ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 մայիսի 1998 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի մարտի 12-ին, ըստ որի Զարգացման միջազգային ընկերակցությունը Հայաստանի Հանրապետությանը պարտքով տրամադրելու է 10 միլիոն 700 հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR) գումար` գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով: Վարկառուն պետք է ընկերակցությանը վճարի պարտավճար` յուրաքանչյուր տարվա համար կես տոկոսը չգերազանցող դրույքաչափով, ինչպես նաև` սպասարկման վճար, որը տարեկան կազմելու է վարկի հիմնական գումարի սահմանված և չմարված մասի երեք քառորդ տոկոսը: Պարտավճարը և սպասարկման վճարը պետք է մուծվեն յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին: Վարկառուն պետք է վարկի հիմնագումարը հետ վճարի 2008-2032 թթ. ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին և դեկտեմբերի 15-ին: Այս պայմանները կարող են փոփոխվել ընկերակցության պահանջով` ելնելով վարկառուի համախառն ազգային արդյունքի աճի մակարդակից:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 5 հավելվածներ:
Համաձայնագրում սահմանված են ծրագրի իրականացման, վերահսկման կարգն ու պայմանները, ինչպես նաև յուրաքանչյուր փուլում նախատեսված է անկախ հաշվեքննություն:
Գնահատելով միջազգային պայմանագրերի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում վարկային միջոցների օգտագործման ձևավորված իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն համաձայնագրի իրականացման փուլում ՀՀ կառավարությունն անհրաժեշտ ու բավարար միջոցներ պետք է ձեռնարկի ՀՀ Սահմանադրության 8 հոդվածի պահանջները հաշվի առնելու, ինչպես նաև վարկային միջոցների նպատակային օգտագործումն ապահովելու ուղղությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
