ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«20» մայիսի 2025 թ. |
N 13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 14-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի 45-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝
Հրամայում եմ
1. Հաստատել ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2008 թվականի հունվարի 30-ի «Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 14-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Նախարար`
5/20/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի մայիսի 20-ի N 13-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը (այսուհետ՝ Կարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի 114-րդ կետի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի և «Ավիացիոն անվտանգություն» թիվ 17 հավելվածի, «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս» կազմակերպության Փաստաթուղթ թիվ 30-ի առաջին և երկրորդ մասերի, «Օդանավերի մեջ կատարվող հանցագործությունների և որոշակի այլ գործողությունների մասին» 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված կոնվենցիայի 6-րդ հոդվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Փաստաթուղթ թիվ 8973-ի հրահանգչական նյութերի հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական ավիացիայի օդանավերով Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ուղեկցման ենթակա անձանց փոխադրման գործընթացը։
2. Սույն կարգի դրույթները տարածվում են օդային տրանսպորտով փոխադրվող վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց և հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վրա:
3. Ուղեկցման ենթակա անձանց օդային փոխադրման կազմակերպման և իրականացման նպատակով կարող է պահանջվել քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների՝ օդանավակայանների և օդանավ շահագործողների սերտ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, ազգային անվտանգության և արդարադատության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների հետ։
2․ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
4. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձինք՝ ազատազրկված, մուտքի իրավունք չունեցող անձինք, արտաքսվածները:
2) Արտաքսման ենթակա անձ - անձ, որի նկատմամբ համապատասխան պետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտաքսման մասին որոշում է կայացվել:
3) Մուտքի իրավունք չունեցող անձ - անձ, որի մուտքը համապատասխան պետության տարածք արգելվել է՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
4) Ուղեկցող՝ պետության կամ օդանավ շահագործողի կողմից լիազորված անձ՝ տվյալ պետությունից տեղափոխվող վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձին ուղեկցելու նպատակով:
5) Ռիսկերի գնահատում՝ ուղևորների օդային փոխադրման ընթացքում վտանգավոր իրավիճակների, ռիսկերի և դրանց հնարավոր բարդությունների վերլուծության գործընթաց։ Հիմնականում կատարվում է արտաքսում իրականացնող պետության կողմից՝ արտաքսված անձի առևտրային օդային տրանսպորտով տեղափոխումը ուղեկցմամբ կամ առանց ուղեկցման իրականացնելու նպատակով։ Գնահատում կատարելիս հաշվի են առնվում բոլոր վերաբերելի գործոնները, ներառյալ արտաքսված անձի առողջական վիճակը, նրա պատրաստակամությունը օդային փոխադրմանը, հոգեբանական և ֆիզիկական վիճակը, վարքային առանձնահատկությունները, նախկինում բռնի գործողություններ կատարելու հանգամանքը կամ այլ ցանկացած տեղեկատվություն, որն օդանավ շահագործողին կօգնի գնահատել չվերթի իրականացման ընթացքում օդանավի թռիչքային և ավիացիոն անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճանը:
6) Արտաքսող պետություն՝ այն պետությունը, որը կազմակերպում է արտաքսված անձի փոխադրումը իր տարածքից:
7) Ազատազրկված անձինք՝ այն անձինք, ովքեր դատական կարգով կալանավորված, ձերբակալված կամ դատապարտված են և ենթակա են օրինական ճանապարհով փոխադրման մեկ այլ պետություն: Նման անձանց փոխադրման համար իրավասու լիազոր մարմնի կողմից ապահովվում են ուղեկցողներ:
8) Մեկնարկի օդանավակայան - այն օդանավակայանը, որտեղից անձը սկսել է իր օդային փոխադրումը, նույնիսկ եթե երթուղում եղել են ուղիղ տարանցիկ կամ համակցվող չվերթներ, պայմանով, որ անձը դուրս չի եկել օդանավակայանի ուղիղ տարանցիկ փոխադրման համար նախատեսված գոտուց։»
9) Հաշմանդամություն ունեցող ուղևորներ՝ անվասայլակների, պատգարակների միջոցով փոխադրվող ուղևորները, ինչպես նաև տեսողությունից և լսողությունից զուրկ ուղևորները:
10) ԴԵՊՕ (DEPO)՝ արտաքսված անձի համար ավիացիոն ոլորտում ընդունված կոդ:
11) ԴԵՊԱ (DEPA)՝ Լիազորված անձի ուղեկցությամբ փոխադրվող արտաքսված անձի համար ավիացիոն ոլորտում ընդունված կոդ:
12) ԴԵՊՈՒ (DEPU)՝ Առանց լիազորված ուղեկցողի փոխադրվող արտաքսված անձի համար ավիացիոն ոլորտում ընդունված կոդ:
13) ԻՆԱԴ (INAD)՝ մուտքի իրավունք չունեցող անձ:
14) ՄԵԴԱ (MEDA)՝ ավիացիոն ոլորտում ընդունված կոդ՝ թռիչքի ընթացքում բժշկական օժանդակության կարիք ունեցող անձանց նշելու համար, որն ավելացվում է օդանավ շահագործողի ամրագրման համակարգում՝ որպես հատուկ սպասարկում պահանջող ուղևորի (Special Service Request (SSR)) մասին գրառում:
15) Ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում տվյալ անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել:
3. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց օդային փոխադրման հիմնական պահանջները
5. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձինք հանդիսանում են օդանավի թռիչքի ընթացքում ավիացիոն անվտանգության տեսանկյունից ռիսկային ուղևորներ և անհրաժեշտ է, որպեսզի մինչ օդային փոխադրման նպատակով նրանց օդանավ ընդունելը լրացուցիչ ընթացակարգեր կատարվեն։ Որոշ դեպքերում անհրաժեշտություն կարող է առաջանալ, որպեսզի այդ անձանց օդային փոխադրումը մինչ նպատակակետ հանդիսացող օդանավակայան իրականացվի համապատասխան ուղեկցմամբ:
6. Օդային փոխադրման համար պարտադիր ուղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ազատազրկված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:
7. Ռիսկերի գնահատման արդյունքներից ելնելով՝ սույն կարգում նշվող համապատասխան դեպքերում պետության կողմից ուղեկցման ենթակա կարող են հանդիսանալ արտաքսված անձինք, իսկ օդանավ շահագործողի կողմից՝ մուտքի իրավունք չունեցող անձինք:
8. Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրումներ իրականացնող օդանավ շահագործողները պետք է ավիացիոն անվտանգության իրենց ծրագրերում ընդգրկեն քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրման ընթացակարգերը և այն միջոցառումները, որոնց նպատակն է նման փոխադրման ընթացքում ապահովել չվերթի թռիչքային և ավիացիոն անվտանգութjունը:
9. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրմանը ներկայացվող հիմնական պահանջներն են․
1) նախնական ծանուցման և անհրաժեշտ մանրամասն տեղեկությունների տրամադրումը օդանավ շահագործողին և տվյալ չվերթի օդանավի հրամանատարին, որպեսզի օդանավ շահագործողի կողմից ձեռնարկվեն թռիչքի ընթացքում օդանավի թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները,
2) թռիչքից առաջ, թռիչքի ընթացքում և թռիչքի ավարտից հետո ավիացիոն անվտանգության համապատասխան միջոցառումների ապահովումը,
3) օդանավի հրամանատարի իրավունքը՝ մերժելու փոխադրումը թռիչքային անվտանգության ապահովման նպատակով:
4) ռիսկերի գնահատման իրականացումը:
10. Օդանավ շահագործողը քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված և զինված ուղեկցողներով փոխադրվող ուղևորներին պետք է փոխադրման համար ընդունի միայն այն դեպքում, երբ առկա է երթուղում տարանցիկ պետության (պետությունների) և վերջնակետի պետության, ինչպես նաև փոխադրմանը մասնակցող, տարանցիկ փոխադրումն իրականացնող օդանավ շահագործողների հետ նախնական համաձայնեցում:
11. Օդանավ շահագործողը քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրումը համաձայնեցնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ավիացիոն անվտանգության վարչության պետի հետ՝ ներկայացնելով նման անձանց մասին առկա տեղեկությունները, ռիսկերի գնահատման նպատակով իրականացված վերլուծության արդյունքները:
12. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրման համար սույն կարգի 25-րդ, 26-րդ, 38-րդ և 44-րդ կետերով նկարագրվող ռիսկերի գնահատման արդյունքները, արտաքսվող անձանց դեպքում նաև անձանց արտաքսումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնի կողմից ռիսկերի գնահատման հիման վրա կազմված ուղեկցման անհրաժեշտության մասին եզրակացությունը գրավոր կարգով փոխանցվում են օդանավ շահագործողին և օդանավի հրամանատարին:
13․Օդանավի հրամանատարը մինչթռիչքային նախապատրաստական աշխատանքների ընթացքում պետք է տեղյակ պահվի քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրման մասին, ներառյալ այն պատճառների մասին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է երկրից հեռացման, ինչպես նաև փոխադրումն ուղեկցմամբ կամ առանց ուղեկցման իրականացնելու պատճառների մասին:
14․ Օդանավ շահագործողը կամ օդանավի հրամանատարը, ով հանդիսանում է օդանավի թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով վերջնական որոշում կայացնելու իրավասու անձ, մերժում է փոխադրումը, եթե գտնում է, որ առկա են հիմնավոր պատճառներ, որ ուղևորի փոխադրումը կարող է վտանգ հանդիսանալ օդանավի թռիչքային և ավիացիոն անվտանգությանը: Նման մերժման հանգամանքի մասին օդանավ շահագործողը տեղեկացնում է սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնին։ Օդանավի հրամանատարն իր որոշումը կայացնում է հիմք ընդունելով՝
1) ռիսկերի գնահատման արդյունքները,
2) ուղևորի գործողությունները և վարքը օդանավ նստեցման ընթացքում կամ նստեցումից հետո:
15. Օդանավի հրամանատարն իրավունք ունի փոխադրվող անձի վերաբերյալ պահանջել պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկությունների պարզաբանում և ստանալ անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն:
16. Փոխադրումը կազմակերպող պետական կառավարման համապատասխան մարմինը փոխադրման հետ կապված պայմանավորվածությունները կայացնում է միայն այն բանից հետո, երբ տվյալ օդային փոխադրման համար ստանում է օդանավ շահագործողի համաձայնությունը: Տվյալ մարմինը նաև ստանում է փոխադրման երթուղու պետությունների և վերջնակետի պետության լիազոր մարմինների, ինչպես նաև երթուղում ընդգրկված օդանավ շահագործողների, եթե այդպիսիք կան, համաձայնությունը փոխադրման առնչությամբ և այդ տեղեկությունները տրամադրում է օդանավ շահագորողծին:
17. Օդանավ շահագործող կազմակերպությունը քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրման կազմակերպման վերաբերյալ պետական մարմինների կողմից ներկայացված հայտի կամ պահանջի մասին տեղեկատվություն է տրամադրում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:
18. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց փոխադրման գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով օդանավ շահագործողը պետք է իր թռիչքների յուրաքանչյուր օդանավակայանում տվյալ երկրի պատկան մարմինների համար մատչելի դարձնի իր գլխավոր գրասենյակի և տվյալ պետությունում իր ներկայացուցչության այն կոնտակտային տվյալները, որոնցով այդ մարմինները կարող են նման ուղևորների վերադարձին վերաբերող հարցերով 24-ժամյա անմիջական կապ հաստատել օդանավ շահագործողի հետ:
19. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձանց համար թռիչքի ամրագրում իրականացնող գործակալը պետք է նման անձանց փոխադրման փաստը ներառի ուղևորի ՓիԷնԱռ (PNR) անվանական գրառման մեջ և փոխադրմանը մասնակցող մյուս օդանավ շահագործողներին ամրագրման համակարգով տեղեկացում տրամադրի այդ փոխադրման մասին, ինչպես նաև ամրագրման համակարգի ՓիԷնԱռ (PNR) անվանական գրառման համապատասխան բաժնում ծանոթագրական լրացումներ (i.e. Other Service Information remarks) կատարի ուղեկցող անձանց առկայության մասին:
4. Ռիսկերի գնահատումը մուտքի իրավունք չունեցող անձանց օդային փոխադրումը կազմակերպելիս
20. Օդանավ շահագործողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի մեկնման կետում բոլոր ուղևորները ունենան համապատասխան ճամփորդական փաստաթղթեր, որոնք պահանջվում են ուղևորի երթուղու տրանզիտի կամ վերջնակետի պետության կողմից, քանի որ մուտքի իրավունք չունեցող ուղևորի վերադարձը ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից նա ժամանել է հանդիսանում է օդանավ շահագործողի պատասխանատվությունը:
21. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չթույլատրելու մասին սահմանային հսկողություն իրականացնող մարմինը անհապաղ բանավոր տեղեկացնում է օդանավ շահագործողին՝ միաժամանակ հաստատելով տեղեկատվությունը նաև գրավոր կարգով։ Նման գրավոր տեղեկացումը կարող է իրականացվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով։
22․ Սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը շահագործողի հետ քննարկում է մուտքի իրավունք չունեցող անձի հետ վերադարձի ժամկետները, որպեսզի օդանավ շահագործողը բավարար ժամանակ ունենա կազմակերպելու մուտքի իրավունք չունեցող անձի օդային փոխադրման գործընթացը սեփական կամ այլ օդանավ շահագործողի չվերթերով:
23․ Սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը մուտքի իրավունք չունեցող անձին փոխանցում է տվյալ օդանավ շահագործողին՝ անձի վերադարձը հնարավոր կարճ ժամկետում կազմակերպելու նպատակով։ Սույն կետի դրույթները չպետք է մեկնաբանվեն որպես թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան խնդրող անձի հետ վերադարձի համար դեպի այն երկիր, որտեղ այդ անձի կյանքը և ազատությունը` hամաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված ապաստանի հայցի քննարկման վարույթի արդյունքների կարող են վտանգված լինել ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով:
24. Սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ ունենալով հիմքեր, որ մուտքի իրավունք չունեցող անձը կարող է դիմադրություն ցուցաբերել օդային փոխադրման ընթացքում, անմիջապես այդ մասին գրավոր տեղեկացնում է համապատասխան օդանավ շահագործողին, որպեսզի օդանավ շահագործողը չվերթի ընթացքում անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկի անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները:
25․ Սույն կարգի 24-րդ կետում նշված գրավոր տեղեկացումը պետք է պարունակի արտաքսման ենթակա անձի մասին այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի օդանավ շահագործողին իրականացնել թռիչքի անվտանգությանը ներկայացվող ռիսկերի գնահատում, մանավանդ այն դեպքերում, երբ ուղևորը համարվում է վտանգավոր:
26. Հիմք ընդունելով սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերում նշված տեղեկացումը՝ օդանավ շահագործողն իրականացնում է ռիսկերի գնահատում և որոշում կայացնում մուտքի մերժում ստացած անձի օդային փոխադրումը ուղեկցողներով կամ առանց ուղեկցողների իրականացման մասին:
27․Մուտքի մերժում ստացած անձանց օդային փոխադրման համար ուղեկցողներ տրամադրում է օդանավ շահագործողը՝ ուղեկցող անձանց, նրանց թվաքանակի մասին կայացրած որոշումը համաձայնեցնելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ:
28. Օդանավ շահագործողը վերգետնյա սպասարկման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումները և օդանավով ուղեկցումն իրականացնում է համապատասխան պատրաստականություն ունեցող սեփական անձնակազմի կամ վարձու անձնակազմի միջոցով: Ուղեկցող անձինք պետք է ուսուցում անցած լինեն զսպման միջոցների կիրառման գծով:
5. Մուտքի իրավունք չունեցող անձանց օդային Փոխադրման կազմակերպումը
29. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացու մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք չթույլատրելու դեպքում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը անմիջապես այդ մասին տեղեկացնում է օդանավ շահագործողին և կազմակերպում է վերադարձման գործընթացը` հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի իրականացնել օտարերկրացու փոխադրման կազմակերպչական հարցերը:
30․ Սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը օդանավ շահագործողին է տրամադրում մուտքի իրավունքից զրկված անձի հետ վերադարձի մասին փաստաթղթերը:
31. Հայաստանի Հանրապետություն մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացին սահմանային վերահսկողության համար պահանջվող ընթացակարգերից հետո սահմանային վերահսկողության իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից անմիջապես փոխանցվում է այն օդանավ շահագործողին, որն իրականացրել է տվյալ օտարերկրացու փոխադրումը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ` վերջինիս փոխանցելով նաև տվյալ անձի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
32․ Օտարերկրացու վերադարձման դեպքում սահմանային վերահսկողության իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է վերադարձման ակտ` մեկնման երկրի իրավասու մարմիններին փոխանցելու նպատակով: Ակտը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
1) ակտը կազմող պետական մարմնի անվանումը,
2) անձի տվյալները՝ անունը, ազգանունը, տարիքը, սեռը, քաղաքացիությունը,
3) մուտքն արգելելու պատճառը,
4) անձի փոխադրումն իրականացրած օդանավ շահագործողը, չվերթի համարը, երթուղին, ամսաթիվը,
5) անձի վերադարձն իրականացնող ավիաընկերությունը, չվերթի համարը, երթուղին, ամսաթիվը,
5) ժամանման և մեկնման երկիրը,
6) ակտը կազմելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:
33. Մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած և վերադարձման ենթակա օտարերկրացիներին փոխադրող չվերթի երթուղու տարանցիկ վայրերի պետություններին և երթուղու վերջնակետի պետության լիազոր մարմիններին փոխադրվող անձի մասին տեղեկությունների տրամադրման նպատակով սահմանային վերահսկողության իրականացնող մարմնի պաշտոնատար անձի կողմից, սահմանային վերահսկողության համապատասխան ընթացակարգերից անմիջապես հետո, տրամադրվում է Կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի 9-րդ առդիրում սահմանված ձևաչափին համապատասխանող ուղեկցող գրություն, իսկ այլ անձանց պատկանող փաստաթղթերի բնօրինակներ, ինչպես նաև կեղծ ճամփորդական փաստաթղթեր ներկայացնող անձանց դեպքում` նաև այդ փաստաթղթերի պատճենները:
34․ Ուղեկցող գրությունը և կցվող նյութերը տրամադրվում են օդանավ շահագործողին, որն այն հանձնում է օդանավի անձնակազմին, իսկ եթե վերադարձվող օտարերկրացին ունի ուղեկցող, ապա ուղեկցողին` ժամանման երկրի պետական մարմիններին փոխանցելու համար: Նման փաստաթղթերը բավարար հիմք են հանդիսանում, որպեսզի Կոնվենցիային անդամակցած պետությունն իրականացնի այդ անձանց ստուգումը:
35․ Եթե Հայաստանի Հանրապետության տարածքից մեկնած անձը հետ է վերադարձվել նրա մուտքի իրավունքը մերժած որևէ պետության տարածքից, ապա Հայաստանի Հանրապետությունը նրան հետ չի վերադարձնում մուտքի իրավունքը մերժած երկիր:
36. Սույն կարգի 35-րդ կետով նախատեսված դեպքում՝ օդանավ շահագործողը մուտքի իրավունք չունեցող անձին փոխադրում է մեկնարկի օդանավակայան կամ ցանկացած այլ վայր, որտեղ արգելված չէ այդ անձի մուտքը: Անհրաժեշտության դեպքում սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինը քննարկում է օդանավ շահագործողի հետ առավել հարմար վայրի հարցը, ուր կարող է փոխադրվել մուտքի իրավունք չունեցող անձը:
37. Այն դեպքում, երբ փոխադրման է ենթակա մուտքի իրավունք չունեցող չուղեկցվող անչափահաս, պետական պատկան մարմինները կայացնում են նման անձի փոխադրման համար անհրաժեշտ պայմանավորվածությունները մեկնման, տարանցիկ և վերջնակետի օդանավակայանների հետ։ Նման անչափահասը պետք է փոխադրվի այն վայր, որտեղ նա բնակվում է, այլ ոչ թե մեկնարկի օդանավակայան։
6. Ռիսկերի գնահատումը ԱՐՏԱՔՍՎԱԾ ԱՆՁանց օդային փոխադրումը կազմակերպելիս
38. Անձանց արտաքսումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինն օդանավ շահագործողի հետ քննարկում է փոխադրմանը վերաբերող հարցերը և ոչ ուշ քան փոխադրող չվերթի մեկնումից 24 ժամ առաջ նրան է տրամադրում հետևյալ տեղեկությունները.
1) չվերթի երթուղին, օրը և ժամը,
2) ուղևորների անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը և փոխադրման պատճառը,
3) ռիսկերի գնահատման արդյունքները, որի հիման որոշում է կայացվում՝ տվյալ անձը ենթակա է ուղեկցման, թե ոչ՝ հիմք ընդունելով այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են արտաքսված անձի առողջական վիճակը, նրա պատրաստակամությունը օդային փոխադրմանը, հոգեբանական և ֆիզիկական վիճակը, վարքային առանձնահատկությունները, նախկինում բռնի գործողություններ կատարելու հանգամանքը կամ այլ ցանկացած տեղեկատվություն, որը օդանավ շահագործողին կօգնի գնահատել թռիչքին ներկայացվող վտանգի աստիճանը,
4) ուղեկցող անձանց անունները, ազգանունները, եթե նախատեսվում է ուղեկցում,
5) ուղևորի փոխադրման երթուղու տարանցիկ կետերի, վերջնակետի լիազոր մարմիններին և երթուղով փոխադրմանը մասնակցող օդանավ շահագործողներին տեղեկացման և նրանց հետ կայացրած պայմանավորվածության մասին հավաստող փաստաթուղթ (կարող է ներկայացվել ավելի ուշ՝ սակայն ոչ ուշ քան չվերթի հաշվառման գործընթացի սկիզբը):
39. Օդանավ շահագործողը կամ օդանավի հրամանատարը, անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև հիմնվելով օդանավ շահագործողի շահագործողական փաստաթղթերի և սահմանված կարգով հաստատված ավիացիոն անվտանգության ծրագրի վրա, իրավունք ունեն մերժել արտաքսման ենթակա անձի փոխադրումը տվյալ չվերթով, երբ առկա են հիմնավոր պատճառներ՝ կապված չվերթի իրականացման ընթացքում թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման հետ:
40․ Անձանց արտաքսումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնող պետական կառավարման համակարգի լիազոր մարմինը արտաքսման ենթակա անձանց տվյալ չվերթով փոխադրման թվաքանակի որոշման հարցում հաշվի է առնում օդանավ շահագործողի ընթացակարգերը և պահանջները, ինչպես նաև օդանավ շահագործողի հետ քննարկում է արտաքսման ենթակա անձի փոխադրման համար առավել հարմար չվերթի և հնարավոր այլ տարբերակներին վերաբերող հարցերը:
7․ ԱՐՏԱՔՍՎԱԾ ԱՆՁանց ՕԴԱՅԻՆ Փոխադրման կազմակերպումը
41. Արտաքսված անձի փոխադրումը հնարավորության դեպքում իրականացվում է ուղիղ չվերթերով:
42. Անձանց արտաքսումը Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը արտաքսված անձի փոխադրման նպատակով օդանավ շահագործողին է հանձնում արտաքսված անձի ճամփորդական բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում են տարանցիկ կամ երթուղու վերջնակետի պետության կողմից:
43. Տարանցիկ կանգառներ ունեցող երթուղով ուղեկցվողների հետ փոխադրվող արտաքսման ենթակա անձի դեպքում ուղեկցող անձինք նրան ուղեկցում են մինչ երթուղու վերջնակետ, եթե լիազոր մարմինների և տարանցիկ չվերթն իրականացնող օդանավ շահագործողի միջև այլ փոխհամաձայնություն չի կայացվել:
44. Արտաքսված անձանց դեպքում ծագման երկիր վերադարձի պատասխանատվությունը պատկանում է պետական պատկան մարմիններին, ներառյալ տվյալ անձի օդային փոխադրման հետ կապված անվտանգային ռիսկերի գնահատման իրականացումը, այդ փոխադրման մասին ծագման երկրի և տրանզիտ հանդիսացող երկրի լիազոր մարմնին տեղեկացումը, երթուղում ներառված օդանավ շահագործողներին տեղեկացումը, ինչպես նաև արտաքսման ենթակա անձին ուղեկցելու նպատակով համապատասխան թվով ուղեկցողների տրամադրումը, եթե ռիսկերի գնահատումը ցույց է տալիս, որ ուղևորը կարող է դիմադրություն ցույց տալ և չվերթի ընթացքում սպառնալիք հանդիսանալ չվերթի թռիչքային և ավիացիոն անվտանգության համար:
45․Արտաքսումն իրականացնող պետությունը կրում է նման փոխադրման հետ կապված ողջ պատասխանատվությունը և առնչվող ծախսերը։
46. Եթե ռիսկային համարվող ուղևորների փոխադրումը մերժվում է օդանավ շահագործողի կողմից, ապա պետական մարմինների կողմից պահանջի դեպքում օդանավ շահագործողը կարող է ներկայացնել փոխադրումը մերժելու պատճառները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նշել այն բոլոր միջոցառումները, որոնց ապահովման պայմաններում հնարավոր կլինի նման անձանց փոխադրումը ապագայում:
8. ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐ
47. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ազատազրկված անձանց քաղաքացիական օդանավերով փոխադրման ընթացքում նրանց ուղեկցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, ազգային անվտանգության և արդարադատության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների կարգախմբերի միջոցով:
48. Օդանավ շահագործողը և օդանավի հրամանատարը ազատազրկված անձանց փոխադրման դեպքում կարող են օգտվել սույն կարգի 14-րդ կետում նշվող իրենց իրավունքներից:
49. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, ազգային անվտանգության և արդարադատության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինները ուղեկցման ենթակա անձանց Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օդանավերով փոխադրման անհրաժեշտության դեպքում, նախատեսված փոխադրումից առնվազն երեք օր առաջ փոխադրման աշխատանքների կազմակերպման նպատակով հայտ են ներկայացնում տվյալ ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավ շահագործող ընկերությանը:
50․ Անկախ ազատազրկված անձի վտանգավորության աստիճանից՝ նրան պետք է ուղեկցեն ուղեկցման խմբի առնվազն երկու անդամներ։
9. հաշմանդամություն ունեցող ՈՒՂԵՎՈՐՆԵՐ
51. Հաշմանդամություն ունեցող ուղևորներ են համարվում անվասայլակների, պատգարակների միջոցով փոխադրվող ուղևորները, հոգեկան խանգարումներ ունեցող անձինք, ինչպես նաև տեսողությունից և լսողությունից զուրկ ուղևորները, որոնց ուղեկցումն իրականացվում է հետևյալ կերպ.
1) այն ուղևորները, որոնք ինքնուրույն չեն կարողանում շարժվել, դեպի օդանավ են տարվում անվասայլակների կամ պատգարակների միջոցով: Նման ուղևորները թույլատրվում են փոխադրման միայն ուղեկցող անձի ներկայությամբ, որը թռիչքի ընթացքում պետք է ապահովի նրանց խնամքը.
2) չուղեկցվող հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ինքնուրույն չեն շարժվում, ընդունվում են փոխադրման միայն փոխադրողի համաձայնությամբ.
3) տեսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցող անձանց ներկայության դեպքում: Օդանավ շահագործողի համաձայնության դեպքում տեսողությունից զուրկ ուղևորը կարող է փոխադրվել նաև ուղեկցող շան հետ միասին: Տեսողությունից զրկված ուղևորների փոխադրումը ուղեկցող շան հետ կատարվում է հաշմանդամության և ուղեկցող շան վարժեցման փաստաթղթերի առկայության դեպքում: Ուղեկցող շունը պետք է ունենա վզնոց, դնչկալ և թռիչքի ընթացքում կապված լինի ուղևորի ոտքերի մոտ.
4) լսողությունից զուրկ ուղևորները փոխադրվում են ուղեկցողի առկայության դեպքում, ինչպես նաև օդանավ շահագործողի համաձայնությամբ՝ առանց ուղեկցողի:
52. Օդանավ շահագործողը նախապես տեղեկացնում է հաշմանդամություն ունեցող ուղևորներին օդանավակայաններում կիրառվող նախաթռիչքային ձևակերպումների, նման ուղևորների նկատմամբ սահմանված ավիացիոն անվտանգության պահանջների մասին:
53. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց ուղեկցումն իրականացվում է համապատասխան բժշկական կազմակերպությունների աշխատակիցների միջոցով:
54. Բժշկական հաստատություններն ուղեկցման ենթակա անձանց Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական օդանավերով փոխադրման անհրաժեշտության դեպքում, նախատեսված փոխադրումից առնվազն երեք օր առաջ փոխադրման աշխատանքների կազմակերպման նպատակով հայտ են ներկայացնում տվյալ ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավ շահագործող ընկերությանը:
55. Օդանավ շահագործողը և օդանավի հրամանատարը հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրման դեպքում կարող են օգտվել սույն կարգի 14-րդ կետում նշվող իրենց իրավունքներից:
56. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց փոխադրումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ նման մեկ անձին ուղեկցում է համապատասխան մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող երկու բժիշկ-հոգեբույժ:
10. ՈՒՂԵԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
57. Հիմք ընդունելով ուղեկցողներով փոխադրվող վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձանց կողմից օդային փոխադրմանը ներկայացվող ռիսկերի գնահատման արդյունքները՝ անհրաժեշտ է սահմանափակել ռիսկային համարվող ուղևորների քանակը մեկ չվերթի ընթացքում:
58․ Գնահատման գործընթացն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնային համարել երկրից փոխադրման պատճառները, փոխադրող օդանավի ուղևորային սրահի չափերը, կառուցվածքը: Իրականացված ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա անհրաժեշտ է ապահովել բավարար թվով ուղեկցողներ:
59․ Արտաքսվածների դեպքում մեկ չվերթով փոխադրվող արտաքսվածների և նրանց ուղեկցողների թիվը որոշվում է արտաքսումն իրականացնող պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնի և օդանավ շահագործողի կողմից համատեղ: Ազատազրկվածների դեպքում փոխադրման ընթացքում ուղեկցումն իրականացվում է համաձայն սույն կարգի 47-րդ, 49-րդ և 50-րդ կետերի պահանջների, իսկ մուտքի իրավունք չունեցող անձանց փոխադրման դեպքում՝ համաձայն սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերի պահանջների:
60. Կոնկրետ չվերթով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման փաստը պետք է համարվի գաղտնի տեղեկություն և ենթակա չլինի հրապարակման:
61. Զննման կետում անհրաժեշտ է իրականացնել ուղևորների և նրանց ձեռքի իրերի առավել մանրակրկիտ ստուգում:
62. Փոխադրման ենթակա անձանց գրանցված ուղեբեռը օդանավի բեռնախցիկ է տեղակայվում ամենավերջում՝ խուսափելու համար օդանավի ուշացումից, եթե նրանց մեկնումը տեղի չունենա:
63. Ուղեկցող խմբի անդամները մինչ ուղեկցման աշխատանքներին ձեռնամուխ լինելը իրավասու անձի կողմից հրահանգավորվում են ուղեկցման աշխատանքների կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև թռիչքի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ:
64. Ուղեկցման ենթակա անձանց հավաքումը և խմբավորումն ըստ թռիչքի նշանակության վայրի պետք է իրականացվի օդանավի թռիչքից 3,5 ժամ առաջ, օդանավակայանի մեկնման սրահում:
65. Ուղեկցման ենթակա անձինք և ուղեկցող խմբի անդամներն օդանավակայանում հաշվառման և ձևակերպման են ներկայանում համատեղ, նախքան տվյալ չվերթի ուղևորների հաշվառումն սկսելը:
66. Հաշվառումից հետո ուղեկցվող անձանց փաստաթղթերը, նստեցման կտրոնը, հաշվառված և ձևակերպված ուղեբեռի կտրոնները հանձնվում են ուղեկցող խմբի ավագին:
67. Ուղեկցման ենթակա անձինք և ուղեկցող խմբի անդամները անցնում են մեկնող/ժամանող ուղևորների համար նախատեսված մաքսային, սահմանային, ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերը, ընդ որում այդ ընթացակարգերը նրանք անցնում են տվյալ չվերթի ուղևորների սպասարկման աշխատանքներից առաջ և նստեցվում են օդանավ մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների նստեցումը, իսկ ժամանման օդանավակայանում նրանց իջեցումը իրականացվում է բոլոր ուղևորների օդանավից իջեցումից հետո:
68. Չվերթի մեկնումից երկու ժամ առաջ օդանավակայանում ուղեկցման ենթակա անձանց փոխադրող ավիաընկերության ներկայացուցիչը տվյալ չվերթով մեկնող օդանավում ուղեկցող խմբի և ուղեկցման ենթակա անձանց առկայության մասին հեռագրով տեղեկացնում է ժամանման օդանավակայանի համապատասխան ծառայություններին՝ նրանց դիմավորումը կազմակերպելու նպատակով:
69. Հաղորդագրության մեջ պետք է նշվեն ուղեկցման ենթակա անձանց թիվը, անունը, ազգանունը, վտարման երկիրը, երթուղին, նշանակման վայրը, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների թիվը, անուններն ու ազգանունները:
70. Մինչև օդանավ նստեցումը, ուղեկցող խմբի ավագն իրազեկում է օդանավի հրամանատարին տվյալ չվերթով ուղեկցման ենթակա անձանց, ինչպես նաև ուղեկցող խմբի անդամների մոտ զենքի կամ զսպման միջոցների առկայության և ուղեկցվող անձանց ու ուղեկցող խմբի անդամների նստատեղերի մասին:
71. Թռիչքի ընթացքում ուղեկցող խմբի ողջ անձնակազմը ենթարկվում է օդանավի հրամանատարին և կատարում է նրա կողմից տրված հրահանգները:
72. Ուղեկցման ենթակա անձանց և ուղեկցող խմբի անդամների նստատեղերը պետք է գտնվեն օդանավի վերջնամասում: Օդանավի ուղևորասրահի միջանցքի մեկ կողմի նվազագույնը երկու նստատեղ ունեցող շարքերում ուղեկցող խմբի անդամը պետք է զբաղեցնի ուղեկցման ենթակա անձի նստատեղի և օդանավի միջանցքի միջև գտնվող նստատեղը: Հնարավորության դեպքում, մոտ նստարաններին չպետք է երեխաներ նստած լինեն:
73. Ուղեկցվող անձանց և ուղեկցող խմբի անդամներին թռիչքի ընթացքում ոգելից խմիչքներ չեն սպասարկվում, իսկ սնունդը և ոչ ալկոհոլային խմիչքները սպասարկվում են նրանց ցանկության դեպքում, սակայն մետաղական սպասք կամ դանակներ չեն տրամադրվում:
74. Թռիչքի ընթացքում ուղեկցող խմբի անդամի կողմից իր նստատեղը լքելու դեպքում ուղեկցող խմբի անդամի բացակայության ողջ ընթացքում, նախնական համաձայնությամբ, նրան պետք է փոխարինի օդանավի բորտուղեկցորդներից մեկը:
75. Օդանավի թռիչքի և ուղևորների անվտանգության ապահովման համար ուղեկցող խմբի անդամները հսկողություն են իրականացնում ուղեկցման ենթակա անձանց նկատմամբ թռիչքի ամբողջ ընթացքում:
76․ Թռիչքի ընթացքում ուղեկցման ենթակա անձանց կողմից վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը կանխվում են ուղեկցող խմբի անդամների կողմից, իսկ այլ ուղևորների կողմից վարքագծի կանոնների խախտումների կամ օդանավի թռիչքի անվտանգությանը սպառնացող գործողությունների դեպքերը ուղեկցող խմբի անդամների կողմից կարող են կանխվել՝ օդանավի հրամանատարի կողմից համապատասխան կարգադրություն տալուց հետո:
77․ Ուղեկցման ենթակա անձինք թռիչքի ընթացքում պետք է մշտապես գտնվեն ուղեկցող խմբի անդամների հսկողության ներքո, նրանք պետք է մշտապես ուղեկցվեն ուղեկցման խմբի անդամների կողմից, այդ թվում նաև զուգարանից օգտվելու դեպքերում:
78. Թռիչքի ավարտից հետո ուղեկցող խմբի ավագը ուղեկցվող անձանց փաստաթղթերը հանձնում է փոխադրող ավիաընկերության ներկայացուցչին և նրա հետ միասին ուղեկցվող անձանց ուղեկցում է մինչև պետական սահմանի անցման կետ՝ ներկայացնելով նրանց սահմանային հսկողության, որից հետո ուղեկցման աշխատանքները համարվում են ավարտված:
79. Քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված չուղեկցվող անձանց փաստաթղթերը մեկնման օդանավակայանում հանձնվում են օդանավի անձնակազմի հրամանատարին, որը վայրէջքի օդանավակայանում դրանք հանձնում է տվյալ օդանավակայանում ավիաընկերության ներկայացուցչին՝ սահմանային հսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու համար:
80. Եթե հոգեկան խանգարումներ ունեցող անձին անհրաժեշտ է մինչև թռիչքը ներարկել հանգստացնող միջոցներ, ապա այդ դեպքում պետք է հաշվի առնել օդանավի թռիչքի յուրաքանչյուր հատվածի տևողությունը և ներարկումը կատարել թռիչքի սահմանված ժամանակահատվածի հաշվարկով:
81. Զինված ուղեկցում իրականացնող անձինք հաշվառման ժամանակ պետք է տեղեկացնեն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց մոտ զենքի առկայության մասին, մաքսային և ավիացիոն անվտանգության հսկողությունների ընթացակարգեր անցնելիս ներկայացնեն գործուղման թերթիկը, զենք կրելու և Հայաստանի Հանրապետությունից այն դուրս տանելու թույլտվությունը, օդանավ շահագործողի ներկայացուցիչների կողմից ծանոթացվեն քաղաքացիական օդանավով զինված ուղեկցում իրականացնելու պայմաններին և ստորագրեն հրահանգներին ծանոթացման մասին համապատասխան թերթիկում:
82. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները պետք է տեղեկացվեն օդանավում զինված անձանց առկայության, նրանց թվի և նստատեղերի մասին: Այն դեպքերում, երբ զինված ուղեկցում իրականացնող անձինք տարանցիկ չվերթով են մեկնում կամ մեկ օդանավից փոխադրվում են մեկ այլ օդանավ, ապա զինված անձինք և նրանց կողմից ուղեկցվողները թռիչքի են թույլատրվում միայն այն դեպքում, երբ պետական կառավարման մարմինը օդանավ շահագործողին է ներկայացնում փաստեր, որ տարանցիկ երկրի կամ վերջնակետի լիազոր պատկան մարմինների և տարանցիկ/տրանսֆեր փոխադրումն իրականացնող օդանավ շահագործողի հետ փոխադրման վերաբերյալ կայացված է նախնական պայմանավորվածություն:
83. Օդանավի հրամանատարը պետք է զգուշացնի զինված ուղեկցում իրականացնող անձանց չմիջամտել օդանավի թռիչքի ընթացքում օդանավում տեղի ունեցող անկարգություններին, եթե միջամտելու խնդրանքով ինքը նրանց չի դիմել:
84. Ազատազրկված անձանց ուղեկցող խմբի անդամները պետք է ապահովված լինեն հատուկ միջոցներով:
85. Ռիսկերի գնահատման արդյունքներից ելնելով՝ ուղեկցողներն իրենց մոտ կարող են ունենալ անձի ազատությունը սահմանափակող միջոցներ (զսպման միջոցներ), որոնք կարող են կիրառվել միայն փաստացի կարիքի դեպքում:
86. Զսպման միջոցների, հանգստացնող կամ այլ դեղամիջոցների կիրառումը փոխադրվող անձանց նկատմամբ պետք է համապատասխանի օրենսդրական պահանջներին և օդանավ շահագործողի ընթացակարգերին, իսկ այն կիրառող ուղեկցողները պետք է դրանց օգտագործման հետ կապված անհրաժեշտ ուսուցում անցած լինեն:
87. Եթե պետական կառավարման մարմնի կողմից որոշում է կայացվել դեղամիջոցների կիրառման մասին, ապա քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկված անձը ենթակա է ուղեկցման տվյալ ուղեկցող անձնակազմի կողմից մինչ նրա երթուղու վերջնակետ:
88. Թռիչքի ավարտից հետո ուղեկցման խմբի ավագը ազատազրկված անձանց ուղեկցում է մինչև նշանակման վայր:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական:
