ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 ապրիլի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Միքայելյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայում ստորագրված` «Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության 2000-2001 թվականների ծրագիր» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռ. Պապայանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Մ. Միքայելյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հուշագիրը նախատեսում է Նիդեռլանդների և Հայաստանի Հանրապետության միջև 2000-2001 թթ. իրականացնել համագործակցության ծրագիր, որը կազմում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համար Նիդեռլանդական աջակցության ծրագրի մաս:
Նիդեռլանդների աջակցությունը Հայաստանին նախատեսվում է իրականացնել շուկայական տնտեսության հետագա զարգացման և մրցակցության ամրապնդման, ինչպես նաև արտադրության կայուն գործընթացն ապահովելու նպատակով: Այս նպատակների իրագործման համար նախատեսվում է Նիդեռլանդների կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի հիման վրա իրականացնել գիտելիքների և փորձի, ինչպես նաև ապրանքների ու սարքավորումների փոխանցում` հայկական ընկերությունների ուժեղացման նպատակով: Համագործակցությունն ընդգրկելու է գյուղատնտեսության, էներգետիկայի և բնապահպանության, ինչպես նաև մասնավոր սեկտորի զարգացման բնագավառները:
Հուշագրում նախատեսվում է ծրագրի շրջանակներում Հայաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների ազատումը պետական տուրքերից և մաքսատուրքերից, կամ դրանց վճարումն աջակցության անմիջական ստացողների կողմից:
Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը տվյալ ֆինանսական պարտավորությունն ստանձնում է դեռևս մշակման փուլում գտնվող ծրագրերի համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Հայաստանի հետ Նիդեռլանդների համագործակցության 2000-2001 թվականների ծրագիր» փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|