ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի կանոնադրությունը»:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը (այսուհետև հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը և ապապետականացումը իրականացնող ու վերահսկող իրավասու պետական մարմին:
1.2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3. Հանձնաժողովը իրավաբանական անձ է համարվում սույն կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվելու պահից, ունի առանձնացված գույք, ձեռք է բերում գույքային և ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, բանկերում ունի հաշվարկային, արտարժութային և այլ հաշիվներ: Կարող է լինել հայցվոր ու պատասխանող դատարանում և արբիտրաժում:
1.4. Հանձնաժողովն ունի կլոր կնիք` իր անվանումով ու պետական զինանշանով, դրոշմ:
1.5. Հանձնաժողովը կարող է ունենալ իր տեղեկագիրը:
1.6. Հանձնաժողովը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին ու Հայաստանի Հանրապետության նախագահին:
2. Հանձնաժողովի գործունեության նպատակն ու հիմնական խնդիրները
2.1. Հանձնաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով արդյունավետ տնտեսության ձևավորմանը:
2.2. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`
ա) մշակել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի (այսուհետև` ծրագիր) նախագիծը, ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների ու փոփոխությունների նախագծերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին.
բ) մշակել սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը, դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
գ) ծրագրին համապատասխան և օրենքով սահմանված կարգով կազմակերպել սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, քննարկել սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, ընդունել որոշումներ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալությամբ հանձնելու հարցերի).
դ) ելնելով ծրագրից, սեփականաշնորհման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառել օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
ե) ելնելով ծրագրի պահանջներից, իրականացնել ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման, այդ նպատակով ստեղծելով համապատասխան հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տեղական մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.
զ) վերահսկել ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տեղական մարմինների իրավասությունների սահմանափակումների կատարումը.
է) վերահսկել սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, այդ թվում` սեփականաշնորհման նախապատրաստման աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը, սահմանված ձևով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տեղական մարմիններից.
ը) կասեցնել պետական կառավարման հանրապետական ու տեղական մարմինների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, այդ օրենքի 17 հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «զ» ենթակետերի հիման վրա հանձնաժողովի կայացրած որոշումներին, ինչպես նաև ծրագրին, Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին, և դիմել Հայաստանի Հանրապետության նախագահին` առաջարկելով վերացնել այդ որոշումները.
թ) քննարկել սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումներն ու գանգատները.
ժ) իրականացնել «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ:
3. Հանձնաժողովի կազմը, լիազորությունների ժամկետը, հիմնական իրավունքներն ու պարտականությունները
3.1. Հանձնաժողովի կազմը սահմանված է 20 հոգուց, որից 10-ին ընտրում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, իսկ մյուս 10-ին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
3.2. Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը հինգ տարի է:
3.3. Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծվում է աշխատակազմ` օրենքով սահմանված կարգով:
3.4. Հանձնաժողովը հաստատում է իր աշխատակարգը և աշխատակազմի կանոնադրությունը:
3.5. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում և ծրագրի հիման վրա կատարում է աշխատանքի բաշխում հանձնաժողովի անդամների միջև, որոշում է նրանց գործունեության ոլորտներն ու պարտականությունները, ինչպես նաև սահմանում է աշխատակազմի ու նրա առանձին ստորաբաժանումների աշխատանքի կազմակերպման սկզբունքները և ուղղությունները, վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի անդամների ու աշխատակազմի գործունեության նկատմամբ:
3.6. Հանձնաժողովը հաստատում է հանձնաժողովի և նրա աշխատակազմի ծախսերի նախահաշիվները և իրականացնում է դրանց կատարման վերահսկողությունը:
3.7. Հանձնաժողովը ձայների առնվազն 2/3-ով կարող է հանձնաժողովի ցանկացած անդամին, նախագահին, աշխատակազմի ղեկավարին իրենց պարտականությունների կատարումից ազատելու հարցով դիմել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին կամ Հայաստանի Հանրապետության նախագահին:
3.8. Հանձնաժողովը տարեկան առնվազն երկու անգամ հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին և Հայաստանի Հանրապետության նախագահին, որոնցում տրվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքը, տեղ գտած խախտումների և թերությունների վերլուծությունը, արվում են առաջարկություններ սեփականաշնորհման և ապապետականացման կազմակերպման, ինչպես նաև գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
3.9. Հանձնաժողովի մյուս իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Հանձնաժողովի նախագահի և աշխատակազմի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները
4.1. Հանձնաժողովի նախագահին հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հանձնաժողովի կազմից` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
4.2. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը, այդ թվում`
ա) հանձնաժողովի որոշումների շրջանակներում կոորդինացնում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի մշակման, նրանում առանձին լրացումներ ու փոփոխություններ կատարելու աշխատանքները և հանձնաժողովի քննարկմանը ներկայացնում դրանց նախագծերը.
բ) կազմակերպում է «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվող և հանձնաժողովի կողմից մշակվելիք նորմատիվային ակտերի, մեթոդական հանձնարարականների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները և դրանք ներկայացնում հանձնաժողովի քննարկմանը.
գ) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանցում.
