ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1993 թվականի N 216
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնադրությունը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում աերոդրոմների փակման մասին որոշումներն ընդունվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին` օդային տարածքի օգտագործման հարցերի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կանոնադրությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1984 թվականի ապրիլի 4-ի «ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1984 թվականի մարտի 22-ի «ԽՍՀՄ օդային տարածության օգտագործման կանոնադրությունը հաստատելու մասին» N 251 որոշումը» N 182 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Հայաստանի Հանրապետության օդային տարածքի ռեժիմը հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանված կարգն է` հանրապետության և քաղաքացիների շահերի պաշտպանության, ինչպես նաև օդային հաղորդակցության անվտանգության ապահովման նպատակով:
Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունն իր օդային տարածքի նկատմամբ ունի լիակատար և բացառիկ ինքնիշխանություն:
Հայաստանի Հանրապետության օդային տարածքի սահմանները որոշվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Լիակատար և բացառիկ ինքնիշխանության հիման վրա Հայաստանի Հանրապետությունը սահմանում է իր օդային տարածքի օգտագործման կարգը (Հայաստանի Հանրապետության օդային տարածքի ռեժիմը):
1. Սույն կանոնադրությամբ սահմանվում է ԱՊՀ-ի անդամ պետությունների օդային տարածքում օդանավերի թռիչքի պլանավորման, իրականացման և կառավարման միասնական կարգը` 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված օդային տարածքի օգտագործման համաձայնագրին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման ընդհանուր կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
3. Այն նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունն առնչվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման հետ կամ կարող է օդանավերի թռիչքների և նյութական այլ օբյեկտների անվտանգության սպառնալիք ստեղծել, օդային տարածքի օգտագործման հարցերում ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, սույն կանոնադրությամբ և դրա կիրարկման հրահանգով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
Սույն կանոնադրության կիրարկման հրահանգը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների համաձայնությամբ:
4. Օդանավերի թռիչքները, բոլոր տեսակի հրաձգությունները, հրթիռների արձակումը, պայթեցման աշխատանքները, ինչպես նաև օդային տարածքը բարձրացնելու, այնտեղով փոխադրելու կամ այնտեղից իջեցնելու հետ կապված ամեն տեսակի այլ գործունեություն դասվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման հետ կապված գործունեության շարքը:
5. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման հետ կապված գործունեությունը, ինչպես նաև այն գործունեությունը, որը կարող է օդանավերի թռիչքների և նյութական այլ օբյեկտների անվտանգության սպառնալիք ստեղծել, թույլատրվում է անհրաժեշտ նախազգուշական միջոցների պահպանմամբ, Հայաստանի Հանրապետության օդագնացության կառավարման միասնական համակարգի համապատասխան մարմինների թույլտվությամբ:
6. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման համար շահագրգիռ նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները սահմանված կարգով առաջարկություններ են մշակում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կառուցվածքի (օդագնացության կառավարման շրջանների, աերոդրոմների շրջանների հրաձգարանների, հատուկ գոտիների, օդային մայրուղիների, տեղական օդային ուղիների, թռիչքների երթուղիների և այլնի) վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության օդային տարածքի կառուցվածքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ազգային անվտանգության պետական վարչության և շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների համաձայնությամբ:
Օդային մայրուղիներն ու տեղական օդային ուղիները շահագործման են հանձնվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թույլտվությամբ:
7. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում կամ նրա առանձին շրջաններում լիովին կարող է արգելվել կամ սահմանափակվել սույն կանոնադրության 5-րդ կետում նշված գործունեությունը: Նման արգելքները կամ սահմանափակումները որոշվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից` սույն կանոնադրության կիրարկման հրահանգով սահմանված կարգով:
8. Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կարգի և օդանավերի թռիչքի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օդագնացության կառավարման միասնական համակարգի մարմինների և հակաօդային պաշտպանության մարմինների կողմից, իսկ խախտումների հետաքննությունը կատարվում է սույն կանոնադրության կիրարկման հրահանգով սահմանված կարգով:
9. Օդանավերի թռիչքները, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից, կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և նրա կիրարկման հրահանգին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների հիմնական կանոններով:
Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչքների հիմնական կանոնները մշակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների համաձայնությամբ և հաստատվում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
10. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օտարերկրյա օդանավերի թռիչքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց պայմաններին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` մեկանգամյա թռիչքների հատուկ թույլտվության հիման վրա:
Օդային տարածքում օտարերկրյա օդանավերի թռիչքները կատարվում են միայն հաստատված միջազգային օդային մայրուղիներով: Օտարերկրյա օդանավերի թռիչքը Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև դրանց վայրէջքը հանրապետության տարածքում կատարվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Օտարերկրյա օդանավերի թռիչքների և վայրէջքների այլ կարգ թույլատրվում է մյուս իրավասու մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Տարերային աղետի, վթարի, վթարային իրադրության և մարդկանց կյանքին վտանգ սպառնացող այլ դեպքերում օտարերկրյա օդանավերը կարող են Հայաստանի Հանրապետություն թռչել, հանրապետությունից դուրս գալ միջազգային օդային մայրուղիներից շեղումով և վայրէջք կատարել միջազգային թռիչքների համար չնախատեսված օդանավակայաններում (աերոդրոմներում)` սույն կանոնադրության կիրարկման հրահանգով սահմանված կարգով:
Օտարերկրյա օդանավերը Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անցնում են հատուկ առանձնացված օդային միջանցքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` սույն կանոնադրության կիրարկման հրահանգով սահմանված կարգով: Օդանավերի պետական սահմանն անցնելու համար անհրաժեշտ տվյալները հրապարակվում են օդագնացության լրատվական ժողովածուում:
Չնախատեսված օդային միջանցքով Հայաստանի Հանրապետության պետական սահմանն անցնել կարելի է միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թույլտվությամբ, եթե միջազգային պայմանագրերով, ինչպես նաև ԱՊՀ-ի անդամ պետությունների հետ կնքված պայմանագրերով այլ ուղի նախատեսված չէ:
11. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավերի հետ կապված ավիացիոն պատահարների հետաքննությունը կատարվում է քաղաքացիական օդանավերի ավիացիոն պատահարների հետաքննության կարգի մասին միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից հաստատված կանոնակարգերին համապատասխան:
Ռազմական օդանավերի ավիացիոն պատահարների հետաքննության կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից հաստատված կանոնակարգով` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համաձայնությամբ:
Օդանավերի բախման դեպքերի և այլ ավիացիոն պատահարների հետաքննությունը, եթե այդ պատահարների ենթարկվել են տարբեր նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների օդանավեր, կատարվում է միջպետական ավիացիոն կոմիտեի հաստատած` նման պատահարների հետաքննության կարգի մասին կանոնակարգին համապատասխան, շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների համաձայնությամբ:
12. Հայաստանի Հանրապետության օդային տարածքն օգտագործող նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչություններն ու կազմակերպությունները պարտավոր են կապի ուղիներ ստեղծել սույն կանոնադրության 4-րդ կետով նախատեսված գործունեությունն անմիջականորեն իրականացնող իրենց ձեռնարկությունների ու կազմակերպությունների և օդագնացության կառավարման համապատասխան մարմինների (հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի, ռազմաօդային ուժերի հրամանատարական կետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության օդագնացության կառավարման շրջանային կենտրոնի զինվորական սեկտորի) միջև:
Կապի նշված ուղիների ստեղծման կարգը սահմանվում է սույն կանոնադրության կիրարկման հրահանգով:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, պետական և ոչ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող քաղաքացիական արեոդրոմները, բացի ժամանակավորներից, ավիացիոն աշխատանքներ և վայրէջքի հրապարակներ ապահովող արեոդրոմները ենթակա են սահմանված կարգով գրանցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայանների պետական գրանցման գրքում:
Ռազմական արեոդրոմները, անկախ գերատեսչական պատկանելությունից, ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գրանցման գրքում:
Համատեղ բազավորման արեոդրոմները գրանցվում են այն նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում ու կազմակերպություններում, որոնց տնօրինության տակ գտնվում են:
Համատեղ բազավորման և օգտագործման արեոդրոմների ցուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրինության տակ գտնվող արեոդրոմները, անկախ գերատեսչական պատկանելությունից, օգտագործվում են օդանավերի համար որպես հիմնական և պահեստային արեոդրոմներ:
Այլ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների տնօրինության տակ գտնվող արեոդրոմներն այդ նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների ղեկավարների որոշմամբ նույնպես կարող են առանձնացվել օդանավերի համար որպես հիմնական և պահեստային արեոդրոմներ, անկախ գերատեսչական պատկանելությունից:
15. ԱՊՀ-ի անդամ պետությունների նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող աերոդրոմներն օգտագործվում են օդանավերի համար որպես հիմնական ու պահեստային աերոդրոմներ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և այլ գերատեսչությունների կողմից կնքված պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով:
16. Աերոդրոմների շինարարությունը և վերակառուցումը պետք է սահմանված կարգով համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և այլ կազմակերպությունների հետ:
17. Աերոդրոմների շրջանում կապի գծերի, բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի, ռադիոտեխնիկական և այլ օբյեկտների, շենքերի ու շինությունների տեղադրումը, որոնք կարող են սպառնալ օդանավերի թռիչքների անվտանգությանը կամ խոչնդոտել աերոդրոմների ռադիոտեխնիկական միջոցների կանոնավոր աշխատանքին, պետք է համաձայնեցվի այն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքում (բացի աերոդրոմների շրջանից) 50 մետր բարձրությունը գերազանցող օբյեկտների տեղադրումը պետք է համաձայնեցվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ:
Նշված օբյեկտների տեղադրման համաձայնեցումը պետք է կատարվի նախքան նախագծային աշխատանքների սկսելը: Համաձայնեցման ենթակա օբյեկտների ցուցակը, դրանց առավելագույն բարձրությունը և նվազագույն հեռավորությունը աերոդրոմներից, օդային մայրուղիներից, տեղական օդային գծերի ու թռիչքների երթուղիներից սահմանվում են սույն կանոնադրության կիրարկման հրահանգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 588 | 02.07.2001, N 216 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|