ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 1992 թվականի N 295
քաղ. Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽԵՂՄԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Սահմանել, որ 1992 թվականի մայիսի 1-ից աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարները հաշվարկվում են անկախ տուժողին նշանակված հաշմանդամության կենսաթոշակից և վճարվում լրիվ չափով:
2. Սահմանել, որ աշխատողներին աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները 1992 թվականի մայիսի 1-ից ինդեքսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 4-ի «Բնակչության եկամուտների ինդեքսավորման կարգի մասին» հ. 6 որոշմանը համապատասխան:
3. Պատճառված վնասի փոխհատուցման գումարը վճարում են վնասի պատճառման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, վերջիններիս վերակազմավորման դեպքում` նրանց իրավահաջորդները, իսկ լուծարման դեպքում` սոցիալական ապահովության մարմինները, պետական բյուջեի միջոցների հաշվին:
4. Իրավունք վերապահել ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հնարավորության սահմաններում բարձրացնել փոխհատուցման գումարի չափը:
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի հետ համատեղ 20-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկման կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |