ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 փետրվարի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ.Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա.Գյուլումյանի, Հ.Խաչատրյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ.Նազարյանի, Վ.Պողոսյանի, Մ.Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության իրավապայմանագրային վարչության պետ Շ.Ավագյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` 1996 թվականի հունիսի 17-ին Աթենքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ.Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Շ.Ավագյանի բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության պայմանագրով Կողմերը պարտավորվում են համագործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակում, մասնավորապես` տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ բնագավառներում, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության վերաբերյալ տեսակետներ փոխանակելու հարցում, և կձգտեն այդ բնագավառում ներդաշնակեցնել միմյանց դիրքորոշումները, վարել համաձայնեցված կամ համատեղ քաղաքականություն, ինչպես նաև կսատարեն զինաթափման գործընթացին և կաջակցեն այն նորմերի ընդունմանը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխմանը:
Պայմանագրով Հունական կողմը պարտավորվում է աջակցել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կապերի զարգացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1996 թվականի հունիսի 17-ին Աթենքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության, բարեկամության և համագործակցության պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|