դ) հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ, հրավիրում է պետական ձեռնարկությունների, աշխատավորական կոլեկտիվների, գիտահետազոտական հիմնարկների, պետական իշխանության հանրապետական և տեղական մարմինների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների, լրատվական միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.
ե) հանձնաժողովի իրավասությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, նրա նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության և նրա նախագահության նիստերին.
զ) հանձնաժողովը ներկայացնում է պետական ձեռնարկությունների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետական, հասարակական ու մասնավոր կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
է) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.
ը) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման համար հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին:
4.3. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության կամ նրա բացակայության դեպքում նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկի վրա` նախագահի առաջարկությամբ և հանձնաժողովի որոշմամբ:
4.4. Հանձնաժողովի կազմից Հայաստանի Հանրապետության նախագահը նշանակում է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար:
4.5. Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը`
ա) հանձնաժողովի որոշմամբ աշխատակազմի աշխատակիցներին ընդունում և ազատում է աշխատանքից.
բ) իրականացնում է հանձնաժողովի և աշխատակազմի գործունեության ֆինանսատնտեսական ապահովումը.
գ) ղեկավարում է հանձնաժողովի որոշումներով և հանձնաժողովի նախագահի կողմից աշխատակազմին տրված առաջադրանքների կատարման աշխատանքը.
դ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի աշխատանքը և կազմակերպում հանձնաժողովի գործավարությունը.
ե) իրականացնում է հանձնաժողովի աշխատակարգով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
4.6. Հանձնաժողովի նախագահն ու աշխատակազմի ղեկավարը չեն կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն, ինչպես նաև զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
5. Հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները
5.1. Հանձնաժողովի անդամը`
ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքների պլանավորմանը և նիստերի օրակարգերի ձևավորմանը, հարցերի քննարկումներին, արտահայտում է անձնական կարծիք, անում առաջարկություններ: Հանձնաժողովի անդամի արտահայտած կարծիքը կամ արած առաջարկությունը ընդունվող որոշման մեջ տեղ չգտնելու դեպքում, նրա պահանջով, որպես հատուկ կարծիք այն կցվում է որոշմանը.
բ) մասնակցում է հանձնաժողովի կողմից ձևավորվող աշխատանքային խմբերի և հանձնաժողովի կողմից հաստատվող այլ հանձնաժողովների աշխատանքներին.
գ) սեփականաշնորհմանը և ապապետականացմանն առնչվող հարցերի վերաբերյալ տալիս է համապատասխան պարզաբանումներ և դրանց հրապարակայնության ապահովման նպատակով ազատորեն օգտվում է Հայաստանի Հանրապետության լրատվական միջոցներից.
դ) հանձնաժողովի գործունեության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից և այլ կազմակերպություններից, պետական կառավարման տեղական մարմիններից պահանջում է և սահմանված կարգով ստանում անհրաժեշտ փաստաթղթեր.
ե) սեփականաշնորհման և ապապետականացման հետ առնչվող հարցերի քննարկման ժամանակ կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի, նրա նախագահության, մշտական և այլ հանձնաժողովների, կառավարության, նրա նախագահության, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների նիստերին և խորհրդակցություններին.
զ) հանձնաժողովի հանձնարարությամբ ներկայացնում է հանձնաժողովը պետական ձեռնարկություններում, Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում ու այլ գերատեսչություններում, իշխանության տեղական մարմիններում, օտարերկրյա պետական, հասարակական և այլ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
է) ծրագրի պահանջներից ելնելով և սահմանված կարգով իր պաշտոնական պարտականությունների շրջանակներում իրականացնում է ձեռնարկությունները սեփականաշնորհման նախապատրաստելը, ինչպես նաև օրենքով հանձնաժողովին տրված իրավասությունների սահմաններում վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման աշխատանքները.
ը) կարող է անձնական դիմումի համաձայն վաղակետ դադարեցնել հանձնաժողովի անդամի իր պարտականությունների կատարումը:
5.2. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն, բացի օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
6. Հանձնաժողովի նիստերի հրավիրման և որոշումների ընդունման կարգը
6.1. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:
6.2. Հանձնաժողովի նիստերը (այդ թվում արտահերթ) կարող են հրավիրվել`
ա) նախագահի կամ պաշտոնապես նրան փոխարինողի նախաձեռնությամբ.
բ) հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան մեկ երրորդի պահանջով:
6.3. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորվում է նախագահի կողմից` հանձնաժողովի անդամների առաջարկությունների կամ հանձնաժողովի որոշումների հիման վրա:
6.4. Հերթական նիստերի օրակարգը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են տրվում նիստից առնվազն 3 օր առաջ:
6.5. Հանձնաժողովն իրավասու է որոշում ընդունել, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների թվի 2/3-ը: Որոշումներն ընդունվում են պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
7. Հանձնաժողովի և աշխատակազմի ֆինանսական միջոցները
7.1. Հանձնաժողովի և աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ֆինանսական գործունեությունն իրականացվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար կազմվող և սահմանված կարգով հաստատվող նախահաշվի հիման վրա:
8. Հանձնաժողովի լուծարման կարգը
8.1. Հանձնաժողովը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.2. Հանձնաժողովի լուծարման դեպքում նրա գույքը, ֆինանսական միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: