ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1991 թվականի N 410
քաղ. Երևան
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՎԱՃԱՌՔԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. Ի լրացումն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» N 214 որոշման, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից սեփականաշնորհվող անասնագլխաքանակի արժեքի վճարումը կատարել երեք տարում. առաջին տարում` արժեքի 40 տոկոսի չափով, երկրորդ և երրորդ տարիներին` 30-ական տոկոսի չափով: Սահմանված ժամկետներում (մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը) արժեքը չվճարելու դեպքում, հաշվարկվում է տուգանք անասունի արժեքի չվճարած գումարի 0,1 տոկոսի չափով` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար:
2. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից սեփականաշնորհվող անասնագլխաքանակի լրիվ արժեքը մինչև 1991 թվականի հոկտեմբերի 1-ը վճարելու դեպքում կիրառել զեղչը` 10 տոկոսի չափով:
3. Սկսած 1991 թվականի հուլիսի 1-ից, սեփականաշնորհվող անասունների վաճառքը պայմանագրային գներով կատարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի հոկտեմբերի 1-ի N 464 որոշմամբ սահմանված խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների և այծերի պետական գնման գներով, սակայն հաշվեկշռային գներից ոչ պակաս:
4. Սահմանել, որ սեփականաշնորհված ոչխարների գարնանային խուզից ստացված և պետությանը վաճառված բրդի արժեքը հաշվեգրվում է սեփականաշնորհված անասունի արժեքի դիմաց:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |