ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 մարտի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
դիմող կողմի` Հանրապետության Նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի ներկայացուցիչներ Ա. Կարապետյանի, Ռ. Հովհաննիսյանի, Ե. Հովհաննիսյանի,
պատասխանող կողմի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ Գ. Ներսիսյանի, Ն. Հովհաննիսյանի, Ա. Սինանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի և 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 25 հոդվածի 3 կետի և 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի փետրվարի 19-ին կայացած ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումը սահմանադրական դատարան, որով նա վիճարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի փետրվարի 19-ին կայացած ընտրության արդյունքները:
Սահմանադրական դատարանը, 2003 թվականի մարտի 3-ի նիստում քննարկելով Հանրապետության Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի դիմումը, կայացրել է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշում: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածով սահմանված կարգով գործը քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար զեկուցողներ են նշանակվել սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանը, դատարանի անդամներ Ա. Գյուլումյանը և Ֆ. Թոխյանը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40 և 57 հոդվածներով, սահմանադրական դատարանը սույն գործով պատասխանող կողմ է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Լսելով սույն գործով զեկուցողներ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի հաղորդումը, կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվել է 2003 թվականի փետրվարի 19-ին` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածում նախատեսված ժամկետում: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15 հոդվածին համապատասխան քվեարկությունը կազմակերպելու և ընտրողների ձայները հաշվելու նպատակով հանրապետության տարածքում կազմավորվել է թվով 1865 ընտրական տեղամաս: Նույն հոդվածի 4 կետի համաձայն ընտրական տեղամասեր են կազմավորվել նաև արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում: Ընտրության կազմակերպման և անցկացման նպատակով հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 171 հոդվածով նախատեսված կարգով կազմավորվել է 56 ընտրատարածք: Նույն օրենսգրքի 31 հոդվածին համապատասխան կազմավորվել է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ: Ընտրության ողջ գործընթացը կազմակերպել և վերահսկել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29 հոդվածով սահմանված կարգով հավատարմագրվել և Հանրապետության Նախագահի ընտրության նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել 12 միջազգային և 31 տեղական կազմակերպություններ: Դիտորդներին Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 30 հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման հնարավորություն է տրվել ընտրության ողջ գործընթացում: Ընտրությունների առաջին փուլի վերաբերյալ եզրակացություններ են ներկայացրել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի, Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացրած տեղական կազմակերպություններ:
3. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 82 հոդվածով նախատեսված կարգով Հանրապետության Նախագահի ընտրության օրը քվեաթերթիկում ընդգրկված են եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված` Հանրապետության Նախագահի թեկնածուներ Ռուբեն Ավագյանը, Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Կարապետյանը, Արամ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Գառնիկ Մարգարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2003 թ. փետրվարի 20-ին կազմվել է ընտրության նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրություն, ըստ որի` քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 1.464.093, իսկ թեկնածուներին տրված ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ավագյան` 5073, Արտաշես Գեղամյան` 247360, Ստեփան Դեմիրճյան` 400846, Արամ Կարապետյան` 41683, Արամ Հարությունյան` 1218, Վազգեն Մանուկյան` 12988, Գառնիկ Մարգարյան` 855, Արամ Գ. Սարգսյան` 1633, Ռոբերտ Քոչարյան` 707155 ձայն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ տվյալների հիման վրա 2003 թ. փետրվարի 20-ին ընդունել է 18-Ա որոշումը` 2003 թ. մարտի 5-ին թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրությունների վերջնական արդյունքները, 2003 թ. փետրվարի 25-ին կազմել է ամփոփիչ արձանագրություն, որի համաձայն` հանրապետությունում ընտրություններին մասնակցել է 1.463.499 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը կազմել է 1.416.357: Ըստ թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ավագյան` 5788, Արտաշես Գեղամյան` 250145, Ստեփան Դեմիրճյան` 399757, Արամ Կարապետյան` 41795, Արամ Հարությունյան` 1272, Վազգեն Մանուկյան` 12904, Գառնիկ Մարգարյան` 854, Արամ Գ. Սարգսյան` 3034, Ռոբերտ Քոչարյան` 700808: Անճշտությունների չափը կազմել է 2536: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2003 թ. փետրվարի 25-ին ընդունել է 27-Ն որոշումը` Ստեփան Դեմիրճյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ 2003 թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին:
4. Հանրապետության Նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը 2003 թ. փետրվարի 27-ին սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է անվավեր ճանաչել Հանրապետության Նախագահի 2003 թ. փետրվարի 19-ի ընտրությունը: Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 20-ի 18-Ա որոշումը պետք է համարել անվավեր, որովհետև ընտրության նախնական արդյունքներում արտացոլված չէ անճշտությունների չափը և այդ պարագայում կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու չի եղել որոշում կայացնել ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին` հղում կատարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 83 հոդվածին:
Դիմող կողմը պնդում է, որ անվավեր պետք է ճանաչել նաև 2003 թ. փետրվարի 25-ի ամփոփիչ արձանագրությունը և 2003 թ. մարտի 5-ին Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թ. փետրվարի 25-ի 27-Ն որոշումը, քանի որ ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում խախտվել են ընտրական օրենսգրքի շուրջ 49 հոդվածների տարբեր դրույթներ, որի հետևանքով չի երաշխավորվել քաղաքացիների ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքը և քվեարկության գաղտնիության սկզբունքը, որն ուղղակիորեն ազդել է ընտրության արդյունքների վրա: Ըստ դիմող կողմի` նման խախտումների առկայությունը հիմնավորվում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերով, ականատեսների գրավոր բացատրություններով, ինչպես նաև օտարերկրյա դիտորդների արձանագրած փաստերով:
Դիմող կողմի կարծիքով` ԿԸՀ-ն հրապարակել է Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրատեղամասային արձանագրությունները, որոնցում բոլոր անճշտությունները գրված են ըստ յուրաքանչյուր տեղամասի: Բայց բացարձակ թվի փոխարեն, որն օրենքի պահանջ է, ԿԸՀ-ն ինքն է հաշվարկել և 11.460 թվի փոխարեն արձանագրել 2536 թիվը:
Դիմող կողմը նաև գտնում է, որ 2.295.330 ընտրող ունենալու դեպքում, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 82 հոդվածի` ԿԸՀ-ն պետք է ապահովեր 5 տոկոս ավելի քվեաթերթիկների տպագրություն, մինչդեռ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 0.3 տոկոսով ավելի:
Դիմող կողմը կարծում է նաև, որ մի շարք դեպքերում խախտվել է Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձանց իրավունքը, երբ ուղղակի կերպով կամ քվեարկության միջոցով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել է նրանց գրավոր պահանջը` ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի հիման վրա ստուգել համապատասխան ընտրական տեղամասում տեղամասային արձանագրությունների համապատասխանությունն ընտրությունների փաստացի արդյունքներին:
5. Պատասխանող կողմը` դիմող կողմի ներկայացրած փաստարկների առնչությամբ գտնում է, որ Հանրապետության Նախագահի 19.02.2003 թ. ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջը հիմնավոր չէ: Ըստ պատասխանող կողմի` ՀՀ ԿԸՀ-ն 20.02.2003 թ. 18-Ա որոշումն ընդունել է իր իրավասության շրջանակում: Այդ որոշումը կրել է անհատական բնույթ, նպատակ է ունեցել կարգավորել ընտրությունների ընթացակարգային հարցերը և հիմնականում վերաբերել է ԿԸՀ-ի աշխատանքներին: ԿԸՀ-ի որոշումն ունեցել է ժամանակավոր բնույթ և ընդունվել է ընտրական օրենսգրքում առկա որոշ հակասություններ կարգավորելու և Սահմանադրության 51 հոդվածով սահմանված ժամկետում ՀՀ Նախագահի ընտրության երկրորդ փուլի կազմակերպումն ապահովելու համար: Իսկ հիմնական նորմատիվ ակտը ԿԸՀ-ի 25.02.2003 թ. 27-Ն որոշումն է, որով լուծվել է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի հարցը:
Պատասխանող կողմը գտնում է նաև, որ ընտրությունների անցկացման ընթացքում տեղի ունեցած խախտումները հիմնականում պայմանավորված են եղել այն մեծածավալ աշխատանքներով, որն իրականացվել է ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում: Այս գործընթացին մասնակցել են միլիոնավոր ընտրողներ, բազմակուսակցական սկզբունքով գործող հանձնաժողովների հազարավոր անդամներ, դիտորդներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հետևաբար, հնարավոր էին նաև առանձին խախտումներ, որոնք, սակայն, ընտրությունների արդյունքների վրա էապես չէին ազդել:
Պատասխանող կողմը նշեց, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 4-րդ կետի, եթե հանձնաժողովի որևէ անդամ ընտրատարածքում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին նշում է կատարում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը: Թվով 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից միայն 10-ի ամփոփիչ արձանագրությունների վերաբերյալ է ներկայացվել հատուկ կարծիք: Օրենսդրությամբ նախատեսված չէ, թե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացնելու դեպքում այդ փաստաթուղթն իևնչ ընթացակարգ պետք է անցնի: Այդ իսկ պատճառով նշված հատուկ կարծիքների մի մասին ԿԸՀ-ն ընթացք չէր կարող տալ: Միաժամանակ, պատասխանող կողմը հայտնեց, որ ներկայացված հատուկ կարծիքների հետ մեկտեղ` ստուգումներ կազմակերպելու վերաբերյալ գրավոր պահանջ չի ներկայացվել: Թվով 1865 տեղամասային ընտրական հանձնաժողովների 16.680 անդամներից հատուկ կարծիքներ են ներկայացրել ընդամենը 7-ը, որոնցում վերը նշված պահանջը չի նշվել: Ըստ պատասխանող կողմի` Հանրապետության Նախագահի թեկնածուների վստահված անձինք երբեմն ներկայացրել են փաստաթղթեր` արձանագրությունների և հայտարարությունների տեսքով, որոնք օրենքով նախատեսված փաստաթղթեր չեն, հետևաբար` դրանց ընթացք չի տրվել:
6. ԿԸՀ 20.02.2003 թ. արտահերթ նիստում ընդունված «Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին» 18-Ա որոշման կապակցությամբ. դիմումատուն, ինչպես նշվեց, գտնում է, որ հիշյալ որոշումը պետք է անվավեր ճանաչել, քանի որ խախտվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին կետի պահանջները և Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ որոշում կայացնելիս դեռևս բացակայել են անճշտությունների չափի մասին տվյալները:
2003 թ. փետրվարի 20-ին ժամը 18.00-ին հրավիրված արտահերթ նիստում ԿԸՀ-ն որոշել է 2003 թ. մարտի 5-ին անցկացնել ՀՀ Նախագահի ընտրության երկրորդ փուլ և սահմանել է, որ երկրորդ փուլին մասնակցում են ՀՀ Նախագահի թեկնածուներ Ստեփան Կարենի Դեմիրճյանը և Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը: Նման որոշման կայացման համար հիմք է ճանաչվել ընտրական օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և 85 հոդվածը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 83 հոդվածը վերաբերում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը: Սույն հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետներում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին.
2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.
3) ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին.
4) ընտրությունը չկայացած ճանաչելու և Հանրապետության Նախագահ չընտրվելու մասին»:
ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԵՎՈՒՄ Է, ՈՐ.
- ինչպես սույն հոդվածում, այնպես էլ օրենսգրքի 40, 61, 62, 63 և այլ հոդվածներում գոյություն ունի «քվեարկության արդյունքներ» և «ընտրությունների արդյունքներ» հասկացությունների ոչ ճշգրիտ ու հստակ օգտագործում,
- անհասկանալի է հղումն օրենսգրքի 60 հոդվածին (որը վերաբերում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփման և անճշտությունների որոշման կարգին): Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը սահմանված է օրենսգրքի 63 հոդվածում, որտեղ և սահմանված են ոչ միայն ընտրությունների արդյունքների ամփոփման ժամկետները, այլև ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա ընտրությունների ամփոփիչ արձանագրության կազմման կարգը,
- նկատի ունենալով ընտրական օրենսգրքի 63 հոդվածում ներառված «ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգ», «ընտրատարածքներում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալներ», «ընտրությունների նախնական ամփոփիչ արձանագրություն», «ընտրությունների նախնական արդյունքներ», «ընտրությունների վերջնական արդյունքներ» հասկացությունների իրավաբանական բնույթն ու իրավակիրառական նշանակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հենց օրենսգրքի 83 հոդվածի երկրորդ կետով է սահմանվում ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան դիմելու մասին դրույթը (որն իր հերթին, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի, իրացնելի է արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում), ակնհայտ է դառնում, որ.
ա) ընտրական օրենսգրքի 83 հոդվածի 1-ին կետը «ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալներ» բառակապակցության տակ նկատի ունի ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալները,
բ) ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետի վկայակոչումը միանշանակ վերաբերում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը (նախնական արդյունքների ամփոփման ժամկետները սահմանված են ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին կետում),
գ) ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 3-րդ կետն ընտրությունների արդյունքների ամփոփ տվյալներից է համարում նաև անճշտությունների չափը, առանց որի ընտրությունների արդյունքներով որևէ որոշում կայացնել հնարավոր չէ:
Ելնելով վերոշարադրյալից, ակնհայտ է դառնում, որ ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա (առանց անճշտությունների չափի տվյալների) կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու չէր ՀՀ ընտրական օրենսգրքի 83 հոդվածի հիմքով որոշում կայացնել ՀՀ Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին: Նման որոշման կայացման իրավական հիմքերը բացակայել են և այն ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրավական կարգավորման հիմք հանդիսանալ չէր կարող:
ԿԸՀ-ն իրավասու էր ընտրության նախնական արդյունքներն օրենքով սահմանված կարգով հրապարակելուց հետո առանձին նախապատրաստական աշխատանքներ ծավալել հնարավոր երկրորդ փուլի կազմակերպման համար, և այդ նպատակով ու այդ բնույթի որոշումների կայացումն էր միայն նրա իրավասությունների շրջանակներում:
Դիմումատուն, իր հերթին, ճիշտ իրավական հետևություն չի արել` այդ որոշման հիմքով իր իրավական կարգավիճակի հնարավոր փոփոխության մասին, քանի որ, չնայած օրենսգրքի 83 հոդվածում տեղ գտած անհստակությանը և ԿԸՀ-ի կողմից նման որոշման կայացմանը, նույն օրենսգրքի 40, 60, 61, 62, 63, 83 հոդվածների համալիր վերլուծությունից միանշանակ հետևում է, որ թեկնածուների համար իրավական հետևանք կարող է ունենալ միայն ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփման հիման վրա ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումը:
Հետևությունն այն է, որ ԿԸՀ 20.02.2003 թ. արտահերթ նիստում ընդունված` «Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու մասին» 18-Ա որոշումն իրավական առումով հիմնավորված չէ: Միաժամանակ, այդ որոշումը դիմումատուի իրավական կարգավիճակի վրա չի ազդել, հետադարձ որևէ ազդեցություն ունենալ չէր կարող ՀՀ Նախագահի ընտրության առաջին փուլի արդյունքների վրա և իրավական առումով առոչինչ է` նույն հանձնաժողովի 25 փետրվարի 2003 թ. 27-Ն որոշումն ընդունելու պահից:
7. ՀՀ ընտրական օրենսգիրքը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը չեն պարունակում կոնկրետ դրույթներ ընտրությունների արդյունքների առնչությամբ սահմանադրական դատարանի որոշումների բնույթի մասին: Ընտրական օրենսգրքի 86 հոդվածը նախատեսում է հիմքեր` ցանկացած փուլում Հանրապետության Նախագահի ընտրությունը ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչելու համար, եթե.
«1) թեկնածուի օգտին տրված ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը գումարային առումով էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.
2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»:
Սույն հոդվածի ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական օրենսգրքի 83 հոդվածի հիմքերով որոշում կայացնելու համար, հաշվի առնելով անճշտությունների չափը, էական է պարզել, թե որքանով են հստակ ընտրության իրական արդյունքները, և դրանք նույն հոդվածով նախատեսված չորս որոշումներից որի կայացման համար են իրավական հիմք հանդիսանում:
Միջազգային սահմանադրաիրավական պրակտիկան վկայում է, որ ընտրությունները համարվում են երկրում ներկայացուցչական ժողովրդավարության հաստատման և ժողովրդի կողմից հանրային իշխանության ձևավորման հիմնական միջոցը և դրանց արդյունքների վրա կարող են էական ազդեցություն ունենալ քաղաքացիների` Սահմանադրությամբ հռչակված ընտրական իրավունքի սկզբունքների այն խախտումները, որոնք անհնարին են դարձնում մարդկանց համընդհանուր, հավասար, ազատ, գաղտնի և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը` կանոնավոր պարբերականությամբ:
Այդպիսին կարող են դիտվել նաև այն իրավախախտումները, որոնք աղավաղում են քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման ընդհանուր պատկերը և հնարավորություն չեն տալիս միանշանակ եզրակացության հանգել ընտրությունների ամբողջ գործընթացի վերջնական արդյունքների վերաբերյալ: Իր հերթին, ընտրությունների արդյունքների վրա տարաբնույթ խախտումների ազդեցության գնահատման արդյունքում չի կարող ոտնահարվել իրենց ընտրությունն օրինական ճանապարհով կատարած ընտրողների ընտրական իրավունքը: Խախտումների ազդեցության գնահատման հիմնական չափանիշը սահմանում է օրենսդրությունը` արդյոք դրանք առանձին վերցրած կամ միասնաբար կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա: Այս հարցի պատասխանն ստանալու համար պետք է պարզել, թե ՀՀ օրենսդրությամբ.
- ի՞նչ է նշանակում ընտրության արդյունք,
- ինչպե՞ս որոշել ազդեցության չափը:
Քննության առարկա գործի առնչությամբ ՀՀ Սահմանադրության 51 և 100 հոդվածների, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 40, 61-63, 83-93 հոդվածների վերլուծությունից հետևում է, որ «ընտրության արդյունք» հասկացությունը վերաբերում է ընտրական գործընթացը քվեարկությամբ ավարտելուն և վերջինիս արդյունքներով, վերջնական ամփոփիչ արձանագրության հիման վրա, ընտրական օրենսգրքի 83 հոդվածով սահմանված կարգով որոշման կայացմանը:
Ինչ վերաբերում է ազդեցության չափի որոշմանը, ապա ՀՀ օրենսդրությունը, բացառությամբ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված անճշտությունների չափի գնահատումից (հոդվածներ 60-63), որևէ այլ հստակեցում չի բովանդակում:
Դիմող կողմի փաստարկն այն մասին, որ անճշտությունների չափն ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների կազմել է ոչ թե 2536, այլ` 11460, ընտրությունն անվավեր ճանաչելու հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ այդ պարագայում ևս, ելնելով թեկնածուներին տրված ձայների տարբերությունից` հնարավոր է վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել երկրորդ փուլ անցած թեկնածուներին, որոնք են ՀՀ Նախագահի թեկնածուներ Ս. Դեմիրճյանը և Ռ. Քոչարյանը:
Միջազգային իրավական պրակտիկան և սահմանադրական արդարադատության փորձը վկայում են նաև, որ, մասնավորապես.
- ընտրություններն անվավեր ճանաչելու կամ չճանաչելու որոշումը յուրաքանչյուր դեպքում կախված է կոնկրետ հանգամանքներից և պետք է հաշվի առնել իրավաբանորեն փաստարկված խախտման լրջությունն ու ծանրությունը, խախտումների ընդգրկման ծավալը, խախտումներ կատարելու միջոցներն ու ձևերը,
- ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին գործեր քննելիս` սահմանադրական դատարանը պետք է ելնի ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների ու ազատությունների պաշտպանության, այլև ընտրական գործընթացի, ողջ ընտրական համակարգի հուսալիության ու վստահելիության հանգամանքից` օրենսդրությանը համապատասխան այն կազմակերպելու և անցկացնելու առումով,
- ընտրական իրավունքների ապացուցված խախտումները կարող են հիմք հանդիսանալ ընտրությունների արդյունքները վերանայելու համար, սակայն այդ վերանայման էական բովանդակությունը պետք է կազմի այն հարցի պատասխանը, թե արդյոևք առկա իրավախախտումներն այնպիսի ընդգրկում ունեն, որ կարող են կասկածի տակ դնել ամբողջ ընտրությունների արդյունքները և վավերությունը,
- որևէ ընտրատեղամասում կամ տարածքում կատարված խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այլ տեղամասերում նմանատիպ խախտումների մասին ենթադրություններ անելու կամ վստահության աստիճանը կասկածի տակ դնելու համար: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք կարող են հանդիսանալ միայն իրավաբանորեն փաստարկված այն կոնկրետ խախտումները, որոնք էական ազդեցություն են ունեցել կամ կարող էին ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա,
- ընտրությունների արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե խախտումներն էապես ազդել են թեկնածուների ստացած ձայների հարաբերակցության վրա և ընդհանուր արդյունքն աղավաղված է:
Ընտրախախտումների փաստերը հիմնավորելու համար դիմող կողմը ներկայացրել է տարբեր դիմում-բողոքների, արձանագրությունների, հայտարարությունների պատճեններ, որոնց ուսումնասիրությունից պարզվեց, որ դրանց զգալի մասը սահմանադրական դատարանում հիմք ընդունվել չի կարող, ներկայացված է ոչ իրավասու սուբյեկտների կողմից կամ չի ներկայացվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միաժամանակ, դիմող կողմի բերած 28 ընտրատեղամասերում տեղ գտած խախտումների և ստուգումներ չկազմակերպելու փաստերի, ինչպես նաև գործի քննության ընթացքում մատնանշված այլ խախտումների, սահմանադրական դատարանի հանձնարարությամբ կատարված ստուգումների արդյունքների, գործում առկա նյութերի համալիր վերլուծությունից հետևում է, որ իրավախախտումների վերաբերյալ ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող հիմքերով չի փոխվում առաջին փուլի վերջնական արդյունքներով ԿԸՀ-ի կողմից ամփոփված պատկերը:
8. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածում սահմանված է, որ «Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ»: ՀՀ ընտրական օրենսգիրքն այս տրամաբանությունից ելնելով է, որ բոլոր կոնկրետ ընտրախախտումների քննության, անօրինականության ապացուցման ու դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավազորությամբ է օժտել ընդհանուր իրավասության դատարաններին:
ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ կետի, 18 հոդվածի 8-րդ կետի, 25 հոդվածի 7-րդ կետի, 26 հոդվածի, 37 հոդվածի 8-րդ կետի, 40 հոդվածի, 62 հոդվածի 3-րդ կետի, 63 հոդվածի 3-րդ կետի, 75 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 79 հոդվածի 10-րդ կետի, 83 հոդվածի 2-րդ կետի, 102 հոդվածի 8 և 9-րդ կետերի, 108 հոդվածի 9 և 10-րդ կետերի, 115 հոդվածի 8-րդ կետի, 116 հոդվածի 8-րդ կետի, 124 հոդվածի 4-րդ կետի, 133 հոդվածի 6 և 7-րդ կետերի, 134 հոդվածի 6 և 9-րդ կետերի և 137 հոդվածի դրույթների բովանդակային և իրավակիրառական նշանակության վերլուծությունից բխում է, որ.
1) Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունքի դատական պաշտպանության լիազորությամբ օժտված են ինչպես ընդհանուր իրավասության դատարանները, այնպես էլ սահմանադրական դատարանը: Ընդ որում, առկա է իրավասությունների հստակ տարանջատում, և յուրաքանչյուրը, ըստ Սահմանադրության 5-րդ հոդվածի, իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենսդրությամբ,
2) ընտրական օրենսգրքի հիշատակված հոդվածներից բխում է, որ ընտրական գործընթացում տեղի ունեցած իրավախախտումներն ապացուցողական նշանակություն են ձեռք բերում ընդհանուր իրավասության դատարաններում հստակորեն սահմանված ժամկետներում փաստական հանգամանքների քննության արդյունքում: Մասնավորապես, ընտրական օրենսգրքի 40 հոդվածը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովի որոշումները (որոնք չեն վերաբերում ընտրությունների վերջնական արդյունքներին), գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել դատարան` օրենսդրության խախտումը հայտնաբերելուց հետո երկօրյա ժամկետում (իսկ քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները` մինչև քվեարկության հաջորդ օրը ժամը 14.00): Ակնհայտ է, որ ընտրական գործընթացում ներգրավված իրավասուբյեկտները, երբ թերանում են իրենց իրավունքների օրինական պաշտպանությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իրացնել և շրջանցում են ընդհանուր իրավասության դատարանները, ապա վերջիններիս իրավասությունները չեն փոխանցվում սահմանադրական դատարանին, մինչդեռ սահմանադրական դատարանը գործի քննության ընթացքում պարտավոր է հիմնվել օրենսդրությամբ սահմանված կարգով ապացուցված փաստարկների վրա,
3) ՀՀ ընտրական օրենսգրքի 139 հոդվածն առանձնացնում է 31 իրավախախտումներ, որոնք հանգեցնում են պատասխանատվության: Բոլոր դեպքերը վերաբերում են կոնկրետ գործողությունների կամ անգործության և վերոնշյալ հոդվածների հիմքերով ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների քննությանը: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի, կից փաստաթղթերի, դիտորդական առաքելությունների զեկույցների, մամուլի հրապարակումների ուսումնասիրությունից հետևում է, որ նշված իրավախախտումներից առնվազն 21-ի վերաբերյալ տարաբնույթ փաստեր են ներկայացվել կամ հայտարարություններ են արվել: Սակայն դրանցից և ոչ մեկով ընդհանուր իրավասության դատարաններում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում գործ չի հարուցվել, քննություն չի կազմակերպվել և չեն հաստատվել որպես իրավական հետագա գործընթացի համար անհրաժեշտ փաստական հանգամանքներ: Սույն գործի քննության արդյունքները վկայում են, որ ընդհանրապես դիմող կողմը ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլերում տեղ գտած և իր կողմից մատնանշվող իրավախախտումների վերաբերյալ դատական կարգով որևէ բողոք չի բերել,
4) ՀՀ սահմանադրական դատարանի դատական պրակտիկան միաժամանակ վկայում է, որ ընտրական օրենսգրքով սահմանված և 1995 թվականից գրեթե փոփոխություն չկրած ընտրական իրավունքի դատական պաշտպանության գործող կարգը բարդ ու անարդյունավետ է: Դրա ապացույցն այն փաստն է, որ դատարան դիմելու առումով ՀՀ ընտրական օրենսդրությամբ բողոքարկման կարգը` 1996 թվականից մինչև 2003 թ. նախագահական ընտրությունները ներառյալ, պրակտիկորեն չի գործել: Փաստորեն ընդհանուր արդարադատական համակարգն անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ չի ստեղծում արդյունավետ սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար (երբ ընտրական իրավահարաբերություններում հանդես եկող սուբյեկտները տարաբնույթ պատճառներով ժամանակին չեն օգտվում օրենքով սահմանված թեկուզ անկատար կարգի ընձեռած հնարավորություններից): Անառարկելի է, որ սահմանադրական արդարադատությունը ենթադրում է սահմանադրական ժողովրդավարության որոշակի միջավայր: Այդ տեսանկյունից տվյալ ընտրական վեճի քննությունը բացահայտում է օրենսդրական և կառուցակարգային համակարգային լուրջ թերություններ ու բացեր, որոնք անհետաձգելի շտկման անհրաժեշտություն ունեն:
9. ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում մատնանշվում են ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի բացեր, որոնք բացասաբար են անդրադարձել ընտրությունների պատշաճ կազմակերպման և անցկացման վրա: Դրանք, մասնավորապես, վերաբերում են ընտրական ցուցակների կազմման ու վարման կարգին, հանձնաժողովների ձևավորման կարգին ու ժամկետներին, դրանց թվին, ծանրաբեռնվածությանը, որոշումների ընդունման և արձանագրությունների կազմման, դիմում-բողոքների ուսումնասիրման կարգին ու ժամկետներին և այլն: Միաժամանակ, սահմանադրական դատարանի 1 հոկտեմբերի 2002 թ. թիվ ՍԴՈ-389 որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել ՀՀ ընտրական օրենսգրքի 14 հոդվածի 3-րդ կետի այն դրույթը, որով սահմանափակվում էր քաղաքացիների` ընտրական ցուցակներում ընդգրկված լինելու խախտված իրավունքը դատական կարգով պաշտպանելու հնարավորությունը:
ՀՀ սահմանադրական դատարանում ընտրական վեճերի քննության պրակտիկան վկայում է, որ ընտրախախտումների զգալի մասը պայմանավորված է հենց ընտրական օրենսգրքի թերություններով, ընտրությունների կազմակերպման և անցկացման գործող կարգի անկատարությամբ, ընտրական իրավունքի դատական պաշտպանության համակարգի ոչ կենսունակությամբ, իրավական կուլտուրայի ցածր մակարդակով, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից ընտրական վեճերի վերաբերյալ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները ոչ բավարար հաշվի առնելով: Օրինակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածն անճշտությունների որոշման նոր կարգ է սահմանում, որն էապես տարբերվում է նախկինում գործող կարգից և այդ առնչությամբ սահմանադրական դատարանի նախորդ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումից: Հիշյալ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ անճշտությունների չափը որոշելու համար համադրվում է օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը` քվեատուփում քվեաթերթիկների թվի և մարված քվեաթերթիկների թվի հետ: Տարբերությունը թվի բացարձակ արժեքով նշվում է որպես առաջին անճշտության չափ: Նախկինում «... 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների թիվը» դրույթի փոխարեն հիմք էր ընդունվում ԿԸՀ կողմից հատկացված քվեաթերթիկների թիվը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկա փոփոխությունը հնարավորություն է ընձեռում շրջանառության մեջ դնել իրավական հստակ կարգավիճակով չամրագրված քվեաթերթիկներ (ԿԸՀ-ից տրված և սահմանված կարգով չստորագրվածների տարբերությունը), որոնք կարող են լուրջ նախադրյալ հանդիսանալ հնարավոր ընտրակեղծիքների համար: Ի դեպ, այդ մասին իրենց մտահոգությունն են հայտնել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները` 2002 թ. հուլիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց փորձագիտական եզրակացության մեջ: Մասնավորապես, այդ եզրակացության 21 կետում շեշտվում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է պատասխանատու լինի ոչ միայն ստորագրված, այլ ստացած բոլոր քվեաթերթիկների համար: Եզրակացությունն այն է, որ «նոր ընթացակարգերը լուրջ վտանգ են ստեղծում, որ քվեաթերթիկները կարող են անհայտանալ տեղամասային ընտրական հանձնաժողովին հանձնելու և ստորագրելու միջև ընկած ժամանակահատվածում, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված մտահոգությունը մասամբ արդեն իրողություն է դառնում, ինչի մասին են վկայում սույն գործի քննության ընթացքում վկայակոչվող առանձին իրավախախտումներ: Ոչ միայն օրենքի հիշյալ դրույթը վերանայման անհրաժեշտություն ունի, այլև պետք է լրջորեն ուժեղացվի քվեաթերթիկների տպագրության, հաշվառման, պահպանման և վերահսկման կարգը: Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ օրենսդրին չի հաջողվել նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնի դերը ողջ ընտրական գործընթացում: Այն առավել ակնառու է դառնում ընտրական օրենսգրքի շատ դրույթների ոչ հստակ, հաճախ նաև ներքին հակասությունների պարագայում:
Ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար բացառիկ կարևոր է, մասնավորապես, ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի բովանդակության իրավական ճիշտ մեկնաբանումը և, օրենսգրքի 40 հոդվածի հետ համատեղ, վերահսկման գործուն օրենսդրական հիմքի երաշխավորումը: Սույն գործի քննությունը վկայում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետը ԿԸՀ-ի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տարաբնույթ մեկնաբանություն է ունեցել և «ընտրությունների փաստացի արդյունք» ու «քվեարկության արդյունք» հասկացությունների օրենսդրական շփոթի պատճառով մերժվել են ստուգումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ներկայացված մի շարք պահանջներ:
ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1-ին կետի, 42 հոդվածի 7-րդ և 9-րդ կետերի, 62 հոդվածի 3-րդ և 10-րդ կետերի, 63 հոդվածի 3-րդ կետի, 83 հոդվածի 1-ին կետի դրույթների համադրումից հետևում է, որ քվեարկության և դրա արդյունքների ամփոփման գործընթացի նկատմամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, ինչպես նաև թեկնածուների վստահված անձանց վերահսկողական իրավասության հիմնական ձև է ընտրվել իրավունքի ուժով ստուգման կազմակերպման հնարավորությունը: Ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետը ենթադրում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամի կամ թեկնածուի վստահված անձի գրավոր պահանջով, եթե այն ներկայացվել է սահմանված կարգով ու ժամկետներում և իրավասու անձի կողմից, որը, իր հերթին, պետք է որոշվի օրենսգրքի 40 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պարտավոր է կազմակերպել տեղամասային արձանագրությունների և ընտրությունների (քվեարկության) փաստացի արդյունքների համապատասխանության ստուգում: Սույն գործի քննությամբ պարզվեց, որ նման կարգը հստակ չի պահպանվել, իսկ առանձին դեպքերում, մասնավորապես թիվ 6 ընտրատարածքում, կամայական վերաբերմունք է դրսևորվել թեկնածուի վստահված անձի պահանջի նկատմամբ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ԿԸՀ կողմից 2003 թ. փետրվարի 20-ի 18-Ա որոշման ընդունումը, ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքի 41 հոդվածի 1-ին կետով սահմանված` ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողության իրականացման հարցում թերացումները, դիմում-բողոքներին ժամանակին և հիմնավոր ձևով չարձագանքելը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ համարժեք արձագանքի բացակայությունը լրացուցիչ անվստահության մթնոլորտ են ստեղծել ընտրական գործընթացի նկատմամբ:
Սակայն դիմումատուի հիմնավորումները և ընտրական գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ ներկայացրած ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները բավարար հիմք չեն ՀՀ ընտրական օրենսգրքի 86 հոդվածին համապատասխան ՀՀ Նախագահի 2003 թ. փետրվարի 19-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
10. Հաշվի առնելով նաև, որ ՀՀ Նախագահի 2003 թ. փետրվարի 19-ի ընտրության ընթացքում տեղ գտած իրավախախտումների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, ըստ ներկայացված տեղեկանքի, 35 դրվագով քննություն է կատարվում, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրական վեճերի քննության 7 գործերով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 54 հոդվածով սահմանված կարգով կոնկրետ իրավախախտումների փաստերի վերաբերյալ պաշտոնապես տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը` համապատասխան ընթացք տալու համար (24.11.1996 թ. ՍԴՆ-102, 17.06.1999 թ. ՍԴՆ-43, 24.06.1999 թ. ՍԴՆ-45, 24.06.1999 թ. ՍԴՆ-46, 28.06.1999 թ. ՍԴՆ-49, 28.06.1999 թ. ՍԴՆ-60, 01.07.2002 թ. ՍԴՆ-38): Ստացված պատասխանների ընդհանուր վերլուծությունը վկայում է, որ ընտրական օրենսդրության խախտումներին վերաբերող բազմաթիվ քրեական գործեր հետագա ընթացք չեն ստացել և հիմնականում կարճվել են նաև համաներումների արդյունքով: Սահմանադրական դատարանն արդարացված չի համարում, երբ համաներումները տարածվում են ընտրակեղծիքներ կատարած ու ընտրական օրենսդրությունը խախտած անձանց նկատմամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51 հոդվածով, 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի պահանջը ՀՀ Նախագահի 2003 թվականի փետրվարի 19-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին` մերժել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|