ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 461
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա) էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնները (կցվում է).
բ) ջերմային էներգիայից օգտվելու կանոնները (կցվում է):
2. Սույն կանոնները կիրարկել 1995 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Հաստատված է |
ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
(ուժը կորցրել է 16.01.98 N 14 որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնները (հետագայում` կանոններ) սահմանում են էլեկտրամատակարարող ձեռնարկությունների և էլեկտրաէներգիայի սպառողների փոխհարաբերությունները:
Սույն կանոնները պարտադիր են ինչպես էլեկտրամատակարարող ձեռնարկությունների, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառողների համար, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
2. Էլեկտրաէներգիայից օգտվել թույլատրվում է միայն էլեկտրամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում, որն էլ հանդիսանում է կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորող հիմնական փաստաթուղթը:
Պայմանագրին կցվում է էլեկտրական ցանցերի հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործական պատասխանատվության սահմանազատման ակտը:
Կենցաղային սպառողների (բնակչության), որպես էլեկտրամատակարարող ձեռնարկության բաժանորդների, էլեկտրամատակարարման կարգը սահմանված է սույն կանոնների IX բաժնում:
3. Ենթաբաժանորդները էլեկտրական էներգիայից օգտվելու պայմանագիրը կարող են կնքել ինչպես էլեկտրամատակարարող ձեռնարկության, այնպես էլ բաժանորդների հետ: Երկու դեպքում էլ բաժանորդի և էլեկտրամատակարարող ձեռնարկության միջև կնքված պայմանագրում կամ դրա հավելվածում տրվում են բաժանորդի էլեկտրական ցանցին միացված ենթաբաժանորդների ցանկը և նրանց վերաբերյալ տվյալներ (անվանումը, հզորությունը, էլեկտրասպառումը, հաշվարկային հաշիվներ և այլն):
II. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումը կատարում է համաձայն էլեկտրաէներգիայի մատակարարման տարեկան, եռամսյակային, ամսական, օրական սահմանաքանակների և հզորության, որոնք սահմանվում են յուրաքանչյուր սպառողի համար (բացառությամբ բնակչության) հաստատված կարգով:
5. Բոլոր սպառողները պարտավոր են պահպանել էլեկտրական էներգիայի սպառման սահմանված սահմանաքանակները (լիմիտները) և ռեժիմները:
6. Բոլոր սպառողները (բացառությամբ բնակչության) պարտավոր են`
ա) էլեկտրամատակարարող ձեռնարկության հետ համատեղ մշակել և իրականացնել բեռնվածքի իջեցման կարգավորիչ միջոցառումներ առավելագույն բեռնվածքի ժամերին էլեկտրահամակարգի օրական բեռնվածքի նվազեցման համար.
բ) էներգահամակարգի վթարային բեռնաթափման ժամանակ անխտիր կատարել էլեկտրամատակարարող ձեռնարկության` բեռնվածքի իջեցման (անջատման) պահանջը կամ սահմանափակել էներգասպառումը` էներգահամակարգում հզորության և էներգիայի պակասորդի դեպքում սպառողների սահմանափակման և անջատման սահմանված կարգով հաստատված ժամկետացանկերին (գրաֆիկներին) համապատասխան.
գ) պահպանել էլեկտրամատակարարող ձեռնարկության հատկացրած հզորության սահմանաքանակներն էներգահամակարգի առավելագույն բեռնվածքի ժամերին:
7. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանված սահմանաքանակների և ռեժիմների խախտման դեպքում տվյալ սպառողների նկատմամբ կիրառվում են հետևյալ պատժամիջոցները`
ա) էլեկտրաէներգիայի սպառման հաստատված ռեժիմի խախտման դեպքում անջատվում է խախտողի էլեկտրասնուցումը.
բ) էլեկտրաէներգիայի սպառման հաստատված օրական սահմանաքանակի գերծախսի դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի սահմանափակելու էլեկտրաէներգիայի մատակարարումը.
գ) էլեկտրաէներգիայի սպառման ամսական սահմանաքանակի գերծախսի դեպքում գանձվում է տուգանք, համաձայն սույն կանոնների 13-րդ կետի:
III. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
8. Սպառողների էլեկտրակայանքների պետական էներգահսկողությունը և վերահսկողությունը, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, իրականացնում է էներգապետհսկողությունը:
9. Էներգապետհսկողության մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի պետական հսկողության և խնայողության գլխավոր վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 459 որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա:
Էներգապետհսկողության հետ համաձայնեցված հատուկ կանոններով շահագործվող էլեկտրակայանքների էներգահսկողությունն իրականացվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:
10. Պետական էներգահսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների էլեկտրասպառման համակարգերի տեխնիկական վիճակի և դրանց շահագործման ստուգման գծով պարտականությունների կատարումից, իսկ ձեռնարկություններին չի ազատում «Էլեկտրակայանքների կառուցվածքի կանոնների», «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոնների», «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոնների», «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների» և այլ ակտերի պահանջների կատարման պարտականությունից:
11. Սպառողի էլեկտրակայանքների կամ էլեկտրաէներգիայի սպառիչների մոտ էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող ձեռնարկության պաշտոնատար անձանց մուտքը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի սպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտելու համար սպառողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
12. Սպառողներն անմիջապես էլեկտրամատակարարող ձեռնարկության, վերավաճառողների կամ բաժանորդների էլեկտրական ցանցերից ստացած էլեկտրաէներգիայի համար վճարումները կատարում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագնին համապատասխան:
(փոփ. 27.05.96 N 160 որոշում)
13. Սպառողների կողմից պայմանագրով սահմանված էլեկտրաէներգիայի և հզորության սահմանաքանակների 10 տոկոսից ավելի գերազանցման դեպքում գանձվում է տուգանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ պայմանագրով սահմանված էլեկտրաէներգիայի սահմանաքանակից ավելի ծախսված էլեկտրաէներգիայի համար բացի վարձից գանձվում է նաև տուգանք` դրա արժեքի 10-ապատիկի չափով:
14. Սպառողների կողմից ապօրինի էլեկտրամատակարարում իրականացնելու, ինչպես նաև իրենց բաշխիչ սարքավորումներին, ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին ապօրինաբար այլ սպառողներ միացնելու համար նրանք ենթարկվում են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Էլեկտրաէներգիայից օգտվելու համար վճարումները կատարվում են հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա հաշվարկային ժամանակի համար հաստատված սակագնով:
16. Սպառողի կողմից հաշվարկային էլեկտրահաշվիչների ցուցմունքները սահմանված ժամկետում էլեկտրամատակարարող ձեռնարկությանը չներկայացնելու դեպքում վճարման է ներկայացվում բանկ նախորդ ամսվա ընթացքում ծախսված էլեկտրաէներգիայի միջին օրականի չափով հաշված ծախսը: Ըստ որում, ծախսված էլեկտրաէներգիայի միջին օրականի չափով հաշվարկը չպետք է գերազանցի մեկ հաշվարկային ամիսը, որի ավարտից հետո էլեկտրաէներգիայի ծախսը պետք է որոշվի էլեկտրամատակարարող ձեռնարկության կողմից` թույլատրված պայմանագրային հզորությամբ, կամ միացված էլեկտրասարքավորումների դրվածքային հզորությամբ և սպառողի աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով փաստացի տրված էլեկտրաէներգիայի ժամանակահատվածը)` մինչև էլեկտրահաշվիչների ցուցմունքների ներկայացնելը, առանց հետագա վերահաշվարկի:
Եթե միջին օրականի չափով էլեկտրաէներգիայի ծախսը հաշվելու ժամանակ այն գերազանցում է ամսական սահմանաքանակը, ապա սպառողի նկատմամբ կիրառվում են սույն կանոնի 13-րդ կետով սահմանված պատժամիջոցները:
17. Բաժանորդի կողմից սպասարկվող բաշխիչ սարքավորումներից այլ սպառողների (ենթաբաժանորդների) էլեկտրասնուցման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը կնքված պայմանագրով նախատեսված չափով հատուցում է բաժանորդի` բաշխիչ սարքավորման սպասարկման համար կատարած ծախսերը:
18. Բաժանորդները սպառած էլեկտրաէներգիայի համար վճարում են էլեկտրամատակարարող ձեռնարկությանը, իսկ ենթաբաժանորդները` այն ձեռնարկությանը (բաժանորդին կամ էլեկտրամատակարարող ձեռնարկությանը), որի հետ կնքել են պայմանագիր: Էլեկտրամատակարարող ձեռնարկությունն իր հետ պայմանագիր կնքած ենթաբաժանորդին մատակարարած էլեկտրաէներգիայի վարձի չափով պակասեցնում է բաժանորդին ներկայացվող էլեկտրաէներգիայի վարձը:
19. Էլեկտրաէներգիայից օգտվելու համար վճարումը կատարվում է պայմանագրով սահմանված կարգով:
20. Բանկ ներկայացված վճարման փաստաթղթերով ներկայացված գումարը մինչև հաջորդ օրը որևէ պատճառով չվճարելու դեպքում վճարողից գանձվում է տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար էլեկտրամատակարարող ձեռնարկությանը չվճարված գումարի 0.5 տոկոսի չափով:
21. Անկախ տույժի գանձումից, էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պահպանում է վճարում չկատարելու պատճառով բաժանորդին էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման` մինչև նրա կողմից պարտքի մարումը:
22. Վճարման փաստաթղթերում սխալի կամ հաշվիչի ցուցմունքի, անճշտության հայտնաբերման դեպքում վճարողը պարտավոր է դիմել էլեկտրամատակարարող ձեռնարկությանը:
Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պետք է դիմելու օրվանից 10 օրվա ընթացքում ստուգի հաշվարկը, անհրաժեշտության դեպքում` նաև հաշվիչը և ստուգման արդյունքների մասին հայտնի վճարողին:
Հաշվիչի ստուգման կամ վճարման փաստաթղթերում հայտնաբերված սխալի մասին հայտնելը վճարողին չի ազատում պահանջվող ժամկետում վճարման փաստաթղթերով ներկայացված գումարի վճարման պարտականությունից:
Հաշվարկի մեջ սխալի հայտնաբերման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է վերահաշվարկ կատարել վերջին հաշվարկային ամսվա համար կամ հաշվիչի և էլեկտրասարքավորման տեխնիկական վիճակի վերջին ստուգման օրվանից, եթե ստուգումը կատարվել է վերջին հաշվարկային ամսում:
Հաշվիչի ցուցմունքի շեղումները համարվում են թույլատրելի և չեն պահանջում վերահաշվարկ, եթե դրանք չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչության թույլատրած նորմերը: Եթե ստուգումից պարզվում է, որ անհրաժեշտ է կատարել վերահաշվարկ, ապա այն կատարվում է հերթական վճարման փաստաթղթի ձևակերպման ժամանակ:
23. Ոչ սպառողի մեղքով հաշվարկի խախտման դեպքում ծախսված էլեկտրաէներգիայի համար վճարումը կատարվում է հաշվարկի խախտմանը նախորդող կամ հաջորդող (հաշվարկը վերականգնելուց հետո) հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով` բաժանորդի հայեցողությամբ:
Միջին օրական ծախսով հաշվարկված էլեկտրաէներգիայի համար վճարումը չպետք է գերազանցի մեկ ամիսը, որի ընթացքում հաշվարկային հաշվառքը պետք է վերականգնվի:
24. Սպառողի մեղքով հաշվարկային հաշվառքի սարքերի վնասման (պոկված է կապարակնիքը, ջարդված է ապակին և այլն), հաշվարկային հաշվառքի սարքերի միացման սխեմայի փոփոխման կամ էլեկտրաէներգիայի ապօրինաբար օգտագործման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը կարող է հոսանքազրկել սպառողին և կատարել էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ փաստացի առավելագույն բեռնվածքով, կամ էլեկտրական սպառիչների դրվածքային հզորությամբ և սպառողի աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով փաստացի տրված էլեկտրաէներգիայի ժամանակահատվածը), ամբողջ ժամանակի համար` հաշված հաշվարկային հաշվառքի սարքերի վերջին անգամ փոխելու կամ դրանց միացման սխեմայի ստուգման օրվանից, մինչև վերահաշվարկված գումարի վճարումը:
25. Սպառողն իր էլեկտրամատակարարվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարումից 7 օր առաջ պարտավոր է այդ մասին տեղեկացնել էլեկտրամատակարարող ձեռնարկությանը և վճարել ընդհուպ մինչև պահը ծախսած էլեկտրաէներգիայի համար (վերջին օրական ծախսի մեծությամբ), որից հետո էլեկտրամատակարարող ձեռնարկությունը դադարեցնում է օբյեկտի էլեկտրամատակարարումը, եթե սույն կետում նշված ժամանակահատվածում օբյեկտի նոր սեփականատիրոջ հետ չի կնքվել էլեկտրամատակարարման պայմանագիր:
V. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
26. Սպառողին էլեկտրական էներգիայի թերամատակարարման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը վճարում է տուգանք` սպառողին թերամատակարարված էլեկտրաէներգիայի համար նրա սակագնի 10-ապատիկի չափով, բացառությամբ սույն կանոնների 27-րդ կետում նշված դեպքերի:
27. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում սպառողների էլեկտրաէներգիայի թերամատակարարման համար, եթե այն հետևանք է`
ա) տարերային աղետների` երկրաշարժի, ջրհեղեղի, սառցածածկույթի, փոթորկի, որոնց պարամետրերը գերազանցում են նախագծայինը, ինչպես նաև պայմանագրում նշված ֆորս-մաժորային պայմանները.
բ) սպառողի սխալ գործողությունների (սխալ փոխանջատումներ կամ այլ գործողություններ, որոնց պատճառով անջատվում է էլեկտրասնուցումը).
գ) սպառողներին էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակման կամ պայմանագրում նշված ընդհատման պայմանների.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
28. Էլեկտրամատակարարող ձեռնարկության մեղքով սպառողներին էլեկտրաէներգիայի թերամատակարարումը որոշվում է թերամատակարարման փաստացի ժամանակով և ընթացիկ կամ նախորդ ամսվա (սպառողի ընտրությամբ) միջին հզորությամբ օրվա այն ժամերի համար, երբ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի թերամատակարարումը:
Միջին հզորությունը հաշվելիս հաշվարկային ամսվա ծախսված էլեկտրաէներգիան բաժանվում է աշխատանքային ժամերի ընդհանուր թվի վրա` ընդունելով միահերթ աշխատանքի դեպքում օրական 8 ժամ, երկհերթ աշխատանքի դեպքում` 16 ժամ և եռահերթ աշխատանքի դեպքում` 24 ժամ:
29. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը քննարկում է էլեկտրաէներգիայի թերամատակարարման մասին սպառողի դիմումը և սույն կանոնների համաձայն վճարում է տուգանք ոչ ուշ քան սպառողի դիմումի ստացումից 10 օր հետո:
30. Էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակման ժամանակը և թերամատակարարման պատճառները որոշվում են էլեկտրամատակարարող ձեռնարկության օպերատիվ փաստաթղթերով` հաստատված էներգապետհսկողության կողմից:
31. Եթե սպառողի կողմից «Սպառողների էլեկտրակայանքների տեխնիկական շահագործման կանոններն» և «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններն» խախտման կամ սպառողի էլեկտրակայանքների վթարների հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի թերամատակարարում էլեկտրամատակարարող ձեռնարկության այլ սպառողներին, այդ սպառողը կրում է նյութական պատասխանատվություն էլեկտրաէներգիայի թերամատակարարման համար` այլ սպառողներին էլեկտրամատակարարող ձեռնարկության կողմից վճարված գումարի չափով:
32. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը պարտավոր է էլեկտրացանցի հաշվեկշռային պատկանելության սահմանում պահպանել էլեկտրաէներգիայից օգտվելու պայմանագրում նշված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշները:
33. Էլեկտրամատակարարող ձեռնարկության մեղքով սպառողի արտադրական կարիքների համար պայմանագրային ցուցանիշները չապահովող (հաճախականությունը` 47.5-50 Հց +- 1 % և լարումը` նոմինալից` + 5 %, - 10 %) ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման դեպքում էլեկտրաէներգիայի համար վճարվում է հետևյալ չափերով` հաճախականության իջեցման (բարձրացման) դեպքում` սակագնի 90 տոկոսով և լարման իջեցման (բարձրացման) դեպքում` սակագնի 95 տոկոսով, եթե այդպիսի որակով էլեկտրաէներգիան բավարարում է սպառողին: Հակառակ դեպքում սպառողին իրավունք է վերապահվում էլեկտրամատակարարող ձեռնարկությանը հեռախոսագրով տեղեկացնելուց հետո դադարեցնելու կամ սահմանափակելու (մինչև վթարային ամրագրված չափը) էլեկտրասպառումը` մինչև էլեկտրաէներգիայի որակի բարելավումը: Այդ ժամանակահատվածում չօգտագործված էլեկտրաէներգիան համարվում է թերամատակարարված և գանձվում է տուգանք` համաձայն սույն կանոնների 26-րդ կետի:
34. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը սպառողին ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման համար նյութական պատասխանատվություն չի կրում այն օրերին, որոնց ընթացքում սպառողը չի պահպանել էլեկտրասպառման սահմանված ռեժիմը` թույլ է տվել էլեկտրական էներգիայի և հզորության սպառման սահմանաքանակների գերազանցում, չի պահպանել էլեկտրամատակարարող ձեռնարկության կողմից մտցված էլեկտրասպառման և հզորության սահմանափակման ժամկետացանկը:
35. Էլեկտրաէներգիայի որակային ցուցանիշների իջեցման համար մեղավոր կողմը և ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են վիճակագրական կամ գրանցող սարքերի չափումների արդյունքներով (գրանցող սարքերի բացակայության դեպքում չափման արդյունքները գնահատվում են էլեկտրամատակարարող ձեռնարկության օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա): Չափումների արդյունքները գրանցվում են ակտում, որը կազմում է էլեկտրամատակարարող ձեռնարկության, սպառողի և էներգապետհսկողության ներկայացուցիչների կողմից:
36. Ցածրորակ էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակի (ըստ սույն կանոնների 35-րդ կետում նշված ակտի) և հաշվարկային ժամանակի հարաբերությամբ, հաշվարկային ժամանակում մատակարարված էլեկտրաէներգիայի քանակին համապատասխան:
37. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունների և սպառողների միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ (ԲԱՑԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ)
38. Մեկ կվտ.ժ. էլեկտրաէներգիայի վարձը նախատեսված է սպառողին մատակարարված այն ակտիվ էլեկտրաէներգիայի համար, որը հաշվառված է հաշվեկշռային պատկանելության սահմանում տեղադրված հաշվիչի ցուցմունքով:
Եթե հաշվիչը տեղադրված է սպառողին պատկանող տրանսֆորմատորի երկրորդային լարման կողմում կամ սպառողի հաշվեկշռում գտնվող էլեկտրահաղորդման գծի վերջում, ապա վճարման հաշվառքների ժամանակ հաշվիչի ցուցմունքին գումարվում են այդ տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացած կորուստները: Այդ կորուստների մեծությունը որոշվում է հաշվարկման միջոցով:
39. Սպառողի կողմից էլեկտրական սպառիչների` հաշվարկային հաշվառքի սարքերից դուրս ինքնակամ միացման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը սպառողից լրացուցիչ գանձում է հաշվառքի սարքերից դուրս միացված այդ էլեկտրական սպառիչների հզորությամբ հաշված էլեկտրաէներգիայի վարձը, որպես հաշվարկային ժամանակ ընդունելով ամբողջ ժամանակահատվածը` հաշված սպառողին էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի վերջին անգամ այցելելու օրվանից (հաշվի առնելով փաստացի տրված էլեկտրաէներգիայի ժամանակահատվածը):
Էլեկտրաէներգիայի համար նշված լրացուցիչ վճարումը սպառողին իրավունք չի տալիս առանց էլեկտրամատակարարող ձեռնարկությունից թույլտվության ստացման միացնելու այդ էլեկտրական սպառիչները:
40. Հաշվարկային հաշվիչների զգայնության սահմանից ցածր բեռնվածքի ռեժիմներում օգտագործվող էլեկտրաէներգիայի հաշվառքը կատարվում է ամբողջ նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածների համար փաստացի միացված էլեկտրական սպառիչների հզորությամբ:
Նվազագույն ցածր բեռնվածքի ժամանակահատվածների տևողությունը և այդ ժամանակահատվածում միացված գումարային բեռնվածքի մեծությունները նշվում են էլեկտրաէներգիայից օգտվելու պայմանագրում:
41. Նվազագույն բեռնվածքի ռեժիմի ժամանակ պայմանագրում նշված հզորության մեծության գերազանցման դեպքում, եթե այդ հզորությունը փոքր է հաշվիչի զգայնության սահմանից, սպառողին էլեկտրամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի վերջին անգամ այցելելու օրվանից հաշված ամբողջ ժամանակահատվածի համար ծախսած էլեկտրաէներգիայի մեծությունը հաշվվում է փաստացի միացված էլեկտրական սպառիչների հզորությամբ:
42. Նվազագույն բեռնվածքի ռեժիմների տևողության և բեռնվածքի մեծության փոփոխման կապակցությամբ պայմանագրում փոփոխություն է մտցվում սպառողի գրավոր պահանջով, էլեկտրամատակարարող ձեռնարկության համաձայնությամբ, գրավոր պահանջի ներկայացման օրվանից` առանց վերահաշվարկելու անցած ժամանակահատվածներում օգտագործված էլեկտրաէներգիայի քանակը:
43. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք է վերապահվում էլեկտրաէներգիայի տարբեր սակագներ սահմանելու էներգահամակարգի բեռնվածքի օրական ժամկետացանկերի հատվածներում (գագաթային, կիսագագաթային և գիշերային): Այս դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը սպառողի հետ կնքած պայմանագրում նշում է գագաթային, կիսագագաթային և գիշերային բեռնվածքի ժամերը և այդ ժամանակահատվածների համար էլեկտրաէներգիայի տարբեր սակագները:
(փոփ. 27.05.96 N 160 որոշում)
VII. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
44. Մատակարարվող էլեկտրաէներգիայի համար վճարումները կատարվում են պայմանագրով սահմանված կարգով:
45. Վճարման փաստաթղթերով ներկայացված գումարի չվճարման կամ դրա ոչ ժամանակին վճարման դեպքում տույժի գանձման կարգը սահմանված է սույն կանոնների 20-րդ կետում:
VIII. ՄԵԾԱԾԱԽ ՍՊԱՌՈՂ-ՎԵՐԱՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ
Ընդհանուր դրույթներ
46. Մեծածախ սպառող-վերավաճառողներ են համարվում այն ձեռնարկությունները (կամ տնտհաշվարկային ստորաբաժանումները), որոնք իրենց հաշվեկշռում ունեն տրանսֆորմատորային ենթակայաններ, բարձր և ցածր լարման բաշխիչ ցանցեր և իրագործում են այդ ենթակայանների ու ցանցերի շահագործումը, էլեկտրամատակարարող ձեռնարկությունից էլեկտրաէներգիայի մեծածախ գնումը և դրա վերավաճառումը տարբեր սպառողներին:
47. Էլեկտրաէներգիայի մեծածախ սպառող-վերավաճառողների փոխհարաբերությունները նրանց էլեկտրական ցանցերին միացված սպառողների և էլեկտրամատակարարող ձեռնարկության հետ որոշվում են սույն կանոններով:
Էլեկտրաէներգիայից օգտվելու համար վճարումները
48. Մեծածախ սպառող-վերավաճառողները էլեկտրամատակարարող ձեռնարկությանը վճարում են նրանից գնած ամբողջ էլեկտրաէներգիայի դիմաց` վերավաճառողների համար հաշված սակագնով:
49. Մեծածախ սպառող-վերավաճառողներն էլեկտրաէներգիան իրենց բաժանորդներին մատակարարում են էլեկտրամատակարարող ձեռնարկության բաժանորդների համար հաստատված սակագներով:
50. Մեծածախ սպառող-վերավաճառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի համար վճարումը կատարվում է ամիսը 2 անգամ` էլեկտրամատակարարող ձեռնարկության վճարման փաստաթղթերով, միջանկյալ վճարում` այդ ամսվա առաջին կեսի և վերջնահաշվարկ` ամբողջ ամսվա համար: Վերջինս կատարվում է հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներով` հաշվարկային հաջորդող ամսվա առաջին օրերին (մինչև 5-ը)` հանելով միջանկյալ վճարման գումարը:
Վճարումները կատարվում են պայմանագրի համաձայն:
IX. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼԸ
Ընդհանուր դրույթներ
51. Բնակիչներին (կենցաղային սպառողներին, հետագայում` բաժանորդներ) էլեկտրական էներգիայից օգտվել թույլատրվում է միայն էլեկտրամատակարարող ձեռնարկությունից թույլտվության ստացումից հետո:
52. Բնակելի շենքի էլեկտրահաղորդագծի և էլեկտրասարքավորման շահագործման թույլտվության ստացումից հետո էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բացում է բաժանորդի բաժանորդական անձնական հաշիվ` էլեկտրաէներգիայի վճարումներն ինքնուրույնաբար կատարելու համար հանձնելով նրան հատուկ հաշվարկային գրքույկ:
53. Բաժանորդի անձնական հաշվի վերաձևակերպումն այլ բաժանորդի անունով և հաշվարկային հաշվառքի սարքերի տեղափոխումը կատարվում են միայն էլեկտրամատակարարող ձեռնարկության թույլտվությամբ:
Նոր բաժանորդը պարտավոր է 5-օրյա ժամկետում էլեկտրամատակարարող ձեռնարկությունում վերաձևակերպել բաժանորդի անձնական հաշիվն իր անունով:
Բնակելի շենքերի էլեկտրակայանքների շահագործումը
54. Բնակելի շենքի ընդհանուր կարիքների համար էլեկտրասարքավորումների (մուտքային բաշխիչ սարք, սանդղահարթակների, բակերի, նկուղների, ձեղնահարկերի լուսավորման էլեկտրահաղորդագծեր, վերելակների, պոմպերի էլեկտրաշարժիչներ և այլն) տեխնիկական վիճակի, անվտանգության տեխնիկայի և շահագործման համար պատասխանատվություն է կրում բնակարանային կոմունալ ձեռնարկությունը, որի սպասարկման ոլորտում է գտնվում տվյալ բնակելի շենքը:
55. Բնակարաններում, այգեգործական ամառանոցներում, ավտոտնակներում էլեկտարսարքավորումների և էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, դրանց շահագործման և էլեկտրական էներգիայից օգտվելու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատվություն են կրում բնակիչները:
Էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի շահագործումը
56. Բաժանորդը պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող տարածքում (բնակարան, ավտոտնակ և այլ կենցաղային օբյեկտներ) տեղադրված հաշվիչների համար:
57. Բնակելի շենքերի ընդհանուր բնակարանում, որտեղ ապրում են մի քանի ընտանիք, հյուրանոցային տիպի բնակելի շենքերում, ինչպես նաև ընդհանուր էլեկտրահաշվիչ ունեցող բնակելի շենքերում շահագրգիռ անձինք կարող են տեղադրել (իրենց հաշվին) վերահսկող էլեկտրահաշվիչներ առանձին ընտանիքների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների կատարելու համար:
Վերահսկող էլեկտրահաշվիչների տեղադրման համար էլեկտրամատակարարող ձեռնարկության թույլտվությունը չի պահանջվում: Վերահսկող էլեկտրահաշվիչների տեղադրման աշխատանքների ստուգումը կատարվում է տվյալ բնակարանային կոմունալ ձեռնարկության աշխատողների կողմից:
58. Էլեկտրահաշվիչները պետք է տեղադրվեն այնպիսի տեղերում, որպեսզի չխոչընդոտվի ստուգումների իրականացումը:
Էլեկտրաէներգիայի համար վճարումները բնակչության ԵՎ բնակարանային կոմունալ ձեռնարկությունների կողմից
59. Բնակչության կողմից կենցաղային կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի վարձը նոր սակագնով վճարվում է հանրապետությունում դրա գործողության մեջ մտցվելուց 10 օր հետո, իսկ մինչ այդ վճարվում է նախկին սակագնով:
60. Բնակարանային կոմունալ ձեռնարկությունները շենքի ընդհանուր և տեխնիկական կարիքների համար (վերելակներ, պոմպեր և այլն) ծախսված էլեկտրաէներգիայի համար վճարում են միասնական սակագնով:
Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բնակարանային կոմունալ ձեռնարկությունների ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման փաստաթղթերը ներկայացնում են ամսվա համար մեկ անգամ:
61. Բնակիչները բնակարաններում, օժանդակ կառույցներում, այգեգործական ամառանոցներում, ավտոտնակներում և այլ կենցաղային կարիքների համար նախատեսված օբյեկտներում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարում են բնակչության կենցաղային կարիքների համար մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնով:
Բնակչության կենցաղային կարիքների համար էլեկտրաէներգիա զեղչ սակագնով մատակարարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նշված զեղչը էլեկտրամատակարարող ձեռնարկության կողմից հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետներում:
62. Բաժանորդների կողմից վճարման փաստաթղթերում գրառումը և վարձի մուծումը կատարվում են հաշվարկային ամիսը մեկ անգամ` մինչև հաշվարկային ամսվա հաջորդող ամսվա 15-ը:
Վճարման փաստաթղթերում գրառման և վճարման ժամանակ բաժանորդի թույլ տված անճշտությունները հաշվի են առնվում էլեկտրամատակարարող ձեռնարկության կողմից դրանց հայտնաբերման ժամանակ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետում:
63. Վճարման փաստաթղթերով էլեկտրաէներգիայի վարձի մուծումը կատարվում է Հայխնայբանկի բաժանմունքներում, կամ դրանց բացակայության դեպքում, գյուղական վայրերում` փոստային բաժանմունքներում:
64. Այն դեպքերում, երբ բաժանորդի կողմից էլեկտրաէներգիայի վարձի վճարումների կատարումը կապված է դժվարությունների հետ (օրինակ, խնայբանկի, փոստային բաժանմունքի հեռու գտնվելը բնակավայրից կամ այլ պատճառներով), բաժանորդի համաձայնությամբ, էլեկտրաէներգիայի վարձի մուծումը կարող է կատարել էլեկտրամատակարարող ձեռնարկության լիազոր ներկայացուցիչը, որը պարտավոր է էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցմունքի գրանցման և վարձի գանձման նպատակով բաժանորդների բնակարաններ այցելության ժամանակ բաժանորդի պահանջով ներկայացնել ծառայողական վկայականը:
65. Էլեկտրամատակարարող ձեռնարկության լիազոր ներկայացուցիչը էլեկտրաէներգիայի վարձի գանձման դեպքում բաժանորդին է հանձնում միասնական ձևի վճարման անդորրագիր:
66. Էլեկտրաէներգիայի վարձի մուծումը 15 օրվանից ավելի ուշացնելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը կարող է բաժանորդին անջատել էլեկտրացանցից: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է բաժանորդի կողմից պարտքի և միացման համար կատարված ծախսերի վճարումից հետո:
67. Էլեկտրահաշվիչի ցուցմունքի կամ վճարման համար ներկայացվող գումարի ճշտության նկատմամբ կասկածի դեպքում բաժանորդը դիմում է էլեկտրամատակարարող ձեռնարկությանը` սույն կանոնների 22-րդ և 23-րդ կետերում նախատեսված կարգով: Հաշվիչի ստուգման, նորոգման և փոխման հետ կապված ծախսերը վճարում է բաժանորդը:
68. Էլեկտրաէներգիայի սպառման չափի ցուցմունքի իջեցման նպատակով կենցաղային բաժանորդի մոտ հաշվարկային հաշվիչի միացման սխեմայի փոփոխության, դրա վնասվածքի, կապարակնիքի պոկման, սկավառակի արհեստական արգելակման և այլ կարգի խախտումների հայտնաբերման դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը վերահաշվարկ է կատարում բաժանորդի օգտագործած էլեկտրաէներգիայի` նախորդ այցելության օրվանից հաշված ժամանակի համար, որը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետը: Ծախսված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ է կատարվում նաև, եթե բաժանորդի մոտ հայտնաբերվում են հաշվիչը շրջանցող էլեկտրահաղորդման գծեր:
Վերահաշվարկը կատարվում է`
ա) էլեկտրավարդակների բացակայության դեպքում` լուսավորության սարքերի հզորությամբ և հաշվարկվող ժամանակի ընթացքում դրանց միացման հավանական ժամերի քանակով.
բ) էլեկտրավարդակների առկայության դեպքում (անկախ վարդակների քանակից և էլեկտրական սպառիչների հզորությունից)` ելնելով այն բանից, որ միացված է 1000 Վտ հզորությամբ էլեկտրական սպառիչ (օրական 24 ժամ), իսկ առավել մեծ հզորությամբ էլեկտրական սպառիչի առկայության դեպքում` դրա փաստացի հզորությունը օրական 24 ժամ օգտագործման հաշվարկով:
69. Էլեկտրաէներգիայից օգտվելու ժամանակ բաժանորդի թույլ տված խախտումը ձևակերպվում է էլեկտրամատակարարող ձեռնարկության և բաժանորդի միջև կազմված է ակտով` երկու օրինակից (մեկը հանձնվում է բաժանորդին): Ակտն օրինական է համարվում նաև բաժանորդի` այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում:
70. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը ակտի հիման վրա որոշում է թերահաշվառած էլեկտրաէներգիայի չափը և ներկայացնում է բաժանորդին լրացուցիչ վճարման փաստաթուղթ` մուծման համար:
Որոշման գանգատարկման նպատակով բաժանորդի` էլեկտրամատակարարող ձեռնարկությանը դիմելը չի ազատում լրացուցիչ վճարման փաստաթղթով էլեկտրաէներգիայի վարձը նախատեսված ժամկետում մուծելուց:
Լրացուցիչ վճարման փաստաթղթով էլեկտրաէներգիայի վարձը 15-օրյա ժամկետում կամովին չմուծելու դեպքում բաժանորդն անջատվում է էլեկտրացանցից, և էլեկտրամատակարարող ձեռնարկությունն այն գանձում է դատական կարգով:
71. Էլեկտրամատակարարող ձեռնարկության և կենցաղային բաժանորդների միջև էլեկտրաէներգիայի վարձի վճարումների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
72. Էլեկտրամատակարարող ձեռնարկության սահմանած ժամկետացանկով 3 օրից ավելի ժամանակով բաժանորդին ոչ բաժանորդի մեղքով էլեկտրաէներգիա չմատակարարելու դեպքում էլեկտրամատակարարող ձեռնարկությունը բաժանորդին վճարում է տուգանք` սույն կանոնների 26-րդ կետում սահմանված չափով: Այդ դեպքում թերամատակարարված էլեկտրաէներգիայի քանակը որոշվում է սույն կանոնների 28-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:
73. Էլեկտրամատակարարող ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր կողմից անորակ էլեկտրաէներգիայի մատակարարման հետևանքով բաժանորդին հասցված ուղղակի վնասի համար:
Հաստատված է |
ԿԱՆՈՆՆԵՐ
ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
(ուժը կորցրել է 25.08.98 N 529 որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջերմային էներգիայից օգտվելու կանոնները (հետագայում` կանոններ) սահմանում են ջերմամատակարարող ձեռնարկությունների և ջերմային էներգիա սպառողների փոխհարաբերությունները:
Սույն կանոնները պարտադիր են ինչպես ջերմամատակարարող ձեռնարկությունների, այնպես էլ ջերմային էներգիա սպառողների համար, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից:
2. Ջերմային էներգիայից օգտվել թույլատրվում է միայն ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի միջև կնքված պայմանագրի առկայության դեպքում:
Պայմանագրին կցվում է ջերմային ցանցերի, ինչպես նաև հաշվիչ հսկիչ սարքերի հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործական պատասխանատվության սահմանազատման ակտը:
3. Ենթաբաժանորդները ջերմային էներգիայից օգտվելու համար պայմանագիրը կարող են կնքել ինչպես ջերմամատակարարող ձեռնարկության, այնպես էլ բաժանորդների հետ: Երկու դեպքում էլ բաժանորդի և ջերմամատակարարող ձեռնարկության միջև կնքված պայմանագրում կամ դրա հավելվածում նշվում են բաժանորդի ջերմային ցանցին միացված ենթաբաժանորդների տվյալները` անվանումը, առավելագույն ժամային բեռնվածքը, ջերմասպառումը, վերադարձվող խտուցքի քանակը (տոննաներով և տոկոսներով)` բաշխված ըստ ամիսների, սակագները և այլն:
4. Բաժանորդը միայն ջերմամատակարարող ձեռնարկության թույլտվությամբ կարող է իր ջերմային ցանցերին միացնել այլ ենթաբաժանորդների և նրանց հետ կնքել ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրեր:
Տեխնիկական հնարավորության դեպքում բաժանորդը ջերմամատակարարող ձեռնարկության առաջարկով կարող է թույլ տալ իր ջերմային ցանցերին միացնել այլ ենթաբաժանորդների:
II. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5. Էներգապետհսկողության կողմից սպառողին ջերմասպառման համակարգերի մշտական շահագործման թույլտվություն տրվում է` դրանց երկշաբաթյա փորձարկումից, հայտնաբերված թերությունների վերացումից, ջերմասպառման համակարգերի վերջնական տեխնիկական զննումից, ջերմամատակարարող ձեռնարկության հետ ջերմային էներգիայի մատակարարման պայմանագրի կնքումից, սպասարկվող սարքավորումների շահագործական պատասխանատվության սահմանազատման ակտի կազմումից և կատարողական փաստաթղթերի ստացումից հետո:
6. Ջերմասպառման համակարգերի շահագործման թույլտվությունը տրվում է միայն հաշվառման և վերահսկող սարքերի, ինչպես նաև ջերմասպառման համակարգերի շահագործման համար պատրաստված անձնակազմի առկայության և սպառողի ջերմային տնտեսության համար պատասխանատու անձի նշանակման դեպքում:
7. Ջերմամատակարարող ձեռնարկությունը հսկողություն սահմանելու կարգով իրավասու է ստուգելու սպառողի կայանքը, անկախ դրա սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից:
III. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
8. Ջերմային էներգիայի բոլոր սպառողների ջերմասպառման համակարգերը պարտադիր կարգով պետք է ապահովված լինեն հաշվարկային հաշվառքի սարքերով:
9. Սպառած ջերմային էներգիայի համար վճարումների հաշվարկային հաշվառքի սարքեր չունեցող բաժանորդների միացումը ջերմամատակարարող ձեռնարկության ջերմային ցանցերին, ինչպես նաև ենթաբաժանորդների միացումը բաժանորդների ցանցերին` արգելվում են:
10. Ջերմային էներգիայի մատակարարման հաշվառումը պետք է կատարվի ջերմամատակարարող ձեռնարկության և սպառողի ջերմային ցանցերի հաշվեկշռային պատկանելության սահմանում: Այդ սահմանում հաշվարկային հաշվառքի սարքերի չտեղադրման դեպքում սպառված ջերմային էներգիայի համար վճարումները պետք է կատարվեն հաշվի առնելով հաշվեկշռային պատկանելության սահմանից մինչև սարքի տեղադրման վայրն ընկած հատվածում առաջացած ջերմակորուստները:
Ջերմակորուստների հաշվարկը կամ փորձարկումները կատարում է ջերմամատակարարող ձեռնարկությունը` սպառողի հետ համատեղ:
11. Հաշվարկային հաշվառքի սարքերի պարբերաբար պետստուգումը կատարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը` իր կողմից սահմանված ժամկետներում:
Նշված վարչության դրոշմի բացակայության կամ հաշվարկային հաշվառքի սարքերի ստուգման ժամկետը լրանալու դեպքում այդ սարքերով կատարված հաշվառումը համարվում է անօրինական, և մատակարարված ջերմային էներգիայի քանակը համապատասխան հաշվարկով որոշում է ջերմամատակարարող ձեռնարկությունը:
12. Ջերմային էներգիայի արտադրության և սպառման հաշվառքային համակարգի նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է էներգապետհսկողությունը:
IV. ՍՊԱՌՈՂԻ ՋԵՐՄԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Հայաստանի Հանրապետությունում ջերմային էներգիայի օգտագործման նկատմամբ պետական հսկողությունը ջերմային էներգիա սպառող ձեռնարկություններում, անկախ նրանց սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է էներգապետհսկողությունը:
14. Պետական հսկողության իրականացումը Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին չի ազատում իրենց ենթակա ձեռնարկությունների ջերմասպառման համակարգերի տեխնիկական վիճակի և դրանց շահագործման ստուգման գծով պարտականությունների կատարումից, իսկ այդ ձեռնարկություններին չի ազատում «Ջերմաօգտագործող տեղակայանքների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործման կանոնների», «Ջերմաօգտագործող տեղակայանքների և ջերմային ցանցերի անվտանգության տեխնիկայի կանոնների», «Ջերմային էներգիայից օգտվելու կանոնների» և այլ ակտերի պահանջների կատարման պարտականությունից:
15. Սպառողի ջերմասպառման համակարգի և ջերմասպառիչների մոտ էներգապետհսկողության և ջերմամատակարարող ձեռնարկության պաշտոնատար անձանց մուտքը, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող ջերմասպառման ռեժիմների ստուգումները խոչընդոտելու համար սպառողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
16. Ջերմային էներգիայի մատակարարումը կատարվում է անընդմեջ, եթե սպառողի հետ կնքված պայմանագրում նախատեսված չեն ջերմային էներգիայի մատակարարման ընդմիջումներ:
17. Ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավասու է էներգապետհսկողության կարգադրագրերով, ինչպես նաև իր նախաձեռնությամբ սպառողին նախօրոք զգուշացնելուց հետո (հեռախոսագրով, հեռագրով) մասամբ կամ լրիվ դադարեցնելու նրա ջերմամատակարարումը հետևյալ դեպքերում`
ա) սահմանված ժամկետում սպառված ջերմային էներգիայի համար վճարման փաստաթղթերով ներկայացված գումարի չվճարման.
բ) առանց համապատասխան թույլտվության ջերմային էներգիայի օգտագործման.
գ) հաշվարկային հաշվառքի սարքերի խախտման.
դ) հաշվարկային հաշվառքի սարքերից դուրս ջերմասպառման համակարգերի միացման.
ե) պայմանագրային մեծություններից դուրս ցանցային ջրի կորստի և աղտոտման.
զ) վթարի կամ սպասարկող անձնակազմի կյանքին սպառնացող վտանգով հղի ջերմասպառման համակարգի տեխնիկական անբավարար վիճակի.
է) օգտագործման սահմանված մեծությունների և ժամային առավելագույն բեռնվածքի գերազանցման, վերադարձվող ցանցային ջրի ջերմաստիճանի ժամկետացանկում նշվածից 3 oC և ավելի բարձր լինելու դեպքում, եթե պայմանագրում այլ մեծություն չի նախատեսվում.
ը) խտուցքի քանակը պայմանագրում նախատեսվածից 50 տոկոս և ավելի պակաս վերադարձնելու.
թ) ջերմասպառման համակարգերի շահագործման համար պատրաստված անձնակազմի բացակայություն.
ժ) ջերմասպառման համակարգերի կամ ջերմային էներգիայի հաշվարկային հաշվառքի սարքերի մոտ ջերմամատակարարող ձեռնարկության ներկայացուցչի մուտքի արգելման:
18. Պահեստային սնուցման բացակայության դեպքում սարքավորումների պլանային վերանորոգումների կամ նոր սպառողների միացման համար ջերմամատակարարող ձեռնարկությունը ջերմային էներգիայից օգտվելու պայմանագրի մեջ պետք է նշի սպառողների անջատումների և պլանային անջատումների թիվը, դրանց տևողությունը:
Ջերմային էներգիայի մատակարարման դադարեցումն իրականացվում է սպառողներին 10 օր առաջ զգուշացնելուց հետո` ընդմիջման ճշգրտված ժամկետը (օրը և ժամը) համաձայնեցնելու համար:
Եթե նախազգուշացումից հետո 5-օրյա ժամկետում սպառողը չի համաձայնեցնում ընդմիջման ժամկետը, ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի ինքնուրույն նշանակելու այդ ժամկետը:
Ջերմային էներգիայի մատակարարման ընդմիջումը հնարավորության դեպքում պետք է իրականացվի սպառողի ոչ աշխատանքային ժամին` նրան զգուշացնելով անջատումից առնվազն 24 ժամ առաջ:
19. Վթարների վերացման կամ կանխարգելման հրատապ միջոցառումների անցկացման համար ջերմամատակարարող ձեռնարկությունն իրավունք ունի անջատելու բաժանորդի ջերմասպառման համակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով համապատասխան ակտ:
VI. ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
20. Ջերմամատակարարող ձեռնարկությունը կնքված պայմանագրի համաձայն պարտավոր է սպառողին ապահովել ջերմային էներգիայով, պահպանել ջերմային էլեկտրակայանների կամ ջերմակայանների (կաթսայատների) կոլեկտորներից բաց թողնվող ջերմակրի (գոլորշի և տաք ջուր) պարամետրերը և, եթե պայմանագրով չեն նախատեսվում այլ մեծություններ, ապա`
ա) թույլ չտալ գոլորշու պարամետրերի շեղում ավելի քան +- 5 % պայմանագրով սահմանված մեծություններից.
բ) սահմանված ժամկետացանկի համաձայն պահպանել ցանցային ջրի ջերմաստիճանը, թույլ չտալ միջին օրական ջերմաստիճանի շեղում ավելի քան +- 8 oC.
գ) օրվա ընթացքում սպառողին տրվող ջերմային էներգիայի քանակի թույլատրված շեղումը պայմանագրով սահմանված քանակից (ինչպես գոլորշու, այնպես էլ տաք ջրի տեսքով) չպետք է գերազանցի 15 տոկոսը:
21. Ջերմամատակարարող ձեռնարկության մեղքով տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող ջերմակրի պարամետրերի` սույն կանոնների 20-րդ կետում նշվածից ավելի իջեցման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը սպառողին վճարում է տուգանք` իջեցված պարամետրերով մատակարարված ջերմային էներգիայի արժեքի 25 տոկոսի չափով:
22. Ջերմամատակարարող ձեռնարկության մեղքով տեխնոլոգիական կարիքների համար գոլորշու պարամետրերի` պայմանագրով սահմանված մեծություններից ավելի քան 25 տոկոսով իջեցման դեպքում սպառողն իրավունք ունի դադարեցնելու սպառումը, հեռախոսագրով նախօրոք այդ մասին հայտնելով ջերմամատակարարող ձեռնարկությանը: Այդ դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը պատասխանատվություն է կրում` համաձայն սույն կանոնների 23-րդ կետի:
23. Տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող ջերմակրի թերամատակարարման դեպքում ջերմամատակարարող ձեռնարկությունը տուգանք է վճարում թերամատակարարված ջերմային էներգիայի արժեքի 5-ապատիկի չափով, բացի սույն կանոնների 25-րդ կետում նշված դեպքերից:
24. Սպառողի տեխնոլոգիական կարիքների համար ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է յուրաքանչյուր օրվա համար, որպես թերամատակարարմանը նախորդող 3 օրվա միջին օրական սպառման և թերամատակարարման ժամանակահատվածի օրական փաստացի սպառման տարբերություն (ջերմային էներգիայի լիմիտավորման դեպքում` որպես պլանային և փաստացի սպառման տարբերություն տվյալ օրվա համար):
Ջերմային էներգիայի միջին օրական սպառումը որոշելու ժամանակ թերամատակարարմանը նախորդող օրերի մեջ հանգստյան օրը չի մտնում:
Եթե թերամատակարարումը տեղի է ունեցել հանգստյան օրը, ապա ջերմային էներգիայի թերամատակարարման չափը որոշվում է որպես նախորդող 3 հանգստյան օրվա միջին օրական սպառման և այդ հանգստյան օրը ջերմային էներգիայի փաստացի սպառման տարբերություն:
25. Ջերմամատակարարող ձեռնարկությունը նյութական պատասխանատվություն չի կրում ջերմային պարամետրերի իջեցման և ջերմային էներգիայի թերամատակարարման համար, եթե դրանց պատճառներն են`
ա) տարերային երևույթները (ամպրոպ, բուք, ջրհեղեղ, երկրաշարժ, հրդեհ), երկարատև ցրտերը (երբ դրսի օդի ջերմաստիճանը 24 ժամից ավելի մնում է նախագծահաշվարկային ջերմաստիճանից ցածր), ինչպես նաև պայմանագրում նշված ֆորս-մաժորային պայմանները.
բ) սպառողի սխալ գործողությունները.
գ) սպառողի կողմից ջերմասպառման սահմանաքանակների գերազանցումը կամ սպառման սահմանված ռեժիմների խախտումը.
դ) իջեցված պարամետրերով ջերմային էներգիայի մատակարարումը կամ ջերմության թերամատակարարումը ժամանակավոր շահագործման մեջ գտնվող ջերմային կայաններից, կաթսայատներից և ջերմային ցանցերից.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մյուս դեպքերը:
26. Ջերմամատակարարող ձեռնարկությունների և սպառողների միջև ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները սպառողների կողմից կատարվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի հաստատած սակագնով:
(փոփ. 27.05.96 N 160 որոշում)
28. Սակագինը գործում է սպառողներին էներգահամակարգերի, շրջանային կաթսայատների և մյուս ջերմամատակարարող ձեռնարկությունների կողմից մատակարարվող ջերմային էներգիայի համար:
29. Ջերմային էներգիայի արդյունավետ օգտագործման և խտուցքի առավելագույն վերադարձման նպատակով սպառողներին մատակարարվող ջերմային էներգիայի (տաք ջրի և գոլորշու տեսքով) սակագինը սահմանվում է ելնելով սպառողի կողմից խտուցքի (ցանցային ջրի) լրիվ (100 տոկոսով) վերադարձման պայմանից:
30. Ջերմային էներգիայի սակագնի հաշվարկում հաշվի չեն առնվում ՋԷԿ-ում (շրջանային կաթսայատանը) քիմմաքրման ծախսերը` սպառողի կողմից խտուցքի չվերադարձման կամ տաք ջերմամատակարարման բաց և փակ համակարգերից տաք ջրառման դեպքում: Այդ պատճառով էլ գոլորշու և տաք ջրի սպառողները, ջերմային էներգիայի վարձը սակագնով մուծելուց բացի, Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սակագնով հատուցում են ջերմամատակարարող ձեռնարկության` խտուցքի կամ տաք ջրի չվերադարձման հետ կապված (պայմանագրային նորմերի սահմաններում) ծախսերը` ելնելով քիմմաքրված կամ աղազրկված ջրի պատրաստման և ստացման պլանային ինքնարժեքից և հաստատված շահութաբերության նորմատիվային մակարդակից:
(փոփ. 27.05.96 N 160 որոշում)
31. Ջերմային էներգիայի վարձը ենթաբաժանորդները ևս վճարում են նույն սակագնով: Սպառողը ջերմամատակարարման իր ծախսերը բաշխում է ենթաբաժանորդների միջև` նրանց կողմից օգտագործվող ջերմային էներգիային համապատասխան: Ենթաբաժանորդներն այդ ծախսերի համար լրացուցիչ վճարում են սակագնից դուրս:
32. Սպառողի մայրուղային ցանցերում ջերմային էներգիայի կորուստները բաշխվում են նրա և ենթաբաժանորդների միջև` նրանց կողմից օգտագործված ջերմային էներգիային և ջերմային ցանցի երկարությանը համամասնորեն:
Ջերմային էներգիայի համար վճարման փաստաթղթերի ներկայացման ԵՎ վճարման կարգը
33. Սպառողին մատակարարված ջերմային էներգիայի համար վճարումները կատարվում են ջերմամատակարարող ձեռնարկության վճարման փաստաթղթերով, պայմանագրով նշված կարգով, ամիսը մեկ անգամ, հաշվարկային ամսին հաջորդող ամսվա առաջին հնգօրյակում` համաձայն հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքների: Ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է տրված սպառողի հետ համաձայնեցնելուց հետո սահմանելու վճարումների ավելի կարճ կամ երկար ժամանակահատվածներ:
34. Ջերմային ցանցերին նոր միացվող սպառողները պարտադիր կարգով պետք է կատարեն ջերմային էներգիայի համար կանխավճար` դրա մեկամսյա օգտագործման վճարի չափով:
35. Ջերմամատակարարող ձեռնարկությանը սպառողների կողմից ջերմային էներգիայի համար վճարումները կարող են կատարվել պլանային կարգով: Պլանային վճարումների չափը, ժամկետները և ձևը նշվում են ջերմային էներգիայից օգտվելու պայմանագրում:
36. Վճարման փաստաթղթերով բանկ ներկայացված գումարի` հաջորդ օրը չվճարման դեպքում (ցանկացած պատճառով, այդ թվում` սպառողի հաշվում միջոցների բացակայության)` գանձվում է տույժ` չվճարված գումարի օրական 0.5 տոկոսի չափով, մինչև փաստացի վճարման օրը:
37. Տույժի գանձումից բացի, ջերմամատակարարող ձեռնարկությանն իրավունք է տրվում (վճարման փաստաթուղթը բանկ ներկայացնելուց 14 օր հետո) չվճարման պատճառով դադարեցնելու կամ սահմանափակելու ջերմային էներգիայի մատակարարումը սպառողին` մինչև պարտքի մարումը: Ջերմային էներգիայի մատակարարումը դադարեցվում կամ սահմանափակվում է սպառողին պարտադիր կարգով գրավոր զգուշացումից հետո` մատակարարումը դադարեցնելուց 3 օր և սահմանափակում մտցնելուց 1 օր առաջ:
38. Ջերմամատակարարող ձեռնարկությունը ջերմային էներգիայի և քիմմաքրված ու աղազրկված ջրերի սակագների փոփոխման մասին սահմանված կարգով տեղեկացնում է սպառողներին` այդ նշելով հաշվետու ամսվա վերջնահաշվարկի և տվյալ ամսվա կանխավճարի վճարման փաստաթղթի մեջ:
39. Ջերմային էներգիայի սակագնի զեղչերը և հավելումները` կապված խտուցքի վերադարձման հետ, հաշվի են առնվում վերջնահաշվարկի ժամանակ (ամեն ամիս):