ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
29 հունվարի 2002 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետ Գ. Կոջոյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօթերևութաբանական ցանցի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդմանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Կոջոյանի բացատրությանը, ուսումնասիրելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մարտի 16-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի նպատակն է համագործակցությունը ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի (այսուհետ` ՄՀՕՑ) աշխատանքների կազմակերպման և դրա զարգացման բնագավառում:
ԱՊՀ ՄՀՕՑ-ի հիմնական խնդիրն է ժամանակին ապահովել հավաստի և լիարժեք տեղեկությունների փոխադարձ տրամադրումը` հիդրոօդերևութաբանական պայմանների, մթնոլորտային օդի, մակերևութային ջրերի բնական կամ տեխնածին բնույթի աղտոտվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի այլ բնութագրիչների մասին: Վերը նշված խնդրի լուծումը հնարավոր կդարձնի միջոցներ ձեռնարկել բնակչության պաշտպանության համար, ինչպես նաև թույլ կտա կանխարգելել արտակարգ իրավիճակների առաջացումը տնտեսության ոլորտում:
Ստորագրելով սույն համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
- աջակցել հիդրոօդերևութաբանական ցանցերի և դիտարկման միջպետական համակարգի ձևավորմանը և գործունեության իրավական, նորմատիվ-մեթոդական, չափաբանական, տեխնոլոգիական և ծրագրաապարատային ապահովմանը,
- մասնակցել համատեղ գիտատեխնիկական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը,
- ինքնուրույն ներգրավել ֆինանսական միջոցներ` համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար:
Ստանձնելով սույն պարտավորությունները, Կողմերը շարունակում են այն գործընթացը, որի հիմքը դրվել էր 1992 թվականի փետրվարի 8-ի` Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրով:
Համաձայնագիրը չի հակասում տվյալ ոլորտում Հայաստանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիային, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թ.:
Համաձայնագիրն ամրագրում է ելակետային դրույթ այն մասին, որ սույն համաձայնագրի շրջանակներում գործողություններն իրականացվում են Կողմերի օրենսդրությանը համապատասխան:
Հնարավոր հետագա փոփոխությունները և լրացումները կատարվելու են առանձին արձանագրություններով, որոնք սույն համաձայնագրի անբաժանելի մաս կդիտվեն նույն կարգով ուժի մեջ մտնելուց հետո:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2001 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
