ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 1992 թվականի N 255
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ հանրապետության պատգամավորների որոշ քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներ, նախարարություններ ու գերատեսչություններ անբավարար են կատարել փախստականների հիմնահարցերի լուծման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախկինում ընդունած որոշումներն ու կարգադրությունները:
Հանրապետությունում գտնվող փախստականների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Փախստականների կողմից իրականացվող անհատական բնակարանների շինարարությունն արագացնելու նպատակով նրանց վրա չտարածել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ հողամասեր հատկացնելու մասին» N 209 որոշման 3-րդ կետի գործողությունը և, անկախ հողի սեփականաշնորհմանը մասնակցությունից` նրանց հատկացնել տնամերձ հողամաս:
2. Հանձնարարել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) տնամերձ հողամաս հատկացնել փախստականների բոլոր այն ընտանիքներին, որոնք տվյալ շրջանում ունեն ժամանակավոր գրանցում և կհայտնեն այդտեղ անհատական տներ կառուցելու և մշտական բնակություն հաստատելու ցանկություն.
բ) անհրաժեշտ օգնություն և աջակցություն ցույց տալ տնամերձ հողամաս ստացած փախստականներին կառուցվելիք տների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու, շինանյութեր ձեռք բերելու և վարկեր ստանալու հարցում:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) յուրաքանչյուր տարի պետական պատվերով նախատեսված շինանյութերի և նյութատեխնիկական ռեսուրսների ծավալները բաշխել Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության միջև` ըստ պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների, անհատական բնակարանային շինարարության նպատակով փախստականներին հատկացնելու համար:
Շինանյութերի ստացման, նպատակային բաշխման ու օգտագործման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության վրա.
բ) Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Աշտարակ քաղաքներում, Բյուրեղավանում, Բաղրամյանում և հանրապետության մյուս շրջկենտրոններում կոոպերատիվ բնակարանային շինարարության միջոցների, ինչպես նաև հանրապետությունում պետական կապիտալ ներդրումների հաշվին կառուցվող բնակարանների շինարարության տարեկան առաջադրանքներում առանձին տողով սահմանել փախստականների համար բնակարանային շինարարության ծավալները և դրանք ապահովել համապատասխան նյութական ռեսուրսներով:
4. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը, «Հայարդշինանյութեր» արտադրական միավորմանը, Հայկոոպի վարչությանը և առևտրի նախարարությանը` ապահովել շինանյութեր և նյութատեխնիկական միջոցներ արտադրող ու մատակարարող ձեռնարկություններում ու կազմակերպություններում դրանց արտադրության և մատակարարման պատվերների տեղաբաշխումը, ամրակցումն ու առաքումները:
5. Ելնելով բնակարանային շինարարության հարցում փախստականներին օգնելու անհրաժեշտությունից`
ա) մինչև 1995 թվականի հունիսի 1-ը երկարաձգել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի մայիսի 17-ի N 311 կարգադրության գործողության ժամկետը, կոոպերատիվում ընդգրկման նախնական պարտադիր փայատիրական վճարը սահմանելով բնակարանի նախահաշվային արժեքի 15 տոկոսի չափով.
բ) հանձնարարել հանրապետության պետական առևտրային բանկերին` կոոպերատիվ և անհատական բնակարանային շինարարության նպատակով փախստականներին տրված վարկի դիմաց վճարը սահմանել վարկի գումարի մնացորդի 5 տոկոսի չափով.
գ) սահմանել, որ այդպիսի վարկավորման հետևանքով նշված բանկերի կրած վնասները ծածկվում են աղետի գոտու վերականգնման աշխատանքների և փախստականների խնդիրների լուծման ֆինանսական ռեսուրսների հատուկ ֆոնդի, անհրաժեշտության դեպքում` նաև հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Թույլատրել պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկություններին, կազմակերպություններին իրենց մոտ աշխատող և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող փախստականներին, բացառության կարգով, ընդգրկել բնակելի տարածությունների հատկացման հերթացուցակներում` անկախ նրանց աշխատանքային ստաժից և տվյալ բնակավայրում գրանցման ժամկետից:
7. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը, ֆինանսների նախարարությանը և գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների Վարդենիսի, Գորիսի, Կրասնոսելսկի, Սիսիանի, Կապանի, Մեղրու, Տաշիրի, Թումանյանի, Ստեփանավանի, Վայքի, Նոյեմբերյանի, Ամասիայի, Եղեգնաձորի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` համապատասխան աշխատանք տանել տվյալ շրջանի գյուղերում փախստականներով բնակեցված խարխուլ տների նորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և շինարարական նյութերի հատկացման ուղղությամբ:
8. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և փախստականների հարցերի պետական վարչությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել ծեր և հաշմանդամ միայնակ փախստականներին տեղավորելու նպատակով երկու պանսիոնատի շենք առանձնացնելու վերաբերյալ:
9. Հանրապետության հյուրանոցներում, պանսիոնատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հանրակացարաններում և մյուս կացարաններում ժամանակավորապես ապրող փախստականներին հողամասեր ստացած շրջաններում շտապ տեղավորելու նպատակով հանձնարարել պատգամավորների Գյումրիի, Կիրովականի, Սպիտակի քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին, երկրաշարժի գոտում աշխատող շինմոնտաժային կազմակերպություններին`
ա) 20-օրյա ժամկետում կատարել երկրաշարժի գոտում տեղադրված և բնակարանների հատկացման ու շինարարական աշխատանքների ավարտման շնորհիվ ազատված վագոն-տնակների հաշվառում, գույքագրում` անհատական բնակարան կառուցող կամ կոոպերատիվ բնակարանի սպասող փախստականների ընտանիքներին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը հանձնելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` լուծել վագոն-տնակների ձեռքբերման և տեղափոխման ծախսերի ֆինանսավորման հարցերը.
գ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը և շինարարության նախարարությանը` փախստականների հարցերի պետական վարչության և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հայտերով ապահովել երկրաշարժի գոտուց վագոն-տնակների տեղափոխումը փախստականների բնակության վայրեր:
10. Պատգամավորների քաղաքային, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, բոլոր նախարարություններին, գերատեսչություններին, ձեռնարկությունների, հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը` ժամանակավորապես դադարեցնել հյուրանոցներից, պանսիոնատներից, առողջարաններից, հանգստյան տներից, հանրակացարաններից և ժամանակավոր այլ կացարաններից փախստականների վտարումը, եթե դա չի կատարվում դատական վճռով կամ եթե իրավասու պետական մարմնի կողմից սահմանված կարգով չի տրված համապատասխան փաստաթուղթ` փախստականին այլ բնակավայր մշտական բնակության տեղափոխելու մասին:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկամսյա ժամկետում փախստականների հարցերի պետական վարչության, «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ քննության առնել և լուծել փախստականներին պահելու հետևանքով հյուրանոցների, հանգստյան տների, առողջարանների, պանսիոնատների, հանրակացարանների մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը կրած այն վնասների փոխհատուցման հարցը, որոնք հնարավոր չէ ծածկել սեփական միջոցների հաշվին:
12. Հանձնարարել «Հայբնակկոմտնտ» ՀՄ-ին, «Հայէներգո» և «Հայգազարդ» արտադրական միավորումներին, պատգամավորների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` փախստականներով բնակեցված հյուրանոցներից, հանգստյան տներից, պանսիոնատներից, առողջարաններից և հանրակացարաններից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, ջրի, կոյուղու, սանմաքրման և այլն) վարձերը` փախստականների սպասարկման մասով, գանձել բնակչության համար սահմանված սակագներով:
13. Փախստականների զբաղվածության ապահովման նպատակով հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը և փախստականների հարցերի պետական վարչությանը` կազմակերպել նրանց թվից մասնագետների առանձին խմբեր` պայմանագրային հիմունքներով և առաջնահերթ կարգով այլ երկրներ ժամանակավոր աշխատանքի ուղարկելու համար:
14. Հայաստանի Հանրապետությունում գտնվող փախստականների` Ադրբեջանում մնացած ունեցվածքի արժեքի փոխհատուցման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանրապետական հանձնաժողով, համաձայն հավելվածի:
Հանձնարարել հանձնաժողովին` Ադրբեջանի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ աշխատանք տանել փախստականների թողած տների (բնակարանների), օժանդակ կառույցների, գույքի, գյուղատնտեսական կենդանիների, անձնական օգտագործման մեքենաների դիմաց փոխհատուցումների, խնայբանկերում ունեցած ավանդների, ապահովագրական գումարների ստացման, ծերության, աշխատանքային խեղումների, հաշմանդամության և անհատական կենսաթոշակների վճարման, կորցրած փաստաթղթերի ձեռքբերման կամ վերականգնման, աշխատունակության կորստի հետ կապված վնասի փոխհատուցման տոկոսի վճարման ուղղությամբ:
Կառավարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
15. Փախստականների սոցիալական պաշտպանվածությունն ապահովելու նպատակով և հաշվի առնելով շինարարության մեջ նոր նախահաշվային գների ու սակագների կիրառման կապակցությամբ նրանց նյութական ծանր վիճակը, երկրաշարժի գոտու վերականգնման աշխատանքների և փախստականների խնդիրների լուծման ֆինանսական ռեսուրսների հատուկ ֆոնդի միջոցներից կապալառու շինարարական կազմակերպություններին փոխհատուցել մինչև 1991 թվականի հունվարի 1-ը փախստականների հետ կնքված կոոպերատիվ բնակարանային շինարարության պայմանագրերում նախատեսված շինարարության գների և 1992 թվականին գործող գների միջև եղած տարբերությունը:
16. Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների թողած տներն ու օժանդակ կառույցները, որպես Ադրբեջանում թողած տան և օժանդակ կառույցների փոխհատուցում, սեփականության իրավունքով տալ Հայաստանում գտնվող այն փախստականներին, որոնք իրենց բնակարանը (տունը) չեն փոխանակել կամ վաճառել և փաստորեն բնակվում են դրանցում:
17. Պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին և նոտարական գրասենյակներին` փախստականների կողմից իրականացվող տների, կոոպերատիվ բնակարանների, հողամասերի առքուվաճառքի և փոխանակման գործարքների մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչություն:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |