ստեղծումից հետո Հայխնայբանկի տրամադրության տակ մնացած շահույթի հաշվին կարող են ստեղծվել`
արտադրական և սոցիալական զարգացման ֆոնդ.
նյութական խրախուսման ֆոնդ.
Հայխնայբանկի կանոնադրական գործունեությանն ուղղված այլ ֆոնդեր:
Նշված ֆոնդերի ձևավորումը և օգտագործումը Հայխնայբանկն իրականացնում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:
VI. Հայխնայբանկի շահույթը և դրա բաշխումը
22. Հայխնայբանկի հաշվեկշռային շահույթը ձևավորվում է իր գործունեության արդյունքից` որպես բոլոր եկամուտների և ծախսերի տարբերություն:
Հայխնայբանկի հաշվեկշռային շահույթից մուծվում են բյուջե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարումներ:
Նշված վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը Հայխնայբանկն օգտագործում է հիմնադրի կողմից սահմանված կարգով:
VII. Հայխնայբանկի կառուցվածքը, կառավարումը և աշխատակիցները
23. Հայխնայբանկը միասնական համակարգ է, որը ներառում է գլխավոր գրասենյակը և իրեն ենթակա բաժանմունքները, մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները:
Հայխնայբանկի բաժանմունքներն ու մասնաճյուղերը գործում են Հայխնայբանկի վարչության կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:
Հայխնայբանկի ներկայացուցչություններն իրականացնում են ֆինանսական շուկայի ուսումնասիրման, Հայխնայբանկի անունից պայմանագրերի կնքման ու համանման այլ գործառույթներ և իրավասու չեն իրականացնել բանկային գործառնություններ:
Հայաստանի Հանրապետությունում Հայխնայբանկի բաժանմունքները, մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ արտասահմանում տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Հայխնայբանկի հիմնադիրը`
ա) սահմանում է Հայխնայբանկի կանոնադրական կապիտալի չափը, ապահովագրական, պահուստային և այլ ֆոնդերի ձևավորման ու օգտագործման կարգը.
բ) հաստատում է Հայխնայբանկի գործունեության կիսամյակային և տարեկան հաշվետվությունները.
գ) հաստատում է Հայխնայբանկի եկամուտների և ծախսերի նախահաշիվները:
25. Հայխնայբանկի կառավարման բարձրագույն մարմինը Հայխնայբանկի վարչությունն է:
Հայխնայբանկի վարչությունը բաղկացած է 11 անդամներից, որոնք են`
ա) Հայխնայբանկի վարչության նախագահը.
բ) Հայխնայբանկի վարչության նախագահի առաջին տեղակալը.
գ) Հայխնայբանկի վարչության 9 անդամները, որոնք նշանակվում և ազատվում են Հայխնայբանկի հիմնադրի կողմից` վարչության նախագահի ներկայացմամբ:
26. Հայխնայբանկի վարչության նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է վարչության անդամների 2/3-ը:
Հայխնայբանկի վարչության նիստերում որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հայխնայբանկի վարչության անդամների ձայների հավասարության դեպքում վարչության նախագահի ձայնը վճռորոշ է:
27. Հայխնայբանկի վարչությունը`
ա) ընդունում է որոշումներ Հայխնայբանկի բաժանմունքների, մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ստեղծման, վերակազմավորման ու լուծարման մասին, քննարկում է և հաստատում դրանց գործունեության կիսամյակային ու տարեկան հաշվետվությունները.
բ) քննարկում է ստուգումների և վերստուգումների նյութերը, ինչպես նաև Հայխնայբանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվությունները և ընդունում է որոշումներ դրանց վերաբերյալ.
գ) սահմանում է Հայխնայբանկի աշխատակիցների աշխատանքի վարձատրության, խրախուսման և նրանց կարգապահական տույժերի ենթարկելու կարգը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան.
դ) քննարկում և որոշումներ է ընդունում Հայխնայբանկի գործունեության այլ հարցերի վերաբերյալ:
28. Հայխնայբանկի գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Հայխնայբանկի վարչության նախագահը:
Հայխնայբանկի վարչության նախագահը և նրա առաջին տեղակալը նշանակվում են պաշտոնի և ազատվում պաշտոնից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
29. Հայխնայբանկի վարչության նախագահը`
իրականացնում է Հայխնայբանկի և նրա վարչության աշխատանքների ընդհանուր ղեկավարումը.
ապահովում է Հայխնայբանկի վարչության նիստերի նյութերի նախապատրաստումը.
նախագահում է Հայխնայբանկի վարչության նիստերը և ստորագրում վարչության կողմից ընդունված որոշումները.
ի կատարումն վարչության որոշումների, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ.
կազմակերպում է կադրերի ընտրության աշխատանքները.
նշանակում է աշխատանքի և ազատում աշխատանքից Հայխնայբանկի գլխավոր գրասենյակի աշխատակիցներին, բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.
Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատված Հայխնայբանկի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Հայխնայբանկի հաջորդ տարվա գործունեության ծրագիրը.
Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում ներկայացնում է Հայխնայբանկը.
իրականացնում է գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
30. Հայխնայբանկի աշխատակիցներ են հանդիսանում Հայխնայբանկի գլխավոր գրասենյակի, բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների աշխատակիցները:
Հայխնայբանկի աշխատակիցները պարտավոր են պահպանել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ստացած հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները:
VIII. Հայխնայբանկի ֆինանսական հուսալիության ապահովումը և հաճախորդների շահերի պաշտպանությունը
31. Հայխնայբանկի հուսալիությունն ապահովելու և հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով Հայխնայբանկը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված հետևյալ տնտեսական նորմատիվները`
կանոնադրական կապիտալի նվազագույն չափերը.
սեփական միջոցների և ակտիվների գումարի միջև սահմանային հարաբերակցությունը.
հաշվեկշռի իրացվելիության (լիկվիդայնության) ցուցանիշները.
մեկ փոխառուի ռիսկի առավելագույն չափը.
բնակչության կողմից ներդրված գումարների և սեփական միջոցների միջև սահմանային հարաբերակցությունը.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստի չափը:
IX. Հայխնայբանկի բանկային գաղտնիքը
32. Հայխնայբանկը և նրա հիմնարկները երաշխավորում են իրենց հաճախորդների և բանկերի (թղթակցող) ավանդների հաշիվների և գործառնությունների գաղտնիությունը: Բանկային գաղտնիքը հրապարակելու կամ այլ կերպ հայտնի դարձնելու դեպքում Հայխնայբանկի աշխատակիցները կրում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
33. Իրավաբանական անձանց հաշիվների և գործառնությունների մասին տեղեկանքներ կարող են տրվել դրանց վերադաս մարմիններին, դատական արբիտրաժային և քննչական մարմիններին` իրավաբանական անձանց վերաբերյալ գործերը վարույթում գտնվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաև հարկման հարցերով` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը:
Քաղաքացիների հաշիվների և ավանդների մասին տեղեկանքներ կարող են տրվել այդ քաղաքացիներին և նրանց օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաև դատական ու քննչական մարմիններին` իրենց վարույթում գտնվող գործերով այն դեպքում, երբ քաղաքացիների հաշիվներում ու ավանդներում գտնվող դրամական միջոցների և այլ արժեքների (այդ թվում արժեթղթերի) վրա կարող է կալանք դրվել, տույժ է դրված կամ կիրառվել է գույքի բռնագրավում:
Այլ մարմիններին ու անձանց Հայխնայբանկը տեղեկանքներ տալիս է միայն օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում:
34. Եթե դատական, արբիտրաժային, քննչական, հարկային պետական տեսչության ու նոտարական մարմինները տեղեկություններ չունեն Հայխնայբանկում ավանդների և այլ տեսակի խնայողությունների հաշիվների առկայության մասին, ապա Հայխնայբանկը այդ հաշիվների որոնում չի կատարում:
X. Հայխնայբանկի ավանդատուները
35. Հայխնայբանկի ավանդատուներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:
36. Ավանդատու է համարվում այն անձը, որի անվամբ Հայխնայբանկը կամ նրա համապատասխան հիմնարկը ավանդ է ընդունել` նրան տալով սահմանված ձևի փաստաթուղթ:
37. Ավանդատուն իր ավանդը Հայխնայբանկում իրավունքի ունի պահել առանց ժամկետի սահմանափակման, տնօրինել այն ինչպես անձամբ, այնպես էլ` ներկայացուցչի միջոցով:
38. Ավանդատուները և այլ տեսակի խնայողությունների տերերն իրավունք ունեն սահմանված կարգով ստանալ եկամուտներ` տոկոսների, ինչպես նաև շահումների ձևով:
XI. Հայխնայբանկի և նրա կողմից սպասարկվող հաճախորդների փոխհարաբերությունները
39. Հայխնայբանկը միջբանկային դեպոզիտային, վարկային և այլ գործառնություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
40. Հայխնայբանկի և հաճախորդների փոխհարաբերությունները կարգավորվում են սահմանված կարգով կնքված պայմանագրերով:
41. Հայխնայբանկի հաճախորդներն ավանդների և այլ տեսակի խնայողությունների գծով Հայխնայբանկի հիմնարկներում կարող են ունենալ մի քանի ընթացիկ հաշիվներ:
42. Հայխնայբանկը հաշվարկներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևերին համապատասխան:
Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված չէ հաշվարկների որևէ ձև, Հայխնայբանկն իրավունք ունի հաշվարկներն իրականացնել բանկային պրակտիկայում ընդունված այլ ձևերով:
43. Հայխնայբանկը վարկը ժամանակին վերադարձնելը կարող է ապահովել գրավականով, երաշխավորությամբ և հանձնարարականներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների կատարման ապահովման այլ ձևերով:
Հայխնայբանկը կարող է տրամադրել նաև առանց երաշխիքի (բլանկային վարկեր):
XII. Հայխնայբանկի հաշվառումը, հաշվետվությունը և վերահսկողությունը
44. Հայխնայբանկի գործառնությունների հաշվետու ժամանակաշրջանը հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն է:
Հայխնայբանկը յուրաքանչյուր տարի, ապրիլի 1-ից ոչ ուշ, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն ու հաստատմանն է ներկայացնում նախորդ տարվա հաշվետվությունը, որը ներառում է տեղեկություններ Հայխնայբանկի գործունեության վերլուծության և տարեկան հաշվեկշռի մասին, ինչպես նաև հաշվետվություն` օգուտների և վնասների մասին:
Տարեկան հաշվեկշիռը, օգուտների և վնասների մասին հաշվետվությունը պետք է վավերացված լինի աուդիտային կազմակերպության կողմից:
45. Հայխնայբանկի կիսամյակային և տարեկան հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևով:
Հայխնայբանկի տարեկան հաշվետվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայխնայբանկի տարեկան հաշվետվությունը տրամադրվում է բոլոր շահագրգիռ անձանց:
46. Հայխնայբանկում հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
47. Հայխնայբանկի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է հիմնադիրը:
48. Հայխնայբանկը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնել վիճակագրական և այլ հաշվետվություններ` նրա կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
49. Հիմնադիրը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը իրավունք ունեն ստուգելու Հայխնայբանկի, նրա բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, այդ թվում` նրա օտարերկրյա մասնաճյուղերի գործունեությունը, առանց այդ մասին նրանց տեղյակ պահելու:
50. Հայխնայբանկի հիմնարկների գործունեության վերահսկողությունը Հայխնայբանկի վարչության կողմից իրականացվում է սահմանված կարգով` ներբանկային վերստուգիչ ստորաբաժանումների միջոցով:
51. Բանկային վերահսկողության կարգով ստացված տեղեկությունները դիտվում են որպես բանկային գաղտնիք: