ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 1992 թվականի N 401
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի շարքային ու սպայական կազմի զինծառայողների սոցիալական ապահովվածության ուժեղացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1992 թվականի հուլիսի 1-ից մտցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների պարտադիր անձնական ապահովագրություն (զինծառայության (վարժահավաքների) ընթացքում զոհվելու կամ մահվան, վիրավորվելու, հիվանդության դեպքերում):
Ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հանրապետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:
Ապահովագրական վճարների ժամանակին և լրիվ փոխանցման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության գլխավոր վարչությունը:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված ապահովագրության տեսակի ապահովագրական վճարները, ներառյալ ապահովագրության անցկացման համար պետական ապահովագրության մարմինների այդ վճարների 6 տոկոսի չափով ծախսերը, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության գլխավոր վարչության հաշվարկային հաշվին:
Ընթացիկ տարում ապահովագրական գումարների վճարման համար չօգտագործված ապահովագրական վճարները ենթակա են հաշվանցման հաջորդ տարվա ապահովագրական վճարներին:
3. Տվյալ տարվա ընթացքում ապահովագրական վճարների գումարների չբավարարման դեպքում վճարումները կատարվում են հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Սահմանել, որ պետական ապահովագրության մարմինները ապահովագրական գումարները վճարում են`
ա) ապահովագրված զինծառայողի զոհվելու կամ մահվան դեպքում, զինվորական ծառայության (վարժահավաքների) ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից արձակվելուց հետո մինչև մեկ տարին լրանալը զինվորական ծառայության (վարժահավաքների) ընթացքում վիրավորվելու (կոնտուզիայի), հիվանդության հետևանքով` նրա ժառանգներին (ժառանգության իրավունքի վկայագրի ներկայացմամբ)` 25 հազար ռուբլի.
բ) ապահովագրված զինծառայողին զինվորական ծառայության (վարժահավաքների) հետ կապված կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից արձակվելուց հետո մինչև մեկ տարին լրանալը հաշմանդամ ճանաչվելու դեպքում`
I խմբի հաշմանդամին |
-15 հազար ռուբլի. |
II խմբի հաշմանդամին |
-10 հազար ռուբլի. |
III խմբի հաշմանդամին |
- 5 հազար ռուբլի. |
գ) զինվորական ծառայության (վարժահավաքների) ընթացքում ապահովագրված զինծառայողի ծանր վիրավորվելու դեպքում` 1 հազար ռուբլի, թեթև վիրավորվելու դեպքում` 500 ռուբլի.
դ) զինծառայողին` զինվորական ծառայության (վարժահավաքների) ընթացքում, զինապարտին` հետագա զինվորական ծառայության ոչ պիտանի ճանաչելու դեպքում` 1 հազար ռուբլի:
Սույն կետին համապատասխան ապահովագրական գումարի վճարումը կատարվում է հաշվի առնելով նախկինում վճարված գումարները: Ընդ որում, ըստ ապահովագրության տվյալ տեսակի ապահովագրական գումարը վճարվում է անկախ ապահովագրության մյուս տեսակներից և վնասի հատուցման կարգով վճարված գումարներից:
Սույն որոշմամբ նախատեսված ապահովագրական գումարները սահմանված կարգով ենթակա են ինդեքսավորման:
5. Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ մշակել նախարարության համակարգի շարքային և սպայական կազմի զինծառայողների պարտադիր անձնական ապահովագրության կարգը և պայմանները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |