ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
10 հոկտեմբերի 2001 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Զ. Գևորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև ստորագրվել է Երևանում 2001 թ. ապրիլի 11-ին` երկու երկրների միջև գյուղատնտեսության բնագավառում փոխշահավետ տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության նպատակով:
2. Համաձայնագրով սահմանված են համագործակցության ոլորտները, այն է` բուսաբուծություն, անասնաբուծություն, գյուղատնտեսական արտադրության մեքենայացում, գյուղական վայրերի զարգացում, ձկնաբուծություն:
Որպես համագործակցության իրականացման ձևեր նախատեսված են համապատասխան տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գիտական հետազոտությունների համատեղ իրականացումը, մասնագետների փոխանակումը: Համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսված է ստեղծել Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչներից կազմված համատեղ աշխատանքային խումբ: Համատեղ միջոցառումների հետ կապված ծախսերը կատարելու են երկու Կողմերը` համամասնորեն:
3. Համաձայնագրով նախատեսված է դրա կիրառման և մեկնաբանման, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը: Սահմանված է նաև համաձայնագրի գործողության հնգամյա ժամկետը երկարաձգելու կարգը:
4. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ քննության առարկա համաձայնագիրը կնքվել է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի պահանջների խախտմամբ` առանց դրա կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման:
Սահմանադրական դատարանն օրենքի նմանատիպ խախտման փաստեր հայտնաբերել է նաև այլ գործերի քննության ժամանակ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածի հիման վրա` ՀՀ կառավարությանն ուղղված 2001 թ. հունիսի 20-ի ՍԴՆ-62 գրությամբ ՀՀ կառավարության ուշադրությունն է հրավիրել նշված փաստի վրա: Ի պատասխան այդ գրության` ՀՀ վարչապետը 2001 թ. սեպտեմբերի 27-ի իր գրությամբ հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան այժմ բոլոր միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու առաջարկությունները քննարկվում են ՀՀ կառավարության նիստերում և յուրաքանչյուր պայմանագրի կապակցությամբ ընդունվում է համապատասխան որոշում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բուլղարիայի Հանրապետության հողագործության և անտառների նախարարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին 2001 թ. ապրիլի 11-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|