ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 1993 թվականի N 124
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Թուրքմենստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան 1993 թվականի փոխադարձ քլիրինգային մատակարարումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) 3 բանկային օրվա ընթացքում բացել հատուկ քլիրինգային արտաբյուջետային հաշիվ.
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և նյութական ռեսուրսների նախարարության հետ համատեղ ստեղծել հատուկ քլիրինգային խումբ` կանխավճարների, ժամկետանց վճարումների, տույժերի և այլ ընթացիկ ֆինանսական հարցերի օպերատիվ լուծման համար, ընդգրկելով տեղի մասնագետներին:
Հանձնարարել այդ խմբին` 2-օրյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Թուրքմենստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրերին համապատասխան 1993 թվականի փոխադարձ մատակարարումների գծով անհրաժեշտ տեղեկատվության ստացման կարգը.
գ) հատուկ քլիրինգային հաշվում գումարների բացակայության դեպքում քլիրինգային վճարումների իրականացման համար ֆինանսական միջոցների հատկացումը ձևակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, 2 բանկային օրվա ընթացքում:
2. Հաստատել տրանսպորտային փոխադրումների սխեմաները (կցվում են)*, հաշվի առնելով, որ տրանսպորտային ծախսերը մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող արտահանման վայրը կատարում է առաքողը:
3. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` մինչև 1993 թվականի մարտի 30-ը «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության միջոցով կնքել պայմանագրեր (կոնտրակտներ) մատակարարող և սպառող կազմակերպությունների հետ, համաձայն տրանսպորտային փոխադրումների սխեմաների:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մինչև 1993 թվականի ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել առաջարկություն 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի վերաբերյալ, առանձնացնելով քլիրինգային մատակարարումները.
բ) Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ մինչև 1993 թվականի ապրիլի 5-ը Ռուսաստանի Դաշնության համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցնել ներմուծվող և արտահանվող արտադրանքի փոխադարձ մատակարարման կարգը.
գ) մինչև 1993 թվականի ապրիլի 5-ը Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել ըստ քլիրինգի հանրապետությունից արտահանվող արտադրանքի գնագոյացման մեխանիզմը և «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության հաստատած սահմանային սակագները:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` 7 բանկային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը վճարել հասանելիք պարտքը, նշված միջոցները փոխանցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հատուկ քլիրինգային հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` սահմանել հսկողություն Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության հետ նախարարությունների և գերատեսչությունների համակարգի ձեռնարկությունների պայմանագրերի կնքման նկատմամբ:
Քլիրինգային պայմանագրերով փոխադարձ մատակարարումների ընդհանուր կոորդինացումը և պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության վրա:
| |
* - Ծանոթություն - |
Սխեմաները չեն բերվում: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |