ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 1992 թվականի N 77
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետությանը պատկանող թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հավաքման, հաշվառման, պահպանման և ցուցադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան, այն մտցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի մեջ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարանի մասին կանոնադրության նախագիծը.
բ) կազմել մշտական գործող մասնագիտական հանձնաժողով` հանրապետության պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև թանգարաններում առկա թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի հայտնաբերման, հաշվառման, պահպանման և օգտագործման հետ կապված հարցերը լուծելու համար:
3. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև բռնագրավված, տիրազուրկ և ժառանգական իրավունքով պետությանը անցած թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության պետական գանձարան, բացառությամբ հնագիտական նշանակություն ունեցող իրերի:
4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` ֆինանսների նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բռնագրավված տիրազուրկ ժառանգական իրավունքով պետությանն անցած գույքի և գանձերի հաշվառման, գնահատման ու իրացման կարգի մասին ակտի նախագիծ:
5. Մինչև պետական գանձարանի ստեղծման հետ կապված աշխատանքների ավարտը, թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը ի պահ հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բանկին:
6. Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պետական գանձարանին Երևան քաղաքի կենտրոնական մասում համապատասխան շենք հատկացնելու հարցը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |