ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՏԱՌԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 ապրիլի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար Զ. Գևորգյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Զ. Գևորգյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է Կողմերի արտադրական և գիտատեխնիկական ներուժի և անտառարդյունաբերական համալիրի ու անտառային տնտեսության մեջ տնտեսական կապերի պահպանման և զարգացման, բոլոր տեսակի անտառների կայուն զարգացման, շրջակա բնական միջավայրի պահպանման, անտառահումքային պաշարների վերականգնման նպատակով:
Համաձայնագիրն ունի հավելված` Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության միջկառավարական խորհրդի կանոնադրությունը, որը հանդիսանում է համաձայնագրի անբաժանելի մասը:
Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցել անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության ոլորտում աշխատանքների համակարգման, թղթի արտադրության և անտառային այլ արտադրանքի իրացման շուկաների փոխադարձ ապահովման, անտառահումքային պաշարների ռացիոնալ օգտագործման բնագավառներում:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ապահովել պետական աջակցություն համատեղ ներդրումային ծրագրերին, ստեղծել նպաստավոր պայմաններ անտառարդյունաբերական համալիրում և անտառային տնտեսությունում ներդրումների ներգրավման համար, մշակել համաձայնեցված դիրքորոշում փայտաթղթի արտադրանքի և այլ անտառային մթերքների համաշխարհային շուկայում համատեղ գործողությունների ապահովման ուղղությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին 1998 թվականի սեպտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|