ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 1972 թվականի մայիսի 15-ին Ստրասբուրգ քաղաքում ստորագրված «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» եվրոպական կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 3-րդ կետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մասով Կոնվենցիայով նախատեսված դիմումները Հայաստանի Հանրապետությունը ուղարկելու և ընդունելու է`
ա) մինչդատական վարույթի գործերով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.
բ) դատական վարույթում գտնվող գործերով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով:
2. Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոնվենցիայի կիրառման հետ կապված փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայերեն կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից որևէ մեկի հաստատված թարգմանությամբ:
3. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կատարում է Կոնվենցիայի 1-ին հավելվածի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ» և «է» կետերով նախատեսված վերապահումները:
4. Հայաստանի Հանրապետությանը վերաբերող մասով «քաղաքացի» հասկացության տակ հասկացվում է այն անձը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձը: