Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8088/05
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.07.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.04.2012
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2012

Ներմուծեք նկարագրությունը_15382

Ե Ր Ր Ո Ր Դ  Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք

 

ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(Գանգատ թիվ 8088/05)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

10 ապրիլի 2012 թ.

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ

10/07/2012

 

Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով`

Ժոզեփ Քասադևալ [Josep Casadevall]`Նախագահ,

Կորնելիու Բիրսան [Corneliu Bírsan],

Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],

Էխբերտ Մայեր [Egbert Myjer],

Ինետա Զիեմելե [Ineta Ziemele],

Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],

Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos]` դատավորներ,

և Սանտիագո Կեսադա [Santiago Quesada]` Բաժանմունքի քարտուղար,

2012 թվականի մարտի 20-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արտակ Գաբրիելյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2005 թվականի փետրվարի 3-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 8088/05) հիման վրա:

2. Դիմումատուին ներկայացրել են Լոնդոնում գործող Մարդու իրավունքների քրդական ծրագրի (ՄԻՔԾ) իրավաբաններ պրն Մ. Մյուլլերը, պրն Տ. Օթթին, պրն Ք. Յըլդըզը և տկն Լ. Քլերիջը, ինչպես նաև Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Տեր-Եսայանը և պրն է. Բաբայանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:

3. 2008 թվականի սեպտեմբերի 10-ին Երրորդ բաժանմունքի նախագահը որոշել է գանգատի մասին ծանուցել Կառավարությանը: Որոշվել է նաև գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը ուսումնասիրել միաժամանակ (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

4. Դիմումատուն ծնվել է 1938 թվականին և ապրում է Երևան քաղաքում:

 

Ա. Գործի նախապատմությունը

 

5. 2003 թվականի փետրվար և մարտ ամիսներին Հայաստանում նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց ընթացքում դիմումատուն հիմնական ընդդիմադիր թեկնածու հանդիսացող` Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ներկայացնող թեկնածուի վստահված անձն է եղել: ՀԺԿ թեկնածուն գործող նախագահին պարտվելուց հետո վիճարկել է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, որը 2003 թվականի ապրիլի 16-ին առաջարկել է մեկ տարվա ընթացքում Հայաստանում անցկացնել վերընտրված նախագահի վստահության հանրաքվե:

 

6. Քանի որ 2004 թվականի ապրիլին ավարտին է հասել մեկ տարվա վերջնաժամկետը, վերընտրված նախագահի լեգիտիմությունը վիճարկելու համար ընդդիմությունը քարոզարշավ է ծավալել: 2004 թվականի մարտի վերջերին երկու հիմնական ընդդիմադիր դաշինքները՝ «Արդարություն» դաշինքը` բաղկացած ինը կուսակցություններից՝ ներառյալ ՀԺԿ-ն, և «Ազգային միաբանություն» կուսակցությունը, հայտարարել են մի շարք ցույցեր սկսելու իրենց մտադրության մասին` պահանջելով վերընտրված նախագահի հրաժարականը:

7. Դիմումատուն պնդում է, որ 2003 թվականի փետրվարից մինչև 2004 թվականի ապրիլի իր ձերբակալումն ընկած ժամանակահատվածում ինքն իր քաղաքական գործունեության պատճառով ենթարկվել է շարունակական ճնշման: Մասնավորապես, ոստիկանությունը հաճախ դիմումատուին առանց որևէ պատճառի հրավիրել է ոստիկանության բաժին և պահանջել, որ նա դադարեցնի իր քաղաքական գործունեությունն ու ընդդիմությանն աջակցություն ցույց տալը:

8. 2004 թվականի մարտի 30-ին «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների դեմ Քրեական օրենսգրքի (ՔՕ) 301-րդ հոդվածի և 318 հոդվածի 2-րդ մասի հիմքերով հարուցվել է թիվ 62201704 քրեական գործը` պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն և Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված կոչեր անելու և իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելու փաստի առթիվ:

 

2. Դիմումատուի ձերբակալումը և քրեական հետապնդումը

 

9. 2004 թվականի ապրիլի 8-ին դիմումատուն Երևանում գտնվող առևտրի կենտրոնում մարդկանց թռուցիկներ է բաժանել` հորդորելով նրանց ներկա գտնվել 2004 թվականի ապրիլի 9-ին մայրաքաղաքում անցկացվելիք ցույցին: Թռուցիկներն ունեին հետևյալ բովանդակությունը.

«Հայրենակիցնե՛ր,
Այսպես շարունակել այլևս անհնար է:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16.00-ին, Ազատության հրապարակում սկսում ենք պայքարը, որի նպատակն է Հայաստանում օրինական իշխանության հաստատումը: Յուրաքանչյուրիս մասնակցությունից է կախված մեր հայրենիքի ապագան

 

«Ազգային միաբանություն» կուսակցություն

«Արդարություն» դաշինք»

 

10. Ոստիկանության երկու ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ա.-ն կանգնեցրել են դիմումատուին և պահանջել, որ նա իրենց ուղեկցությամբ գնա ոստիկանության բաժին: Հավանաբար դա տեղի է ունեցել մոտավորապես ժամը 13:00-ին:

11. Ըստ դիմումատուի՝ իրենք ժամանել են ոստիկանության բաժին մոտավորապես ժամը 13:30-ին։ Ոստիկանության բաժնում իրեն տեղավորել են սպասասրահում, որի դեպի միջանցք նայող պատն ապակե էր, որտեղ ինքն անց է կացրել մոտ տասը ժամ: Այդ ընթացքում ինքն ապակե պատի մյուս կողմից նկատել է որոշ մարդկանց, ովքեր մատնացույց էին անում իրեն այնպես, կարծես թե ճանաչում էին իր ինքնությունը: Այդ ընթացքում ինքը փաստաբանին դիմելու հնարավորություն չի ունեցել:

12. Ինչպես պարզ է դառնում, դիմումատուին որոշակի պահի տեղափոխել են դատախազություն, որտեղ ժամը 20:55-ից մինչև 21:05-ը և 21:30-ից մինչև 22:05-ն անցկացվել է երկու առերեսում` իր և երկու վկաների՝ համապատասխանաբար Մ.Մ.-ի և Ն.Ս.-ի միջև, ովքեր աշխատում էին առևտրի կենտրոնում: Համապատասխան արձանագրություններում ի սկզբանե նշվել է, որ որոշակի հակասություններ գոյություն ունեն այդ վկաների և դիմումատուի ցուցմունքների միջև, որն այդ փուլում նույնպես որպես վկա է ներգրավված եղել:

13. Առերեսման ժամանակ վկա Մ.Մ.-ն պնդել է, որ ավելի վաղ` նույն օրը՝ մոտավորապես ժամը 14:00-ին, ինքը դիմումատուին նկատել է առևտրի կենտրոնում մարդկանց թռուցիկներ բաժանելիս և ինչ-որ բան ասելիս: Այնուհետև դիմումատուն մոտեցել է իրեն և տվել թռուցիկ՝ ասելով՝ «մեկ օրից կառավարության վերջը կգա, և կառավարությունը կփոխվի, իշխանությունների վերջը պետք է տանք և հարցերը լուծենք»:

14. Վկա Ն.Ս.-ն պնդել է, որ դիմումատուն մոտեցել է իրեն մոտավորապես ժամը 13:00-ին, թռուցիկ է տվել՝ ասելով՝ «անպայման կգաք, ջարդելու ենք, հաղթելու ենք», որից հետո դիմումատուն հեռացել է:

15. Դիմումատուն հերքել է, որ թռուցիկներ է բաժանել կամ նման հայտարարություններ արել:

16. Երեկոյան ժամը 10:30-ին կազմվել է ձերբակալման արձանագրություն, որտեղ նշվել է, որ ականատեսները պնդել են, որ դիմումատուն բաժանել է թռուցիկներ և պետական իշխանությունը բռնությամբ զավթելու վերաբերյալ կոչեր է արել: Դիմումատուն կրկին հերքել է այդ պնդումները:

17. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է դիմումատուի բնակարանի խուզարկության մասին քննիչի միջնորդությունը: Այդ որոշման մեջ նշվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմումատուի բնակարանում կարող են հայտնաբերվել բռնությամբ պետական իշխանության զավթմանը և սահմանադրական կարգը փոփոխելուն, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչներին հրապարակայնորեն վիրավորելուն ուղղված գրավոր կոչեր, թռուցիկներ, ծրագրեր և նախագծեր, ինչպես նաև զենք, զինամթերք և գործին առնչվող այլ առարկաներ և փաստաթղթեր:

18. 2004 թվականի ապրիլի 9-ին քննիչը հրավիրել է հանրային պաշպան Հ.Ի.-ին՝ ներկայացնելու համար դիմումատուի շահերը: Համապատասխան արձանագրության համաձայն` դիմումատուն համաձայնել է, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Հ.Ի.-ն:

19. Նույն օրը` ժամը 10:30-ից մինչև 11:10-ը, երկու ընթերակաների ներկայությամբ դիմումատուի բնակարանը խուզարկել են, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:

20. Ժամը 13:05-ից մինչև 14:25-ը դիմումատուն պաշտպան Հ.Ի.-ի ներկայությամբ հարցաքննվել է որպես կասկածյալ: Դիմումատուն կրկին հերքել է բոլոր պնդումները:

21. 2004 թվականի ապրիլի 10-ին թիվ 62201704 քրեական գործի շրջանակներում ՔՕ-ի 301-րդ հոդվածով դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Այս որոշման մեջ նշված էր.

«[դիմումատուն], «Ազգային միաբանություն» կուսակցության [տարածքային գրասենյակից] ստանալով «Հայաստանում օրինական իշխանություն ստեղծելու» նպատակով Ազատության հրապարակում 2004 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 16:00-ին, տեղի ունենալիք ցույցի մասին թռուցիկներ, բաժանել է այդ թռուցիկները քաղաքացիներին և պետական իշխանությունը զավթելու ու սահմանադրական կարգը փոփոխելու կոչեր է արել:

2004 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանները թռուցիկներ բաժանելու ժամանակ ձերբակալել են [դիմումատուին] և նրա մոտից առգրավել են ընդհանուր թվով 24 թռուցիկ:

Այսպիսով, [դիմումատուն] պետական իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կոչեր է արել, այսինքն՝ կատարել է 301-րդ հոդվածով [ՔՕ] նախատեսված հանցանք:

22. Դիմումատուն և իր պաշտպանը ստորագրել են այդ որոշման տակ, որում, inter alia (ի թիվս այլնի), նշվել է, որ մեղադրանքի էությունը պարզաբանվել է դիմումատուին: Դիմումատուն ևս մեկ անգամ տվել է իր համաձայնությունը, որպեսզի իր շահերը ներկայացնի փաստաբան Հ.Ի.-ն: Այնուհետև նա իր փաստաբանի ներկայությամբ հարցաքննվել է որպես մեղադրյալ: Դիմումատուն նշել է, որ իրեն պարզ է մեղադրանքի էությունը, սակայն հերքել է, որ թռուցիկներ է բաժանել կամ կոչեր է արել առևտրի կենտրոնում:

23. Նույն օրը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել է դիմումատուին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից 2004 թվականի ապրիլի 6-ին ներկայացված միջնորդությունը:

24. 2004 թվականի ապրիլի 21-ին առերեսում է կատարվել դիմումատուի և մեկ այլ վկայի` Վ.Զ.-ի միջև, որը, ինչպես պարզվում է, նույնպես աշխատում էր առևտրի կենտրոնում: Նա հաստատել է, որ դիմումատուն է այն անձը, ով 2004 թվականի ապրիլի 8-ին մոտեցել է իրեն, թռուցիկ հանձնել և ասել, որ վերջինս ներկա գտնվի հաջորդ օրը կայանալիք ցույցին, որի ընթացքում կսկսվի իշխանությունը փոփոխելու պայքարը, ինչպես նաև ասել է, որ իշխանություններն անօրինական են և պետք է փոխվեն: Դիմումատուն կրկին հերքել է իր կողմից թռուցիկներ բաժանելը կամ որևէ կոչ անելը, ինչպես նաև նշել է, որ վկա Վ.Զ.-ին ոստիկանները հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ: Այս առերեսումն անցկացվել է պաշտպան Հ.Ի.-ի ներկայությամբ:

25. 2004 թվականի մայիսի 6-ին տեղի է ունեցել ևս մեկ առերեսում դիմումատուի և իրեն ձերբակալած ոստիկանության ծառայող Գ.Դ.-ի միջև, որը նշել է, որ 2004 թվականի ապրիլի 8-ին` մոտավորապես ժամը 12:00-ին, նկատելով, որ դիմումատուն թռուցիկներ է բաժանում առևտրի կենտրոնում, իրենք մոտեցել են նրան և խնդրել ցույց տալ թռուցիկները: Կարդալով թռուցիկները` իրենք խնդրել են դիմումատուին իրենց հետ գալ ոստիկանության բաժին՝ պարզաբանման համար: Դիմումատուն հերքել է այդ պնդումները: Այդ առերեսումն անցկացվել է պաշտպան Հ.Ի.-ի ներկայությամբ:

26. 2004 թվականի մայիսի 7-ին տեղի է ունեցել ևս մեկ առերեսում դիմումատուի և նրան ձերբակալած ոստիկանության երկրորդ ծառայողի` Դ.Ա.-ի միջև, որի կողմից տրվել են ոստիկանության ծառայող Գ.Դ.-ի ցուցմունքների հետ նույնաբովանդակ ցուցմունքներ: Դիմումատուն ի պատասխան նշել է, որ ոստիկանության ծառայող Գ.Ա.-ի պնդումները համապատասխանում են իրականությանը, և որ ինքն իր կողմից նախկինում տրված ցուցմունքներում չի պատմել ամբողջ ճշմարտությունը: Դիմումատուն ընդունել է, որ ինքը թռուցիկները բաժանել է առևտրի կենտրոնում, սակայն հերքել է, որ որևէ բան է ասել կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր է արել: Նա նշել է, որ զղջում է իր արարքների համար և խնդրել է իրեն ազատել կալանքից: Այս առերեսումը տեղի է ունեցել պաշտպան Հ.Ի.-ի ներկայությամբ:

27. Նույն օրը դիմումատուն պաշտպան Հ.Ի.-ի ներկայությամբ կրկին հարցաքննվել է որպես մեղադրյալ, որի ընթացքում նա նմանատիպ ցուցմունքներ է տվել և իրեն մասամբ մեղավոր է ճանաչել:

28. Ավելի ուշ` նույն օրը, փաստաբան Հ.Ի.-ն դիմումատուին կալանքից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն: Նա նշել է, որ դիմումատուն ունի լավ բնութագիր, մշտական բնակության վայր, թոշակառու է և ազատ արձակվելու դեպքում չի թաքնվի կամ խոչընդոտի գործի քննությունը: Ավելին, նա չունի դատվածություն, իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել իր արարքների համար:

29. Ինչպես պարզ է դառնում, չպարզված օրերին երկու այլ վկաներ՝ Օ.Վ.-ն և Ս.Խ.-ն, նույնպես հարցաքննվել են դիմումատուի գործի շրջանակներում: Վկա Օ.Վ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 8-ին մի բարձրահասակ մարդ թռուցիկներ է բաժանել առևտրի կենտրոնում: Իրեն թռուցիկ հանձնելով՝ նա ասել է, որ 2004 թվականի ապրիլի 9-ի ցույցի ժամանակ սկսվելու է պայքար՝ Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու նպատակով: Այնուհետև նա հորդորել է բոլորին մասնակցել պայքարին, զավթել պետական իշխանությունը և հեղաշրջում իրականացնել: Վկա Ս.Խ.-ն նշել է, որ 2004 թվականի ապրիլի 8-ին մի բարձրահասակ տարեց մարդ առևտրի կենտրոնում իրեն թռուցիկ է հանձնել և կոչ արել միասին գնալ պայքարի, վերացնել ներկա իշխանությունը, ուժով տապալել նրանց և հաստատել նոր կարգեր:

30. Դիմումատուն պնդել է (ի դեպ, Կառավարությունն այդ փաստը չի վիճարկել), որ քննության ողջ ընթացքում՝ կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում, իր պաշտպանն իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար իրեն առանձին չի հանդիպել կամ խոսել: Բացի այդ, պաշտպանը նույնիսկ չի կատարել դիմումատուի՝ իրեն Քրեական դատավարության օրենսգրքի օրինակ տրամադրելու վերաբերյալ խնդրանքը:

 

3. Դատական քննությունը

 

31. Չպարզված օրը դիմումատուի գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան, որն սկսել է գործի քննությունը 2004 թվականի մայիսի 31-ին: Դիմումատուն Համայնքի դատարանին հայտնել է, որ ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Հ.Ի.-ն:

32. Գործը քննող դատավորն ի սկզբանե նշել է, որ վկաները պատշաճ կերպով ծանուցվել են, սակայն չեն ներկայացել նիստին, ինչպես նաև հարցրել է կողմերի կարծիքն այդ առնչությամբ: Դատախազը նշել է, որ նրանց պետք է բերման ենթարկել: Պաշտպանը նույնպես հայտնել է նման կարծիք առ այն, որ գործի քննությունն առանց վկաների անհնար է: Դատավորը համաձայնել է նրանց հետ և հետաձգել դատական նիստը մինչև 2004 թվականի հունիսի 2-ը:

33. 2004 թվականի հունիսի 2-ին կայացած դատական նիստին ներկայացել են չորս վկաներ՝ Ն.Ս.-ն և Մ.Մ.-ն, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ն և Գ.Ա.-ն:

34. Վկա Ն.Ս.-ն ընդունել է, որ ինքը դիմումատուին երկրորդ անգամ է տեսնում, իսկ առաջին անգամ նրան տեսել է 2004 թվականի ապրիլի 8-ին դատախազությունում: Այնուհետև նշել է, որ մոտավորապես մեկ ամիս առաջ, երբ ինքն առևտրի կենտրոնում էր, ինչ-որ մեկը մոտեցել և իրեն թռուցիկ է տվել՝ ավելացնելով, որ «վաղը ցերեկը՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում ցույց է տեղի ունենալու»: Այդ թռուցիկները տարածող մարդը բարձրահասակ էր և սպիտակ մազերով: Նա տվել է թռուցիկը և ասել՝ «արի՛ այս ժամին, ջարդելու ենք, հաղթելու ենք»: Վկա Ն.Ս.-ն նշել է, որ այդ հայտարարություններից ինքը հասկացել է, որ ցուցարարներն ուզում են փոխել իշխանությունը: Ի պատասխան դիմումատուի պաշտպանի հարցին՝ վկա Ն.Ս.-ն նշել է, որ ինքը ծանոթ չէ այդ անձի հետ և չի կարող հստակ ասել, թե արդյոք դիմումատուն է բաժանել թռուցիկները և արել այդ հայտարարությունները: Այնուամենայնիվ, նա համոզված է եղել, որ տեսել է դիմումատուին Դատախազությունում: Վկա Ն.Ս.-ն պարզաբանել է, որ Դատախազությունում ինքը պնդել է, որ չի տեսել, թե ով է բաժանում թռուցիկները, ինչին նրանք պատասխանել են, որ դա եղել է դիմումատուն: Դատավորի հարցին, թե ինչու է նա հետաքննության ընթացքում միանշանակորեն պնդել, որ դիմումատուն է տարածել թռուցիկները և կատարել վերը նշված հայտարարությունները, վկա Ն.Ս.-ն նշել է, որ ինքն այդպես է ասել, քանի որ Դատախազությունում իրեն ասել են, որ դիմումատուն է բաժանել թռուցիկներն առևտրի կենտրոնի տարածքում: Այնուհետև նա նշել է, որ ինքը չի կարող հիշել, թե դա ով է եղել, բայց իրեն շրջապատող մարդիկ ասել են, որ դա եղել է դիմումատուն, այդ պատճառով էլ ինքը նույնն է ասել:

35. Վկա Մ.Մ.-ն նշել է, որ մայիս ամսվա մի օր ինքն առևտրի կենտրոնում է եղել, երբ դիմումատուն, որը թռուցիկներ էր բաժանում, մոտեցել է իրեն և իշխանությունը «շուռ տալու» նպատակով հրավիրել է ցույցի: Այնուհետև դիմումատուն հեռացել է: Այնուհետև վկա Մ.Մ.-ն հաստատել է իր նախաքննական ցուցմունքները՝ խնդրելով ընդունել դրանք որպես հիմք։ Նա նաև հաստատել է, որ թռուցիկներ բաժանող անձը, ինչպես և դիմումատուն, եղել է սպիտակ մազերով, բարձրահասակ և սպիտակ վերնաշապիկով:

36. Ոստիկանության ծառայող Գ.Դ.-ն նշել է, որ ինքը ոստիկանության ծառայող Գ.Ա.-ի հետ հերթապահել է առևտրի կենտրոնում, որտեղ իրենք նկատել են, որ ինչ-որ անձ թռուցիկներ է բաժանում: Իրենք մոտեցել են նրան և ուղեկցել ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս դիմումատուն է: Իրենք չեն կարողացել լսել, թե նա ինչ է ասում վաճառողներին: Ի պատասխան դիմումատուի պաշտպանի հարցերին՝ ոստիկանության ծառայող Գ.Դ.-ն ասել է, որ ինքն անձամբ չի լսել դիմումատուի կողմից արված որևէ կոչ: Եվ ոչ էլ վաճառողներից որևէ մեկն իրեն ասել է, որ դիմումատուն կոչեր է արել:

37. Ոստիկանության ծառայող Գ.Ա.-ն նույնպես նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել:

38. Այնուհետև գործը քննող դատավորը հայտարարել է, որ ոստիկանությունից պաշտոնական գրություն է ստացել, որտեղ նշված է, որ վկա Ս.Խ.-ն չի գտնվել իր բնակության վայրում, վկա Օ.Վ.-ն բացակայում է իր բնակության վայրից և այլ տեղ է բնակվում, և որ դատարանի՝ վկաներին բերման ենթարկելու մասին որոշումը վկա Վ.Զ.-ի մասով չի կատարվել դատարանին անհայտ պատճառներով: Դատախազը միջնորդել է, որ հրապարակվեն այդ վկաների նախաքննական ցուցմունքները: Դիմումատուն և նրա պաշտպանը տվել են իրենց համաձայնությունը, ինչից հետո ցուցմունքները հրապարակվել են:

39. Այնուհետև դիմումատուն հարցաքննվել է, որի ընթացքում ընդունել է, որ թռուցիկներ է բաժանել, սակայն հերքել է իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված որևէ կոչ անելը:

40. Այնուհետև դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ: Դատախազի ճառից հետո ճառերով հանդես են եկել դիմումատուի պաշտպանը և դիմումատուն: Պաշտպանի ճառում, մասնավորապես, ասվել է հետևյալը. «Ես գտնում եմ, որ ամբաստանյալը պետք է արդարացվի»:

41. Նույն օրը Համայնքի դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող արարքի մեջ և սահմանել մեկ տարի ժամկետով պայմանական պատիժ` միևնույն ժամանակ դիմումատուին ազատելով կալանքից՝ բնակության վայրը չլքելու մասին նրա գրավոր պարտավորությամբ: Համայնքի դատարանը, մասնավորապես, գտել է, որ.

«2004 թվականի ապրիլի 8-ին [դիմումատուն] ստացել է 2004 թվականի ապրիլի 9-ի ժամը 16.00-ին Ազատության հրապարակում անցկացվելիք երթի մասին թռուցիկներ «Ազգային միաբանություն» կուսակցության Ավան և Նոր Նորք համայնքների գրասենյակից, բաժանել է դրանք [Նորքում] տեղակայված յոթերորդ առևտրի կենտրոնի տարածքում աշխատող, առևտրով զբաղվող մարդկանց, ինչպես նաև հրապարակային կոչեր է արել` ուղղված իշխանությունը և սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն: Մասնավորապես, թռուցիկները [Ն.Ս.-ին, Մ.Մ.-ին, Վ.Զ.-ին, Օ.Վ.-ին և Ս.Խ.-ին] հանձնելու ընթացքում նա հորդորել է նրանց մասնակցել երթին՝ ասելով՝ «Անպայման կգաք, ջարդելու ենք, հաղթելու ենք, կառավարության վերջը տալու ենք և հարցերը լուծենք, մենք հեղաշրջում ենք անելու, բռնությամբ զավթելու ենք ներկա իշխանությունը և նոր կարգեր ենք հաստատելու»:

42. Համայնքի դատարանն իր դատավճռի հիմքում դրել է վկաներ Ն.Ս.-ի, Մ.Մ.-ի, Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի կողմից տրված ցուցմունքները: Ինչ վերաբերում է, մասնավորապես, վկա Ն.Ս.-ի կողմից դատարանում տրված ցուցմունքներին, համայնքի դատարանը մերժել է դրանք՝ հավաստի չլինելու հիմքով, և ընդունել նրա կողմից 2004 թվականի ապրիլի 8-ին առերեսման ընթացքում տրված ցուցմունքները: Համայնքի դատարանը պատճառաբանել է իր այդ որոշումն այն փաստով, որ վկա Ն.Ս.-ի կողմից առերեսման ընթացքում տրված ցուցմունքները անվիճարկելի են եղել: Այսպիսով, ամբողջացնելով վկաների՝ Համայնքի դատարանի կողմից հիմք ընդունած ցուցմունքները` [կարելի է ասել, որ] դիմումատուն թռուցիկներ բաժանելիս և մարդկանց ցույցին մասնակցել հորդորելիս հետևյալ կոչերն է արել` «ջարդելու ենք, հաղթելու ենք» (վկա Ն.Ս.), «իշխանությունը փոխվելու է, կառավարության վերջը տալու ենք և հարցերը լուծենք» (վկա Մ.Մ.), «սկսում են պայքար, որի նպատակն է փոխել իշխանությունը և Հայաստանում հաստատել օրինական իշխանություն», «ներկայիս իշխանությունը կտապալվի և նորը կհաստատվի», «ներկայիս իշխանությունն անօրինական է և պետք է փոխվի» (վկա Վ.Զ.), «իշխանությունը պետք է տապալվի և պետք է հեղաշրջում կատարվի» (վկա Օ.Վ.) և «վերացնել ներկա իշխանությունը, ուժով տապալել նրանց և հաստատել նոր կարգեր» (վկա Ս.Խ.):

43. 2004 թվականի հունիսի 14-ին դիմումատուն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն ակնհայտորեն կազմված է եղել վերջինիս կողմից: Իր վերաքննիչ բողոքի մեջ դիմումատուն նշել է, որ նախաքննության ընթացքում ինքն իրեն մեղավոր է ճանաչել միայն թռուցիկներ բաժանելու մեջ, որը ցանկացած դեպքում հանցագործություն չէ, բայց ինքն իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված որևէ կոչ չի արել: Ինքը որևէ կուսակցության անդամ չի եղել, երբեք չի մասնակցել որևէ ցույցի և կապեր չի ունեցել դրանք կազմակերպող կուսակցությունների հետ: Դիմումատուն նաև բողոքարկել է այն, որ վկաներ Ն.Ս.-ի և Մ.Մ.-ի կողմից իր օգտին դատարանում տրված ցուցմունքները համարվել են ոչ հավաստի, մինչդեռ մյուս վկաները, ամաչելով իրենց կեղծ ցուցմունքներից, չեն ներկայացել դատարան: Նա պնդել է, որ դատարանում չհարցաքննված վկաների ցուցմունքները չպետք է դրվեին իր դատավճռի հիմքում: Վերջապես, դիմումատուն նշել է, որ իրեն ձերբակալող ոստիկանության ծառայողները իր կողմից արված որևէ կոչ չեն լսել: Այսպիսով, դիմումատուին մեղավոր են ճանաչել` հիմք ընդունելով երկու կամ երեք վկաների ցուցմունքները, ովքեր առաջին անգամ Դատախազությունում էին նրան տեսել:

44. 2004 թվականի հունիսի 29-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում սկսվել է գործի քննությունը: Դիմումատուն Վերաքննիչ դատարանում նշել է, որ ցանկանում է, որ իր շահերը ներկայացնի փաստաբան Հ.Ի.-ն, և իրեն մեղավոր չի ճանաչել: Պաշտպան Հ.Ի.-ն նույնպես պնդել է, որ դիմումատուն անմեղ է, և խնդրել է դատարանից արդարացնել վերջինիս:

45. 2004 թվականի հունիսի 30-ի դատական նիստին՝ դիմումատուի հարցաքննությունից հետո, նախագահող դատավորը հայտարարել է, որ անհրաժեշտ է ծանուցել և հարցաքննել վկաներ Օ.Վ.-ին, Վ.Զ.-ին և Ս.Խ.-ին: Այնուհետև նա նշել է, որ նախորդ օրը զանգահարել է բոլոր երեք վկաներին: Օ.Վ.-ի կինը պատասխանել է, որ մոտավորապես մեկ ամիս առաջ Օ.Վ.-ն աշխատելու նպատակով մեկնել է Ռուսաստան, և նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Վ.Զ.-ի կինը պատասխանել է, որ Վ.Զ.-ն աշխատելու նպատակով գնացել է մեկ այլ մարզ, և ինքը որևէ այլ տեղեկություն չունի նրա մասին: Ս.Խ.-ի ազգականները պատասխանել են, որ Ս.Խ.-ն մեկնել է Հայաստանից՝ աշխատելու նպատակով: Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ վկաների՝ դատաքննությանը ներկայանալը պարտադիր է, որոշել է վկաներին բերման ենթարկել: Այդ խնդրի լուծումը հանձնարարվել է [վկաների բնակության վայրի] ոստիկանության համապատասխան բաժիններին: Դատական նիստը հետաձգվել է մինչև 2004 թվականի հուլիսի 6-ը:

46. 2004 թվականի հուլիսի 6-ի դատական նիստին նախագահող դատավորը հայտարարել է, որ ոստիկանության հայտնած տեղեկության համաձայն` վկաները բացակայում են իրենց բնակության վայրերից: Ոստիկանությունը խոստացել է գրավոր տրամադրել լրացուցիչ տեղեկություններ: Ի պատասխան նախագահող դատավորի հարցին՝ կողմերը չեն առարկել դատական նիստը շարունակելուն և պահանջել են միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին վկաների մասնակցությունն ապահովելու համար:

47. 2004 թվականի հուլիսի 7-ի դատական նիստին նախագահող դատավորը տեղեկացրել է կողմերին, որ ոստիկանությունից պաշտոնական գրություն է ստացվել, որտեղ նշված է, որ վկաներ Օ.Վ.-ն, Վ.Զ.-ն և Ս.Խ.-ն բացակայում են իրենց բնակության վայրերից: Գրությունն ընթերցելիս նախագահող դատավորը նկատել է, որ ոստիկանությունը սխալ հասցեով է որոնել վկա Վ.Զ.-ին: Այնուհետև դատախազը խնդրել է հրապարակել վկաների ցուցմունքները: Պաշտպան Հ.Ի.-ն պնդել է, որ նշված վկաները նախաքննության ընթացքում դիմումատուի դեմ անարժանահավատ, վարկաբեկող ցուցմունքներ են տվել, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ոստիկանության օգնությամբ նրանց բերման ենթարկել: Դիմումատուն միացել է իր պաշտպանի պահանջին և խնդրել, որ նշված վկաները ներկայանան դատարան, ինչպես նաև ներկայացնեն իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Վերաքննիչ դատարանը որոշել է, որ քանի որ Վ.Զ.-ին բերման ենթարկելու մասին որոշման մեջ սխալ հասցե է նշված եղել, ապա անհրաժեշտ է ոստիկանությանը հայտնել ճիշտ հասցեն: Ինչ վերաբերում է վկաներ Օ.Վ.-ին և Ս.Խ.-ին, նրանցից առաջինը Ռուսաստանում է եղել, մինչդեռ երկրորդը բացակայել է քաղաքից: Այդ փաստը նաև հաստատվել է նախագահող դատավորի կողմից կատարած հեռախոսային զանգերով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ հանգամանքներում ոստիկանության կողմից տրամադրված տեղեկատվության ճշմարտացիությանը կասկածելու որևէ հիմք չկա, ինչպես նաև հայտարարել է, որ այդ վկաների՝ մինչդատական վարույթում տրված ցուցմունքները կհրապարակվեն և կքննվեն: Այնուհետև ցուցմունքները կհետազոտվեն խորհրդակցական սենյակում և դրանց արժանահավատության մասով կտրվի գնահատական, քանի որ դատարանում ուսումնասիրված ապացույցները բավարար են նման գնահատական տալու համար: Այնուհետև Վերաքննիչ դատարանը անցել է նշված ցուցմունքները հրապարակելուն: Դիմումատուն նշել է, որ նրանց ցուցմունքներն իրեն չեն վերաբերում, քանի որ առևտրի կենտրոնում կային բազմաթիվ բարձրահասակ, սպիտակ մազերով տղամարդիկ: Քննչական մարմինն այդ վկաների կողմից դիմումատուի ինքնությունը ճանաչելուն ուղղված քայլեր չի ձեռնարկել, և այդ իսկ պատճառով վկաների ցուցմունքները կեղծ են:

48. 2004 թվականի հուլիսի 12-ի դատական նիստին նախագահող դատավորը հայտարարել է, որ պաշտոնական գրություն է ստացվել ոստիկանությունից, համաձայն որի վկա Վ.Զ.-ի բնակության հասցեն ճիշտ է եղել, սակայն ոստիկանության այցի ժամանակ դռան զանգերին ոչ ոք չի պատասխանել: Նախագահող դատավորը հայտարարել է, որ բավարար չհամարելով ոստիկանության գրությամբ ներկայացված տեղեկությունը` ինքն անձամբ զանգահարել է Վ.Զ.-ի տուն և համոզվել, որ տանը մարդ չկա, քանի որ ոչ ոք չի պատասխանել հեռախոսազանգին: Դատախազը խնդրել է, որ վկա Վ.Զ.-ի ցուցմունքները հրապարակվեն դատարանում, մինչդեռ և՛ դիմումատուն, և՛ նրա պաշտպանը նշել են, որ վկա Վ.Զ.-ի ցուցմունքներն անարժանահավատ են, և պահանջել են, որ դրանք հաշվի չառնվեն: Այնուհետև դատարանը հրապարակել է ցուցմունքը:

49. Նույն դատական նիստի ժամանակ դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ հրաժարվելով պաշտպան Հ.Ի.-ի ծառայություններից: Նա նշել է, որ պաշտպանն իր շահերը պաշտպանելու և իր անմեղությունն ապացուցելու համար որևէ քայլ չի ձեռնարկել: Պաշտպանը երբևէ չի այցելել իրեն կալանավորված ժամանակ՝ չնայած կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարությանն իր կողմից ներկայացված խնդրանքներին: Ավելին, պաշտպանն առանց իր գիտության 2004 թվականի մայիսի 7-ին իրեն ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որտեղ նա նշել է, որ դիմումատուն իրեն մեղավոր է ճանաչել, չնայած այն փաստին, որ ինքը երբևէ իրեն ամբողջովին մեղավոր չի ճանաչել, դրանով իսկ փաստաբանը գործել է ի վնաս իրեն՝ օգնելով մեղադրող կողմին՝ իր դեմ ներկայացված մեղադրանքը հիմնավորելու գործում: Դիմումատուն պնդել է, որ այդ միջնորդության մասին ինքն իմացել է միայն վերաքննության վարույթի ընթացքում: Այնուհետև միջնորդության մեջ նա պնդել է, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչել միայն թռուցիկներ բաժանելու մեջ, որովհետև ինքը տեղյակ չի եղել, որ այդպիսի գործողությունը հանցանք չի համարվում: Ինքը գիտակցել է դա միայն կալանքից ազատվելուց հետո, քանի որ, ի հեճուկս իր բազմաթիվ պահանջներին, կալանքի տակ գտնվելու ժամանակ ՔՕ-ի որևէ օրինակ իրեն չի տրամադրվել ո՛չ քննիչի կողմից և ո՛չ էլ իր պաշտպանի կողմից: Դիմումատուն, ի վերջո, պնդել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է: Նա նշել է, որ ոստիկանության բաժնում ապակե պատից այն կողմ նստած լինելու ընթացքում իրեն ցույց են տվել որոշ մարդկանց, ովքեր հետագայում վկաներ են դարձել և իր դեմ կեղծ ցուցմունքներ տվել: Ինքը չի կարողացել հարցաքննել նրանցից ոմանց, և նրանցից միայն երկուսն են ներկայացել դատարան: Այդ երկուսից մեկը հերքել է իր նախաքննական ցուցմունքները, մինչդեռ երկրորդը կեղծ ցուցմունք տալու պատճառով նույնիսկ ամաչել է նայել իր աչքերի մեջ և կարողացել է միայն հազիվ արտաբերելով հաստատել իր նախաքննական ցուցմունքները:

50. Դիմումատուն միևնույն ժամանակ նշել է, որ փաստաբանի ծառայություններից հրաժարվելն իր անձնական որոշումն է եղել: Վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել դիմումատուի միջնորդությունը և դիմումատուին թույլ տալ անձամբ պաշտպանել իր շահերը: Այնուհետև պաշտպանին խնդրել են հեռանալ դատական նիստերի դահլիճից:

51. Նույն օրը Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել դիմումատուի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը: Այդ դատավճիռը կայացնելիս Վերաքննիչ դատարանը հղում է կատարել վկաներ Ն.Ս.-ի, Մ.Մ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի և ոստիկանության ծառայողներ Գ.Դ.-ի և Գ.Ա.-ի ցուցմունքներին: Ինչ վերաբերում է վկա Վ.Զ.-ի ցուցմունքին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն չպետք է դրվի դիմումատուին մեղավոր ճանաչելու հիմքում, քանի որ, չնայած դատարանի որոշմանը, վկան չի ներկայացել դատարան: Այնուհետև Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի պնդումն այն մասին, որ նա միայն բաժանել է թռուցիկներ և իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված որևէ կոչ չի արել: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը նշել է, որ հինգ վկաներ հաստատել են, որ նա արել է նման կոչեր: Ավելին, ոստիկանության ծառայողները ձերբակալել են նրան այն ժամանակ, երբ նա բաժանում էր այդ թռուցիկները: Հաշվի առնելով ապացույցների՝ ընդհանուր առմամբ բավարար լինելը՝ այն փաստը, որ վկաներ Օ.Վ.-ն և Ս.Խ.-ն չեն ներկայացել դատարան, չի կարող կասկածի տակ դնել դիմումատուի՝ արարքի մեջ ունեցած ներգրավվածությունը և մեղավորությունը: Դիմումատուի գործողությունների մեջ հանցակազմը եղել է բռնությամբ պետական իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված կոչեր անելը: Այդ կոչերը հրապարակային են եղել և ուղղված են եղել մարդկանց մեծ խմբին: Քանի որ նա արել է նման կոչեր առևտրի կենտրոնում ցերեկային ժամերին, դրանք լսելի են եղել հանրությանը: Այն փաստը, որ դրանք ընկալվել են որպես պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր, հաստատվում է վկաների ցուցմունքներով:

52. Վերաքննիչ դատարանն այնուհետև մերժել է դիմումատուի՝ պաշտպան Հ.Ի.-ին առնչվող բողոքը՝ նշելով, որ դիմումատուի պաշտպանության իրավունքն ապահովված է եղել քննչական մարմնի կողմից, նա ընտրել է իր դեմ ներկայացված մեղադրանքի հետ կապված իր դիրքորոշումն առանց որևէ արտաքին ճնշման, և նախկինում պաշտպանի հետ կապված որևէ բողոք չի ներկայացրել: Ավելին, այն փաստը, որ մեղադրանքի էությունը պարզ է եղել դիմումատուի համար, ակնհայտ է քննչական գործողությունների արձանագրություններից: Իր պաշտպանի ներկայությամբ դիմումատուն դա հաստատել է իր ստորագրությամբ:

53. 2004 թվականի հուլիսի 14-ին դիմումատուն իրավունքի մասով վճռաբեկ բողոք է ներկայացրել, որում այնպիսի փաստարկներ է բերել իր դեմ ցուցմունք տված վկաների և փաստաբան Հ.Ի.-ի կողմից արդյունավետ իրավաբանական օգնություն տրամադրելու ենթադրյալ ձախողման վերաբերյալ, ինչպիսիք նրա կողմից բերվել էին վերջինիս՝ 2004 թվականի հուլիսի 12-ի բողոքում: Նա նաև ավելացրել է, որ վկաները ոստիկանության ճնշման տակ իր դեմ շինծու ցուցմունքներ են տվել: Նշված վկաները առևտրի կենտրոնում աշխատելով իրենց ապրուստը վաստակել փորձող մարդիկ էին, ուստի եթե վերջիններս չկատարեին ոստիկանության հրամանները, նրանց անմիջապես կվռնդեին առևտրի կենտրոնից:

54. 2004 թվականի օգոստոսի 6-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Այդ որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը գտել է, որ վկաներ Մ.Մ.-ն և Ն.Ս.-ն դիմումատուի դեմ մեղադրական ցուցմունքներ են տվել: Ինչ վերաբերում է իրավաբանական ներկայացուցչությանը, դիմումատուն համաձայնել էր, որ փաստաբան Հ.Ի.-ն պաշտպանի իր շահերը, և փաստաբանը պատշաճորեն արել է դա:

55. 2004 թվականի նոյեմբերի 11-ի գրությամբ Հայ իրավաբանական միության աշխատակազմի ղեկավարը, ի պատասխան դիմումատուի դիմում-բողոքին, հայտնել է, որ փաստաբան Հ.Ի.-ն օրինական կերպով իրականացրել է դիմումատուի պաշտպանությունը և որևէ անօրինական գործողություն չի կատարել: 2004 թվականի մայիսի 7-ի միջնորդությունը ներկայացվել է դիմումատուի և նրա հարազատների պահանջով:

 

II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ա. Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին)

 

56. ՔՕ-ի համապատասխան դրույթներով սահմանվում է.

 

Հոդված 301. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը

 

«Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը `

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

Բ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին)

 

57. Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով սահմանվում է.

 

Հոդված 62. Կասկածյալը

 

«1. Կասկածյալ է այն անձը`

1) որը ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով...»:

 

Հոդված 63. Կասկածյալի իրավունքները և պարտականությունները

 

«1. Կասկածյալն ունի պաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը կասկածյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու պաշտպանության իր իրավունքը:

2. Կասկածյալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, իրավունք ունի...

4) ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշումն իրեն հայտարարելու պահից ունենալ պաշտպան, հրաժարվել պաշտպանից և պաշտպանվել ինքնուրույն....»:

 

Հոդված 86. Վկան

 

«3. Վկան պարտավոր է`

1) ցուցմունքներ տալու, քննչական և այլ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով.

4. Վկայի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն»:

 

Հոդված 153. Բերման ենթարկելը

 

«1. Առանց հարգելի պատճառների կանչով չներկայանալու դեպքում ... վկան ... դատարանի պատճառաբանված որոշմամբ կարող են բերման ենթարկվել: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին ... վկան... պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին»:

 

Հոդված 216. Առերեսում

 

«1. Քննիչն իրավունք ունի կատարելու նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:

...

5. Առերեսմանը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը»:

 

Հոդված 332. Չներկայացած վկայի, փորձագետի, մասնագետի բացակայությամբ գործի քննության հնարավորության մասին հարցի լուծումը

 

«1. Դատական քննությանը հրավիրված վկաներից որևէ մեկի... չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը շարունակելու կամ հետաձգելու մասին: Դատական քննությունը կարող է շարունակվել, եթե նշված անձանցից որևէ մեկի չներկայանալը չի խոչընդոտի գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը»:

 

Հոդված 342. Վկայի ցուցմունքների հրապարակումը

 

«1. Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ... թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում»:

 

Հոդված 4261. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտը վերանայող դատարանը

 

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը՝ վճռաբեկ դատարանը»:

 

Հոդված 4264. Գործերի վերանայման հիմքերն ու ժամկետները նոր հանգամանքների հետևանքով

 

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում [եթե] ... միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը...»:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

58. Դիմումատուն բողոքել է, որ պետության կողմից նշանակված փաստաբանն արդյունավետ իրավաբանական օգնություն չի տրամադրել, ընդ որում, երբևէ առանձին չի հանդիպել իր հետ: Այնուհետև նա բողոքել է, որ վկաներին խաչաձև հարցաքննելու հնարավորություն չի ունեցել: Դիմումատուն որպես հիմնավորում հղում է կատարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ», «գ» և «դ» ենթակետերին:

59. Դատարանը համարում է, որ դիմումատուի բողոքները ենթակա են քննության 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերով: Այնուհետև Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները պետք է դիտարկվեն որպես 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հատուկ ասպեկտներ: Հետևաբար Դատարանը համապատասխան բողոքները կքննի երկու դրույթների համադրության ներքո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, F.C.B.-ն ընդդեմ Իտալիայի [F.C.B. v. Italy], 1991 թվականի օգոստոսի 28., § 29, շարք Ա թիվ 208-B. և Փուաթղիմոլն ընդդեմ Ֆրանսիայի [Poitrimol v. France], 1993 թվականի նոյեմբերի 23 , § 29, շարք Ա թիվ 277-Ա), որոնցով, այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է.

« 1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... նրան ներկայացված որևէ քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ... :

3. Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

գ) պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները[,]»:

 

Ա. Ընդունելիությունը

 

60. Դատարանը նշում է, որ այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չեն: Դատարանն այնուհետև նշում է, որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:

 

Բ. Ըստ էության քննությունը

 

1. 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետը` 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համադրության մեջ

ա) Կողմերի փաստարկները

i) Դիմումատուն

61. Դիմումատուն նշել է, որ հանրային պաշտպան Հ.Ի.-ն արդյունավետ իրավաբանական օգնություն չի տրամադրել: Դիմումատուն երբևէ առանձին չի հանդիպել կամ խոսել իր պաշտպանի հետ և չի ստացել որևէ իրավաբանական խորհրդատվություն, ինչը հանգեցրել է դիմումատուի կողմից իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչելուն: Չնայած դիմումատուի խնդրանքին` պաշտպանը նույնիսկ իրեն Քրեական դատավարության օրենսգրքի օրինակ չի տրամադրել: Ավելին, պաշտպանը 2004 թվականի մայիսի 7-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որով ընդունել է դիմումատուի մեղքը: Դիմումատուն նշել է, որ ինքը հրաժարվել է պաշտպանի ծառայություններից, երբ տեղեկացել է այդ միջնորդության մասին: Վերջապես, դիմումատուն նշել է, որ պաշտպանը նույնիսկ չի հարցաքննել բանավոր ցուցմունք տված վկաներին:

ii) Կառավարությունը

62. Կառավարությունը նշել է, որ դիմումատուին տրամադրվել է անվճար իրավաբանական օգնություն 2004 թվականի ապրիլի 9-ից՝ իր սկզբնական հարցաքննության օրվանից սկսած, և բոլոր քննչական գործողությունները, ներառյալ` հարցաքննությունները, վկաների հետ առերեսումները և այլն, անցկացվել են պաշտպանի ներկայությամբ: Դիմումատուն տվել է իր համաձայնությունն առ այն, որ իր շահերը ներկայացնի տվյալ պաշտպանը, ինչը ևս մեկ անգամ հաստատվել է նրա կողմից 2004 թվականի ապրիլի 10-ին: Չկա որևէ ապացույց այն մասին, որ նա նախաքննության կամ երկու դատական ատյաններում ընթացած վարույթների ժամանակ դժգոհ է եղել իր պաշտպանից: Դիմումատուն պաշտպանի վարքագծին առնչվող որևէ հայտարարություն կամ բողոք երբևէ չի ներկայացրել: Եթե դիմումատուն դժգոհ է եղել իր պաշտպանից, նա կարող էր ցանկացած պահի հրաժարվել նրա ծառայություններից:

63. Այնուհետև Կառավարությունը նշել է, որ 2004 թվականի մայիսի 7-ի միջնորդությունը չի վերաբերել դիմումատուին առաջադրված մեղադրանքի որոշմանը, այլ առնչվել է միայն նրա կալանքի վերացմանը, որը, ընդ որում, մերժվել է քննիչի կողմից: Հետևաբար դա չէր կարող ազդել մեղադրանքի որոշման կամ դիմումատուի իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա: Եվ ոչ էլ այն որևէ դեր է խաղացել վարույթի որևէ փուլում: Ավելին, պաշտպանը Վերաքննիչ դատարանում դիմումատուի անունից հանդես է եկել վերջինիս անմեղության օգտին:

բ) Դատարանի գնահատականը

64. Դատարանը վերահաստատում է, որ, չնայած բացարձակ չլինելուն, քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի` անհրաժեշտության դեպքում պետության կողմից նշանակված փաստաբանի կողմից արդյունավետորեն պաշտպանվելու իրավունքն արդար դատաքննության հիմնարար հատկանիշներից մեկն է (տե՛ս Քրոմբախն ընդդեմ Ֆրանսիայի [Krombach v. France], թիվ 29731/96, § 89, ՄԻԵԴ 2001-II): Թեև 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի իրավունք է վերապահվում «պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով...», դրանով հստակ չի սահմանվում այդ իրավունքի իրականացման միջոցները: Այդպիսով, իրենց դատական համակարգում դրա երաշխավորման միջոցների ընտրությունը թողնված է Պայմանավորվող պետություններին, իսկ Դատարանի խնդիրն է միայն պարզել, թե արդյոք դրանց ընտրած մեթոդը համապատասխանում է արդար դատաքննության պահանջներին (տե՛ս Սախնովսկին ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Sakhnovskiy v. Russia} [GC]], թիվ 21272/03, § 95, 2010 թվականի նոյեմբերի 2):

65. Այդ առնչությամբ պետք է մտապահել, որ Կոնվենցիան նպատակ ունի երաշխավորելու ոչ թե տեսական կամ թվացյալ, այլ գործնական և արդյունավետ բնույթ ունեցող իրավունքներ. սա մասնավորապես վերաբերում է պաշտպանական կողմի իրավունքներին՝ հաշվի առնելով ժողովրդավարական հասարակության մեջ արդար դատաքննության իրավունքին տրված կարևորությանը, որից այդ իրավունքները բխում են (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի [Airey v. Ireland], 1979 թվականի հոկտեմբերի 9, § 24, շարք Ա, թիվ 32): Դատարանի դիտարկմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում խոսվում է «օգնության», այլ ոչ թե «նշանակման» մասին: Միայն պաշտպան նշանակելը չի երաշխավորում արդյունավետ օգնություն, քանի որ իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով նշանակված պաշտպանը կարող է մահանալ, լրջորեն հիվանդանալ, նրա պարտականությունների կատարումը կարող է երկարատև ժամանակահատվածով խոչընդոտվել կամ նա կարող է խուսափել իր պարտականությունները կատարելուց: Իրավասու մարմիններն իրավիճակի մասին տեղեկացվելու դեպքում պետք է կա՛մ փոխարինեն նրան, կա՛մ էլ ստիպեն նրան կատարել իր պարտավորությունները (տե՛ս Արտիկոն ընդդեմ Իտալիայի [Artico v. Italy], 1980 թվականի մայիսի 13-ի վճիռ, շարք Ա, թիվ 37, § 33):

66. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուի ձերբակալման հաջորդ օրը հանրային պաշտպան Հ.Ի.-ն հրավիրվել է ներկայացնելու նրա շահերը (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Ինչպես երևում է, պաշտպանը ներկա է եղել դիմումատուին առնչվող բոլոր հետագա քննչական գործողություններին, ինչպիսիք են հարցաքննությունները (տե՛ս վերևում՝ 20-րդ և 27-րդ պարբերությունները), առաջադրված մեղադրանքի ներկայացումը (տե՛ս վերևում՝ 21-22-րդ պարբերություննեը) և առերեսումները (տե՛ս վերևում՝ 24-26-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, պաշտպանի զուտ ներկայությունը բավարար չէ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի պահանջները բավարարելու համար: Դատարանը մտահոգություն է հայտնում այն մասին, որ չնայած պաշտպանը ներկա է գտնվել վերոնշյալ քննչական գործողություններին, այնուամենայնիվ, ինչպես երևում է, ցուցաբերել է բացարձակ պասիվություն: Պարզվում է, որ նա որևէ մասնակցություն չի ունեցել դիմումատուի հարցաքննություններին՝ բացառությամբ համապատասխան արձանագրությունների ստորագրման, ինչպես նաև առերեսումների ժամանակ որևէ հարց չի տվել դիմումատուի դեմ ցուցմունք տված վկաներին: Ավելին, ոչինչ չի վկայում այն մասին, որ փաստաբանը երբևէ հանդիպել է դիմումատուի հետ՝ նրա գործը քննարկելու և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու համար: Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել Համայնքի դատարանում պաշտպանի եզրափակիչ ճառը, որը զուրկ է եղել փաստական և իրավական հիմնավորումներից (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), ինչպես նաև այն փաստը, որ փաստաբանը, ըստ ամենայնի, որևէ ներգրավվածություն չի ունեցել Համայնքի դատարանի դատավճռի դեմ դիմումատուի բողոքը կազմելու գործընթացում (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը):

67. Այնուամենայնիվ, չնայած վերոնշյալին՝ Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ դիմումատուն երբևէ չի բողոքել կամ փորձել վերոնշյալ փաստերից որևէ մեկն այլ ցանկացած հնարավոր ձևով ներկայացնել իրավասու մարմինների ուշադրությանը նախաքննության և Համայնքի դատարանում վարույթի ողջ ընթացքում, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում վարույթի գրեթե ամբողջ ընթացքում: Դիմումատուն ոչ միայն ակնհայտորեն տվել է իր համաձայնությունը, որ բոլոր վերը նշված ատյաններում իր շահերը ներկայացնի փաստաբան Հ.Ի.-ն (տե՛ս վերևում՝ 18-րդ, 22-րդ, 31-րդ և 44-րդ պարբերությունները), այլև երբևէ իր պաշտպանից դժգոհության որևէ նշան ցույց չի տվել մինչև Վերաքննիչ դատարանի վերջին նիստը (տես վերևում՝ 49-րդ պարբերությունը): Համայնքի դատարանի կողմից արձակված դատավճռի դեմ դիմումատուի ներկայացրած բողոքի մեջ նույնպես որևէ խոսք չկա դրա մասին (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը): Ինչպես նշված է վերևում, նա ի վերջո բարձրացրել է այդ հարցը Վերաքննիչ դատարանի վերջին նիստի ընթացքում, ինչպես նաև Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքի մեջ (տե՛ս վերևում՝ 49-րդ և 53-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, ինչպես ընդունել է ինքը՝ դիմումատուն, դա հիմնականում պայմանավորված է եղել իր պաշտպանի` 2004 թվականի մայիսի 7-ի միջնորդության մասին ենթադրյալ ուշացմամբ տեղեկանալով, որը, ըստ դիմումատուի, պարունակում էր իր գործին վնասող պնդումներ (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը), այլ ոչ թե պաշտպանի թույլ տված որևէ այլ ձախողմամբ կամ բացթողմամբ: Հետևաբար, դիմումատուի կողմից նման ձգձգված լռությունը և նրա ուշացումով բողոքելու հիմնական պատճառը կարող են նրա պնդումների մի մասի արժանահավատությունը կասկածի տակ դնել: Ցանկացած դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուի բոլոր պնդումները համապատասխանում են իրականությանը, միևնույն է, նա պարտավոր էր պաշտպանի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին հայտնել իրավասու մարմիններին, որոնց չի կարելի մեղադրել պարտականությունների չկատարման համար, եթե նրանք ժամանակին պատշաճ ձևով չեն տեղեկացվել այդ մասին:

68. Ավելին, չնայած պաշտպանի` քննության ամբողջ ընթացքում ցուցաբերած թվացյալ պասիվությանը` նա, այնուամենայնիվ, 2004 թվականի մայիսի 7-ին դիմումատուի անունից միջնորդություն է ներկայացրել նրան ազատ արձակելու համար (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Դատարանը չի կիսում դիմումատուի տեսակետը, թե պաշտպանը կանխամտածված գործել է ի վնաս իրեն՝ այդ միջնորդության մեջ նշելով, որ դիմումատուն իրեն մեղավոր է ճանաչում, քանի որ ակնհայտ է, որ պաշտպանը դիմումատուին կալանքից ազատելու նպատակ է ունեցել: Ավելին, Համայնքի դատարանում գործի քննության ընթացքում պաշտպանը որոշ վկաների հարցեր է ուղղել, և ստացված պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցերը եղել են տեղին, վերաբերելի և ի օգուտ դիմումատուի գործի (տե՛ս վերևում՝ 34-րդ և 36-րդ պարբերությունները): Նա նաև Վերաքննիչ դատարանում մի քանի անգամ պնդել է, որ միջոցներ ձեռնարկվեն դատարան չներկայացած վկաների ներկայությունն ապահովելու համար՝ պնդելով, որ նրանց ցուցմունքները զրպարտչական են և արժանահավատ չեն (տե՛ս վերևում՝ 46-48-րդ պարբերությունները):

69. Հաշվի առնելով վերոնշյալը՝ [կարելի է ասել, որ] սույն գործում առկա չեն բավարար տարրեր` եզրակացնելու, որ պետության կողմից նշանակված պաշտպանն ակնհայտորեն չի տրամադրել արդյունավետ իրավաբանական օգնություն, կամ նույնիսկ եթե ենթադրենք, որ չի տրամադրել, ապա իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել դրա համար` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները:

70. Հետևաբար տեղի չի ունեցել 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի խախտում 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համադրության մեջ:

 

2. 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համադրության մեջ

 

ա) Կողմերի փաստարկները

i) Դիմումատուն

71. Դիմումատուն նշել է, որ ինքը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով հարցաքննել որոշ վկաների, իսկ վկաներ Վ.Զ.-ն, Օ.Վ.-ն և Ս.Խ.-ն ընդհանրապես չեն հարցաքննվել: Դիմումատուի համար կարևոր էր այդ վկաներին հարցաքննելը, քանի որ համայնքի դատարանն իր մեղավորության հիմքում դրել է այդ ապացույցները, իսկ մնացած վկաների ցուցմունքները հակասական և անհասկանալի են եղել և չէին կարող որոշիչ լինել իր դեմ մեղադրանք ներկայացնելու համար:

72. Մասնավորապես, քանի որ թռուցիկներ բաժանելը հանցանք չի համարվել, իրական խնդրո առարկան այն է եղել, թե արդյոք դիմումատուն բռնությամբ պետական իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր արել է, թե՝ ոչ: Դատարաններ ներկայացված միակ ապացույցն այն մասին, որ դիմումատուն ենթադրաբար արել է այդպիսի կոչեր, դատարան չներկայացած վկաներ Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքներն են եղել, ինչպես նաև վկա Ն.Ս.-ի հակասական ցուցմունքները: Վերջինիս չի հաջողվել դիմումատուին [ինքնությունը] պատշաճ կերպով ճանաչել, և չնայած այն հանգամանքին, որ նա դատարանում ընդունել է, որ ճանաչել է դիմումատուին միայն այն պատճառով, որ այդպես իրեն ասվել է դատախազությունում, առաջին ատյանի դատարանը, միևնույն է, նախապատվությունը տվել է Ն.Ս.-ի նախաքննական ցուցմունքներին: Ինչ վերաբերում է մնացած վկաներին, ապա վկա Մ.Մ,-ն ճանաչել է դիմումատուին որպես թռուցիկներ բաժանող անձ, մինչդեռ ոստիկանության՝ դիմումատուին ձերբակալող երկու ծառայողները՝ Գ.Ա-ն և Գ.Դ.-ն, չեն լսել, թե դիմումատուն ինչ է ասել թռուցիկներ բաժանելիս:

73. Դիմումատուն առարկել է Կառավարության այն պնդմանը, թե անհնար է եղել գտնել և ապահովել վկաներ Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ներկայությունը և հերքել է նրանց ցուցմունքների հրապարակմանը համաձայնություն տալը: Ավելին, վկաներ Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքները պետք է որ ազդեին Վերաքննիչ դատարանի որոշման վրա, որովհետև նրանց ցուցմունքները միակն են եղել, որոնց համաձայն դիմումատուն արել է պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր: Ավելին, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով այդ ցուցմունքների վրա, իր բողոքի մերժումը հիմնավորել է ապացույցների անհակասականությամբ:

ii) Կառավարությունը

74. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել հարցաքննել վկաներին և՛ նախաքննության, և՛ դատական քննության ընթացքում: Նա չի կարողացել վիճարկել վկաներ Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքները, որովհետև, չնայած իշխանությունների ջանքերին, անհնար է եղել գտնել նրանց և բերել դատարան: Այդ իսկ պատճառով Համայնքի դատարանը որոշել է հրապարակել նրանց ցուցմունքները, իսկ դիմումատուն ու իր պաշտպանը դրա վերաբերյալ տվել են իրենց համաձայնությունը: Ավելին, այդ վկաները դիմումատուի գործով միակ վկաները չեն եղել, և նրանց ցուցմունքները նույնաբովանդակ են եղել մյուս վկաների ցուցմունքների հետ, որոնց դիմումատուն հնարավորություն է ունեցել հարցաքննելու: Այսպիսով, նրանց ցուցմունքները վճռորոշ նշանակություն չեն ունեցել դիմումատուի մեղավորությունը հաստատելու գործում: Ավելին, Վերաքննիչ դատարանը չի հիմնվել վկաներ Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքների վրա՝ գտնելով, որ դրանք չպետք է դրվեն դիմումատուի մեղավորության հիմքում, քանի որ, չնայած դատարանի որոշմանը, այդ վկաները չեն ներկայացել դատարան: Կառավարությունը, ի վերջո, նշել է, որ ներպետական դատարաններն ավելի լավ կարող են վճռել, թե արդյոք եղել են հակասություններ վկաների տված ցուցմունքներում:

բ) Դատարանի գնահատականը

75. Դատարանը վերահաստում է, որ ապացույցի ընդունելիությունն առաջին հերթին ներպետական օրենսդրության կարգավորման խնդիր է և, որպես ընդհանուր կանոն, ներպետական դատարաններն են, որ պետք է գնահատեն ներկայացված ապացույցները: Կոնվենցիայի ներքո Դատարանի խնդիրն է ոչ թե վերջնական որոշում կայացնել այն մասին, թե արդյոք վկաների ցուցմունքները պատշաճ կերպով են ճանաչվել ապացույց, այլ պարզել, թե արդյոք վարույթն ամբողջությամբ, ներառյալ` ապացույցներ ձեռք բերելու գործընթացն արդար է եղել (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Դորսենն ընդդեմ Նիդեռլանդների [Doorson v. the Netherlands], 1996 թվականի մարտի 26, § 67, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-11):

76. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով ամրագրվում է այն սկզբունքը, որ մինչև մեղադրյալին մեղավոր ճանաչելը նրա դեմ ներկայացված բոլոր ապացույցները պետք է պատշաճ ձևով հրապարակվեն նրա ներկայությամբ, հրապարակային լսումների ընթացքում՝ մրցակցային դատավարության սկզբունքը պահպանելու համար: Այդ սկզբունքից բացառություններ հնարավոր են, սակայն դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները, որոնցով, որպես կանոն, պահանջվում է, որ մեղադրյալին տրվի համապատասխան և պատշաճ հնարավորություն՝ վիճարկելու իր դեմ ցուցմունք տված վկայի ցուցմունքները և հարցաքննելու նրան թե՛ ցուցմունքներ տալու պահին, թե՛ գործի քննության հետագա փուլերում (տե՛ս Դելտան ընդդեմ Ֆրանսիայի [Delta v. France], 1990 թվականի դեկտեմբերի 19, § 36, շարք Ա թիվ 191-Ա. Վան Մեխելենը և այլք ընդդեմ Նիդեռլանդների [Van Mechelen and Others v. the Netherlands], 1997 թվականի ապրիլի 23 , § 51, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997- III. և Լուկան ընդդեմ Իտալիայի [Lucá v. Italy], թիվ 33354/96, § 39, ՄԻԵԴ 2001- II):

77. Գոյություն ունի երկու պահանջ, որոնք բխում են վերոնշյալ ընդհանուր սկզբունքից: Առաջին՝ վկայի չներկայանալու համար պետք է լինի հարգելի պատճառ: Երկրորդ՝ եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ պահանջելու, որ ենթարկվի հարցաքննության՝ նախաքննության կամ դատական քննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (տե՛ս Ալ Քավաջան և Թահերին ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al-Khawaja and Tahery y. the United Kingdom [ՄՊ]], թիվ 26766/05 և թիվ 22228/06, § 119, 2011 թվականի դեկտեմբերի 15):

78. Բացակայող վկայի կողմից տրված ցուցմունքներն ընդունելու համար հարգելի պատճառի առկայության հարցը նախապես լուծման ենթակա հարցերից է, որը պետք է ուսումնասիրվի՝ նախքան որոշելը, թե արդյոք դա միակ կամ վճռորոշ ապացույցն է, թե՝ ոչ: Նույնիսկ երբ բացակայող վկայի ցուցմունքը միակը կամ վճռորոշը չի եղել, Դատարանը, այնուամենայնիվ, գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, քանի որ վկային չհարցաքննելու համար հարգելի պատճառ չի ներկայացվել: Դրա պատճառն այն է, որ որպես ընդհանուր կանոն, վկաները պետք է ցուցմունքներ տան դատաքննության ընթացքում, և որ բոլոր ողջամիտ ջանքերը պետք է ներդրվեն նրանց ներկայությունն ապահովելու համար: Այսպիսով, եթե վկան չի ներկայանում բանավոր ցուցմունք տալու համար, ապա առկա է պարտավորություն՝ պարզելու, թե արդյոք նրա բացակայությունը հիմնավորված է եղել (նույն տեղում, § 120):

79. Սույն գործով Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր անելու համար: Այդպիսի կոչեր են համարվել առևտրի կենտրոնում թռուցիկներ բաժանելու ընթացքում նրա կողմից ենթադրաբար մի շարք անձանց հասցեագրված՝ ցույցին մասնակցելուն ուղղված իր բազմազան հայտարարությունները: Այդ անձինք, մասնավորապես՝ Ն.Ս.-ն, Մ.Մ.-ն, Վ.Զ.-ն, Օ.Վ.-ն և Ս.Խ.-ն դիմումատուի քրեական գործով հանդես են եկել որպես վկաներ: Չնայած ոստիկանության՝ դիմումատուին ձերբակալած երկու ծառայողները` Գ.Ա.-ն և Գ.Դ.-ն, նույնպես ցուցմունքներ են տվել, որոնք հաշվի են առնվել ներպետական դատարանների կողմից, նրանց ցուցմունքները հավանաբար ծառայել են որպես բացառապես անուղղակի ապացույցներ, քանի որ ոստիկանության ծառայողներից ոչ ոք չի պնդել, որ լսել է դիմումատուի կողմից առևտրի կենտրոնում արված հայտարարությունները: Այսպիսով, դիմումատուի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ հիմնված է եղել վերը նշված հինգ վկաների ցուցմունքների վրա:

80. Կառավարությունը պնդել է, որ վկաների ցուցմունքներից միայն երկուսը, մասնավորապես` Ն.Ս.-ի և Մ.Մ-ի կողմից տրված ցուցմունքներն են, որոնք փաստացի դրվել են դիմումատուի մեղավորության հիմքում, քանի որ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է որպես ապացույց ընդունել Վ.Զ.-ի, Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքները: Այդ պնդումը, այնուամենայնիվ, հակասում է գործի նյութերին: Չնայած վկա Վ.Զ.-ի ցուցմունքները Վերաքննիչ դատարանի կողմից իսկապես հանվել են ապացույցների ցանկից, սակայն նույնը չի կարելի ասել վկաներ Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքների մասին: Հակառակ դրան՝ Վերաքննիչ դատարանը դիմումատուի մեղավորությունը հիմնավորելու ընթացքում ակնհայտորեն անդրադարձել է այդ ապացույցներին (տե՛ս վերևում՝ 51-րդ պարբերությունը): Այսպիսով, դիմումատուի մեղավորության հիմքում դրվել են, inter alia, վկաներ Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի ցուցմունքները: Դիմումատուին, այնուամենայնիվ, վկաներին անձամբ հարցաքննելու կամ վերջիններիս հարցաքննությունը պահանջելու հնարավորություն չի տրվել ո՛չ մինչդատական վարույթի ժամանակ և ո՛չ էլ դատարանում: Որևէ դատական ատյան երբևէ չի լսել այդ վկաներին:

81. Դատարանի դիտարկմամբ վկաներ Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի չներկայանալու պատճառը նրանց ենթադրյալ բացակայությունն է եղել Հայաստանից: Այնուամենայնիվ, Դատարանը համոզված չէ, որ գործի հատուկ հանգամանքների պայմաններում դա կարող էր հարգելի պատճառ համարվել այդ վկաներին չհարցաքննելը և նրանց ցուցմունքների ընդունումն արդարացնելու համար: Մասնավորապես, այն փաստը, որ վկան բացակայում է այն երկրից, որտեղ ընթանում է վարույթը, ինքնին բավարար չէ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջները բավարարելու համար, ինչը Պայմանավորվող պետություններից պահանջում է ձեռնարկել դրական քայլեր՝ մեղադրյալին իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու կամ վերջիններիս հարցաքննությունը պահանջելու հնարավորություն ընձեռելով (տե՛ս Սադաքը և այլք ընդդեմ Թուրքիայի [Sadak and Others v. Turkey], թիվ 29900/96, 29901/96, 29902/96 և 29903/96, § 67, ՄԻԵԴ 2001-VIII): Այդպիսի գործողությունները կազմում են այն ջանքերի մի մասը, որոնք պետք է գործադրվեն Պայմանավորվող պետությունների կողմից՝ 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետ կերպով օգտվելն ապահովելու համար (տե՛ս Քոլոցցան ընդդեմ Իտալիայի [Colozza y. Italy], 1985 թվականի փետրվարի 12, § 28, շարք Ա թիվ 89):

82. Դատարանը պատրաստ է ընդունել, որ ներպետական դատարանները որոշակի ջանքեր են գործադրել՝ վկաներ Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի բացակայության պատճառների մասին տեղեկանալու և նրանց ներկայությունն ապահովելու համար: Ինչպես պարզ է դառնում, նրանց չներկայանալուց հետո Համայնքի դատարանը դիմել է ոստիկանության օգնությանը (տե՛ս վերևում՝ 32-րդ և 38-րդ պարբերությունները), իսկ Վերաքննիչ դատարանը որոշել է նրանց բերման ենթարկել՝ հետաձգելով 2004 թվականի հունիսի 30-ի և հուլիսի 6-ի դատական նիստերը և հանձնարարելով ոստիկանությանն ապահովել նրանց ներկայությունը հաջորդ նիստին (տե՛ս վերևում՝ 45-րդ և 46-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, պարզ չէ, թե բացի վկաների՝ իրենց մշտական բնակության վայրից բացակայության մասին տեղեկանալուց, ինչ այլ ջանքեր են գործադրվել ոստիկանության կողմից այդ վկաների գտնվելու վայրը պարզելու համար: Չկա որևէ ապացույց, որը կվկայի այն մասին, որ ոստիկանությունը երբևէ փորձել է գտնել նրանց բնակության նոր հասցեները կամ տեղեկանալ նրանց բացակայության մանրամասներին, այդ թվում այն մասին, թե արդյոք դա մշտական, թե ժամանակավոր բնույթ է կրում, և արդյոք Օ.Վ.-ն և Ս.Խ-ն մոտ ապագայում նպատակ ունեն վերադառնալ կամ այցելել իրենց բնակության վայրը: Չնայած այդպիսի տեղեկատվության բացակայությանը՝ Համայնքի դատարանը անցել է նրանց ցուցմունքների հրապարակմանը (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը):

83. Իսկապես, Վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը փորձել է անձամբ կապվել Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ առաջինը մեկնել է Ռուսաստան, իսկ երկրորդը մեկնել է Հայաստանից (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, ինչպես ոստիկանությունը, նա նույնպես հետագայում որևէ ջանք չի գործադրել վկաների գտնվելու վայրը պարզելու համար: Օ.Վ.-ի կնոջ պատասխանն այն մասին, որ ինքը տեղեկություն չունի Օ.Վ.-ի գտնվելու վայրի մասին, ընդունվել է առանց հետագա պարզաբանումներ պահանջելու, և վկայի գտնվելու վայրը պարզելու համար (անհրաժեշտության դեպքում) միջազգային իրավական օգնության դիմելու ոչ մի փորձ ևս չի կատարվել: Ինչ վերաբերում է վկա Ս.Խ.-ին, ինչպես երևում է, նախագահող դատավորը նույնիսկ հարցում չի արել նրա նոր գտնվելու վայրի մասին: Հետագա այլ հարցումներ անելու համար ժամանակ չի տրամադրվել և ցուցումներ չեն տրվել, իսկ Վերաքննիչ դատարանն անմիջապես անցել է վկաների ցուցմունքները 2004 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած հաջորդ նիստի ժամանակ հրապարակելուն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը): Ավելին, Վերաքննիչ դատարանն այդպես է վարվել՝ չնայած այն փաստին, որ այն ավելի վաղ այդ վկաների ներկայությունը համարել էր «պարտադիր» (տե՛ս վերևում՝ 45-րդ պարբերությունը):

84. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ իշխանությունների կողմից գործադրված ջանքերը սույն գործի հանգամանքների պայմաններում բավարար չեն կարող համարվել (այս առնչությամբ տե՛ս, Արթներն ընդդեմ Ավստրիայի [Artner v. Austria], 1992 թվականի օգոստոսի 28, § 21, շարք Ա, թիվ 242-Ա, որով ավստրիական ոստիկանությունը գործը քննող դատարանի կողմից կարգադրություն էր ստացել ձեռնարկել բոլոր միջոցները՝ բացակայող վկային գտնելու համար. Բերիշան ընդդեմ Նիդեռլանդների (որոշում) [Berisha v. the Netherlands ( dec.)], թիվ 42965/98, 2000 թվականի մայիսի 4, որով հոլանդական իշխանությունները փորձել էին Սլովակիայի իշխանությունների միջոցով կանչել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող վկային. և Հաասն ընդդեմ Գերմանիայի (որոշում) [Haas y. Germany (dec.)], թիվ 73047/01, 2005 թվականի նոյեմբերի 17, որով գերմանական իշխանությունները զգալի ջանքեր էին գործադրել Լիբանանում՝ բանտում պատիժը կրող վկայի ներկայությունն ապահովելու համար): Այսպիսով, չի կարելի համարել, որ առկա են եղել հարգելի պատճառներ՝ վկաներ Օ.Վ.-ին և Ս.Խ.-ին չհարցաքննելու համար, կամ որ ներպետական իշխանություններն իրականացրել են իրենց պարտականությունը` ճշտելու՝ արդյոք վկաների բացակայությունն արդարացված է:

85. Իսկապես, ինչպես երևում է, դիմումատուն Համայնքի դատարանում համաձայնել է, որ Օ.Վ.-ի և Ս.Խ.-ի նախաքննական ցուցմունքները հրապարակվեն (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը): Դա, այնուամենայնիվ, բավարար չէ, որ Դատարանը եզրակացնի, որ դիմումատուն դրանով հրաժարվել է վկաներին հարցաքննելու իր իրավունքից: Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքն իրականացնելուց հրաժարվելն այնքանով, որքանով այդպիսի հրաժարումը թույլատրված է ներպետական օրենսդրությամբ, պետք է հստակ կերպով հաստատված լինի (տե՛ս Քոլոցցայի գործը՝, վերևում հիշատակված, § 28): Դատարանը նշում է, որ դիմումատուն, ինչպես Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, այնպես էլ Վճռաբեկ դատարանում, վիճարկել է այն փաստը, որ ինքը չի կարողացել հարցաքննել վկաներ Օ.Վ.-ին և Ս.Խ.-ին (տե՛ս վերևում՝ 43-րդ և 53-րդ պարբերությունները): Այնուհետև նա հստակորեն պահանջել է Վերաքննիչ դատարանից, որ այդ վկաները ներկայանան դատարան՝ պնդելով, որ նրանց ցուցմունքներն արժանահավատ չեն (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը): Այն փաստը, որ Վերաքննիչ դատարանը թեև անհաջող, բայց փորձեր է կատարել նրանց ներկայությունն ապահովելու համար, նույնպես վկայում է այն մասին, որ դիմումատուն չի համարվել նրանց հարցաքննելու իր իրավունքից հրաժարված (տե՛ս վերևում՝ 45-48-րդ պարբերությունները):

86. Վերոնշյալ նկատառումները բավարար են Դատարանի համար՝ եզրակացնելու, որ անհիմն կերպով սահմանափակվել է դիմումատուի իրավունքը՝ հարցաքննելու այն վկաներին, որոնց ցուցմունքները վճռորոշ դեր են խաղացել իր մեղավորությունը հիմնավորելու գործում: Նա հնարավորություն չի ունեցել նրանց [իր դեմ ցուցմունք տված վկաների] արժանահավատ լինելու հանգամանքը պատշաճորեն վիճարկել կամ կասկածի տակ դնել նրանց [գրավոր] ցուցմունքները: Դա հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով, որ նշված վկաներն անձամբ ծանոթ չեն եղել դիմումատուին, և դիմումատուն վարույթի ոչ մի փուլում երբևէ նրանց ճանաչմանը չի ներկայացվել:

87. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում` 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ համադրության մեջ:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

88. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր՝ ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտման առնչությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, որով այնքանով, որքանով վերաբերելի է, սահմանվում է.

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...:

 

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

 

Ա. Ընդունելիությունը

 

1. Կողմերի փաստարկները

 

ա) Կառավարությունը

89. Կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ ներպետական մակարդակով չի բարձրացրել 10-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքների ենթադրյալ խախտման հարցը: Նա պարզապես մերժել է այն փաստերը, որոնց վրա հիմնված է եղել իր դեմ ներկայացված մեղադրանքը, մասնավորապես այն, որ ինքը պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է արել, իսկ դա բավարար չէ սպառման նպատակների տեսանկյունից: Ավելին, ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտման որևէ խնդիր չէր կարող ծագել, եթե, ինչպես պնդել է դիմումատուն, որևէ խոսք, որպես այդպիսին, չի ասվել:


բ) Դիմումատուն

90. Դիմումատուն նշել է, որ իր կողմից մեղադրանքի հիմքում ընկած փաստերի հերքումը բավարար է եղել [իրավական պաշտպանության ներպետական միջոցների] սպառման նպատակների համար: Նախ՝ դատական վարույթը Պետության կողմից իր՝ ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտմանն ուղղված գործողություններից միայն մեկն է եղել, իսկ մյուս գործողությունները ոստիկանության կողմից գործադրված պարբերական ոտնձգություններն էին և իր տանն անցկացված խուզարկությունը: Իրեն ներկայացված քրեական մեղադրանքի նպատակն իր կողմից քաղաքական գործունեությունը շարունակելը կանխելն էր: Երկրորդ՝ ինքն իսկապես հերքել է պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված որևէ հանրային կոչ անելը, սակայն այդ հերքումը էական նշանակություն չի ունեցել, քանի որ ինքը, միևնույն է, մեղավոր է ճանաչվել: Ինքը, այսպիսով, զրկվել է համարժեք իրավական պաշտպանության միջոցից:

91. Դիմումատուն, մյուս կողմից, առարկել է, որ իրեն մեղավոր ճանաչելու հիմքում դրվել են իր կողմից ընդունած փաստերը, մասնավորապես թռուցիկներ բաժանելը: Նա բողոքարկել է իր դեմ կայացված մեղադրական դատավճիռը և դրանով իսկ սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները:

 

2. Դատարանի գնահատականը

 

92. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ կանոնը որևէ միջազգային դատական ատյանում պետության դեմ գործ հարուցել ցանկացող անձանց պարտավորեցնում է առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետություններին զերծ պահելով միջազգային ատյանի առջև իրենց գործողությունների համար պատասխան տալուց՝ մինչև իրենց սեփական իրավական համակարգի միջոցով խնդիրները լուծելու հնարավորություն ունենալը: Սույն կանոնը պահպանելու նպատակով դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտվի այն իրավական պաշտպանության միջոցներից, որոնք մատչելի և բավարար են ենթադրյալ խախտումների մասով հատուցում ստանալու համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ասենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria] թիվ 24760/94, § 85, ՄԻԵԴ 1999-VIII):

93. Թեև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի համատեքստում իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պետք է կիրառվի որոշակի աստիճանի ճկունությամբ և առանց ավելորդ ձևականության, սակայն այդ կանոնով չի պահանջվում միայն համապատասխան ներպետական դատարաններ գանգատներ ներկայացնելը և Կոնվենցիայով սահմանված իրավունքները ենթադրաբար խախտող՝ վիճարկվող որոշումները բողոքարկելու համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից օգտվելը: Այդ կանոնով սովորաբար պահանջվում է նաև, որ մինչև հետագայում այդ բողոքները միջազգային ատյաններ ներկայացնելը դրանք ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին և ժամկետներին համապատասխան ներկայացվեն ներպետական դատարաններ՝ առնվազն ըստ էության քննության համար (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ազինասն ընդդեմ Կիպրոսի [ՄՊ] [Azinas v. Cyprus [GC]], թիվ 56679/00, § 38, ՄԻԵԴ 2004-III):

94. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնի նպատակն է ազգային իշխանություններին (առաջին հերթին՝ դատական իշխանություններին) թույլ տալ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման վերաբերյալ բողոքները քննել և անհրաժեշտության դեպքում հատուցում տրամադրել՝ մինչև այդ բողոքները կներկայացվեն Դատարան: Եթե ներպետական մակարդակում գոյություն ունի իրավական պաշտպանության միջոց, որը հնարավորություն է տալիս ներպետական դատարաններին առնվազն ըստ էության քննել Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկը, ապա պետք է օգտագործվի հենց այդ միջոցը: Եթե Դատարան ներկայացված բողոքը ներպետական դատարանների կողմից ուղղակիորեն կամ ըստ էության չի քննվել, և որը կարող էր Դատարան ներկայացվել՝ կիրառելով դիմումատուի համար մատչելի իրավական պաշտպանության ներպետական միջոցը, ապա ներպետական իրավական համակարգը զրկվել է կոնվենցիոն հարցին անդրադառնալուց, ինչի հնարավորությունը նախատեսվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնով: Բավարար չէ այն, որ դիմումատուն կարող էր անարդյունավետորեն օգտված լինել մեկ այլ իրավական պաշտպանության միջոցից, որը կարող էր չեղյալ համարել վիճարկվող գործողությունը՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտման մասով բողոքի հետ չկապված հիմքերով: Կոնվենցիային վերաբերող բողոքն է, որ պետք է ներկայացվեր ներպետական մակարդակում` «արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների» սպառում ապահովելու համար: Կոնվենցիայի մեխանիզմի օժանդակ բնույթին կհակասեր այն, որ դիմումատուն, անտեսելով Կոնվենցիայի հետ կապված հնարավոր փաստարկը, կարողանար մեկ ուրիշ հիմքով դիմել ազգային իշխանություններին` վիճարկվող գործողությունը բողոքարկելու համար, իսկ հետո գանգատ ներկայացներ Դատարան` Կոնվենցիայի հետ կապված փաստարկի մասով (նույն տեղում):

95. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին` Դատարանը ևս մեկ անգամ նշում է, որ դիմումատուն մեղադրվել և մեղավոր է ճանաչվել պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար: Դիմումատուն երբևէ չի պնդել որևէ ներպետական դատական ատյանի առջև, որ այդ հիմքով իրեն առաջադրված մեղադրանքի ու մեղավոր ճանաչման արդյունքում խախտվել է իր՝ ազատորեն արտահայտվելու իրավունքը (տե՛ս վերևում՝ 39-րդ, 43-րդ և 53-րդ պարբերությունները): Ավելին, նա նման պնդումներ նույնիսկ չի ներկայացրել որպես լրացում իր բողոքին, այլ միայն պնդել է բոլոր ատյաններում, որ ինքը երբեք չի արել այդպիսի հրապարակային կոչեր: Ինչ վերաբերում է թռուցիկներ բաժանելուն, Դատարանը համաձայն չէ դիմումատուի [այն պնդման] հետ, որ այդ գործողությունն ինքնին ընկած է եղել իրեն մեղավոր ճանաչելու հիմքում: Ավելին, այդպիսի պնդումներ անելով` դիմումատուն հակասել է 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի առնչությամբ իր իսկ կողմից բերված փաստարկներին (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուին մեղավոր ճանաչելու համար հիմք է ընդունվել թռուցիկներ բաժանելը, դիմումատուն, միևնույն է, այդ հիմքով նույնպես ներպետական դատարանների առջև իր՝ խոսքի ազատ արտահայտման իրավունքի խախտման մասով բողոքներ չի ներկայացրել: Այսպիսով, դիմումատուն ներպետական դատարաններում Կոնվենցիայի դրույթների ըստ էության խախտման հիմքով չի ներկայացրել այն գանգատը, որը նա ներկայացրել է Դատարան:

96. Հետևաբար դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, և գանգատն այդ մասով ենթակա է մերժման` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան:

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

 

97. Դիմումատուն, ի վերջո, ներկայացրել է մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով:

98. Հաշվի առնելով Դատարանի տրամադրության տակ եղած բոլոր նյութերն այնքանով, որքանով այդ բողոքներն ընկնում են դրա իրավասության ներքո` Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվել Կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում ամրագրված իրավունքների և ազատությունների որևէ խախտում: Հետևաբար գանգատի այս մասը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, պետք է մերժվի որպես ակնհայտորեն անհիմն:

 

IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈւՄԸ

 

99. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն.

«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:

 

Ա. Վնասը

 

100. Դիմումատուն պահանջել է 303 800 ՀՀ դրամ` որպես նյութական վնասի հատուցում, ներառյալ՝ բաց թողնված օգուտը և բժշկական օգնության և սննդի ծանրոցների ծախսերը, որոնց անհրաժեշտությունն առաջացել է մինչդատական վարույթում իրեն կալանքի տակ պահելու ընթացքում: Դիմումատուն նաև պահանջել է 15 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

101. Կառավարությունը նշել է, որ դիմումատուի պահանջը նյութական վնասի հատուցման մասով պատշաճորեն հիմնավորված չէ, և ենթադրյալ խախտումների հետ դրանց պատճառահետևանքային կապը բացակայում է: Այնուհետև Կառավարությունը խնդրել է մերժել ոչ նյութական վնասի հատուցման մասով դիմումատուի պահանջը:

102. Դատարանը հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում, հետևաբար մերժում է այդ պահանջը: Մյուս կողմից, Դատարանը դիմումատուին շնորհում է 2500 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում:

103. Մյուս կողմից, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վճիռը, որով հաստատվում է Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իրավական պարտավորություն է դնում պատասխանող պետության վրա ոչ միայն պարզապես վճարել շահագրգիռ անձանց արդարացի հատուցման ձևով շնորհված գումարները, եթե կան այդպիսիք, այլև Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո ընտրել ներպետական իրավական համակարգում ընդունման ենթակա ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական այնպիսի գործողություններ, որոնք վերջ կդնեն Դատարանի կողմից հայտնաբերված խախտմանը և կնպաստեն դրա հետևանքների հավանական հատուցմանն այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև խախտումը եղած իրավիճակը (տե՛ս Սկոցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII. Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] [llaşcu and Others v. Moldova and Russia [GC]], թիվ 48787/99, § 487, ՄԻԵԴ 2004-VII. և Լունգոչին ընդդեմ Ռումինիայի [Lungoci v. Romania], թիվ 62710/00, § 55, 2006 թվականի հունվարի 26): Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքում դիմումատուի համար պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որում նա կլիներ, եթե սույն դրույթի պահանջները չանտեսվեին (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Սեյդովիցն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy [GC]], թիվ 56581/00, § 127, ՄԻԵԴ 2006- .... և Յանակիևն ընդդեմ Բուլղարիայի [Yanakiev y. Bulgaria], թիվ 40476/98, § 89, 2006 թվականի օգոստոսի 10 ):

104. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 426.1 և 426.4 հոդվածները թույլ են տալիս ներպետական գործի վերանայում, եթե Դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում (տե՛ս վերևում՝ 57-րդ պարբերությունը): Դատարանն ամեն դեպքում այն կարծիքին է, որ փոխհատուցման ամենապատշաճ ձևն այն դեպքում, երբ Դատարանը գտնում է, որ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության երաշխիքների խախտմամբ, որպես կանոն, գործի՝ պատշաճ ժամկետներում վերանայումն ու դրա կրկին քննումն է արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (տե՛ս, mutatis mutandis, Լունգոչիի գործը` վերևում հիշատակված, § 56):

 

Բ. Ծախսերը և ծախքերը

 

105. Դիմումատուն նաև պահանջել է 2 700 ԱՄՆ դոլլար և 5 932 45 ֆունտ ստեռլինգ՝ որպես հատուցում Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար: Ի հիմնավորում իր պահանջների` դիմումատուն ներկայացրել է մանրամասն ժամանակացույց, որտեղ սահմանված է ժամավճարի դրույքաչափը:

106. Կառավարությունը նշել է, որ ներպետական և արտերկրյա փաստաբանների առնչությամբ պահանջները պատշաճ հիմնավորված չեն փաստաթղթային ապացույցներով, քանի որ դիմումատուն չի ներկայացրել որևէ հաշիվ-ապրանքագիր, պայմանագիր կամ իրավաբանական բնույթի որևէ այլ փաստաթուղթ: Ավելին, դիմումատուն օգտվել է չափազանց մեծ թվով փաստաբանների ծառայություններից` չնայած այն հանգամանքին, որ գործն այնքան էլ բարդ չի եղել, ինչը կարդարացներ դրա անհրաժեշտությունը:

107. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի և ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, և դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ ՄԻՔԾ փաստաբաններից ոչ մեկի առնչությամբ պաշտպանի որևէ լիազորագիր երբևէ չի ներկայացվել, և հետևաբար մերժում է համապատասխան պահանջները: Այնուհետև Դատարանը վերահաստատում է, որ իրավաբանական ծախսերը ենթակա են հատուցման այնքանով, որքանով դրանք կապված են հայտնաբերված խախտման հետ (տե՛ս Բեյելերն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Beyeler v. Italy [GC]], թիվ 33202/96, § 27, ՄԻԵԴ 2000-I): Դատարանը նշում է, որ սույն գործի մի մասով հայտնաբերվել է միայն 6-րդ հոդվածի խախտում, մինչդեռ գրավոր պնդումների ամբողջությունը, այդ թվում՝ նախնական գանգատը և դրան հաջորդող դիտարկումները վերաբերել են Կոնվենցիայի մի շարք հոդվածների և Թիվ 1 արձանագրությանը: Այդ իսկ պատճառով պահանջը չի կարող ամբողջովին բավարարվել, և պետք է կատարվի զգալի նվազեցում: Տալով իր սեփական գնահատականը՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 1 600 եվրո` որպես ծախսերի և ծախքերի համար հատուցում, որը պետք է վճարվի ֆունտ ստեռլինգով՝ նրա ներկայացուցիչների՝ Միացյալ Թագավորության բանկային հաշվին:

 

Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը

 

108. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է դիմումատուի՝ արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի և իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու՝ իր իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ բողոքն ընդունելի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի հետ համադրության մեջ, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվում է անընդունելի.

2. Վճռում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի հետ համադրության մեջ` հաշվի առնելով դիմումատուին հանրային պաշտպանի կողմից արդյունավետ իրավաբանական օգնություն ապահովելու ենթադրյալ ձախողումը.

3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համադրության մեջ` դիմումատուի կողմից իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու առնչությամբ.

4. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն ՀՀ դրամով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.

(i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր)` գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.

(ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստեռլինգով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, և պետք է փոխանցվի նրանց ներկայացուցիչների՝ Միացյալ Թագավորության բանկային հաշվին.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք` չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:

Կատարված է անգլերեն և գրավոր ծանուցվել է 2012 թվականի ապրիլի 10-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:

 

Սանտիագո Կեսադա

Քարտուղար

Ժոզեփ Քասադևալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան